Free

Կայծեր Մաս 1

Text
Author:
Mark as finished
Font:Smaller АаLarger Aa

ԼԴ
ԿՐԿԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ սալմաստեցի ուխտավորների թվում գտա իմ մորը և քույրերիս: Նրանք եկել էին իմ քեռի Պետրոսի հետ, որը իր ընտանիքով նույնպես ուխտ էր եկած: Մորս վրանը կազմված էր քեռուս վրանին կից: Իմ հայրենակիցներից մեկը ինձ այնտեղ տարավ:

Մինչև այնօր երբեք չէր պատահել ինձ այնպես ջերմ կերպով զգալ մայրական սերը և քրոջ սրտի գորովական քնքշություննը, որպես այն րոպեում, երբ ես գտա իմ մորը և քույրերիս: Սկզբում նրանք մնացին բոլորովին ապշած, խոսք չէին գտնում խոսելու, և իրանց կարոտությունը հայտնում էին համբույրներով, գրկախառնությամբ և արտասուքով: Ես էլ չկարողացա պահել իմ սրտի զեղմունքը, և իմ աչքերում հայտնվեցավ արտասուք:

– Փա՜ռք քեզ, աստված, չմեռա և կրկին տեսա որդուս… քեզ մատաղ, բալաս… Ի՛նչպես դու թողեցիր մեզ, իմ աչքի լույս… ես ո՞վ ունեմ բացի քեզանից, Ֆարհատ ջան, դու որ չլինես, ինձ թող տանեն ողջ-ողջ գերեզմանը դնեն… Ի՞նչ էի արել քեզ, Ֆարհատ ջան, ինչո՞ւ հեռացար մեզանից…

Այսպես մրմնջում էր մայրս, մերթ ուրախանալով և մերթ լալով, իսկ քույրերս, Մարիամը և Մագթաղը չէին ուզում ինձ բաց թողնել իրանց գրկից:

Մայրս եկած էր ուխտ, որպես հիշեցի, իմ քեռի Պետրոսի ընտանիքի հետ: Այդ մարդն իմ հոգևոր հայրն էր, միևնույն ժամանակ մեր թաղի տանուտերը: Քեռի Պետրոսը Սալմաստի մեջ համարվում էր շատ փորձված, խոհեմ և խելացի մարդ. նա նշանավոր էր իր երկար ճանապարհորդություններով զանազան երկրներում:

– Ո՞ւմ հետ ես եկել, Ֆարհատ, – հարցրուց մայրս: – Դու ի՞նչ գիտեիր, որ մենք այստեղ ենք:

Ես պատասխանեցի, թե եկած եմ որսորդ Ավոյի ընտանիքի հետ, հայտնեցի` թե ովքեր են նրանցից եկածները: Մարիամը և Մագթաղը շատ ուրախացան, երբ լսեցին, թե Մարոն էլ ուխտավորների թվումն է:

– Ֆարհատ ջան, տար մեզ տեսնենք Մարոյին, – ասաց Մարիամը:

– Դու խո կթողնե՞ս, մայրիկ, գնանք Մարոյին տեսնենք, – ավելցրուց Մագթաղը:

Ես առաջարկեցի և մորս գալ ծերունի որսորդի ընտանիքի վրանը և նրանց հետ միասին լինել մինչև տոնախմբության վերջը: Մայրս պատասխանեց, թե անհարմար կլիներ քեռի Պետրոսի ընտանիքից բաժանվել, գուցե կվիրավորվեին նրանք: Բայց երեխեքը, որ ցանկանում էին Մարոյին տեսնել, կարող էին գնալ, միայն պետք է գիշերը չմնան նրանց մոտ, այլ շուտով վերադառնան. իսկ ինքը առավոտյան պատարագից հետո կգա Խաթունին և Հասոյի նշանածին տեսնելու: Եվ ավելցրուց, թե ինքը միշտ գոհ է եղել ծերունի որսորդից, և համարում է որսորդին շատ բարի մարդ. և նա փոքր – ինչ հանգիստ էր իմ մասին նրանով միայն, որ գիտեր, թե ես գտնվում եմ որսորդի տանը:

– Դու ո՞րտեղից գիտեիր, մայրիկ:

– Ինքը որսորդը մարդ էր ուղարկել ինձ մոտ, քո մասին իմացում տալու:

– Եվ դու գիտե՞ս, թե ինչպես հայտնվեցա ես այնտեղ:

– Կարոն քեզ տարավ: Ես բոլորը գիտեմ…

Վերջին խոսքը արտասանելու միջոցին մորս ձայնը դողաց: Չգիտեմ ինչո՞ւ Կարոյի անունը նրան վրդովմունք պատճառեց:

– Կարոն շատ լավ տղա է, մայրիկ:

– Լավ է, բայց… Թող մնա, ես հետո կխոսեմ նրա մասին…

– Հայտնվեցա՜վ փախստականը, – լսելի եղավ քեռի Պետրոսի որոտացող ձայնը, որ նույն միջոցին ներս մտավ մորս վրանը, ուր նստած էինք մենք:

Ես կանգնեցա, և պահպանելով այն ժամանակի քաղաքավարության ձևը, համբուրեցի քեռուս ձեռքը: Նա համբուրեց իմ ճակատը և նստեցրուց իր մոտ:

Քեռի Պետրոսը գտնվում էր իր հոգու խիստ ուրախ տրամադրության մեջ. ինձ երևաց, որ նա փոքր-ինչ հարբած էր: Նա տարել էր իր գերդաստանը ման ածելու և դառնում էր զբոսանքից: Նա դարձավ դեպի ինձ այսպիսի անկապ խոսքերով.

– Ի՞նչ ես շինում դու, լա՞վ ես, ի՞նչ է անում հին աղվեսը… մարդիկ այստեղ հոգու համար են գործում, իսկ «նա» այնտեղ եզիդիների իշխանի մոտ, աստված ոչ գիտե, ի՜նչ սատանայական որոգայթներ է լարում… և իր «ճտերին» երկրի զանազան կողմերն է ուղարկում… Ինչի՞ համար, ի՞նչ դուրս կգա այս հիմարություններից… Եվ դու, քամի փչող ընկեր, լա՜վ տեղն ընկար, ինչպես մուկը մկնորսակի մեջ…

Ինձ պարզ հասկանալի էր, թե քեռի Պետրոսի հեգնական ակնարկություններն ումն էին վերաբերում: Նա խոսում էր որսորդ Ավոյի և նրա հյուրերի` իմ ընկերների մասին: Բայց ո՞րտեղից գիտեր նա, թե որսորդը կամ նրա խոսքով` «հին աղվեսը» գնացել էր եզիդիների իշխանի մոտ. այդ մի գաղտնիք էր, որ ես նույնպես չէի կարող իմանալ, եթե Կարոյի նամակն իմ ձեռքը չընկներ: Եվ ո՞րտեղից հայտնի էր նրան, թե ծերունի որսորդի «ճտերը», այսինքն` Կարոն իր ընկերների հետ, գնացել էին զանազան կողմեր: Եվ ի՞նչ կասկածավոր մի բան կար նրանց վարմունքի մեջ, որը, որպես երևում էր, ընդդեմ էր քեռի Պետրոսի համակրությանը: Այս հարցերն ինձ համար բոլորովին հանելուկներ էին: Այնուամենայնիվ, ինձ խիստ անհաճո երևեցավ քեռի Պետրոսի արհամարհական խոսքերն այն մարդկանց մասին, որոնց ես շատ պատվում էի: Ես ուզեցի, որպես ասում են` նրա բերնի համը տալ, բայց այն միջոցին ներս մտավ վանքի աբեղաներից մեկը: Դա Կարապետ հայր սուրբն էր, այն վարդապետը, որ այնպես անխիղճ կերպով անբախտացրել էր մղդսի Թորոսի հարսին, և երկու թշվառ զոհերի մահվան պատճառ էր դարձել…

Մարիամը և Մագթաղը վաղուց ինձ աչքով լուռ նշաններ էին անում, որ շուտ վերջացնեմ քեռի Պետրոսի հետ: Նրանք շատ ուրախացան, որ աբեղայի հայտնվելն ընդհատեց մեր խոսակցությունը, և ես դուրս եկա վրանից:

– Դու էլի կգա՞ս մեր մոտ, Ֆարհատ, – հարցրուց քեռի Պետրոսը:

– Իհարկե, – պատասխանեցի ես:

– Լավ, գնա:

Աբեղան և քեռի Պետրոսը նստեցան միմյանց շատ մոտ և մեզ բոլորովին անլսելի ձայնով խոսում էին:

Մայրս նույնպես վրանից դուրս եկավ ինձ հետ: Նա ասաց, թե շատ կցանկանար, որ ես նրա մոտ մնայի, բայց որովհետև ծերունի որսորդի ընտանիքը եկած են առանց տղամարդի, չէ ուզում ինձ բաժանել նրանցից, միայն ցանկանում է, որ ես գոնյա ցերեկներն անցուցանեմ նրա մոտ, իսկ գիշերները Մարոյի և Մարգարիտի մոտ մնամ, չիցե թե նրանց մի վտանգ պատահի որովհետև ուխտավորների մեջ շատ անկարգություններ էին լինում:

– Բայց թող քույրերս այս գիշեր մնան ինձ մոտ, – խընդրեցի մորիցս:

– Հա՛, մայրիկ, մենք կմնանք Մարոյի մոտ, – ասաց Մարիամը:

– Լավ, մնացեք, – ասաց մայրս, – և կրկին ինձ համբուրելով, ճանապարհ դրեց:

Երբ փոքր-ինչ հեռացանք սալմաստեցի ուխտավորների իջեվանից, ես քույրերիցս հարցրի, թե մեր քաղաքացիներից ո՞վքեր են եկած:

ԲՆրանք հայտնեցին մի քանի անուններ, իսկ Մարիամը ավելացրուց.

– Գիտե՞ս, Ֆարհատ, Սոնան էլ եկել է մեզ հետ. նրա հայրն էլ, եղբայրն էլ եկել են: Հիմա ի՞նչ կասի, երբ որ տերտերը քեզ կտեսնե:

– Ինչ պետք է ասի, – պատասխանեց Մագթաղը ծիծաղելով: – Կբռնե ականջներիցը ձիգ կտա ու կասե` Ֆարհատ, ինչո՞ւ փախար վարժարանից:

– Նա չէ կարող, հիմա ես նրա ականջներից ձիգ կտամ, – պատասխանեցի ես:

– Վա՜յ, մեղք չէ՞, ախար նա տերտեր է :

– Ֆարհատը հանաք է անում, – խոսեց Մարիամը:

– Սոնան գիտե՞, որ այստեղ եմ, – հարցրի ես:

– Նա չէ իմանում, նա այսօր առավոտյան ինձ ասում էր` «էրնե՜կ Ֆարհատն այստեղ լիներ» – Նա շատ ուզում էր քեզ տեսնել: Ինչո՞ւ էր ուզում, Ֆարհատ, – հարցրուց Մարիամը:

– Չեմ իմանում… Բայց ո՞րտեղ են վեր եկել նրանք:

–Չտեսա՞ր դու, նրանց չադրը կպած էր մերին: Նրանք էլ քեզ չտեսան, չեմ իմանում, ուր էին գնացել, այնտեղ չէին, – ասաց Մարիամը:

Քույրերս պատմեցին մեր քաղաքից մի քանի նորություններ, որոնց թվում հայտնեցին և վարժապետիս կնոջ` ողորմելի Գյուլ-Ջհանի մահը: Ես մի կողմից ուրախացա, որ խեղճ կինը ազատվեցավ իր տանջանքներից, որով չարչարվում էր նա այնքան շատ տարիներ, խիստ հազիվ բաժանվելով հիվանդության մահճից: Բայց ինձ վրա խիստ տխուր տպավորություն գործեց, երբ Մագթաղը ասաց, թե մեր քաղաքում այնպես լուր էր տարածվել, իբր թե տերտերակնոջ մահվան պատճառն եղել է տեր հոր սաստիկ ծեծը, որին արժանացրել էր քահանան իր կնոջը նրա մահվանջց մի քանի օր առաջ: Ես առանց երկբայության հավատացի, մտաբերելով, թե ո՞րպես բարբարոսաբար ծեծում էր նա ինձ և իմ ընկերներին: Եվ մի այսպիսի մարդը, որպես վարժապետ և քահանա, առաջնորդում էր մի ամբողջ քաղաքի ուխտավորներին դեպի աստուծո մոր տաճարի երկրպագությունը…

Որպես իմացա քույրերիցս, տեր Թոդիկը, բացի Սոնայից, բերել էր իր հետ և իր որդի Ստեփանին: Խեղճ տղայի խեչացնորությունը, վերջին օրերում ավելի սաստկացած լինելով, հայրը բերել էր նրան սուրբ աստվածածնի վանքը այն մտքով, որ թողնե Ստեփանին մնալու վանքի «խեղճերի» մեջ, այնտեղ բժշկվելու համար: Նա այժմ համարում էր Ստեփանի խելացնորությունը տիրամոր պատիժներից մեկը: Որքան ճիշտ էր այդ կարծիքը, ես չգիտեի, բայց ես գիտեի մի բան, թև ո՛րպես Ստեփանի հայրը չարաչար կերպով վարվում էր նրա հետ, ո՜րպես նրա երեխայության ժամանակ, իբրև պատիժ, կախ էր տվել խեղճ տղային ջրի հորի մեջ, նա մնացել էր այնտեղ կես ժամ, և այնուհետև Ստեփանի խելքը տեղը չեկավ. նա միշտ ցնորվում էր, երբ ջուր կամ հոր էր տեսնում…: Այս ես գիտեի…

Ես շատ ուրախ էի, որ գնալով մորս մոտ, քեռի Պետրոսի վրանը, չհանդիպեցա վարժապետիս: Ինձ խիստ անտանելի էր մյուս անգամ տեսնել այն մարդու երեսը, որը այնքան դառն ցավերի պատճառ էր եղել ինձ:

Հասնելով մեր վրանը, գտանք պառավ Խաթունին և Մարգարիտին քնած. Մարոն արթուն նստած սպասում էր ինձ:

Ես չեմ կարող նկարագրել այն ուրախությունը, որով Մարոն հանդիպեց իր երեխայության երկու ընկերուհիներին, նրանց միմյանց հետ փաթաթվելը, նրանց պարզ ու անմեղ սրտերի արտահեղությունը, նրանց անկեղծ շրթունքների մրմունջը բարձր է գրչի զորությունից. այդ միայն պետք է տեսնել և զգալ:

Հայկական աղջկա սրտի մեջ կա մի բան, կատարյալ հրեշտակային, որ մնում է միշտ անհասկանալի հասարակ մահկանացուների համար: Նա այնպես մաքուր և սրբազան է, որպես մի անարատ աստվածություն. նա արտափայլում է իր ջերմ լուսով, նա բուրում է իր անուշ հոտավետությամբ, բայց նա միշտ մնում է անշոշափելի…

ԼԵ
ՔՈԻՐԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱ՛Ն ՍՐ՛ԱՐԱՆԻ ՄԵՋ

Աստուծո լույսը բացվեցավ: Օրը կյուրակի էր: Առավոտյան մայրս եկավ մեզ մոտ, մենք բոլորս միասին գնացինք վանքը ժամ: Մեր վրանումը մնաց միայն պառավ Խաթունը, մատաղն եփելու համար:

Ուխտավորների բանակը գտնվում էր իր ջերմեռանդ բարեպաշտական վրդովմունքի մեջ: Ամեն տեղ երևում էր շարժողություն, ամեն տեղ եփ էր գալիս բորբոքված հավատքը, իր բոլոր աստվածային կարողությամբ: Բազմությունը շտապում էր դեպի վանքը պատարագ տեսնելու և սուրբ տիրամոր գերեզմանը համբուրելու: Այն խառնիճաղանջ ամբոխի մեջ կարելի էր տեսնել ամեն երկրի հայեր, ամենատեսակ գլխարկներով, սկսած օսմանլվի ֆեսից, քրդի ապարոշից, մինչև պարսկի երկայն, մորթե գդակները: Կանայքը նույնպես զանազանվում էին տեսակ-տեսակ հագուստներով. ամեն երկրի կինը ընդունել էր տիրող ազգի կանանց զգեստի ձևերը:

Հայը միշտ սիրում է նմանել: Նա չէ պահպանում իր ինքնուրույն, հատկանիշ առանձնությունները:

Ուխտավորների մեջ լեզուները մինչև անգամ բաժանված էին բարբառներով. մեկի խոսակցությունը մյուսին համարյա անհասկանալի էր: Ցավալին այն էր, որ շատերը խոսում էին այն ազգի լեզվով, որի լծի տակ ապրում էին, բոլորովին մոռանալով մայրենի խոսքը: Ինձ երևում էր, իբր թե այն բազմազան ամբոխի մեջ ազգային ամբողջությունը իսպառ քայքայվել էր, և քանդվել էին նրա մեջ միավորիչ հոդերը…

 

Բայց մի կապ, որ դեռ պահպանվել էր, մի կապ, որ միավորում էր այն խորտակված ամբողջության զանազան կտորտանքը, մի կապ, որին չէր կարողացել խզել բռնակալի սուրը, դա էր` կրոնքը և եկեղեցին:

Բայց կարո՞ղ էր պահպանվել այս կապը միշտ անխզելի, իր աստավծային ամուր հաստատության մեջ, երբ նրա հոգատարներն էին` Կարապետ հայր սուրբի նման աբեղաներ և տեր Թոդիկի նման քահանաներ…

Եվ այժմ դառն մտածմունքներ պաշարում են ինձ, երբ ծագում է իմ գլխում այդ հարցը…

Սուրբ տիրամոր տոնախմբությունը մի կատարյալ տոնավաճառ էր, ուր գլխավորապես երկու դաս վաճառականներ հանդես էին հանել իրանց մթերքը և կարծես, աննկատելի կերպով միմյանց հետ մրցություն էին անում:

Վաճառականների մի դասը բաղկացած էր վանեցի առևտրականներից , իսկ մյուսը` վանքի աբեղաներից:

Վանեցին դարսել էր հրապարակի վրա զանազան տեսակ մանրուքներ, կանանց հասարակ զարդեր, գույնզգույն փարչաներ, մի խոսքով, այնպիսի խայտաճամուկ ապրանքներ, որոնք կարող էին հրապուրել գնողներին, և մինչև անգամ ամենախնայող ժլատի քսակից դուրս քաշելով մի քանի ղուրուշներ: Ծախողը կանգնած էր իր մթերքների մոտ և բարձրաձայն գովաբանում էր իր վաճառքի լավ հատկությունները:

Անցնելով վանեցիներից, գալիս է աբեղա-վաճառականների կարգը, և քո առջև բացվում է մի ահագին հիմնարկություն՝ վանքը: Դա բովանդակում է իր մեջ մի հանդիսարան…

Մտնում ես վանքի գավիթը: Այստեղ, վանքի դռան երկու կողմերից սկսած, մինը մյուսի մոտ զուգահեռաբար նստած են «խեղճերը»: Նրանց երկու կարգ շարավածքի միջով բացվում է մի քուչա, որ տանում է դեպի վանքի դուռը: Նույն քուչայով անցնում են ուխտավորները: «Խեղճերի» այլանդակված կերպարանքները բերում են անցորդի վրա զարհուրանք, միևնույն ժամանակ լցնելով նրա սիրտը մի պատկառելի երկյուղածությամբ դեպի մեծ աստվածուհու վեհությունը, որ ցույց էր տվել իր նշանները այն թշվառների վրա:

Երբ մենք անցնում էինք «խեղճերի» միջով, մի պատանի, մաշված և գունաթափ երեսով, գեղեցիկ երկնագույն աչքերով, և շեկ-մետաքսանման մազերով, վեր թռավ տեղից և գրկեց ինձ, ասելով.

– Ֆարհատ, ես վախում եմ դրանցից…

Պատանին ցույց տվեց «խեղճերին», որոնց կարգում նստացրել էին և իրան:

Ես ճանաչեցի. նա տեր Թոդիկի որդին` Ստեփանն էր:

Մինչև իմ խոսելը, շուտ վրա հասավ աբեղաներից մեկը, որ կանգնած «խեղճերի» մոտ պատմում էր անցորդներին, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ հանցանքի համար ենթարկված էր տիրամոր պատժին: Աբեղան, ինձանից հեռացնելով Ստեփանին, ստիպեց նստել իր տեղը: Պատանին ողորմելի կերպով նայեց մեզ վրա և գլուխը քարշ գցեց: Խե՜ղճ տղա, ընտանիքը, որ անբախտացրել էր նրան, բավական չէր, որ չէր զգում իր բարբարոսությունը, այժմ բոլորովին դուրս էր գցել թշվառ զոհին իր միջից :

Մենք մտանք վանքի մեջ: Այստեղ տաճարի սուրբ սեղանի վրա կարգով շարած էին` արծաթի և ոսկու մեջ պատած սրբոց մասունքներ և զանազան տեսակ մեծ և փոքր խաչեր: ՈՒխտավորները հերթով մոտենում էին, համբուրում էին և գցում էին նրանց մոտ դրած թասերի մեջ փողեր:

Համբուրելով սուրբ մասունքները, մենք անցանք երկրպագություն տալու աստուծո մոր գերեզմանին:

Ամեն տեղ դրած են գանձանակի թասերը, որոնց մեջ ուխտավորները գցում են իրանց նվերները: Աբեղան, կանգնած գանձանակի թասերի մոտ, պատմում է սրբությունների հրաշալի զորությունը, շարժվում է ուխտավորների ջերմեռանդությունը, և ուժ է տալիս նրանց առատաձեռնությանը:

Այս բոլորն ինձ վրա այն տպավորությունը չէր գործում, ինչ որ այժմ գրում եմ. դա վերջին ժամանակներում, շատ տարիներից հետո, հին տպավորությունների այլակերպված արտադրությունն է: Իսկ այն ժամանակ ես էլ, նախապաշարմունքներով լի, նույն սնահավատ ուխտավորներից մեկն էի: Ես մինչև այսօր չեմ կարող մոռանալ այն ուրախությունը, երբ Մարոն, տալով ինձ Մարգարիտի ձեռքը, ասաց.

– Հիմա համբուրվեցեք և քույր-եղբայր դարձեք:

Ես և Մարգարիտը միասին համբուրեցինք սուրբ մասունքները և այն օրից ուխտեցինք մնալ միմյանց հետ որպես քույր և եղբայր: Մարոն համբուրվեց Մարիամի և Մագթաղի հետ, իսկ մայրս պառավ Խաթունի հետ, որ վերջացնելով իր գործը, եկել էր ժամ:

Տիրամոր վանքի ներսի կազմակերպությունը ուներ նույն ձևը, որը տեսնվում է այս կողմերում այն վանքերի մեջ, որոնց շինության հնությունը հասնում է մինչև հինգերորդ դարը, այսինքն` տաճարը բաժանված է նախագավիթից, որ կոչում են դարպաս: Ժողովուրդը կանգնած է դարպասի մեջ, իսկ տաճարում կատարվում է ժամերգությունը, այնպես որ, հանդիսականները դպիրներին չեն տեսնում: Մի դուռ միայն տաճարից բացված է դարպասի մեջ, որտեղից պատարագիչը երբեմն դուրս է երևում, խորհուրդը կատարելու ծեսերին համաձայն:

Տաճարի մեջ կատարվում էր սուրբ սեղանի խորհուրդը. թեև պատարագիչը չէր երևում, բայց ես իսկույն նրա ձայնից ճանաչեցի վարժապետիս` տեր Թոդիկին: Թույլ տալ մի օտարերկրյա քահանայի պատարագ մատուցանել վանքի բեմի վրա, այն ևս մի այնպիսի հանդիսավոր օրում, դա մեծ շնորհ էր վանահոր կողմից դեպի տեր Թոդիկի անձնավորությունը: Դա ուներ և իր նյութական օգուտը, որովհետև, ո՞րքան բազմաթիվ ձեռքերից նա այնօր նվերներ ընդունելու էր նրանց անունները սուրբ սեղանի վրա «հիշելու» համար…

Այս իրողությունը դարձրուց իմ առանձին ուշադրությունը դեպի տեր Թոդիկը:

Մի այլ երևույթ, որ ոչ սակավ գրավեց իմ ուշադրությունը, այն էր, որ այնտեղ, ուր բեմի վրա շարած էին վանքի սրբությունները համբուրելու համար, վարդապետների թվում կանգնած էր մի քուրդ, և հսկում էր նվերների վրա, որ համբուրող ուխտավորները ընծայում էին: Մի այլ քուրդ ևս նույն պաշտոնով կանգնած էր տիրամոր գերեզմանի մոտ:

Ինձ ասացին, թե քրդերը Հեյդար աղայի մարդիկն են, որոնք պահպանում են ուխտավորներից նվիրված արծաթը, որ վարդապետները անհավատարիմ կերպով չվարվեն նրա հետ, և աղան կարողանա ամբողջությամբ ստանալ իր մասը, որ նշանակված է նրա համար տոնի եկամուտից: Եվ ասացին, թե ինքը Հեյդար աղան գտնվում է վանքում և վանահոր մոտ հյուր է:

Ինձ վրա խիստ դառն տպավորություն գործեց, որ քրդի ոտքը անցնում էր մինչև անգամ քրիստոնեական սրբարանի շեմքից, և նա միջամտություն էր գործում եկեղեցականի տնտեսության մեջ:

Մինչ ինձ խռովում էր այս մտածությունը, զգացի, որ իմ ետևից մեկը հանդարտ կերպով փեշս քաշեց: Շուռ եկա, տեսնեմ` Սոնան կանգնած էր իմ մոտ, խոսում էր Մարոյի հետ: Բազմությունն այնքան սեղմված էր մինը մյուսի վրա, որ Սոնայի արարմունքը մնաց աննկատելի: Նա իր հոնքի շարժմունքով նշան տվեց և շարունակեց խոսել Մարոյի հետ: Ես հասկացա. նա ինձ զգուշացրուց, որքան կարելի է ինձ հեռու պահեմ նրանից, որովհետև նրա մոտ կանգնած էր իր մորաքույրը: Ի՞նչ էր նշանակում այդ:

Բայց ես չկարողացա առանց հիացմունքի տեսնել նրա տխուր և գունաթափ դեմքը, որ իր դալկության մեջ ավելի գեղեցիկ էր:

– Ասում են, սարիցը մի ճգնավոր են բռնել, – խոսում էր Սոնան :

– Ես էլ լսեցի, – պատասխանեց Մարոն: – Ասում են, բերել են վանքը, գցել են մեկ խուցի մեջ, դուռը փակել են, մյուս օրը գնացել են, դուռը բաց են արել, տեսել են ճգնավորը խափանվել է: Հիմա չեն իմանում արդյոք ճգնավո՞ր էր, թե սատանա:

– Մեղք է, այդպես չեն խոսի, Մարո, – ասաց Սոնան: – Սատանան ո՞րն է. ախար ճգնավորն էլ խափանվում է. տեսնում ես, աչքիդ առջև կանգնած է, մեկ էլ տեսար՝ էլ չկա:

– Ասում են, այստեղ մի այդպիսի վարդապետ կա, այնտեղ սարումը ճգնում է, որը երբեմն երևում է, իսկ երբեմն աներևույթ է լինում, – մեջ մտավ Սոնայի մորաքույրը:

– Գնանք տեսնենք, – ասաց Մարոն:

– Ես կվախենամ, – պատասխանեց Սոնան:

– Վա՜, ճգնավորն էլ մարդ է, խո դև չէ, ինչո՞ւ ես վախենում, – ասաց Մարոն:

– Ես մեր Ստեփանիցն էլ վախեցա, հենց որ տեսա` նա նստած էր «խեղճերի» մեջ:

Քույրը վախենում էր եղբորից, որոնք միասին մեծացել էին, որոնք հազար անգամ համբուրվել էին. վախենում էր, որովհետև եղբայրն այժմ գտնվում էր այն հասարակության մեջ, որոնք ոգիների հետ հաղորդակցություն ունեին…

Ուխտավորների բազմությունը հետզհետե ամբոխվում էր վանքի մեջ. տեղի նեղությունից արձակ շարժմունք գործել անկարելի էր. մարդ դժվարանում էր ազատ շունչ քաշել: Աբեղաների ահագին խումբը իրանց աղաղակներով, խրատներով և մինչև անգամ հայհոյանքներով, չէին կարողանում կարգ պահպանել բազմության մեջ: Խռովությունը գնալով սաստկանում էր: Ես առաջարկեցի մերայիններին դուրս գնալ. սկսեցինք զոռով պատառել ամբոխը, մինչև կարողացանք հասնել վանքի դռանը: Նույն միջոցին Սոնան թեքվեցավ դեպի ինձ և խուլ կերպով ասաց` «արևը մտնելեն հետո ե՛կ «Կաթնաղբյուրի» մոտ»…

ԼԶ
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ Ա՛ԵՂԱՆ

«Կաթնաղբյուրի՜» մոտ…: Հիմա ես հասկանում եմ թե ի՛նչու Սոնան այնտեղ նշանակեց տեսության համար: «Կաթնաղբյուրն» այն աղբյուրներից էր, որոնք ժողովրդի մեջ վայելում են սրբազան նշանակություն: ԲՆրան կոչում էին «Կաթնաղբյուր» այն պատճառով, որ ժողովրդի մեջ պահպանվել էր մի այսպիսի ավանդություն, իբր թե այն աղբյուրի մեջ ծորեցրել էր տիրամայրը մի կաթիլ իր սուրբ կաթնից: Նրա ջուրն ուներ բժշկական զորություն ոչ թե իր մեջ գտնված հանքային բաղադրությանց պատճառով, ոչ, ջուրը հասարակ մաքուր ջուր էր, այլ նա ուներ գերբնական հատկություններ: Նրա մեջ՝ լվացվողը փրկվում էր իր ցավերից, նաև կատարվում էին նրա սրտի այս և այն ցանկությունները: Լողացողն ընտրում էր այնպիսի ժամանակ, որ ոչ ոք չխռովեր նրա հանգստությունը, ոչ ոք չխանգարեր այն խորհրդական պայմանները, որ նա պետք է կատարեր լվացվելու ժամանակ:

Ա՜խ, ո՜րպիսի անհամբերությամբ սպասում էի այն օր արևի մտնելուն: Կարծես Հեսուի ձեռքը մեխել էր նրան երկնքի վրա, տեղիցը չէր շարժվում: Ես համբերել չկարողացա և գնացի ավելի շուտ, քան Սոնայի նշանակած ժամանակը:

Վանքի պարիսպների մոտ, երկայն գերանների գլխին կապած չվանի վրա խաղում` էր մի մանկահասակ լարախաղաց. նա իր գույնզգույն, խայտաճամուկ զգեստով և զարմանալի ճարպկություններով հափշտակել էր ռամկի հիացմունքը: Ուխտավորների բազմությունը, տաքացած կրոնական զգացմունքներով, շրջապատել էին ջամբազին. նրանք օրհնում էին «Մուշի սուլթան սուրբ Կարապետի» հրաշագործությունը, որ տվել էր նրան այնքան շնորհ և ճարպկություն:

– Լա՜վ ժամանակ է ընտրել Սոնան, – մտածում էի ես, – հիմա «Կաթնաղբյուրի» մոտ ոչ ոք չի լինի, բոլորը այստեղ են:

«Կաթնաղբյուրը» գտնվում էր նեղ ձորի մեջ, մի ահագին քարաժայռի ներքո, որ գոգավորվելով, կազմել էր մի լայն քարանձավ, որտեղից բխում էր ջուրը, և նույն քարանձավի մեջ հավաքվելով, առաջ էր բերում մի փոքրիկ ավազան: Այս նվիրական ավազանի մեջ լողանում էին ուխտավորներն, ավելի բժշկության և հոգևոր շնորհներ ստանալու հույսով: Քարանձավի մուտքը այնքան լայն բացվածք ուներ, մինչ կիսով չափ երևում էր նրա ներսոյքը:

Ես մտածում էի, թե Սոնան դեռ եկած չի լինի, որովհետև նշանակել էր տեսնվել ինձ հետ արևը մտնելուց հետո, իսկ ես, անհամբերս, եկել էի մի ամբողջ ժամ առաջ: Բայց երբ ես հեռվից նայեցա քարանձավի մեջ, ինձ երևացին հանված հագուստներ, որ դրած էին նրա մուտքի մոտ: Հետաքրքրությունս ստիպեց ստուգել` արդյոք ա՞յր մարդ էր լողացողը, թե կին: Մտածում էի` մի՛գուցե նույն ինքն Սոնան լիներ, որ ինձ դիտմամբ տեսություն նշանակեց արևի մտնելուց հետո, որպեսզի ինքը վերջացրած լինի իր լողանալը:

Ես սկսեցի հեռվից նայել դեպի քարանձավի ներսը. մանուկ մարդիկ այսպիսի անպատկառ հետաքրքրություններ շատ ունեն: Հանկարծ ջրի մակերևույթից դուրս բարձրացավ մի գեղեցիկ մարմին: Հրաշալի՜ մի մարմին էր նա: Գլխի արձակված գիսակները սքողել էին դեռ նոր զարգացած կուրծքը: Նա երեխայական անմեղ զվարճությամբ թրթռում էր, խաղ էր անում ավազանի ալիքների հետ: Արևի վերջին ճառագայթներն ընկած էին նրա դեմքի վրա: Ո՜րքան հրապուրիչ էր ջրի մանրիկ կաթիլներով ցողված այն կուսական դեմքը: Բայց նա երեսը շուռ տվեց, կարծես, չէր ցանկանում, որ արեգակն իր լուսեղեն շրթունքներով շոշափեր նրա անմեղ կուրծքը: Նույն ժամուն նա երևցրուց մի լիքն և հրաշալի թիկունք:

Դա մի րոպեական երևույթ էր: Մարմինը կրկին անհետացավ ջրի մակերևույթի տակ:

Այսպես երևում են «հրեղեն կուսանքը» Վանա ծովակի միջից. այսպես հրապուրում են նրանք պատանիներին, որոնք լի սիրահարական ցնորքներով իրանց գցում են ալիքների մեջ, և ջրային աղջիկները հափշտակում, տանում են իրանց որսին դեպի ծովակի անդունդը, և այնտեղ` իրանց բյուրեղային պալատներում զվարճացնում են նրան…

Ջրային հավերժահարսը կրկին հայտնվեցավ: Այս անգամ նա հանգիստ էր. այս անգամ նա չէր թռչկոտում այս կողմ և այն կողմ: Նա կիսով չափ նստած ջրի մեջ, սանդրում էր իր երկայն գիսակները: Նա ինքն էր, – Սոնան էր: Ես վաղուց ճանաչում էի այն խարտյաշ մետաքսանման գիսակները, ինձ ծանոթ էր այն հրեշտակային կերպարանքը, որ իր մերկության մեջ ավելի սքանչելի էր:

Նույն միջոցին ինձ տիրեց մի զգացմունք. դա նմանում էր այն սարսափելի զգացմունքին, որ տանջում է մի եղեռնագործին, որը մեղանչել էր մի որևիցե սրբության դեմ:

Զարհուրելի՜ է խղճի խայթն, երբ նա սկսում է ծակոտել մի սիրտ, որ դեռ ոչ բոլորովին կորուսել էր իր կենսական զորությունը… «Ես սիրում էի այս անմեղ աղավնյակին… – մտածում էի ես, – բայց Մարոն, կիսավայրենի Մարոն խլեց այն սիրտը, «որ պատկանում էր Սոնային»…

Իմ մտածությունները ընդհատեց մի մարդ, որ ձորի միջով գալով, ինձ երևաց, թե ուղիղ դիմում էր դեպի քարանձավը: Նա ոտքից ցգլուխ հագած ուներ սև զգեստ կոշտ մազե շալերից: Նրա բոլոր կերպարանքից հայտնի էր, թե անապատական աբեղա պետք է լինի: Նա ընթանում էր հանդարտ և հաստատուն քայլերով, և մեղմ ձայնով եղանակելով մի տխուր մեղեդի:

Ես իսկույն վազեցի դեպի նրա կողմը և առաջը կտրեցի, ասելով.

– Հեռվից անցեք, չմոտենաք քարանձավին, այնտեղ լողանում է մի օրիորդ, որ իմ ազգականն է:

– Ես դեպի այս կողմն եմ գնում, – պատասխանեց աբեղան, ցույց տալով ծովակը, և մի քննողական հայացք ձգելով իմ երեսին, անցավ:

Բայց ի՞նչ խորհրդական մարդ էր դա. ես մտածում էի. անտարակույս նույն լեռների մեջ առանձնացած ճգնավորներից մեկը պետք է լիներ: Երբ ավելի հեռացավ, նա փոխեց երգի եղանակը. այժմ նրա ձայնը լսելի էր լինում ավելի բարձր հնչյուններով: Ես բոլորովին զարմացա. այն մի հոգևոր մեղեդի չէր, այնպիսի երգեր միայն կարելի է լսել Արաբիայի դաշտերում, երբ բեդվինը միայնակ անցնում է անապատի միջով:

 

Նույն միջոցին ինձ զարմացրուց մի այլ երևույթ ևս. ես տեսա, որ կախարդ Սուսանը իր փոքրիկ վհուկ ընկերի հետ դուրս վազեցին թփերի միջից և միացան աբեղայի հետ: Աբեղան գրկեց Հյուբբիին, համբուրեց և ապա միասին անհետացան բլուրների հետքում:

Ի՞նչ գաղտնիք էր այդ. ի՞նչ գործ ուներ աբեղան կախարդ պառավի հետ օրվա մի այնպիսի տարաժամ պահուն: Նրա երգն անգամ որպես ես հասկացա, իր խորհրդական հնչյունների մեջ ուներ մի ծածուկ նշանակություն, որ դուրս կանչեց կախարդին իր թաքստյան տեղից: Եվ ի՞նչ լեզվի երգ էր այն:

Այս մտածություններն ինձ այն աստիճան զբաղեցրել էին, որ ես ամենևին չէի նկատել, թե արևը վաղուց մայր էր մտել և ձորի մեջ մութը բավականին թանձրացել էր, իսկ Սոնան հագնված, դուրս էր եկել քարանձավից:

Երբ ես մոտենում էի նրան, իմ գլխում պտտվում էին խիստ քաղցր ցանկություններ. ես հույս ունեի, թե Սոնան ինձ կգրկե, կհամբուրե, կհայտնե իր կարոտությունը ինձ երկար ժամանակ չտեսնելու համար, և շատ գեղեցիկ խոսքեր կասե: Բայց դրանցից և ոչ մեկը չեղավ:

– Ֆարհատ, – ասաց նա խիստ սառն կերպով, – որոնի՛ ր մի ծածուկ տեղ, ուր մեզ չտեսնեն, ես մի քանի խոսքեր ունեմ քեզ ասելու:

Մենք բարձրացանք դեպի մերձակա բլուրի զառիվերը, որ պատած էր վայրենի նշենիներով, և նստեցինք մի սեպացած ժայռի մոտ: Այնտեղից գիշերային մթության մեջ տեսնվում էր ուխտավորների բանակը, որ լուսավորված էր գույնզգույն լապտերներով, որ բռնել էր ընդարձակ տարածություն վանքի չորեք կողմում, և մինչև այնտեղ լսելի էին լինում զանազան նվագածությանց ձայներ: Բայց Սոնային ոչինչ չէր գրավում. տխո՜ւր էր նա, մահվան պես տխո՜ւր էր նա: Խեղճ աղջիկ, ես երբեք նրան ուրախ չէի տեսել…

Սոնայի առաջին խոսքերը բոլորովին ընտանեկան էին, վերաբերում էին իր վիճակին: Նա ասաց, թե զրկվելով մորից, իր միակ մխիթարությունն էր Ստեփանը` իր սիրելի եղբայրը: Եվ չնայելով, որ Ստեփանը վերջին ժամանակներում բավականին ուղղվել էր, այսուամենայնիվ նրա հայրը, Ստեփանի խելագարությունը տիրամոր պատիժ համարելով, բերեց նրան և վանքի «խեղճերի» մեջ գցեց: Նա պատմում էր, թե ինքը շատ աղաչեց հորը, որ այս անգթությունը չանե, Ստեփանին թողնե տանը, թե ինքը խոստանում է միշտ խնամել, պահպանել նրան, – բայց հնարք չեղավ, հայրը չընդունեց: Այս պատճառով Սոնան ստիպվեցավ աստվածածին ուխտ գալ, որովհետև չէր ուզում շուտով բաժանվել իր եղբորից: Եվ այժմ ամեն օր աղաչում է, պաղատում է հորը, որ Ստեփանին «խեղճերի» մեջ չթողնե, որ նրան վանքից ետ առնե և կրկին տուն տանե և այլն:

Այս բոլորը նա պատմեց խիստ ցավալի և դառն եղանակով, բայց առանց մի կաթիլ արտասուքի: Խե՜ղճ աղջիկ, այնքան անբախտ էր, որ լացել ևս չէր կարող…

Այնուհետև նա ինձանից երդում առեց և սկսեց պատմել մի գաղտնիք:

Նա ասաց, թե որսորդ Ավոյի և նրա հյուրերի, այսինքն` Կարոյի և նրա ընկերների դեմ սարքվում է մի մեծ դավադրություն: Պատմեց, թե իր հոր մոտ մի քանի անգամ եղել են գաղտնի ժողովներ, ուր հավաքվում էին տիրամոր վանքի վանահայր Կարապետ հայր սուրբը, իմ քեռի Պետրոսը, մի մեծ քուրդ իշխան և ուրիշ մի քանի մարդիկ, որոնց չէ ճանաչում: Հայտնեց, թե ինքը մի քանի անգամ ծածուկ լրտեսել է նրանց խոսակցությունը, թեև բոլորը չէ հասկացել, բայց այսքանը իմանում է, որ նրանք խոսում էին որսորդ Ավոյի, Կարոյի և նրա ընկերների մասին «շատ վատ բաներ», և մտածում էին, թե ի՞նչ հնարքով նրանց բռնել տան, ոչնչացնեն, որ «երկրի խռովությունը հանդարտվի»…

– Լավ, նրանք ի՞նչով են մեղավոր, – կտրեցի ես Սոնայի խոսքը, բոլորովին շփոթվելով:

– Ես չեմ իմանում, Ֆարհատ, – պատասխանեց Սոնան նույնպես վրդովված ձայնով: – Ասում են` նրանք չար մարդիկ են, ավազակներ են, ուր որ գնում են, այնտեղից արյունը և կոտորածը պակաս չէ լինում…

– Ես չեմ հավատում, Սոնա :

– Ես էլ չեմ հավատում, բայց ի՞նչ անես, ասում են, չեմ կարող ասողի բերանը բռնել: Ես երբ որ այս խոսքերը լսեցի, շատ տխրեցի, մտածում էի, որ դու էլ նրանց հետ ես, քեզ էլ կարող է մի վտանգ պատահել:

Սոնայի աչքերը այդ միջոցին լցվեցան արտասուքով: Նա հեկեկալով շարունակեց.

– Ես հենց որ լսեցի, գնացի քո մոր մոտ, բոլորը պատմեցի, որ նա քեզ ասեր. մայրդ ժամանակ չգտավ: Բայց ո՛րքան տխրեց մայրդ, Ֆարհատ, «որդիս կորավ»… ասում էր նա:

Իմ վրդովմունքը հետզհետե սաստկանում էր. ես չէի կարողանում հասկանալ, թե այս ի՞նչ բան է, որ հայոց վարդապետը, որ հայոց քահանան և իմ քեռի Պետրոսի նման մարդը, միացած քուրդ իշխանի հետ, դավադրություն էին հնարում մի քանի բարի, և խեղճ ժողովրդի արտասուքը սրբող երիտասարդների դեմ: Նրանք ավելի բարվոք էին համարում քուրդ իշխանի անտանելի լուծը, այն իշխանի, որի սրբապիղծ ձեռքը մուտք էր գործել մինչև հայոց տաճարի ներսը, որն, ինչպես իմ աչքով տեսա, կանգնած սուրբ սեղանի մոտ, տաճարի գանձանակի վրա էր հսկում…

Բայց Սոնայի երկյուղը միայն իմ մասին չէր. նա ափսոսում էր և Կարոյին, և նրա ընկերներին: «Նրանք լավ տղերք են, ասում էր նա, ես նրանց ոչ մի ժամանակ չեմ մոռանա»: – Եվ նա խորհուրդ էր տալիս, բոլորը հայտնել նրանց, զգուշացնել, որ վտանգի չհանդիպեն:

Մութը բոլորովին պատել էր, երբ մենք վերադարձանք ուխտավորների բանակը: Թե Սոնան և թե ես այն աստիճան խռովված էինք, որ մեր մեջ ուրիշ խոսակցություն չեղավ: Լուռ իմ կողքով գնում էր Սոնան: Խե՜ղճ աղջիկ, նա միանգամից կորցնում էր երկու մխիթարություն` իր հարազատ եղբորը, որին պետք է թողներ վանքի «խեղճերի» մեջ, և այն տղամարդին, որին սիրում էր, որի ձեռքը բռնած, գնում էր այժմ :

Երբ մենք մոտեցանք ուխտավորների բանակին, նա ասաց.

– Դու ինձ հասցրու մինչև մեր տիրացու Թաթոսի վրանը և հեռացիր:

– Նա՞ էլ այստեղ է, – հարցրի ես:

– Այստեղ է, ուխտ է եկած իր կնոջ և ազգականների հետ:

– Մի՞թե նա այժմ կին ունի:

– Մի քանի ամիս է, ինչ որ պսակվել է, միտք ունի շուտով քահանա դառնալու:

– Հենց ես մնացի առանց կնոջ, ամենքը պսակվեցան…

– Քեզ էլ աստված ողորմած է… – պատասխանեց Սոնան, խորհրդավոր ձայնով. և այն, ժամանակ միայն ես նկատեցի, որ ժպիտի նման մի բան շողաց նրա տխուր դեմքի վրա :

Տիրացու Թաթոսն արդեն ծանոթ է մեր հիշատակարանի մեջ նրա սկզբից: Այս տխմարը մի ժամանակ մեր դպրոցի վերակացուն էր, աշակերտները նրան կոչում էին «դպրոցի շուն». այժմ նա ամուսնացած էր և շուտով պետք է քահանա դառնար… արդյոք, արժա՞ն էր այդ պատվին…

Հասցնելով Սոնային տիրացու Թաթոսի վրանը, ես հեռացա: