Read the book: «Անշաղկապ բարդ նախադասություններ»

Font:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Շարահարությունը քերականական կապակցման եղանակ է, որի դեպքում չկան կապակցող շաղկապներ, շաղկապական բառեր, այլ նախադասությունները պարզապես գործածվում են կողք կողքի և իրար հետ կապվում են իմաստով [3, էջ 465]։ Բերենք մեկ սահմանում ևս։ Շարահարությունը բարդ նախադասության կազմի մեջ մտնող նախադասությունների այնպիսի կապակցությունն է, երբ նրանք կապակցվում են առանց շաղկապների կամ շաղկապի դեր կատարող դերանունների և միմյանցից բաժանվում են ստորակետով, բութով կամ միջակետով [14, էջ 100]։ Անշաղկապ կապակցության դեպքում խոսքը դառնում է սեղմ և արագ։ Անշաղկապությունը բնորոշ է հատկապես խոսակցական լեզվին: Այն խոսքը դարձնում է աշխույժ, սեղմ, հուզական, ուժեղացնում է արտահայտչականությունը և նվազեցնում սառը դատողականությունը, ինչպես նաև նպաստում է տրամաբանական մտածողության զարգացմանը և ձևավորում է պատճառաբանելու հմտություն։ Անշաղկապ բարդ նախադասությունները մեծ նշանակություն ունեն խոսքային հաղորդակցության մեջ և օգտագործվում են խոսքի տարբեր գործառական ոճերում։ Մեծ է անշաղկապ բարդ նախադասությունների դերը ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում։ Անշաղկապ բարդ նախադասությունները լայն կիրառություն ունեն հատկապես բանաստեղծություններում, առածներում, ասացվածքներում, հեքիաթներում, աֆորիզմներում։

ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՀԱՅ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սույն ենթագլխում ներկայացվում են հայ լեզվաբաններ Վ․ Առաքելյանի, Ն․ Պառնասյանի, Մ․ Աբեղյանի. Գ․ Սևակի, Է․ Աղայանի, Ս․ Աբրահամյանի, Գ․ Գարեգինյանի, Արտ․ Պապոյանի տեսակետները` հայոց լեզվում շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների վերաբերյալ։

Հայ լեզվաբանության պատմության մեջ շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն առավելապես կիրառվում են ժողովրդախոսակցական լեզվում։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունները հայ լեզվաբանության պատմության մեջ դարձել են հատուկ ուսումնասիրությունների առարկա Վ․ Առաքելյանի (1964), Ն․ Պառնասյանի (1964), Մ․ Աբեղյանի (1965), Գ․ Սևակի (1978), Է․ Աղայանի (1987), Ս․ Աբրահամյանի (1988), Գ․ Գարեգինյանի (1991), Արտ․ Պապոյանի (2003) և ուրիշների աշխատություններում։ «Շարահարություն» եզրույթն առաջարկվել է Մ. Աբեղյանի կողմից «Հայոց լեզվի տեսություն» աշխատության մեջ։ Իր աշխատության մեջ նա նշում է, որ իրար հետ կապակցված խոսքերը միմյանց նկատմամբ ունեն ստորադասական և համադասական հարաբերություններ [1, էջ 600]։ Նա ստորադասական կապակցությունը բաժանում է շարահարությամբ և զոդվածով կապակցված կապակցությունների [1, էջ 609], իսկ համադասական կապակցությունը՝ շարահարությամբ, ցուցական բառերով, համադասական շաղկապներով և շաղկապական բառերով կազմված կապակցությունների [1, էջ 652]։ Մ. Աբեղյանը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն առանձին տարատեսակ չի համարում։

Մ. Աբեղյանը շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն առանձին տարատեսակ չի համարում։

Մ․ Աբեղյանը «Խոսքերի կապակցությունը» գլխի «Ստորադասություն» բաժնում, խոսելով ստորադասական կապակցության մասին, գրում է, որ «այս կապակցությունը լինում է՝

ա) Շարահարությամբ, երբ երկրորդական խոսքերը, որոնք սկզբնապես գլխավորից անկախ խոսքեր են, առանց որևէ բառի, նշանակությամբ միայն միանում են գլխավոր խոսքի հետ, դառնալով ենթակա, խնդիր և այլն։ Մարդ կա՝ հազար արժե․ մարդ կա՝ մին չարժե։

բ) Զոդվածով, երբ երկրորդական խոսքերը գլխավոր հետ միանում են որևէ կապակցական բառով․ ինչպես՝ «Մարդ կա, որ հազար արժե․ մարդ կա, որ մին չարժե»[1, էջ 609]։

Մ. Աբեղյանը անդրադառնում է նաև շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների կիրառությանը և գտնում է, որ այդպիսի նախադասությունները ժողովրդախոսակցական լեզվին են բնորոշ, իսկ գրական լեզվում անհրաժեշտ է, որ նախադասություններն իրար հետ կապակցվեն որևէ կապակցական բառով։ Այդ մասին նա գրում է. «Շարահարությունը խոսքերի կապակցության ամենապարզ, սկզբնական ձևն է և հատուկ է ժողովրդական լեզվին. գրական լեզվի մեջ պահանջվում է, որ կապակցված խոսքերի հարաբերությունն արտահայտվի որևէ կապակցական բառով» [1, էջ 609]։

Ըստ նրա՝ կապակցական բառեր են հարաբերական բառերը և ստորադասական շաղկապները, որոնց նա տվել է «հարաբերական» և «շաղկապական խոսքեր» անվանումները [1, էջ 609]։ Մ. Աբեղյանը «նախադասություններ» եզրույթի փոխարեն օգտագործում է «խոսքեր» եզրույթը։

Մ. Աբեղյանը «Խոսքերի կապակցություն» գլխի «Համադասություն» բաժնում խոսում է նաև համադասական կապակցության մասին։ Նա գրում է, որ «համադասական կապակցությունը լինում է՝

ա) Շարահարությամբ, երբ միմյանցից անկախ խոսքերը իրար հաջորդում են առանց որևէ կապակցական բառի և միայն բովանդակությամբ և իրենց մեջ ունեցած կարճ դադարով միանալով՝ մի ամբողջություն են կազմում։

բ) Ցուցական բառերով, որոնք դրվելով հաջորդ խոսքի մեջ, ակնարկում են նախորդ խոսքի մեջ եղած մի բառի, կամ ամբողջ խոսքի բովանդակությունն ընդհանրապես, որով և հաջորդ խոսքը միանում է նախորդին:

գ) համադասական շաղկապներով և շաղկապական բառերով» [1, էջ 652 – 654]։

Այսպիսով, նա նշում է, որ այդպիսի կապակցությունը կարող է իրականանալ շարահարությամբ և ցուցական բառերով։ Ինչպես տեսնում ենք, Մ․ Աբեղյանը ցուցական բառերով կապակցությունը առանձին տեսակ է ընդունում և չի համարում շարահարական կապակցություն: Մ. Աբեղյանը ցույց էտալիս, որ բարդ նախադասությունները, իր եզրույթով՝ խոսքերը, արտահայտում են իրար համազոր, համադաս նախադասութունների մի ամբողջություն։ Մ․ Աբեղյանը նաև նկատում է, որ «շարահարությամբ կապակցությունը շատ լույծ է լինում» [1, էջ 653]։

Ըստ Մ․ Աբեղյանի՝ շարահարությամբ համադասություն են կազմում նաև ճարտասանական հարց ու պատասխանը [1, էջ 653]։

Մ․ Աբեղյանը շարահարական կապակցության տեսակ է համարում նաև միավորյալ խոսքը, որում համադաս նախադասություններն ունեն մեկ ընդհանուր ենթակա։ Այդ մասին նա գրում է․ «Շարահարությամբ կապակցության մի տեսակն է և միավորյալ խոսք ասածը, որի մեջ մի քանի համադաս խոսքեր միանում են մի ընդհանուր ենթակայով»[ [1, էջ 653]։

Այսպիսով, շարահարությամբ կապակցված մի քանի համադաս նախադասություններ կարող են ունենալ միևնույն ենթական, այսինքն՝ ենթական ընդհանուր է միևնույն բարդ համադասական նախադասության կազմի մեջ մտնող համադաս նախադասությունների համար։

Մ. Աբեղյանին հետևելով՝ հայ լեզվաբան Գուրգեն Սևակը նույնպես գտնում է, որ գլխավոր և երկրորդական նախադասությունները կարող են կապակցվել շարահարությամբ կամ զոդվածով [14, էջ 100]։

Սակայն Գ․ Սևակը կարծում է, որ ո՛չ միայն բարդ ստորադասական նախադասությունների կազմի մեջ մտնող գլխավոր և երկրորդական նախադասությունները կարող են կապակցվել շարահարությամբ կամ զոդվածով, այլև բարդ համադասական նախադասությունների կազմի մեջ մտնող համադաս նախադասությունները նույնպես կարող են կապակցել շարահարությամբ կամ զոդվածով՝ ի տարբերություն Մ․ Աբեղյանի, որը գտնում է, որ համադաս նախադասությունները կարող են կապակցվել շարահարությամբ, ցուցական բառերով, համադասական շաղկապներով և շաղկապական բառերով։ Մ. Աբեղյանը չի կարծում, որ համադաս նախադասությունները կարող են կապակցվել զոդվածով։

Ն․ Պառնասյանն իր «Անշաղկապ բարդ նախադասությունները ժամանակակից հայերենում» աշխատության մեջ ուսումնասիրում է ինչպես անշաղկապ բարդ համադասական նախադասությունները [9, էջ 20], այնպես էլ անշաղկապ բարդ ստորադասական նախադասությունները [9, էջ 59]։

Նա իր աշխատության մեջ նշում է, որ «ինչպես ամեն մի բարդ նախադասության, այնպես էլ անշաղկապ բարդ նախադասության կառուցվածքային-իմաստային էությունը որոշողը հանդիսանում է իմաստային գործոնը, բարդ նախադասության մեջ մտնող նախադասությունների (բաղկացուցիչ մասերի) բովանդակությունների փոխադարձ կապը և հարաբերակցությունը» [9, էջ 17 – 18]։ Ն․ Պառնասյանը կարծում է, որ նախադասությունների անշաղկապ կապակցության դեպքում ևս կարելի է տարբերակել համադասությունը և ստորադասությունը, քանի որ նա գտնում է, որ «բարդ նախադասության բաղկացուցիչ մասերի միջև կա ո՛չ միայն իմաստային կախվածություն, այլ նաև կառուցվածքային, քերականական կախվածություն, որոնք անշաղկապ բարդ նախադասության տարբեր տեսակներում արտահայտվում են տարբեր ձևով, ունեն իրենց արտահայտման հատուկ քերականական և բառական միջոցները, որոնք շաղկապների և հարաբերական բառերի բացակայության դեպքում ամբողջությամբ իրենց վրա են վերցնում բարդ ամբողջություն կազմելու, նրանց մասերի միջև եղած իմաստային փոխհարաբերություններն արտահայտելու պաշտոնը» [9, էջ 9 – 10]։

Ստորադասական կապակցության մասին իր կարծիքն է հայտնում նաև պրոֆեսոր Է. Աղայանը։ Նա իր «Լեզվաբանության հիմունքներ» բուհական ձեռնարկում նշում է, որ «ստորադասական բարդ նախադասության կազմի մեջ մտնող երկրորդական նախադասությունների կապը գլխավոր նախադասության հետ՝ ստորադասական կապակցություն է, որ, մեծ մասամբ, արտահայտվում է ստորադասական շաղկապների կամ օժանդակ բառերի միջոցով» [4, էջ 557]:

Այսպիսով, պրոֆեսոր Է. Աղայանը նույնպես այն կարծիքին է, որ երկրորդական նախադասությունների կապը գլխավոր նախադասություն հետ հիմնականում արտահայտվում է ստորադասական շաղկապներով և օժանդակ բառերի միջոցով, սակայն նա հնարավոր է համարում նաև շարահարական (անշաղկապ) կապակցությունը։

Վ․ Առաքելյանը իր «Հայերենի շարահյուսությունը» աշխատության մեջ առանձին գլուխ է հատկացնում շարահարությանը և քննության է ենթարկում ինչպես անկախ շարահարությամբ բարդ նախադասությունները [5, էջ 364], այնպես էլ կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները [5, էջ 369]։

Ըստ Վ․ Առաքելյանի՝ «շարահարությունը համատեղում է այլևայլ հարաբերություններ, իսկ դրանց տարբերակումը պայմանավորվում է հնչերանգությամբ ու այս կամ այն նշանակության առավել ցայտուն լինելով» [5, էջ 294]։

Արտաշես Պապոյանը «Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները արդի հայերենում» աշխատության մեջ նշում է, որ «շարահարությամբ բարդ ստորադասական նախադասությունների մեջ առավելագույն չափով դրսևորվում է շարահյուսական և ձևաբանական կարգերի ու օրինաչափությունների քերականական կապը» [10, էջ 49]։

Հայ լեզվաբանության պատմության մեջ մեծ է նաև Ս․ Աբրահամյանի ներդրումը։ Նա իր «Հայոց լեզու։ Շարահյուսություն» դասագրքում գլխավոր և երկրորդական նախադասությունների կապակցման միջոցներ է համարում բառային միջոցները և հնչերանգը։ Իբրև բառային միջոցներ հանդես են գալիս ստորադասական շաղկապները, հարաբերական բառերն ու հարաբերյալները, իսկ «երբ գլխավոր և երկրորդական նախադասությունները կապված չեն շաղկապով կամ հարաբերականով, նրանց կապը ձևավորվում է հնչերանգով։ Նման դեպքում հնչերանգի ամենաբնորոշ հատկանիշը տոնի բարձրացումն է ու նրան անմիջապես հաջորդող զգալի դադարը» [2, էջ 234]։

Այսպիսով, Ս․ Աբրահամյանը «զոդում» եզրույթի փոխարեն օգտագործում է «բառային միջոցներ» եզրույթը, իսկ «շարահարություն» եզրույթի փոխարեն՝ «հնչերանգ» եզրույթը։

Անշաղկապ բարդ նախադասությունների ուսումնասիրության գործում մեծ ներդրում ունի նաև Գ․ Գարեգինյանը: Ըստ նրա՝ «Անշաղկապ են կոչվում այն բարդ նախադասությունները, որոնց բաղադրիչները չեն կապվում շաղկապներով և հարաբերական դերանուններով» [6, էջ 305]։ Նա կարևորում է հնչերանգի, եղանակաժամանակային ձևերի հարաբերակցության և շարադասության դերը։

Արտ․ Պապոյանը «Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն» բուհական ձեռնարկում նշում է, որ գլխավոր և երկրորդական նախադասությունների կապակցությունը իրականանում է սպասարկու բառերով և առանց սպասարկու բառերի [11, էջ 276]։ Սպասարկու բառերով կապակցությունը կոչվում է նշույթավոր կամ զոդվածական, իսկ առանց սպասարկու բառերի կապակցությունը՝ աննշույթ կամ շարահարական [11, էջ 276]։ Ըստ նրա՝ նշույթավոր կամ զոդվածական կապակցության մեջ իբրև նշույթ կամ զոդ հանդես են գալիս ստորադասական շաղկապներն ու հարաբերականները [11, էջ 276], իսկ շարահարությունը «աննշույթ կապակցություն է, որի մեջ սպասարկու բառեր չեն օգտագործվում» [11, էջ 279]։

Այսպիսով, մենք փորձեցինք սույն ենթագլխում համակարգել անշաղկապ բարդ նախադասությունների վերաբերյալ հայ լեզվաբանների տեսակետները՝ հայ լեզվաբանության պատմության մեջ շարահարական բարդ նախադասությունների վերաբերյալ։

ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԸՄԲՌՆՈՒՄԸ ՌՈՒՍ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սույն ենթագլխում ներկայացվում են ռուս լեզվաբաններ Ա․ Մ․ Պեշկովսկու (1956), Ն․ Ս․ Պոսպելովի (1950), Ե․ Շիրյաևի (1986) և ուրիշների տեսակետները ռուս լեզվաբանության պատմության մեջ՝ անշաղկապ կապակցությամբ կապակցված բարդ նախադասությունների վերաբերյալ։

Ռուս լեզվաբանության պատմության մեջ հայտնի են հատկապես ռուս լեզվաբաններ Ա․ Մ․Պեշկովսկու (1956), Ն․ Ս․ Պոսպելովի (1950), Ե․ Շիրյաևի (1986) աշխատությունները։ Ռուս լեզվաբան Վ. Բելոշապկովան նշում է, որ մինչև 20 – րդ դարի 50 – ական թվականները անշաղկապ կապակցությամբ կապակցված բարդ նախադասությունները դիտվում էին որպես «բաց թողնված շաղկապներով» նախադասություններ [16, էջ 765]։

Ռուս լեզվաբանության մեջ անշաղկապ բարդ նախադասությունները կիրառվում են հնագույն ժամանակներից։ Անշաղկապ բարդ նախադասությունների մեջ հայտնի են եղել հատկապես այն բարդ նախադասությունները, որոնք արտահայտում են երևույթների և գործողությունների միաժամանակություն։ 11-18 – րդ դարերում ռուս լեզվաբանության մեջ տարածված էին պայմանաժամանակային և պայմանահետևանքային հարաբերություններ արտահայտող անշաղկապ բարդ նախադասությունները: Պայմանական նախադասություններում պայմանի հարաբերություն արտահայտող բաղադրիչը եղել է առաջադաս։ Ժամանակի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասություններն ավելի հազվադեպ էին։ Դրանք արտահայտում էին կա՛մ եղելությունների միաժամանակություն, կա՛մ էլ գործողությունների հաջորդականություն: Ժամանակի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասություններում նույնպես ժամանակի հարաբերություն արտահայտող բաղադրիչը եղել է առաջադաս։ Պատճառի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասություններն ավելի հազվադեպ են օգտագործվել, քան պայմանի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասությունները: Սովորաբար պատճառի հարաբերություն արտահայտող նախադասություններն ունեին վերջադաս կիրառություն: Վերջադաս էին նաև հետևանքի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասությունները: Պատճառի և ժամանակի հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասություններն այժմ նույնպես հայտնի են: Համեմատաբար հաճախակի էին օգտագործվում խնդրային հարաբերություններ արտահայտող անշաղկապ բարդ նախադասությունները, որտեղ խնդրային հարաբերություն արտահայտող բաղադրիչը եղել է առաջադաս, և մեկնական հարաբերություն արտահայտող անշաղկապ բարդ նախադասությունները, որտեղ մեկնական հարաբերություն արտահայտող բաղադրիչը եղել է վերջադաս։

Այսպիսով, ռուս լեզվաբանության մեջ անշաղկապ կապակցությամբ կապակցված բարդ նախադասություններում տարբեր իմաստային հարաբերությունների արտահայտությունը իրականացվել է նախադասությունների բաղադրիչների շարադասության միջոցով:

Ռուս լեզվաբանության մեջ անշաղկապ բարդ նախադասությունների բաղադրիչների միջև եղած կապակցության միջոցներից ռուս լեզվաբաններն իրենց հիմնական ուշադրությունը դարձրել են հնչերանգին։ Նշենք, որ անշաղկապ բարդ նախադասությունների բաղադրիչների կապակցության միջոցներն են՝ իմաստը, հնչերանգը, կապող բառերը, բայ-ստորոգյալի ձևերը և շարադասությունը։

Ռուս լեզվաբանության մեջ կարելի է առանձնացնել երեք հիմնական մոտեցում` ներկայացնելու անշաղկապ բարդ նախադասությունները։ Անշաղկապ բարդ նախադասությունների վերաբերյալ ունեցած առաջին տեսակետը պատկանում է Ա. Մ. Պեշկովսկուն: Ըստ նրա՝ անշաղկապ բարդ նախադասություններում հնչերանգը իր վրա կարող է վերցնել այն գործառույթները, որոնք շաղկապական բարդ նախադասություններում կատարում են շաղկապները [20, էջ 470-472]։ Ա․ Մ․Պեշկովսկին առանձնացնում է «շաղկապական դադարները»՝ իբրև նախադասությունների միացման միջոց: Այդպիսի «շաղկապական դադարների» հիմնական նշանը հնչերանգն է: Ըստ Ա. Մ. Պեշկովսկու՝ հնչերանգը նախադասություններում կարող է փոխարինել շաղկապներին` կատարելով նրանց գործառույթները: Անշաղկապ բարդ նախադասության ուսումնասիրության նման մոտեցումը ստացել է Ա. Մ. Պեշկովսկու «փոխհատուցված օրենք» անվանումը: Ըստ Ա․ Պեշկովսկու՝ հնչերանգը փոխհատուցում է շաղկապի բացակայությունը։ Այդ օրենքին էլ համապատասխան՝ շաղկապների բացակայության դեպքում առաջին պլան է մղվում հնչերանգը:

Խոսելով անշաղկապ բարդ նախադասությունների մասին՝ Ա․ Մ․Պեշկովսկին գտնում է, որ «այստեղ ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով է այս կամ այն հնչերանգի իմաստը նույնը այս կամ այն շաղկապների խմբի հետ» [20, էջ 470-472]։ Ուստի Ա. Մ. Պեշկովսկին առանձնացնում է՝

1. բացատրական հնչերանգը

2. նախազգուշական հնչերանգը

3. թվարկման հնչերանգը [20, էջ 470-472]։

Նա գտնում է, որ բացատրական հնչերանգը փոխարինում է պատճառի հարաբերություն արտահայտող շաղկապներին, նախազգուշական հնչերանգը՝ մեկնական շաղկապներին, իսկ թվարկման հնչերանգը՝ թվարկման հարաբերություն արտահայտող միավորիչ շաղկապներին։

Ա․ Մ․ Պեշկովսկին անշաղկապ բարդ նախադասությունները հավասարեցնում է շաղկապական բարդ նախադասություններին։ Նա գտնում է, որ անշաղկապ բարդ նախադասությունները միջին տեղ են գրավում բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասությունների միջև [20, էջ 470-472]։

Այսպիսով, ռուս լեզվաբանության մեջ բոլոր բարդ նախադասությունները դիտարկվում էին կա՛մ բարդ համադասական, կա՛մ էլ բարդ ստորադասական նախադասություններ՝ համապատասխան շաղկապ «ներմուծելու» ճանապարհով։

Անշաղկապ բարդ նախադասությունների մյուս տեսակետը պատկանում է Ն․ Ս․ Պոսպելովին։ Նա գտնում է, որ անշաղկապ բարդ նախադասությունները բարդ նախադասության հատուկ կառուցվածքաիմաստային տեսակին են պատկանում, և կապակցությունը միայն հնչերանգով չի արտահայտվում, այլ այն ունի նաև ինքնուրույն իմաստ։ Նա անշաղկապ բարդ նախադասությունը դիտում է որպես բազմաբաղադրիչ միավոր, որը ներկայացվում է հատուկ կառուցվածքաիմաստաբանական տեսակներով։ Ըստ նրա՝ շաղկապի բացակայության դեպքում մեծանում է ցուցական դերանվանական բառերի դերը։ Ըստ կազմության՝ Ն․ Ս․ Պոսպելովը անշաղկապ բարդ նախադասությունները բաժանում է համասեռ և անհամասեռ տեսակների [22, էջ 344]։ Համասեռ տեսակի մեջ նա մտցնում է՝

ա) հակադրական հարաբերություն արտահայտող նախադասությունները, որոնցում առաջին մասն իր բովանդակությամբ հակադրվում է երկրորդ մասին։ Նա նշում է, որ այդպիսի նախադասությունների առաջին մասն արտասանվում է տոնի բարձրացումով, իսկ երկրորդ մասը՝ ցածր տոնով [22, էջ 346-347]։

բ) արդյունք՝ հետևանք հանդիսացող նախադասությունները, որոնք արտահայտում են գործողության և նրա արդյունքի միջև եղած փոխհարաբերություններ։ Ըստ նրա՝ այդպիսի նախադասությունների առաջին մասն արտասանվում է մի փոքր տոնի իջեցմամբ և հնչերանգորեն համապատասխանում է երկրորդ մասին, որն իր հերթին արտասանվում է մի փոքր դադարից հետո տոնի ավելի նշանակալի իջեցմամբ [22, էջ 347]։

Ըստ Ն․ Ս․ Պոսպելովի՝ անհամասեռ կառուցվածքի անշաղկապ բարդ նախադասություններն են՝

1․ պայմանական նշանակությամբ նախադասությունները, որոնք բնութագրվում են բարձրացնող – իջեցնող հնչերանգով,

2․ բացատրական հարաբերությամբ նախադասությունները, որոնք ինչ-որ հիմնավորում արտահայտելով ցույց են տալիս ինչ-որ բանի պատճառը կամ հետևանքը և արտասանվում են տոնի իջեցմամբ առաջին մասի վերջում,

3․ երկրորդ մասում ասվածի բովանդակությունը բացահայտող նախադասությունները, քանի որ առաջին մասը կրում է միայն նախնական բնույթ և արտասանվում է նախազգուշացնող հնչերանգով [22, էջ 347-348]։

Ն․Ս․ Պոսպելովը գրում է․ որ «համասեռ կառուցվածքի անշաղկապ բարդ նախադասություններն իրենցից ներկայացնում են ըստ շարահյուսական նշանակության համասեռ նախադասությունների երկանդամ, եռանդամ և բազմանդամ կապակցություններ, որոնք կորցրել են իրենց հաղորդակցական ինքնուրույնությունը և, որպես հաղորդակցության առանձին միավորներ, միավորվել են առանց շաղկապների՝ նրանցում արտահայտվող բարդ մտքի և նրանց հատուկ համասեռության շարահյուսական նշանակության միասնության ամբողջությամբ, այսինքն՝ միատեսակ վերաբերմունքով ամբողջին, որը նրանք արտահայտում են» [22, էջ 344]։

Ըստ նրա՝ անհամասեռ կառուցվածքի անշաղկապ բարդ նախադասություններն այն նախադասություններն են, որոնք արտահայտում են այս կամ այն կախումը այն նախադասությունների միջև, որոնցից իրենք կազմված են, այսինքն՝ հաջորդի պայմանավորվածությունը նախորդից, հաջորդի հիմնավորումը նախորդով կամ հաջորդի միջև նախորդի բովանդակության բացահայտումը [22, էջ 347]։ Այս դրույթներում է դրված Ն․Ս․Պոսպելովի հայեցակարգի իմաստաբանական չափանիշը։

Ըստ Ն․ Ս․ Պոսպելովի՝ անշաղկապ բարդ նախադասությունը ներկայացվում է շաղկապական բարդ նախադասությունների շարքում իբրև ինքնուրույն դաս։ Ն․ Ս․ Պոսպելովը իր «Անշաղկապ բարդ նախադասությունների քերականական բնույթի և դասակարգման սկզբունքների մասին» հոդվածում անշաղկապ բարդ նախադասությունները դասակարգում է իմաստաբանական շարահյուսական մոտեցման հիման վրա։ Նա գրում է, որ «անշաղկապ բարդ նախադասություններն այնպիսի բարդ նախադասություններ են, որոնց բաղադրիչները, քերականորեն ձևավորված իբրև նախադասություններ, միավորվում են մեկ ամբողջության մեջ ո՛չ թե շաղկապների կամ հարաբերական բառերի միջոցով, այլ անմիջականորեն նախադասությունների կազմը մտնող բովանդակության փոխկապակցվածությամբ, որը և արտահայտվում է այս կամ այն ձևաբանական և ռիթմահնչերանգային միջոցներով» [22, էջ 343]:

Անշաղկապ բարդ նախադասությունների մյուս տեսակետը պատկանում է Ե․ Շիրյաևին։։ 20 –րդ դարի 80 – ական թվականներին գրված իր «Անշաղկապ բարդ նախադասությունները ժամանակակից ռուսաց լեզվում» աշխատության մեջ անշաղկապ բարդ նախադասությունը նա դիտում է որպես շարահյուսական հատուկ ձև, որում բաղադրիչների իմաստային հարաբերությունները բխում են նրանց բառագիտական իմաստաբանական բովանդակությունից։ Ահա թե ինչ է գրում ռուս լեզվաբան Ե․ Շիրյաևը անշաղկապ բարդ նախադասությունների մասին։ Նա գրում է, որ «անշաղկապ բարդ նախադասության նկատմամբ այժմ դրված է համարյա համլետյան հարցը․ լինել թե՞ չլինել։ Պե՞տք է արդյոք դիտարկել անշաղկապ բարդ նախադասությունը՝ որպես շարահյուսական առանձնահատուկ ձև» [23, էջ 40]։

Այսպիսով, սույն ենթագլխում անդրադարձանք ռուս լեզվաբաններ Ա․ Մ․ Պեշկովսկու, Ն․ Ս․ Պոսպելովի, Ե․ Շիրյաևի հայացքներին, ովքեր նշանակալից ներդրում են ունեցել ռուս լեզվաբանության պատմության մեջ անշաղկապ բարդ նախադասությունների վերաբերյալ։

Age restriction:
18+
Release date on Litres:
13 December 2024
Writing date:
2024
Volume:
70 p. 1 illustration
Copyright holder:
Автор
Download format:
Text, audio format available
Average rating 4,7 based on 194 ratings
Audio
Average rating 4,2 based on 514 ratings
Draft
Average rating 4,9 based on 235 ratings
Text
Average rating 4,8 based on 403 ratings
Text
Average rating 4,7 based on 51 ratings