Read the book: «Արամաշոտ Պապայանի դրամատուրգիայի խոսքարվեստը»

Font::

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայ թատերագիր Արամաշոտ Պապայանը միակ դրամատուրգն է, որ իր ողջ գրական ստեղծագործական կյանքում գրել է միայն կատակերգություններ: Նրա կատակերգությունները մեծ հաջողություն են ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:

1944 թվականին Ա. Պապայանը եղբորորդու՝ Արամի հետ միասին գրում է «Մեծ հարսանիք» կատագերգությունը, որը բեմադրվում է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում և ունենում է մեծ հաջողություն:

Ա. Պապայանի «Ծիծաղ» ժողովածուի մեջ զետեղված են մեկ-երկու գործողությամբ կատակերգություններ՝ «Բախտավորյաններ», «Փեսատես», «Կնունք», «Մանրուք», «Սուտը թակարդում» և այլն, որոնցում հեղինակը ծիծաղի զենքով կրակի տակ է առնում բյուրոկրատիզմն ու շաղակրատությունը, անազվությունն ու եսասիրությունը: Անխնա մտրակելով բացասականը՝ հեղինակը միևնույն ժամանակ գովերգում է դրական հերոսներին ու բաց անում նրանց բազմաբովանդակ դրամատիզմով լի ներքին աշխարհը:

Ա. Պապայանի բոլոր կատակերգություններն էլ բեմադրվել են մեր հանրապետությունում, իսկ նրանցից շատերը թարգմանվել են և հաջողությամբ բեմադրվել մի շարք երկրներում:

«Բախտավորյաններ» և «Փեսատես» կատակերգություններն արժանացել են միութենական մրցանակի:

Ա. Պապայանի ստեղծագործությունների կարևոր դրական հատկանիշներն են՝ մեծ ներշնչանքը, սերը հայ հասարակ, աշխատավոր մարդկանց կյանքի, խոհերի ու հույզերի խոր, բազմակողմանի պատկերումը:

Ա. Պապայանի լավագույն գործերից են «Մեծ հարսանիք», «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» (1965), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967), «Արտասահմանյան փեսացուն» (1972), «Խանդից պատուհաս», «Երևանյան վարդեր», «Գնա մեռի, արի սիրեմ» (1973) և այլ կատակերգություններ:

Ա. Պապայանի պիեսները ներկայացվել են նախկին Խորհրդային Միությունում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում, Անդրկովկասյան և Միջինասիական հանրապետություններում: Այնուհետև կտրել-անցել են երկրի սահմանները, բարձրացել Բուլղարիայի, Չեխիայի, Մոնղոլիայի, Սիրիայի, Լիբանանի Նյու Յորքի, Բոստոնի, Լոս-ԱՆջելեսի, Փարիզի և Լոնդոնի թատերաբեմերը:

Ա. Պապայանի պիեսները թարգմանվել են շատ լեզուներով: Իր պիեսների բեմադրությունների թվով Ա. Պապայանը գրավում է առաջին տեղը հայ թատերագիրների շարքում:

1981 թվականին Ա. Պապայանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով, իսկ մինչ այդ, 1971 թվականին նա պարգևատրվել էր «Պատվո նշան» շքանշանով:

ԳԼՈՒԽ 1 ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՇԵՐՏԵՐԸ և ԴՐԱՆՑ ՈՃԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կատակերգությունը (կոմեդիան) գրական սեռերի երեք տեսակներից մեկն է: Մյուս երկու տեսակներն են ողբերգությունը (տրագեդիան) և դրաման: Կատակերգությունը, Արիստոտելի սահմանումով, փաստերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում: Ըստ Արիստոտելի՝ ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում:

Կատակերգության ժանրը ձևավորվել է Հին Հունաստանում մ.թ.ա. 5-րդ դարում՝ «կոմեդիայի հայր» Արիստոֆանի, ապա նաև Մենանդրոսի ստեղծագործության մեջ: Կոմեդիան իր անվանումը ստացել է ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախ խաղերից և ներկայացումներից:

Կատակերգության միջոցով գրողները ձգտում են վեր հանել կյանքի ծիծաղելի կողմերը:

Կատակերգությանը բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը: 19-րդ դարում կատակերգության ժանրը զարգացրել են Մ. Պատկանյանը, Ն. Փուշինյանը, Մ. Տեր-Գրիգորյանը: Հետագայում ևս կատագերգությունը շարունակում է մնալ ամենատարածված ժանրերից մեկը: Այդ ժանրի փայլուն ներկայացուցիչներից է Գ. Սունդուկյանը:

Հայտնի են Դ. Դեմիրճյանի, Ն. Զարյանի, Ա. Պապայանի, Գ. Տեր-Գրիգորյանի և ուրիշների սոցիալական և կենցաղային կատակերգությունները:

Գրական բոլոր ժանրերից Ա. Պապայանը նախապատվություն է տալիս կատակերգությանը: «Թեև հասակ եմ առել կյանքի դժվարին պայմաններում,– գրել է նա,– բայց մշտապես ինձ հետ է եղել լավը, լուսավոր օրերի հավատը: Ծանր զրկանքներով լի օրերի փորձը ինձ հուշել է, որ կյանքի դժվարությունները կարելի է հաղթահարել միայն ժպիտով, կատակով, ծիծաղով»:

Ա. Պապայանը իր կատակերգություններում զվարթ ծիծաղով մերկացնում է իրականության ստվերոտ կողմերը և հաստատում լավն ու բարին: Նա նկատում է կյանքի բացասական կողմերը և սրամտորեն բնութագրում իր հերոսներին: նրա կատակերգությունների լեզուն որոշ տեղերում աչքի է ընկնում զգացմունքային հագեցվածությամբ: Նա մեծ ուշադրություն է դարձրել ժողովրդական ոճավորմանը, օգտագործել է ժողովրդական կենդանի բարբառներից վերցված ժողովրդական կենսափորձը և իմաստությունն արտահայտող ասացվածքներ: Նրա կատակերգությունները հարուստ են իմաստալից խոսքերով և աֆորիզմներով: Նրա երկերը աչքի են ընկնում արդիական խնդիրների խոր զգացողությամբ: Ա. Պապայանի ոճը պարզ է, անպաճույճ: Նա ներկայացնում է ժողովրդական ըմբռնումները բարու և չարի, դրականի և բացասականի, ինչպես և ժողովրդի անբեկանելի հավատը ճշմարտության, արդարության հաղթանակի հանդեպ: Հեղինակի ուշադրության կենտրոնում աշխատավոր մարդն է, որին առաջարկվում է բարդ և անհնարին թվացող խնդիրներ: Ա. Պապայանի պիեսների գլխավոր առանձնահատկությունը ծիծաղի հրապարակային բնույթն է: Դա անթաքույց ծիծաղ է: Այն ազգային հումոր է: Վ. Աճեմյանը նշել է, որ Արամաշոտ Պապայանը ճանաչում է «հանդիսատեսի հոգին», մեկ էլ այն, որ ունի «թատրոնի ջիղ»:

1. 1. ԺՈՂԱՎՐԴԱԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՌԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Սույն ենթագլխի նպատակն է ուսումնասիրել ժողովրդախոսակցական և բարբառային բառերը Արամաշոտ Պապայանի պիեսներում։

«Բառը մի աշխարհ է», – ասել է հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Բառերը լեզվի էությունն են, ազգային դեմքը որոշող այն միջոցները, որոնցով մենք անվանում ենք աշխարհի առարկաները, երևույթները, գործողությունները, նրանց հատկանիշները: Բառերով արտահայտում ենք վերաբերմունք, կազմում ենք նախադասություններ:

Հայոց լեզվի բառապաշարը կազմված է գրական և ոչ գրական բառաշերտերից: Գրական բառաշերտի մեջ են մտնում այն բառերը, որոնք գործ են ածվում գրական լեզվի նորմայի պահանջներով, նրա կիրառության սահմաններում [7, էջ 137]։ Բառապաշարի գրական շերտին հակադրվում են բարբառային և ժողովրդախոսակցական բառաշերտերը [1, էջ 141], որոնք գրական չեն։ Ըստ լեզվաբան Սենեքերիմ Մելքոնյանի՝ բարբառային, գավառական, ժողովրդախոսակցական են այն բոլոր բառերն ու ձևերը, որոնք գրական չեն [13, էջ 107]։

Իր կատակերգություններում Արամաշոտ Պապայանը դիմել է բարբառային և ժողովրդախոսակցական լեզվի բառաշերտերին: Նրա գործածած առօրյա-խոսակցական ոճին հատուկ բառերը, արտահայտությունները, դարձվածքները մեծ թիվ են կազմում: Արամաշոտ Պապայանի խոսքի բառապաշարի հիմքը կազմում են ընդհանուր գործածական բառերը, սակայն, ըստ անհրաժեշտության, նա օգտագործել է նաև ժողովրդախոսակցական լեզվին հատուկ բառեր, արտահայտություններ: Նրա պիեսներում բարբառային բառերը մեծ թիվ չեն կազմում: Իսկ ինչ վերաբերում է բանավոր-խոսակցական լեզվին բնորոշ բառապաշարին, ապա դրանց գործածությունը պիեսներում բավականաչափ առատ է: Բարբառային և ժողովրդախոսակցական բառերը միանման չեն: Բարբառային բառերը սահմանափակ, տարածքային նեղ գործածություն ունեն: Նման բառերը Արամաշոտ Պապայանի կատակերգություններում համեմատաբար քիչ են. Օրինակ՝ չուր (մինչև), լաո (որդի, զավակ), ազիզ (սիրելի, թանկագին), խաթեր համար (պատվին), չակոլի (չքանդվի): Բերենք բնագրային օրինակներ.

Թագուհի. – Դեռ լույսը չբացված կգա, կմղկտա չուր իրիկուն ու իրիկուն դառ ու դատարկ կելնի կերթա (ՀՀՆԾ, էջ 192):

Թագուհի. – Էդ նրանից է, լաո, որ աջ ձեռք չգինա, թե ձախ ձեռք ինչ կենե (ՀՀՆԾ, էջ 193):

Հեղինե. – Չէ՜… Էս երկու ազիզ բալեքս պատերազմում զոհվեցին (Բ, էջ 11):

Մամիկոն. – Գնանք, գնանք, մինչև կյանքիս վերջը պարտական եմ քեզ: Քո խաթեր համար մի հատ էլ երգ ասեմ (ՍԹ, էջ 142):

Թագուհի. – Տղա Մարտինիչ, քո տուն չակոլի, քո կուժ մոռցար (ՀՀՆԾ, էջ 251):

Ժողովրդախոսակցական բնույթի բառերն ու արտահայտություններր բավականաչափ շատ են Արամաշոտ Պապայանի պիեսներում, ուստի շատ դժվար է բոլորի մասին խոսել: Թվարկենք մի քանիսը: Բերենք օրինակներ. էս (այս), էն (այն), էսպես (այսպես), էնպես (այնպես), հա (այո), էդքան (այդքան), էլ (այլևս), էծեր (այծեր), հրես (ահա) և այլն: Իր պիեսներում Արամաշոտ Պապայանը գործածել է նաև ժողովրդախոսակցական լեզվին հատուկ ձայնարկություններ և այլ սպասարկու բառեր, որոնք խոսքը դարձնում են ավելի արտահայտիչ:

Հա բառը օգտագործվում է մի շարք իմաստներով: Ամենից առաջ այն գործածվում է որպես պատասխանական բառ, որը համարժեք է այո-ին: Սակայն առավել հետաքրքրական են հետևյալ կիրառությունները:

Հա՞ – հարցում ճիշտ լինելու մասին:

Լուսինյան. – Սամսոնը, Մասիսը…Հասկացա, պահ են մտել, հա՞: Սամսոն՜, հարազատ (ԵՎ, էջ 80):

Հա – հաստատում.

Ցոլակ. - Հա, իհարկե, ճարպն ու յուղը խոհարարի և այլոց փորը, ճենճն ու ջուրը իմ հորը (ԽՊ, էջ 142):

Սամսոն. – Հա՜, հա՜, հա՜, ինչ միամիտն ես եղել, քուրս, խնդալս կուգա (ԵՎ,117):

Հա – ասվում է մի բան դժվարությամբ հիշելուց հետո:

Տիգրան. – Տիգրա՞ն… Հա, լսել եմ, բայց նրա մասին ասում են, որ… (ՄՀ, էջ 30):

Բազմաթիվ կիրառություններ ունի նաև վայ բառը: Այն արտահայտում է սպառնալիք, զարմանք, սուգ, ողբ, ափսոսանք, հեգնանք, սարսափ, ահ և այլն:

ա. Սպառնալիք.

Հեղինե. – Ահա մի շաբաթ է աղոթում եմ, որ էսօրվա խաղը մերոնք տանեն, թե չէ՝ վայն եկել է այսօր մեր ուրախությանը (Բ, էջ 12):

բ. Զարմանք.

Պետրոս. – Վա՜յ… ը՜… Դուք էլ եք այստե՞ղ… (ԽՊ, էջ 179):

գ. Սուգ, ողբ.

Շուշան. – Վայ, քոռանամ, էս ինչ զուլում եկավ մեր գլխին… (ԽՊ, էջ 179):

դ. Ափսոսանք.

Նունուֆար. – Վա'յ, քոռանամ, մոռացել էի (Մ, էջ 86):

ե. Հեգնանք.

Հայրապետ. - Վայ դու, խրբուկ ծաղիկներն էլ է պրոկատ վերցրել (ԿՀ, էջ 59):

զ. – Սարսափ, ահ.

Շուշան. – Ի՞նչ է, արդեն բաժանվե՞լ են: Վա՜յ ինձ, վա՜յ… (ԽՊ, էջ 178):

է. Մտերմական երանգ.

Սրբուհի. – Վա՛յ, բալիկ ջան, եկա՞ր: Այս երիտասարդը քեզ է սպասում (Բ, էջ 39):

Նազան. Վայ, Մամիկոն ջան, բա հոգուդ մեղք չե՞ս անում (ՍԹ, 133):

Ջեն. Պաղպաղա՞կ, վա՛յ, Ջեկ, իսկապե՞ս (ԱՄ, 106):

Արամաշոտ Պապայանը կատակերգություններում օգտագործել է ժողովրդական խոսքին բնորոշ այ, բա, հո, է, ախր, համ…համ և նմանատիպ այլ բառեր, որոնք բավականաչափ շատ են: Այդպիսի բառերն արտահայտում են զարմանք, ուրախություն, վիշտ, դժգոհություն, զայրույթ, ափսոսանք: Բերենք բնագրային օրինակներ.

Վռամ. – Այ աղջի, շա՞ռ ես, քաղաքական աստառ ես կպցնու՞մ (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 289):

Նուբար. – Բա հյուրանո՞ցը (ԱԱՇԷԵ, էջ 321):

Վարշամ. – Գլուխ հո ունես, տնաշեն, էդքան ուսում, կրթություն, դու հունարդ ցույց տուր (ԱԱՇԷԵ, էջ 376):

Շմավոն. - Է, Վարշամ ջան, մեջք չունեմ, մեջք (ԱԱՇԷԵ, էջ 376):

Գրապ. – Ախր ինչու՞… Հարսս հիմա ելույթ պիտի ունենա… (ԽՊ, էջ 128):

Վարշամ. – Համ վարիչ եմ, համ քարտուղար, համ գրագիր (ԱԱՇԷԵ, էջ 376):

Նուբար. Հայ-հույ, էլի էդ խերքի՞ն ես (ԱԱՇԷԵ, 382):

Մարգար. Պահո՛, հացներս կերանք (ԱԱՇԷԵ, 383):

Նուբար. Ինչ է, ուրեմն ես լեզվից խախու՞տ եմ, հայ-հույ (ԱԱՇԷԵ, 383):

Նուբար. Բա էդ եղա՞վ: Ձեր հեր ձեզ համար վատ հեր չի եղել (ԱԱՇԷԵ, 321):

Բ. Այցելու. Էհ, իրեն համար վատ: Այդ ճամփով գնացողը հեռու չի երթա (ՍԻՉԱԵԲԷ, 294):

Սամսոն. Եվ մի վհատվիր, պանդուխտ Մասիս, հեչ մի վհատվիր, այն ուժը, որ ինձի հոս բերավ, օր մըն ալ երևի քովդ կբերե (ԵՎ, 117):

Կարմեն. Օխա՛յ, հիմի դու էն ասա, մեր մեծ խազեինը ինչու՞ է կանչել (ՀՀՆԾ, 240):

Ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ են նաև մաղթանքների, ողջույնների, անեծքների, նվաստական և արհամարհական արտահայտությունների օգտագործումը: Բերենք բնագրային օրինակներ.

Կտրիճ. – Աչքիս վրա, քեզ մատաղ (ՀՀՆԾ, էջ 203):

Թագուհի. – Չէ, մռնիմ քզի, ժամանակ չունեմ, պտի գնամ (ՀՀՆԾ, էջ 227):

Արմեն. – Շնորհավորեք, հարսնացուս: Տարոսը ձեզ (ԵՎ, էջ 113):

Արմեն. – Այո, անաղուհաց քրդի շուն…ը… գոռոզի մեկը դուրս եկավ (ԵՎ, էջ 90):

Անուշ. Դե նստիր, նստիր, անուշ ջան, բարով եկար, հազար բարին, նստիր, խոսիր, ասա տեսնեմ ո՞վ է նա, ի՞նչ մարդ է…(ԵՎ, 74):

Գրապ. Քո արևը հարևան, ոչինչ չհասկացա, գնացեք, հանգստացեք, ո՞վ է ձեզ խանգարում (ԽՊ, 128):

Մինաս. Վայ, ցավդ տանեմ, Հակոբ Նշանիչ, հազար առողջություն քեզ (ՀՀՆԾ, 235):

Հմայակ. Բա մենք ինչքան ուրախ ենք: Շնորհավորում եմ, թանկագին Հակոբ Նշանիչ: Ցանկանում եմ երկար կյանք, առողջություն և երջանկություն (ՀՀՆԾ, 224):

Սեդա. Գնա ու արի, նստի ու սպասի, գրողի ծոցը, թե գործը տապալվում է (ՀՀՆԾ, 192):

Անուշ. Բարով, բարով եք եկել: Այս ինչո՞ւ ուշացաք (ԵՎ, 83): +

Այսպիսով, իր պիեսներում Արամաշոտ Պապայանը հմտորեն է օգտվել բարբառային ու ժողովրդախոսակցական բառաշերտերից։ Բարբառային ու ժողովրդախոսակցական բառերի գործածությամբ նա ավելի արտահայտիչ ու կենդանի է դարձնում իր հերոսների խոսքը։

1. 2. ԿՐԿՆԱՎՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Սույն ենթագլխի նպատակն է ուսումնասիրել հայերենի կրկնավոր բարդությունները Արամաշոտ Պապայանի պիեսներում։

Ժողովրդական խոսքին բնորոշ բառակազմական միջոցներից են կրկնավոր բարդությունները կամ կրկնությունները, որոնցով արտահայտվում են հատկանիշի սաստկություն, բազմակիություն, ընդգծվում են տրամադրությունն ու միտքը: «Կրկնավորները նույն բառի կրկնությամբ կազմված հարադրական բարդություններն են, որոնք վերլուծական բարդության ամենապարզ տեսակն են և ծնունդ են առել լեզվի զարգացման վաղ անցյալում» [7, էջ 189]։

Արամաշոտ Պապայանի պիեսներում բազմաթիվ են նման բարդությունները: Բերենք բնագրային օրինակներ.

Շավարշ. – Կոպտիր, կոպտիր, այդ քնքուշ-քնքուշ խոսելդ է, որ տունս քանդեց (ՄՀ, էջ 24):

Սուրեն. – Շուտ-շուտ եկեք մեզ մոտ հյուր (ՄՀ, էջ 25)։

Նազիկ. – Որ ձեզ մոտ շուտ-շուտ հյուր գամ (ՄՀ, էջ 25):

Լուսինյան. – Դե լավ, գնանք մի-մի բաժակ բարձրացնենք ու գնանք քնենք (ԵՎ, էջ 99):

Վերոհիշյալ բարդությունները միևնույն բառով կազմված կրկնություններ են, որոնք ցույց են տալիս առարկայի կամ գործողության վիճակ: Երբեմն միևնույն նախադասության մեջ օգտագործում է մեկից ավելի կրկնություններ: Բերենք բնագրային օրինակ.

Կարմեն. – Տաք-տաք վաննայում լողանում էի, տկլոր-տկլոր հանեցին բերին միջանցքում, կես ժամ կանգնեցրին, հետո էլ թե սապոնված ես-սապոնված չես` շորերդ հագիր ու թռիր (ՀՀՆԾ, էջ 239):

Պիեսներում օգտագործված բարդություններից են նաև չարաչար (ԽՊ, էջ 154), հազիվհազ (ԵՎ, էջ 83), մեկնումեկը (ԱԱՇԷԵ, էջ 376): Բերենք մի քանի բնագրային օրինակ.

Արմեն. – Այո, տպեք, որ չարաչար սխալվել եմ, զղջացել եմ, որ եկել եմ հայրենիք (ԵՎ, էջ 107):

Վարշամ. – Է՛, ճառ մի ասա… Էս արդեն քանի՞ աթոռ փոխեցիր: Մեկնումեկը մեջքիդ չկպա՞վ… (ԱԱՇԷԵ, էջ 376):

Արամաշոտ Պապայանի պիեսներում քիչ չեն նաև հնչյունափոխությամբ կրկնավորները: Այս կարգի բարդություններում հնչյունափոխվում կամ հնչյունի կորուստ է կրում կրկնվող բաղադրիչներից մեկը կամ էլ բաղադրիչների միջև առաջանում է հավելյալ հնչյուն [18, էջ 273]: Հնչյունափոխությամբ կրկնավոր բարդություններն են՝

1. Կրկնավոր բարդություն՝ առաջին բաղադրիչի բառասկզբի բաղաձայնի կորուստով: առոք-փառոք (ԵՎ, էջ 116). Առոք-փառոքի գրաբարյան ձևը եղել է փառոք-փառոք, առաջին բաղադրիչի փ-ն ընկել է: Բերենք մի բնագրային օրինակ.

Սամսոն. Կայարանապետը հոգի մարդ էր, տուն տարավ, պատվեց ու առոք-փառոք ճամփու դրեց (ԵՎ, էջ 116):

2. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի բառասկզբի բաղաձայնի փոփոխմամբ: քիչ-միչ (ՀՀՆԾ, էջ 245), ծնունդ-մնունդ (ՀՀՆԾ, էջ 245), շոֆեր-մոֆեր (ՀՀՆԾ, էջ 193), ձեռք-մեռք (ԽՊ, էջ 130), ծռտի-պռտի (ԵՎ, էջ 104), թռի-վռի (ԵՎ, էջ 77), վնաս-մնաս (ՍԹ, էջ 149), գործարան-մործարան (ԱՓ, էջ 473): Բերենք բնագրային օրինակ.

Զուլֆո. – Ուլտիմատում-մուլտիմատում Զուլֆոն չգիտե (ԱԻՉԱԵԱՔԷ, էջ 289):

3. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի ձայնավորի փոփոխմամբ: հայ-հույ (ՀՀՆԾ, էջ 192), համով-հոտով (ԱՓ, էջ 458): Բերենք բնագրային օրինակ.

Միսակ. – Ի՞նչ է, տունը վատացա՞վ այդ մի քանի մանր-մունր պակասությունների պատճառով (Մ, էջ 193):

4. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի բառասկզբի ձայնավորի հավելումով: Օրինակ.

Մամիկոն. – Հետո, մասամբ էլ մեղադրիր մեր բժիշկներին, որոնք իրենց չոր, բյուրոկրատական անտարբերությամբ ու սխալ դիագնոզներով այնպես են հուսահատեցնում հիվանդներին, կամա-ակամա գնում ընկնում են Մացո կոչեցյալների ճանկը (ՍԹ, էջ 136):

5. Կրկնավոր բարդություն՝ երկրորդ բաղադրիչի բառասկզբի չ բաղաձայնի հավելումով։ կա-չկա (ՀՀՆԾ, էջ 240), ուզես-չուզես (ՀՀՆԾ, էջ 230), սիրեն-չսիրեն (ԵՎ, էջ 103), իմանա-չիմանա (ՀՀՆԾ, էջ 227), վերցնենք-չվերցնենք (ԿՀ, էջ 64): Բերենք բնագրային օրինակներ.

Մամիկոն. – Էն ի՞նչ է, Մացո քեռի, կա-չկա անմահական դեղդ է (ՍԹ, էջ 138):

Հակոբ. – Իմանա-չիմանա, ես նրան արդեն գործից հանեցի (ՀՀՆԾ, էջ 227):

Այսպիսով, Արամաշոտ Պապայանի օգտագործած կրկնավոր բարդություններն օժտված են հուզաարտահայտչական մեծ լիցքով, որի շնորհիվ ամբողջ նախադասությունը, խոսքը դառնում է արտահայտիչ և հուզական:

1. 3. ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՏԱՐՐԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Սույն ենթագլխի նպատակն է ուսումնասիրել արևմտահայերենի տարրերը Արամաշոտ Պապայանի պիեսներում։

Հայ ժողովրդի ինքնուրույն պետականության բացակայության, նրա մասնատված գոյության պայմաններում նոր գրական լեզուն հանդես է գալիս երկու տարբերակով, որոնք հայտնի են «արևմտահայերեն և արևելահայերեն, արևմտահայ և արևելահայ գրական լեզուներ» անուններով:

Արևմտահայ գրական լեզուն արևմտյան հատվածի և Սփյուռքահայության լեզուն է, իսկ արևելահայ գրական լեզուն՝ արևելյան հատվածի հայության գրական լեզուն է։ Արևմտահայ գրական լեզուն ձևավորվում է Պոլսի բարբառի հիման վրա, իսկ արևելահայ գրական լեզուն՝ Արարատյան բարբառի հիման վրա [7, էջ 23]։

Ե'Վ արևմտահայ, և' արևելահայ գրական լեզուները ենթարկվել են գրաբարի ազդեցությանը: Հատկապես ուժեղ է գրաբարի ազդեցությունը արևմտահայ գրական լեզվի վրա:

Ունենալով բարբառային տարբեր հիմքեր` արևելահայ և արևմտահայ գրական լեզուները միմյանցից ունեն հնչյունական, ուղղագրական, քերականական և բառային զգալի տարբերություններ: Արևմտահայ և արևելահայ գրական լեզուների արտասանական հիմնական տարբերությունն այն է, որ բ, գ, դ, ձ, ջ ձայնեղներն արտասանվում են որպես շնչեղ խուլեր` փ, ք, թ, ց, չ, իսկ պ, տ, կ, ծ, ճ պարզ խուլերն արտասանվում են որպես ձայնեղներ` բ, գ, դ, ձ, ջ:

Օրինակ` բարեկամ – փարեգամ, դուռ – թուռ, գեղեցիկ – քեղեցիգ, ջուր – չուր, ձայն – ցայն, Պետրոս – Բեդրոս, պակաս – բագաս և այլն:

Հնչյունական մյուս տարբերությունը արևմտահայ գրական լեզվում բազմավանկ բառերի նախավերջին վանկի ձայնավորի թուլացման և անկման երևույթն է, ինչպես միջին հայերենում է: Օրինակ` հասկընալ – հասկանալ, պակսիլ – պակասել և այլն:

Ա. Պապայանր լավ է տիրապետել արևմտահայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգերին ու բառային ֆոնդին: Իր «Արտասահմանյան փեսացու», «Երևանյան վարդեր» կատակերգություններում նա օգտվել է դրանցից և իր հերոսների խոսքը ոճավորել է արևմտահայերենին հատուկ տարրերով: Թատերագիրը կիրառում է արևմտահայերենին հատուկ ա ձայնավորի կրճատում: Բերենք բնագրային օրինակներ.

Արարատ. – Մի՞թե, չեմ ճանչնար (ԵՎ, էջ 90):

Արմենակ. – Ներեցեք, չհասկցա (ԱՓ, էջ 463)։

Սամսոն. Դեռ բոլորովին չեմ հասկնար, բայց կհավատամ սրտիդ (ԵՎ,124):

Սամսոն. Տղաս: Օֆդ նոր հասկցա: Կժպտա՞ս, հա՞: +

Սամսոն. Սիրանուշ, հարսիկս, դե, ըսե նայիմ, հավնեցա՞ր տղուս (ԵՎ,118):

Ա. Պապայանի պիեսներում հանդիպել ենք նաև հայցական հոլովում զ նախդիրով ձևավորված դերանունների:

Մասիս. – Շատ: Ան ալ քեզի պես ջահել, վառվռուն: Սիրեցի զինքն (ԵՎ, էջ 109):

Մասիս. – ԵՎ, վերջապես, այդ քաղաքին մեջ էր, որ զիրար սիրեցինք (ԵՎ, էջ 109):

Անձնական և ցուցական դերանուններն զգալի տարբերություններ ունեն. արևմտահայերենի համար բնորոշ է այ-ով ձևերի փոխարեն ա-ով (աս, ատ, ան), տրականի ի-ով վերջացող (քեզի, մեզի, ինձի, ձեզի), դուն, ասիկա, ատիկա, անիկա ձևերի առկայությունը: Բերենք բնագրային օրինակներ.

Սամսոն. – Է, դուն «հայրիկ» ըսիր, գրկեցիր ինձի, ես ալ կարծեցի Սիրանուշն ես (ԵՎ, էջ 123):

Մասիս. – Տարոսը քեզի, Սաթենիկ (ԵՎ, էջ 123):

Սամսոն. – Մեզի կհամոզեին, որ մենք Մադագասկար, Կանադա, Հարավային Ամերիկա երթանք (ԵՎ, էջ 117):

Մասիս. – Թույլ կտա՞ք քույր գտած եղբորը համբուրել ձեզի (ԵՎ, էջ 108):

Մասիս. – Աս ան աղջիկն է, որ Լենինականում ծաղկեփնջով եկել էր մեր քարավանը դիմավորելու (ԵՎ, էջ 121):

Արմեն. – Ինչի պետք է ադ հայրենիքը, որ աղջիկ մը կմերժի տղայիս (ԵՎ, էջ 104)։

Մասիս. – Եթե ան ալ իր սիրածը ունենա, մեր սերը իսկույն կխաչաձևվի (ԵՎ, էջ 91):

Ինչպես երևում է բերված բնագրային օրինակներից, դուն, ինձի, քեզի, մեզի, ձեզի, աս, ադ, ան դերանուններն օգտագործվել են դու, ինձ, քեզ, մեզ, ձեզ, այս, այդ, այն ձևերի փոխարեն:

Արևմտահայերենում չկան այստեղ, այդտեղ, այնտեղ դերանունները և դրանց փոխարեն գործածվում են հոս (բացառականում հոսկե), հոդ, հոն (բացառականում հոնկե) դերանունները: Բերենք բնագրային օրինակներ.

Մասիս. – Հոս ի՞նչ գործ ունես (ԵՎ, էջ 95):

Սամսոն. – Հոս է մեր վերջին հանգրվանը (ԵՎ, էջ 117):

Սաթենիկ. – Թուրքիա էինք, հետո փախանք Եգիպտոս: Հոն դրությունը անտանելի էր (ԵՎ, էջ 89):

Արմենակ. – Ինչ ընենք, քանի հոն ենք, մեզի պես կըլլանք, հոս որ եկանք, ձեզի պես կըլլանք (ԱՓ, էջ 463)։

Արմենակ. – Ես ձեզի ավտո ալ կուղարկեմ։ Ասենք ոչ, ինչո՞ւ, հետս վալյուտի բերած եմ, հոսկե կառնեմ (ԱՓ, էջ 463)։

Բերված բնագրային օրինակում հոսկեն հոս դերանվան բացառական հոլովն է և համապատասխանում է այստեղից ձևին։

Մասիս. – Հոնկե դիտեցի Արարատը (ԵՎ, էջ 91):

Հոնկեն հոն դերանվան բացառական հոլովն է և համապատասխանում է այնտեղից ձևին:

Ասիկա, ատիկա, անիկա դերանուններին արևելահայերենում համապատասխանում են սա, դա, նա, դերանունները:

Մասիս. – Ոչ, ասիկա այլևս քարտեզ չէ և ոչ ալ երևակայություն (ԵՎ, էջ 91):

Սամսոն. – Չէ, ինչ թաքցնեմ, ատիկա ինձ մեծ ցավ պիտի պատճառեր (ԵՎ, էջ 118):

Սամսոն. – Ոչ, անիկա իսկական էր (ԵՎ, էջ 115):

Սահմանական եղանակի ներկան և անցյալի անկատարը կազմվում են կը եղանակիչով (կը գրեմ – կը գրէի, կը գրենք – կը գրէինք, որ միավանկ բայերից առաջ գործածվում է կու ձևով (կուգամ, կուտամ, կուլամ): Բերենք բնագրային օրինակներ.

Սամսոն. – Տար, տար ինձի ձեր ճամփով, ձեռքդ ամուր բռնած կուգամ, քաջ գիտեմ, որ դու ինձի չես խաբեր (ԵՎ, էջ 124):

Արմենակ. – Հոս հոգնեցիք՝ կուգաք հոն, հոն հոգնեցիք՝ կուգաք հոս (ԱՓ, էջ 463)։

Արմենակ. – Մարդ աշխարհ կուգա մեկ անգամ (ԱՓ, էջ 461)։

Ստեփան. – Մենք բոլորս խոսք կուտանք, որ շատ շուտով մենք ալ հպատակություններս կփոխենք, կդառնանք մաքուր սովետական քաղաքացի (ԵՎ, էջ 512):

Սամսոն. Հա՛, հա՛, հա՛, ինչ միամիտն ես եղել, քուրս, խնդալս կուգա (ԵԲ, 117):

Մը անորոշ հոդը դրվում է գոյականից հետո և ձայնավորից առաջ դառնում է մ´, մըն: Ի-ն հնչունափոխվում է ը-ի՝ մի>մը: Արևելահայերերենի է-ն դառնում է ա՝ Էլ>ալ:

Մասիս. – Անմեղ բարի խաղ մըն է (ԵՎ, էջ 95):

Արմենակ. – Անգամ կրնաք քիչ մըն ալ բիզնես ընել (ԱՓ, էջ 463)։

Արևելահայերենում անորոշ հոդի փոխարեն հանդես է գալիս մի դերանունը, արևմտահայերենում կա անորոշ հոդ՝ հետադաս մը (ձայնավորի մոտ՝ մ', մըն)՝ մի բան – բան մը: Ու հոլովումը արևմտահայերենում շատ տարածված է արևելահայերենի ի վերջավորության փոխարեն, եզակի թվում՝ որոշ դեպքերում, իսկ հոգնակի եր, ներ վերջավորություններից հետո ընդհանրապես հանդես է գալիս ու-ն՝ արևելահայերենում՝ հայի, հայերի, արևմտահայերենում՝ հայու, հայերու: Բերենք բնագրային օրինակներ.

Սամսոն. Բայց գիտե՞ս, Սիրանուշ, դեմքդ շատ ծանոթ է, տեղ մը տեսեր եմ, բայց որտեղ , չեմ կընար հիշել (ԵՎ, 121):

Մասիս. – Հայու օֆը երգ է դարձել, հայրիկ (ԵՎ, էջ 124):

Արևմտահայերենում արևելահայերենի ա ձայնավորը հնչյունափոխվում է ը-ի՝ ա>ը:

Մասիս. – Ը՜… ինչպես ըսեմ… (ԵՎ, էջ 95):

Մասիս. – Ես եկել եմ Սիրանուշին ըսեմ՝ մեկ ուրիշը կսիրեմ (ԵՎ, էջ 96):

Արևելահայերենի ներգոյական հոլովի ում վերջավորությունը արևմտահայերենում չկա։ Ներգոյական հոլովի իմաստն արևմտահայերենում արտահայտվում է մեջ կապով՝ քաղաքում – քաղաքին մեջ: Բերենք մի բնագրային օրինակ.

Մասիս. – ԵՎ, վերջապես, այդ քաղաքին մեջ էր, որ զիրար սիրեցինք (ԵՎ, էջ 109):

Այսպիսով, Արամաշոտ Պապայանը լավ տիրապետելով արևմտահայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգերին ու բառային ֆոնդին՝ իր հերոսների խոսքը կարողացել է ոճավորել արևմտահայերենի տարրերով։

1. 4. ՕՏԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Օտարաբանութուններն այն բառերը կամ արտահայտություններն են, որոնք փոխառնվում են մեկ այլ լեզվից՝ դրանով իսկ խախտելով լեզվի մաքրությունը: Օտարաբանություններ են դիտվում այն փոխառությունները, որոնք շեղումներ են ընդունված լեզվական կանոնական մակարդակից: Նկատի ունենալով օտարաբանությունների «աղբյուրը»՝ կարող են լինել հունաբանություններ, լատինաբանություններ, արաբաբանություններ, ռուսաբանություններ, ֆրանսաբանություններ, թուրքաբանություններ և այլն: Օտարաբանությունները լինում են բառային և քերականական: Ա. Պապայանի երկերում հատկապես մեծ թիվ են կազմում բառային օտարաբանությունները, որոնք հիմնականում ռուսերենից են: Առանձնապես բառային օտարաբանութուններով հարուստ է «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» կատակերգությունը: Բերենք այդ պիեսում օգտագործված օտարաբանություններից մի քանիսը. լեկցիա (193), պայոկ (194), պրովերկա (193), ռևիզիա (193), էլեմենտ (194), տուրիստ (195), շոֆեր (191), մինիստր (217), կոլեգիա (216), օբյեկտ (200), նոմենկլատուրա (200), ակտ(201), լիմիտ (202), բալեշչիկ(200), սապոն (205), սալյուտ (208), սոցիալիզմ(209), ինստանցիա (205), (240), մոդա (240), սկանդալ (251), օրգանիզմ (246), կոլեգա (251), ստադիոն (226), կաբինետ (249), խալադելնիկ (223) և այլն: Բերենք բնագրային օրինակներ.

Պառավ. Կարմեն, Կարմեն, դուրս արի, նաչալնիկիդ կնիկն է պահանջում (231):

Հմայակ. Հիմա «պոզնի» էլ կմարսես (233):

Մինաս. Հակոբ Նշանիչ, այ էսպես, գնդակը պտույտ գործեց ու թլըմփ սետկայի մեջ (237):

Մինաս. Քանի՞ շիշ է: Չ՞որ է, թե կիսաքաղցր: Քանի՞ արժե: Փողը որտեղի՞ց ես վերցրել: Մի ամբողջ անկետա: Չեմ հասկանում, ո՞ւր են մեզ կանչել՝ ծննդի՞ թե գոսկոնտրոլ (238):

Ա. Պապայանը բառային օտարաբանությունների գործածությամբ ցանկանում է ցույց տալ իր հերոսների ներաշխարհը, նրանց մտածելակերպը, կրթությունը: Ա. Պապայանի մյուս երկերում ևս հանդիպում ենք օտարաբանությունների: Բերենք մի քանի բնագրային օրինակներ.

Սիրանուշ. Այդ ի՞նչ է: Արմեն. Կեղծամ մորուք, բեղ: Վերցրել եմ մեր թատերական խմբի համար: Համեցեք, վաղը չէ մյուս օրը պրեմիերան է (ԵՎ, 77):

Արմեն. Ահա իմ հոգեհառ պացիենտը՝ դժվար բուժելի հիվանդ: Դիագնոզը՝ մոլորություն:

Գրապ. Արփիկն ասաց, որ պիտի գար ու գնար նրա մոտ հանգստանալու, բայց ո՞ր է գեոլոգը, սկել է ու չի երևում (ԽՊ, 127):

Վարդանուշ. Գրապ մայրիկ, այլևս չեմ կարող սպասել: Ժամի յոթին ռայսովետի նիստին պիտի հասնեմ (ԽՊ, 129):

Վարդանուշ. Սա Արփիկի դիսերտացիայի առաջին գլուխն է, խնդրել է ՝ մինչև Ստեփանավանից ետ գալը տպել (ԽՊ, 130):

Սուրեն. Ագրոնոմիս նայեք, գործով զբաղվեք, տիկին քույրիկ, գործով (ՄՀ, 50):

Սաթենիկ. Այլևս ոչ մի վայրկյան. Երթանք քնիր, քանի պրիստուպդ չի բռնել (ԵՎ, 100):

Անուշ. Գաթա, լուննի նոչ, բելի նոչ, նապոլեոն, ժոզեֆինա…(ԵՎ, 101):

Սամսոն. Ներեցեք, ո՞վ է այս մարդը, որ կասկածելի ինձի կնայե:

Արմեն. Օչերկիստ է (ԵՎ, 120):

Սաթենիկ. Ինժեներ, դերձակ, մոնտյոր և կանանց մազեր գանգրացնող (ԵՎ, 89):

Խաթուն. Դուխովոյ օրկեստրս ո՞րն է, հո պարադ չէ (ՄՀ, 14):

Կարինե. Սիրելի քաղաքացի մայրիկ, մեզ պետք է ոչ միայն զարգացած տեխնիկա, կիբեռնետիկա, այլև կուլինարիա (ԱՓ, 459):

Փեփրոն. Խնդրեմ, եթե Կարինեն դեմ չէ: Թեկուզ հենց վաղը կարող եք գնալ զագս (ԱՓ, 463):

Կարինե. Մայրիկս հորս հետ պիտիմինուտկա է անցկացնում (ԱՓ, 466):

Կարինե. Մորս նոկաուտ արեցիր, մնաց հայրս (ԱՓ, 466):

Հատկապես ռուսերեն բառորով լեփ-լեցուն է նրա «Սատանան ինչեր չի անի, եթե աստված քնած է» պիեսը՝ ցանկանալով հարազատ մնալ 80-ական թվականների խոսակցական լեզվին: Դա երևում է հատկապես Ժորժետայի խոսակցական լեզվում: Բերենք մի քանի օրինակ բնագրից.

Ժորժետա. Վռամչիկ, բեզ լիշնիխ սլով (273):

Ժորժետա. Պրելեստ: Ինչպե~ս է սազում (273):

Ժորժետա. Էտո մելոչ, Գուրգեն Բագրատովիչ (274):

Ժորժետա. Ինչո՞ւ… Էտո օչեն օրիգինալնո… Դուք ի՞նչ է, ռուսաց լեզվին դե՞մ եք (279):

Ա. Պապայանը իր պիեսներում օգտագործել է նաև անգլերեն, ֆրանսերեն բառեր: Անգլերենից են բիզնես (ԱՓ, 462), բիզնեսմեն (ԱՓ, 463), միտինգ (ՄՀ, 37), բիթլս (ԵՎ, 76), ֆրանսերենից՝ բոնժուր (ԱՓ, 465), իտալերենից՝ բրավո (ԱՓ, 465):

Այսպիսով, Ա. Պապայանը բառային օտարաբանությունների գործածությամբ ցանկանում է ցույց տալ իր հերոսների ներաշխարհը, նրանց մտածելակերպը, կրթությունը:

1. 5. ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Դարձվածքները բառերի կայուն կապակցություններն են, որոնք գործածվում են ոչ բառացի իմաստով, այլ յուրահատուկ վերաիմաստավորումով:

Մեծ է դարձվածքի ոճական արժեքը խոսքում, քանի որ այն խոսքը դարձնում է պատկերավոր, նպաստում է նրա հակիրճությանն ու սեղմությանը:

«Դարձվածքները խտացված խոսքի անզուգական արտահայտություն են, – նշում է Ս. Մելքոնյանը, – դրանց սեղմությունը պայմանավորող հանգամանքը բառը ընդհանրական մեծ ուժով օգտագործելն է, որտեղ «հասարակ» բառերը հանդես են գալիս որպես խոր բովանդակության կրողներ, որպես խորհրդանիշ: Դրա շնորհիվ էլ դարձվածքները հատկանշվում են վերաբերության լայն շրջանակով, լսողին, ընթերցողին ազատ հնարավորություն են տալիս խոսքի բովանդակության ընկալման հարցում ակտիվ լինել, իրողությունը յուրովի ըմբռնել» [13, էջ 193]:

Դարձվածքները ամեն մի լեզվի «աղ» – ն են, նրան համ ու հոտ տվող միջոցը: Դարձվածքների օգտագործման շնորհիվ կարելի է արտահայտել ժողովրդի ինքնատիպ մտածողության յուրահատկությունները: Ա. Պապայանի երկերը հարուստ են գեղեցիկ և պատկերավոր դարձվածքներով: Դարձվածքներով հարուստ է հերոսների խոսքը: Նրա հերոսների խոսքում դարձվածքները ազատ և անկաշկանդ են օգտագործված: Եվ դա բնական է, քանի որ ժողովրդական հերոսները պետք է ավելի հարազատ կերպով արտահայտեն ժողովրդական լեզվամտածողությունը: Առանձնապես դարձվածքներով հարուստ է Ա. Պապայանի «Համեցեք Հակոբ Նշանիչի ծնունդին» կատակերգությունը: Բերենք բնագրային օրինակներ.

Թագուհի. Է, մենակ պետի լավ էղնելը քիչ է, հմենա պիտի լավ եղնինք: ՄԻ ձեռք ծափ չի տա (ՀՀՆԾ, 217):

Հակոբ. Եվ որքա՛ն դեռ կան այդպիսի կույր աղիք-վարչություններ ու կոմիտեներ, որտեղ մարդիկ ամբողջ օրը ջուր են ծեծում ու անկախ իրենցից վերածվում են բալաստի (ՀՀՆԾ, 217):

Հակոբ. Իսկ ձեր նմանների հետ կարելի է սարեր շուռ տալ, անգամ ժպտալով (ՀՀնԾ, 223):

Թագուհի. Հա, հոգի ունեմ տալու, սուտ չգինամ խոսել, երկուսիս մատն էլ խառն է (ՀՀՆԾ, 227):

Մինաս. Ուրեմն խմենք հանուն նրա, որ այսօրվանից հետո մեր միջև ոչ մի սև կատու չանցնի (ՀՀՆԾ, 248):

Սուրեն. Ոչ, ինչու՞, խնդրեմ, խնդրեմ…այսինքն մենք…ձեր կնոջ հետ. վայ՛ ինձ, լեզուս կապ ընկավ (ՄՀ, 28):

Խաթուն. Էլ ի՞նչ ես նազ անում: Գլորել է խուփը, գտել է պուտուկը (ՄՀ, 37):

Օնիկ. Ոչ, այլևս բաժակը լցվեց… Բավ է, բավ…(ԽՊ, 134):

Կարինե. Նրանցից մեկը մորաքրոջս շատ է դուր եկել և ահա մորս խելքից հանել է, որ ինձ նրա հետ ամուսնացնի (ԱՓ, 458):

«Առածները, ասացվածքները, թևավոր խոսքերն ու արտահայտությունները՝ մանավանդ նրանց ոճական երանգավորումներով ու արտահայտչականությամբ, – նշում է Լ. Եզեկյանը, – պետք է դասել դարձվածքների շարքը և դիտել իբրև դարձվածքային արտահայտություններ, որոնք իմաստային տեսակետից ոչ միայն անբաժանելի են, այլև կազմված են ազատ իմաստ ունեցող բաղադրիչ բառերից» [7, էջ 203]: Ժողովուրդն է իմաստության ծնողն ու չափանիշը, քանի որ ինքն է մեծագույն իմաստունը: Ահա թե ինչու ժողովրդի դարավոր կենսափորձը, նրա իմաստությունը արտահայտելու համար Ա. Պապայանն առատորեն օգտագործում է ժողովրդական առածներ ու ասացվածքներ: Դրանց միջոցով նա կարողանում է խուսափել շատախոսելուց և միտքն ու արտահայտվող բովանդակությունը դիպուկ դարձնելուց բացի, խոսքին տալիս է արտահայտչական ուժեղ երանգ:

Ա. Պապայանը լավ է օգտագործում առածների այլաբանական բնույթը: Առածներով խոսելը հնարավորություն է տալիս ցանկություններն ու մտքերն արտահայտել առանց մտադրությունն ուղղակի պարզելու: Առածը ժողովրդական բանահյուսության ամենատարածված տեսակներից է, կազմված մեկ-երկու նախադասությունից, երբեմն՝ մի քանի բառից: Միտքը արտահայտվում է անուղղակի ձևով՝ միջնորդավորվելով բնությունից վերցված օրինակներով: Առածը արտացոլում է հասարակական կյանքի տարբեր կողմերը, արտահայտում կենցաղային, փիլիսոփայական հասկացություններ, ուր ընդհանրացված են ժողովրդի իմաստությունն ու կենսափորձը: Բանահյուսության այս տեսակին հատուկ են խոսքի պարզությունը, պատկերավորությունը, բնութագրումների դիպուկությունը: Բերենք բնագրային օրինակներ.

Սաթենիկ. Ախ դու անամոթ, ուրեմն մի ձեռքով ուզում ես երկու ձմերուկ բռնել (ԵՎ, 95):

Հովհաննես. Ինչպե՞ս թե սուտ: Առանց կրակ ծուխ չի լինի (ՄՀ, 45):

Ասացվածքները հակիրճ և դիպուկ խոսքով բնորոշում են կյանքի որևէ երևույթ: Առածից տարբերվում են նրանով, որ միտքն արտահայտում են ուղղակի, առանց այլաբանության ու միջնորդավորման: Բերենք բնագրային օրինակներ.

Թագուհի. Էդ նրանից է, որ աջ ձեռք չգինա, թե ձախ ձեռք ինչ կենե (ՀՀՆԾ, 193):

Թագուհի. Կարևորն էն է, որ մարդ էղնիս: Ամեն մարդ կռնա գիտուն դառնա, համա ամեն գիտուն չի կռնա մարդ դառնա (ՀՀՆԾ, 193):

Հակոբ. Ոչ միայն որոտ, այլև կայծակ: Ջուրը մտնողը թրջվելուց չի վախենում (ՀՀՆԾ):

Մեսրոպ. Ասում են՝ նվիրված ձիու ատամներին չեն նայում (ՀՀՆԾ, 242):

ԳԼՈՒԽ 2 ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Պատկերավորությունը գեղարվեստական գրականության բնորոշ, տարբերակիչ հատկությունն է, քանի որ գրողն իր ասելիքն արտահայտում է պատկերների միջոցով:

Պատկերներ են բոլոր կերպարները, բնության, առարկաների, գործողությունների նկարագրությունները:

Լեզուն ունի պատկեր ստեղծելու բազմաթիվ միջոցներ, հնարներ: Պատկերների ստեղծման հիմքում ընկած է առարկայի, գործողության, հատկության անմիջական, ուղղակի անվանման փոխարեն կողմնակի, ոչ անմիջական միջոցների, անվանումների օգտագործումը:

Յուրաքանչյուր գրող մտածում է պատկերներով: Կատարյալ պատկերներ ստեղծելու համար անհրաժեշտ է ստեղծագործական վառ երևակայություն: Այն հարցին, թե «ի՞նչն է խթանում ձեր գրելու ցանկությունը՜ պատկե՞րը, թե՞ ռիթմը»: Նշանավոր գրող Գ. Մարկեսը պատասխանում է. «Պատկերը: Հիմքում միշտ կա մի պատկեր… Պետք է ասեմ, որ պատկերների մի իսկական շտեմարան ունեմ, որոնք սկսել են, այսպես ասած, իմաստավորվել ու թանձրանալ…»[6, էջ 83]:

Գեղարվեստական խոսքի պատկերավորման միջոցմեր են մակդիրը, համեմատությունը, փոխաբերությունը, շրջասությունը, անձնավորումը, չափազանցությունը, նվազաբերությունը, այլաբանությունը, հեգնանքը:

Պատկերավորման միջոցների շնորհիվ հեղինակը խոսքը դարձնում է տպավորիչ:

Հարուստ և բազմազան է Ա. Պապայանի պիեսների լեզվական պատկերավորման և արտահայտչական միջոցների համակարգը: Բացի բնորոշ արտահայտչական միջոցներից, որոնք իմաստավորում են նրա պիեսները, թատերագիրն իր պիեսներում օգտվել է խոսքի պատկերավորման բոլոր միջոցներից՝ համեմատություններ, մակդիրներ, փոխաբերություններ, չափազանցություն, շրջասություն և այլն, որոնց միջոցով անհատականացրել է իր հերոսներին:

2. 1. ՄԱԿԴԻՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Մակդիրներն այն որոշիչ բառերն են, որոնք սովորականներից տարբերվում են արտահայտչականությամբ, հուզական կամ պատկերավոր բնույթ ունեն: «Մակդիրը ոճական այնպիսի հնարանք է, – գրում է Լ. Եզեկյանը,– որի միջոցով տրվում է առարկայի, երևույթի, երբեմն նաև գործողության ոչ թե հիմնական ու բնորոշ, տրամաբանական ու տարբերակիչ հատկանիշը, այլև նրա գեղարվեստական, պատկերավոր գեղագիտական բնութագրությունը»[9, էջ 334]:

Ա. Մարությանը գրում է. «Մակդիր հասկացությունը, անկախ նրա լայն ու նեղ ըմբռնումից, մեր քերականագիտության մեջ միշտ էլ կապվել է գոյականի հետ և բնութագրվել որպես գոյականի վրա դրվող բառ» [12, էջ 193]:

Մակդիրը քերականության մեջ կոչվում է որոշիչ, որ սովորաբար արտահայտվում է ածականով: Բայց բոլոր որոշիչները մակդիրներ չեն: Մակդիրների առաջին և հիմնական հատկանիշն այն է, որ նրանք ունեն փոխաբերական իմաստ, և մակդիրը դրանով է տարբերվում քերականական որոշիչից:

Մակդիրները կարող են արտահայտվել նաև գոյականով, դերբայով, մակբայով, բայով և բառակապակցությամբ:

Ածականով արտահայտված մակդիրի ոճական կարևոր առանձնահատկությունն այն է, որ դառնա մակդիր և խոսքի համար ծառայի որպես զարդ: Գեղարվեստական խոսքը, երբ աղքատ է լինում ածականով արտահայտված մակդիրներով, դառնում է անզարդ, ոչ պատկերավոր:

Ընդհանրապես մակդիր լինում են ածականները, բայց ավելի ուժեղ բնութագրող մակդիր դառնում են գոյականները: Պատճառն այն է, որ ածականը մեկ հատկանիշով է բնութագրում առարկան, իսկ գոյականը՝ մի քանի հատկանիշներով:

Տեսնենք, թե ինչպիսի կիրառություն ունեն մակդիրները Ա. Պապայանի պիեսներում: Նա իր պիեսներում օգտագործում է նյութական իմաստ ունեցող բոլոր խոսքի մասերով կազմված մակդիրներ: Բերենք բնագրային օրինակներ.

1. Ածականով կազմված մակդիրներ.

Ցոլակ. Խնդրեմ, կարդացեք, թող բոլորը ծանոթանան կնոջս պայծառ կենսագրության հետ: (ԽՊ, 187):

Տաճատ. Կուզենայի մի քանի խոսք ասեիք ձեր հայրենակարոտ, հայրենածարավ զգացմունքների մասին (ԵՎ, 107):

Լուսինյան. Անուշ երազներ իրեն (ԵՎ, 102):

Անուշ մակդիրն արտահայտում է երազների ցանկալիությունը:

Դավիթ. Տարոն հայրիկ, հիշու՞մ ես, որքան ես ինձ գուրգուրել ու ջերմացրել իմ ցուրտ մանկությունը (ԳՄԱՍ, 563):

Արփիկ. Որքան լավն ես, հայրիկ: Շնորհակալ եմ… Շնորհակալ եմ այդ մեծ հավատիդ համար (ԽՊ, 186):

Իմաստային խորություն է ստեղծվում մեծ բառով մեծ հավատ կապակցության մեջ:

Տարոն. Բայց նայում եմ լուսաշող դեմքով այս հասարակ երիտասարդին ու հավատքով լցվում, որ մեր կյանքում նման դավիթներ շատ կան (ԳՄԱԱ, 575):

Լուսաշող դեմքով կապակցության մեջ լուսաշող բառն ունի հուզական երանգ, իսկ հասարակ երիտասարդ կապակցության մեջ հասարակ բառը բնութագրական մակդիր է:

2. Գոյականով կազմված մակդիրներ.

Սողոմոն. Հա, հենց նրանք, քո ոսկի հարևանները (ԽՊ, 184):

Հովհաննես. Գարուն տարիներիս ձմեռ եմ ապրել (ՄԽ, 17):

3. Դերբայով կազմված մակդիրներ.

Պատվական. Չէ, իսկապես, ապրի Գոհարը, նրա շնորհիվ ոչ միայն կոլտնտեսությունը փոխվեց, այլև կանանց մասին իմ փտած կարծիքը փոխեցի (ՄՀ, 9):

Նազիկ. Դու հանկարծակի կհայտնվես և կշնորհավորես բոլորին: Ցնցող տեսարան կլինի (ՄՀ, 21):

Հովհաննես. Ախր, ա բալա ջան, էդ հողը անիծած հող է (ՄՀ, 35):

Արփիկ. Այո, պարտական եմ ձեզ, երկու ամիս չկա, ինչ ընտրել են ձեզ, երկու տարվա բորբոսնած գյուտիս հարություն տվեցիք (ԽՊ, 133):

4. Մակբայով կազմված մակդիրներ.

Ցոլակ. Իսկ այդ պահին մի ինչ-ոչ տականք նենգաբար սողում է օջախդ (ԽՊ, 153):

Ցոլակ. Ախ, դուք դեռ անպատկառորեն համարձակվում եք ծաղրել իմ դեպի ձեզ ունեցած հավատը (ԽՊ, 153):

5. Բառակապակցություններով կազմված մակդիրներ

Սոֆիկ. Կարծում էի երեխա ես, բայց դու աշխարհը մարսած գիտուն ես (ԳՄԱԱ, 536):

Սուրեն. Նա էլ, քեզ նման քրտնքի մեջ կորած, որքան հաշվում է, վեց էշ է ստացվում և ոչ մի կերպ յոթերորդ էշը չի գտնում (ՄՀ, 5):

Գոհար. Որքա՛ն կուզենայի, որ բոլորը քեզ նման լինեն, կամքով ուժեղ մարդ…(ՄՀ, 65):

Ա. Պապայանը մակդիրներով բնորոշում է ոչ միայն առարկաներն ու երևույթները, այլև գործողությունները: Բերենք գործողության մակդիրների բնագրային օրինակներ.

Սուրեն. Բոլորովին: Դուք չարաչար սխալվել եք, տիկին քույրիկ (ՄՀ, 47):

Ռոմիկ. Ես ձեզ ոչ միայն տեսել եմ, այլև ամեն օր լուռումունջ ուղեկցել եմ մինչև գրադարան (ԱԻՉԱԵԱՔԷ, 265):

Մորոզով. Գուցե և իրոք ազնիվ, տուժած ծերուկ է, բայց սատանան տանի, ինչո՞ւ այդպես սուսուփուս գնաց (ՀՄՇ, 585)։

2. 2. ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Համեմատությունը մի առարկայի կամ երևույթի նմանեցումն է մի ուրիշին՝ նրանց ընդհանուր հատկության հիման վրա:

«Համեմատությունը,– նշում է Պ. Պեղոսյանը,– տարբեր առարկաների կամ երևույթների միջև եղած ընդհանուր հատկանիշի հիման վրա մի առարկան կամ երևույթը տվյալ պահի ու հանգամանքների պահանջով մյուսին նմանեցնելու, հավասարեցնելու կամ նույնացնելու երևույթն է, որին դիմում ենք առարկային կարևորություն տալու, նրա գեղագիտական արժեքը բարձրացնելու նպատակով: Միմյանցից հեռու և անհամատեղելի առարկաների և երևույթների միջև ընդհանրություն գտնելը և դրանք զուգակշռելի դարձնելը ոչ միայն նուրբ ճաշակի, սրամտության և բանաստեղծական շնորհքի, այլև իմացության արտահայտությունն է» [15, էջ 10]: Համեմատությունները ոչ միայն ներկայացնում, վեր են հանում առարկայի այս կամ այն հատկանիշը, այլև միաժամանակ արտահայտում են խոսողի, հեղինակի վերաբերմունքը, նրա տրամադրությունը այս կամ այն անձի, որևէ երևույթի, իրողության նկատմամբ:

Հայերենն ունի համեմատության արտահայտման բազմաթիվ միջոցներ: Դրանցից են՝ ածականի համեմատության աստիճանները (ածանցումով, սպասարկու բառերով, նման, պես, չափ, հավասար կապերը, այնքան…որքան, այնպես…ինչպես, այնչափ…որչափ բաղդատական կառույցները և այլն): Սովորաբար համեմատվում են առարկաները և գործողությունները իրենց հատկանիշներով: Ա. Պապայանը զգալի չափով օգտվել է ժողովրդական լեզվամտածողության տարրերից:

Ժողովրդական խոսքում իբրև համեմատության երկրորդ եզր հաճախ հանդես են գալիս բնության երևույթները, կենդանիները, բույսերի անունները:

Ա. Պապայանի պիեսներում գտնում ենք բազմաթիվ համեմատություններ, որոնք կա՛մ ժողովրդական են, կա՛մ կազմված են դրանց նմանությամբ: Բերենք տարբեր կառուցվածքի համեմատությունների օրինակներ.

Հմայակ. Խմելու եմ ձիու պես (ՀՀՆԾ, 248):

Հակոբ. Ահա նրանք, ինչպես մի զույգ աղավնիներ (ՀՀՆԾ, 227):

Սեդա. Նրանք, ինչպես առանց թխսամոր ճտեր, դես ու դեն են ցրվում (ՀՀՆԾ, 222):

Խաթուն. Արևի պես հարս է տունս գալու (ՄՀ, 14):

Սոֆիկ. Հապա էլ ո՞ւր էիր կողի ընկել, անպետք կոճղի պես մի կողմ ընկած քեզ ու քեզ փտում (ԳՄԱԱ, 518):

Լուսինյան. Քեզ տեսնելը նույնքան հաճելի է, որքան և հորդ (ԵՎ, 86):

Արմենակ. Մի էլ փորձի: Ավելի շուտ Արարատը տեղից կշարժես, քան թե նրան կհամոզես (ԱՓ, 481):

Ցոլակ. Որքան ուշ տեսնեմ գիտնական կնոջս, այնքան ավելի լավ (ԽՊ, 139):

Կտրիճ. Շունն ու գելն ավելի հարգանք ունեն, քան մենք (ՀՀՆԾ, 194):

Մինաս. Քեզանից լավ ո՞վ գիտի մեր գործերը, մեր կարիքները, մեր կադրերը (ՀՀՆԾ, 199):

Հակոբ. Այդ վարչությունը, ինչպես մի կույր աղիք… (ՀՀՆԾ, 216):

Նինա. Ինչպես կգան, այնպես էլ կգնան (ՀՀՆԾ, 220):

Սեդա. ԻՆձ մնում է միայն ծիծաղել արտասվելու չափ (ՀՀՆԾ, 209):

Կարծես (թե), ասես (թե) բառերով կառուցված համեմատություններն ունեն իմաստային այն յուրահատկությունը, որ համեմատության մեջ մտցնում են կասկածանքի, երկմտանքի երանգ, որոշ մեղմություն:

Կտրիճ. Պահեստապետ անունը տվիր, վերջացավ, կարծես աշխարհի ամենամեծ ավազակապետը մենք ենք (ՀՀՆԾ, 194):

Խաթուն. «Չի սիրում», ասենք թե չի սիրում, հետո՞ ինչ…(ՄՀ, 42):

2. 3. ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Փոխաբերությունը տվյալ բառի գործածությունն է այնպիսի առարկաների՝ երևույթների, հատկանիշների վերաբերությամբ, որոնք չեն մտնում նրա ուղղակի իմաստի մեջ: Փոխաբերությունը բառի գործածությունն է մի այլ բառի իմաստով: «Փոխաբերությունը ոճական այնպիսի հնարանք է, որի հիքում ընկած է առարկաների կամ առանձին երևույթների ընդհանրապես կամ տվյալ պահին թվացյալ նմանությունը, և որի շնորհիվ գրողը կամ խոսողը նրանցից մեկի անունը փոխարինում է մյուսի անվամբ կամ նրան բնորոշ որևէ հատկանիշով» [8, էջ 73],– գրում է Լ. Եզեկյանը:

Փոխաբերությունը կառուցվում է բառերի փոխաբերական իմաստների հիման վրա: Փոխաբերական իմաստը փոխաբերական գործածությամբ բառի ստացած նոր իմաստն է:

«Փոխաբերությունը,– նշում է Լ. Եզեկյանը,– համեմատությունից տարբերվում է ոչ միայն կառուցվածքային, այլև իմաստային-արտահայտչական հատկանիշներով, հատկանիշը որևէ առարկայի վերագրելու աստիճանով և ուժգնությամբ. եթե համեմատության դեպքում հատկանիշը առարկային վերագրվում է մասնակիորեն, ապա փոխաբերության դեպքում մեկ այլ առարկայի հատկանիշներն անցնում են ամբողջությամբ, ինչպես՝ «Նա գեղեցկուհու է նման» և «Նա գեղեցկուհի է» [8, էջ 79]։ Հաճախ մակդիրները գործածվում են ոչ թե իրենց ուղիղ, այլ փոխաբերական իմաստով և դժվար է լինում տարբերել՝ մակդի՞ր է, թե՞ փոխաբերություն:

Փոխաբերությունները գործածական են գեղարվեստական, հրապարակախոսական և առօրյա-խոսակցական ոճերում: Բերենք բնագրային օրինակներ.

Բագրատ. Գյուղ կա՝ հացի ծով է, գյուղ կա՝ հացի սով է (ՍԻՉԱԵՏՔԷ, 261):

Հացի ծով-ը գոյականից կազմված փոխաբերություն է: Նկատի ունի հացի առատ լինելը:

Սիրանուշ. Ահա նա, իմ Երևանը, մեր ոստանը: Տես, բազմել է ծով լույսերի մեջ ու ժպտում է մեզ (ԵՎ, 110):

Ժպտալ բառը այս կապակցության մեջ ստացել է իր ուղղակի իմաստից մի այլ իմաստ՝ «շողշողալ»:

Սողոմոն. Հա, հենց նրանք, քո ոսկի հարևանները (ԽՊ, 185):

Այստեղ ոսկի բառը գործածվում է փոխաբերաբար: Այդպես ասում են լավ մարդու մասին:

Գոհար. Ասում են, թե այլևս չես վերադառնա, իսկ խնձորենին շշնջում է՝ կգա, կգա (ՄՀ, 23):

Սա բայից կազմված փոխաբերություն է:

Փոխաբերական իմաստ արտահայտող բառակապակցության մեջ բաղադրիչները սովորաբար տարբեր խոսքի մասերի են պատկանում: Այսպես՝ «խնձորենին շշնջում է» կապակցության մեջ ո՛չ «խնձորենին» գոյականը և ո՛չ էլ «շշնջում է» բայը առանձին փոխաբերություն չեն, քանի որ միայն տվյալ կապակցության մեջ են դրանք փոխաբերական իմաստով գործածվում: Այլ կապակցություններում սրանցից յուրաքանչյուրը հանդես է գալիս ուղղակի իմաստով: Օրինակ՝ «խնձորենին կանաչում է», «աղջիկը շշնջում է»: «Խնձերենին շշնջում է» կապակցությունը որքանով բայական, նույնքանով և գոյականական փոխաբերություն է: Բերենք մեկ այլ բնագրային օրինակ.

Ժորժետա. Ի՞նչ ես գլուխդ կորցրել, գուցե ոչինչ չկա (ՍԻՉԱԵԱԲԷ, 310):

Կորցնել կարելի է փողը, մատիտը, գրիչը, գիրքը, որոնել ու գտնել կամ չգտնել: Բայց գլուխը կորցնել անհնար բան է: Ուղղակի իմաստով այդ կապակցությունը նշանակում է գոյություն չունենալ: «Գլուխը կորցնել» ասում են այն մարդու մասին, որ խճճվել, շփոթվել է շատ գործերի մեջ, չգիտե որն անել, որը թողնել:

Սուրեն. Տեսա՛ր, ի՛նչ աչքեր են…Աչքեր չեն, այլ ծո՛վ (ՄՀ, 18):

Այստեղ փոխաբերության հետ առկա է նաև համեմատություն: Մարդու աչքերը նմանեցվում են ծովին:

Սողոմոն. Հանգիստ, հանգիստ, Շուշո ջան… Էս փոթորիկն էլ կանցնի (ԽՊ, 179):

Անհնար է, որ փոթորիկ լինի մարդու ներաշխարհում, այն բնության տարերքն է, բայց փոխաբերությունը լավ է արտահայտում «չափազանց բորբոքված զգացմունքներ» հասկացությունը:

Վարդուշ. Գայլերի հետ որ ապրես, գայլերի պես պիտի ոռնաս (ԳՄԱԱ, 560):

Այստեղ փոխաբերության հետ առկա է նաև համեմատությունը: Այստեղ ոռնալ բառը գործածվում է փոխաբերաբար և արտահայտում է հեղինակի վերաբերմունքն իր հերոսի նկատմամբ: Ոռնում են կենդանիները, ոռնոցը ձայն է, որ արտաքին նմանություն ունի խոսել, գոռալ, հրամայել և նման այլ բայերի հետ: «Ոռնալ» բառը նշանակում է «սպառնալից և բարձր ձայնով գոռգոռալ», որը բնորոշ է հերոսին և արտահայտում է բացասական վերաբերմունք:

2. 4. ՓՈԽԱՆՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Փոխանունությունը պատկերավորման այն միջոցն է, որի դեպքում առարկաներից, երևույթներից մեկի անունը գործածվում է մյուսի անվան փոխարեն: «Փոխանունությունը ոճական այնպիսի հնարանք է երբ բառը կամ բառակապակցությունը գործ է ածվում մեկ այլ բառի կամ բառակապակցության փոխարեն, որի հետ ունի տրամաբանական, պատժառահետևանքային կամ այլ կարգի իմաստային առնչություններ» [9, էջ 357],– գրում է Լ. Եզեկյանը:

Փոխանունությունը լայն տարածում ունի ինչպես առօրյա-հաղորդակցական, այնպես էլ գրական լեզվի գործառական ոճերում:

Փոխանունությունը նման է փոխաբերությանը: Փոխաբերությունը հենվում է երևույթների, նրանց նմանությունների, նրանց հատկությունների ընդհանրության վրա, իսկ փոխանունությունը հիմնվում է զանազան կապերի, առնչությունների վրա: Փոխանունության միջոցով կարող են արտահայտվել զանազան և բազմապիսի հարաբերություններ: Փոխանունության ոճական հիմնական արժեքն է խոսքը դարձնել սեղմ, համառոտ, արտահայտիչ և ուշադրությունը կենտրոնացնել ամենաբնորոշ հատկանիշի վրա:

Փոխանունությունն ունի բազմաթիվ տեսակներ: Տեսնենք, թե Ա. Պապայանը ինչպես է օգտվել խոսքի պատկերավորման այս միջոցից: Բերենք բնագրային օրինակներ.

Ա. Պարունակողը՝ պարունակյալի փոխարեն.

Մինաս. Տասներկու շիշը կուլ տվեց, անգամ աչքը չթարթեց (ՀՀՆԾ, 238):

Բերված օրինակի մեջ՝ տասներկու շիշը կուլ տվեց, շիշը բառը փոխարինել է շամպայն բառին: Շիշը պարունակողն է, շամպայնը՝ պարունակյալը, և նախադասությունը պետք է լինի՝ տասներկու շիշ շամպայնը կուլ տվեց, առանց աչքը թարթելու:

Բ. Պատկանելություն ցույց տվող առարկան՝ պատկանյալի փոխարեն:

Հմայակ. Է, թանկագին Պետրոսյան, դու իմ խնդիրը լուծեցիր, իսկ ես քոնը չեմ կարող (ՀՀՆԾ, 201):

Բերված օրինակի մեջ քոնը (պատկանելություն ցույց տվող բառը) փոխարինել է խնդիր բառին (պատկանյալին), այսինքն՝ իսկ ես քո խնդիրը չեմ կարող: Քոնը՝ քո խնդիրը (քո-ն հատկացուցիչ է):

Գ. Քանակական թվականները՝ չափի միավորների և դրանց հետ կապված առարկաների փոխարեն:

Բագրատ. Մի տուն ունեի, հիմա յոթն ունեմ (ՍԻՉԱԵԱՔԷ, 262):

Բերված օրինակի մեջ հիմա յոթն ունեմ փոխանունությամբ՝ քանակություն ցույց տվող բառով արտահայտվել է նաև առարկան (տուն), այսինքն՝ հիմա յոթ տուն ունեմ:

Բագրատ. Այսքան կասեմ, յոթ տղա ունեմ, յոթին էլ նայել եմ ու հպարտ քայլել (ՍԻՉԱԵԱՔԷ, 301):

Հովհաննես. Երկու ոչխար պիտի մորթես:

Խաթուն. Ինրպե՞ս թե երկուսը: Երկու ոչխար ինչի՞դ է պետք (ՄՀ, 59):

Շմավոն. Ինչո՞ւ երկրորդ աղջիկը չունեցանք, որ մեկը Օհանին տայինք (ԱԱՇԵ, 362):

Դ. Դասական թվականները հաջորդաբար կրկնվող առարկաների փոխարեն:

Սուրեն. Մոլլան զարմացած հարցնում է. «Ու՞ր է, ոչ յոթերորդ էշն եմ տեսնում, ոչ էլ ութերորդը» (ՄՀ, 5):

Այս նախադասության մեջ ութերորդը դասակական թվականը փոխարինել է էշ բառին:

Ե. Ժամանակը՝ տվյալ ժամանակամիջոցում տեղի ունեցող գործողության, երևույթի, իրադարձության փոխարեն:

Լուսինյան. Չէ, աննման երեկո էր (ԵՎ,108):

Այս օրինակի մեջ երեկո բառը գործածվել է երեկոյան տեղի ունեցած միջոցառման (զվարճալիք, համերգ և այլն) փոխարեն:

Զ. Հատկանիշն այդ հատկանիշով բնութագրվող առարկայի փոխարեն:

Ցոլակ. Դե, Արփիկ ջան, որոշիր, ո՞ր կոստյումս վերցնեմ, սև՞ը, թե՞ սպիտակը (ԽՊ, 155):

Բերված օրինակի մեջ սև՞ը, թե՞ սպիտակը փոխանունությամբ՝ հատկանիշը ցույց տվող բառով, արտահայտվել է նաև առարկան՝ կոստյումս: Փոխանունության մեջ առանձնացվում է համըմբռնումը, որը հիմնվում է երևույթների, առարկաների քանակական, նաև մասի և ամբողջի հարաբերության վրա: Բերենք բնագրային օրինակներ.

Լուսինյան. Բայց թուրքի յաթաղանը մեր իղձը անկատար թողեց (ԵՎ, 81):

Լուսինյան. Անօրենին չհաջողվեց ջնջել ոչ մեզ, ոչ էլ մեր իղձը (ԵՎ, 124):

Լուսինյան. Նայիր մեր զավակների դեմքերին և տես, թե ինչպես է հայի բախտը շողշողում (ԵՎ, 124):

Լուսինյան. Հային դարեր շարունակ դարձրել էին օտարի տան ճրագ (ԵՎ, 116):

Բերված օրինակներում թուրքի, անօրենին, հայի, հային բառերը դրված են եզակի թվով և գործածվել են հավաքական ամբողջության կամ հոգնակիի փոխարեն:

Անուշ. Ամբողջ աշխարհն է խաղում (ԵՎ, 101):

Աշխարհ բառը գործածվել է ժողովուրդ բառի փոխարեն:

Լուսինյան. Այո, Անգլիան թուրքական ղազանում փլավ է եփում (ԵՎ, 190):

Արարատ. Հիմա փլավը Ամերիկան կեփե (ԵՎ, 90):

Այս նախադասությունների մեջ Անգլիան, Ամերիկան կարելի է դիտել որպես եզակիի գործածություն հոգնակիի կամ հավաքականի փոխարեն (Անգլիան-Անգլիայի ժողովուրդը, Ամերիկան- Ամերիկայի ժողովուրդը):

2. 5. ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Ա. Պապայանի պիեսներում մեծ տեղ ունի նաև խոսքի պատկերավորման միջոցներից մեկը՝ անձնավորումը: Թատերագիրը վարպետորեն է օգտվել խոսքի պատկերավորման այդ միջոցից: Նրա պիեսներում հատկապես հաջողված են փոխաբերական պատկերները:

Անձնավորումը պատկերավորման այն միջոցն է, երբ անշունչ առարկան, իրերը, երևույթները, կենդանիներն անձնավորվում են, նրանց վերագրվում են մարդկային հատկանիշներ, որոնք նրանք իրականում չունեն: Անձնավորումն արտահայտվում է իբրև փոխաբերության մի տեսակ: Անձնավորումը լայնորեն կիրառվել է ժողովրդական բանահյուսության մեջ: Այն շարադրանքի հուզական հագեցվածությունն ուժեղացնելու միջոց է:

Թատերագիրն անձնավորելով անշունչ առարկաները, կենդանիներն ու բույսերը, նրանց վերագրում է մարդկային հատկանիշեր և դրանով մարդուն վերաբերող իր ասելիքն ասում է նրանց միջոցով: Բերենք բնագրային օրինակներ.

Գոհար. Ասում են, թե այլևս չես վերադառնա, իսկ խնձորենին շշնջում է՝ կգա, կգա… (ՄՀ, 23):

Խնձորենին շշնջում է կապակցության մեջ խնձորենուն վերագրվել է մարդուն հատուկ գործողություն. շշնջալ կարող է միայն մարդը: Այս կապակցության մեջ միաժամանակ կա նաև փոխաբերական իմաստ: Այսպես՝ խնձորենին շշնջում է կապակցության մեջ շշնջալ բառը, որի ուղղակի իմաստով արտահայտվող գործողությունը հատուկ է մարդուն, գործածվել է խնձորենու վերաբերությամբ և ստացել սվսվալ բառի իմաստը, այսինքն՝ խնձորենին սվսվում է:

Բերենք այլ բնագրային օրինակներ.

Պոետ. Գինին ոգևորում է, ստելը՝ զգաստացնում (ՀՀՆԾ, 247):

Սեդա. Փողերը թռչում են, իսկ պլանները՝ տապալվում (ՀՀՆԾ, 222):

Պոետ. Իմ օրգանիզմը հոգնեց սպասելուց (ՀՀՆԾ, 200):

Անուշ. Մարդիկ գրքից խելք են քաղում, իսկ գիրքը քո խելքն է հնձում (ԵՎ, 76):

Մասիս. Օ՛, իմ պապենական երկիր, իմ օրրան…(ԵՎ, 91):

Երկիր գոյականն այստեղ գործածված է որպես կոչական և դիմելով պապենական երկրին, Մասիսն ակնարկում է պայծառ ներկան:

Այժմ բերենք բնագրային օրինակներ, որտեղ անձնավորված են ոչ թե թանձրացական, այլ վերացական գոյականները:

Արարատ. Համբերությունը շալակենք ու սպասենք (ԵՎ, 122):

Պոետ. Մեզ ճակատագիրը հետապնդում է (ՀՀՆԾ, 246):

Պոետ. Ախ այդ խանդը: Ինչպես է այն ձեզ պառավեցնում, կանայք (ՀՀՆԾ, 246):

Մինաս. Երկրաշարժը տեղափոխվեց Կտրիճի բազան (ՀՀՆԾ, 244):

Ջանիկ. Դուք գիտե՞ք, արդյոք, որ ձեր այդ լռությունը տասնյակ հազարներից է զրկել գործարանին (ԽՊ, 13):

Թանձրացական և վերացական գոյականները երբեմն գործածվում են որպես կոչականներ: Բերենք օրինակներ.

Սամսոն. Օ՛, հավերժական երանություն, մեր հոգու աչքերով ենք տեսած քեզի (ԵՎ, 117):

Դիմելով հավերժական երանությանը՝ Սամսոնն ակնարկում է հայ ժողովրդի տխուր անցյալը:

Սաթենիկ. Խեղճ ծաղիկներ, ձեզ խնամող սիրահարը ինչ էր մտածում և ինչ դուրս եկավ (ԵՎ, 82):

2. 6. ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՎԱԶԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Չափազանցությունը խոսքի պատկերավորման միջոցներից մեկն է, որի դեպքում առարկան, երևույթը, նրանց հատկանիշները ներկայացվում են չափազանց մեծացված ձևով: Այն պատկերավորման հնագույն միջոց է և գալիս է ժողովրդական բանահյուսությունից:

«Չափազանցությունը ոճական հնարանք է, արտահայտչական միջոց, որի դեպքում խոսքի պատկերավորության նպատակով որևէ առարկայի կամ երևույթի հատկանիշները ներկայացվում են միտումնավոր մեծացված ու չափազանցված եղանակով, դրանով իսկ ավելի ազդեցիկ է դառնում խոսքի տպավորությունն ունկնդրի պատկերացումների ու տպավորության վրա» [9, էջ 355]:

Չափազանցության միջոցով Ա. Պապայանը ամենից առաջ ուշադրությունը բևեռում է նկարագրվող երևույթի, հերոսի բնավորության այս կամ այն կողմի վրա՝ ելնելով նրա կարողությունից ու կարևորությունից: Բերենք բնագրային օրինակներ.

Կտրիճ. Ես Կտրիճն եմ, քարը սեղմեմ, ջուր կհանեմ (ՀՀՆծ, 202):

Սոֆիկ. Նրա ոտներ են ծանրացել, ստամոքսը, փառք աստծո, ջրաղացի քար՝ ինչ լցնես, կաղա (ԳՄԱԱ, 525):

Պատվական. Մեկ էլ տեսար այնպիսի մի փոթորիկ բարձրացրեց գլխիդ, որ եկած ճամփեդ մոռանում էիր…(ՄՀ, 9):

Հմայակ. Մեռած էլ լինեմ, կգամ (ՀՀՆԾ, 212):

Թագուհի. Էն ես գինամ, թե էս հինգ օր էն աղջիկ ինր Քրիստոսի չարչարանք քաշեց (ՀՀՆԾ, 227):

Ստեփան. Երկրաշարժ, ան ալ յոթ բալանոց: Հայրդ ամեն ինչ իմացել է (ԱՓ, 480):

Արմենակ. Իսկապես երկրաշարժ: Քարը քարին չի թողնի: Հիմա իր պարավոզը նստած ուղիղ կքշի զոքանչիս տան վրա (ԱՓ, 481):

Չափազանցությունը հեղինակի վերաբերմունքի արտահայտման միջոց է: Չափազանցությունները հատկապես շատ են ժողովրդական արտահայտություններում, դարձվածքներում, ասացվածքներում: Բերենք բնագրային օրինակներ.

Անուշ. Հա, հազար տարի էլ որ բղավեք, փրփրեք, թեկուզ թոռնիկս սիրած էլ չունենա, քեզ նման հայրենիքն ուրացողին աղջիկ տվող չկա (ԵՎ, 104):

Արմեն. Հարյուր անգամ այո (ԵՎ, 96):

Պատվական. Գիտեմ, լսել եմ, ոչ թե մեկ, այլ հազար անգամ (ՄՀ, 10):

Սիրանուշ. Եթե հազար կյանք ունենամ, հազարն էլ քեզ կզոհաբերեմ (ԵՎ, 88):

Հովհաննես. Սպասող աղջիկը վազում ու գրկում է մի թևը կորցրած իր սիրածին և իր վառ սիրով կտրիճին հազար թև է պարգևում (ՄՀ, 45):

Տարոն. Հա, իհարկե, հարյուր անգամ են ասել, խնդրել… Վախենում էի, նեղություն չտամ, բեռ չդառնամ (ԳՄԱՍ, 518):

Սոֆիկ. Չէ, ես չկամ, տեղովդ մի տոննա ես (ԳՄԱՍ, 526):

Այսպիսով, չափազանցությունների միջոցով խոսքը դառնում է պատկերավոր և պարզ:

Չափազանցության հակառակ երևույթն է նվազաբերությունը, այսինքն՝ փոքրացումը:

Ի տարբերություն չափազանցության, որի դեպքում առարկան, երևույթը, նրանց հատկանիշները, կարողությունները ներկայացվում են չափազանց մեծացված ձևով, նվազաբերության դեպքում առարկան, երևույթը շատ են փոքրացվում: Նվազաբերությունը բացասական վերաբերմունքի արտահայտման և ասածի մեջ մեղմություն մտցներու միջոց է: Բերենք բնագրային օրինակներ.

Սուրեն. Գրոշ չարժե նա, ով միայն իր վրա է հույս դնում (ՄՀ, 34):

Սոֆիկ. Դե ձենդ, «ինքս»: Մի գունդ միս դարձած փռվել ես, «ինքս» (ԳՄԱՍ, 520):

Դավիթ. Եթե մեր սերը քեզ համար գրոշ չարժե, ապա մեր համատեղ կյանքն այլևս անհամատեղելի է (ԳՄԱՍ, 560):

Սամվել. Ինձ համար գրոշի արժեք չունի այն մարդու կարծիքը, որ քամելեոնի պես գունափոխվում է (ԱԻՉԱԵԱՔԷ, 269):

Բերենք օրինակներ, որտեղ չափազանցությունն ու նվազաբերությունը հանդիպում են միասին:

Սամվել. Իսկ ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ մի մարդու, որը մի քանի ամիս առաջ այդ նույն մոդելը հողին էր հավասարեցնում, իսկ այժմ երկինք է բարձրացնում (ԱԻՉԱԵԱՔԷ, 269):

Վռամ. Եղբայրդ մի կտոր խորովածի համար մի լիտր արցունք քամեց աչքերիցս (ՍԻՉԱԵԱՔԷ, 276):

Երբ պատկերավորման այս միջոցները՝ չափազանցությունն ու նվազաբերությունը հանդիպում են միասին, մեկի մեծացումը ենթադրում է մյուսի փոքրացում, և այս դեպքում ասելիքը դառնում է ավելի պատկերավոր:

Անուշ. Բայց ճիշտն ասած, եթե հայրն ու իր թեթևսոլիկ աղջիկը կոպեկ չարժեն, ապա տղան տեղովը գանձ է (ԵՎ, 114):

2. 7. ՇՐՋԱՍՈՒՅԹԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Շրջասույթի դեպքում առարկայի ուղղակի անվանումը փոխարինվում է նկարագրական արտահայտությամբ: Շրջասույթը փոխանունության մի տեսակն է: Բայց եթե փոխանունության դեպքում առարկայի անվան փոխարեն գործածվում է մի այլ բառ, հատկանիշի կամ մի այլ առարկայի անուն, ապա շրջասության դեպքում առարկայի, երևույթի անունը տալու փոխարեն նկարագրվում է այն, առարկայի անունը փոխարինվում է նկարագրական բնորոշմամբ և մի բառի փոխարեն գործածվում է մի ամբողջ կապակցություն կամ նախադասություն: Շրջասույթի հետևանքով առաջացած բառակապակցություններն ու նախադասությունները լայնորեն կիրառվում են գեղարվեստական խոսքում: Առաջին հայացքից շրջասույթը թվում է թերություն, քանի որ այն երկարացնում է ասելիքը: Սակայն տեղին գործածված շրջասույթի ոճական-արտահայտչական արժեքն այն է, որ առարկան կամ հատկանիշն անվանելով անուղղակիորեն, կապակցությամբ, նշվում է հանրահայտը, որը այլ մտածողության արտահայտություն է, բնութագրում և դառնում է խոսքի համառոտման միջոց: Շրջասույթն գործածվում է գիտական, գեղարվեստական, հրապարակախոսական և խոսակցական ոճերում: Բերենք բնագրային օրինակներ «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» պիեսից:

Մինաս. Ո՞վ է այս աղջիկը՝ ինքը, անմղությունը, անկեղծությունն ու ազնվությունը (ՀՀՆԾ, 248):

Պոետ. Ի՞նչ բան է կենդանին, այսինքն՝ մարդը – բիոլոգիական բջիջ, երկկորիզային արարած, թռիչքաձև որակափոխություն, այսինքն՝ մուտացիա և ինֆորմացիա (ՀՀՆԾ, 249):

Սեդա. … իսկ «բնության դափնին»՝ տղամարդը պարապ-սարապ քարշ է գալիս գյուղի փողոցներում կամ էլ քյաբաբխանայում, թվիստ է պարում (ՀՀՆԾ, 221):

Կտրիճ. Իսկ ո՞վ է Ցերբերը:

Բլբուլ. Հին հունական առասպելական այն շունը, այն կատաղի շունը, պահպանում է ստորերկրյա թագավորությունը (ՀՀՆԾ, 202):

ԳԼՈՒԽ 3 ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՉԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Արտահայտչական միջոցներից են՝ կրկնությունը, աստիճանավորումը, հակադրությունը, բազմաշաղկապությունը, անշաղկապությունը, խոսքի ընդհատումն ու զեղչումը, զուգապատկությունը, հեգնանքը: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին առանձին:

3. 1. ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

«Կրկնությունը ոճական, շարահյուսական այնպիսի դարձույթ է, որի դեպքում բառերի կամ բառակապակցությունների կրկնությամբ խոսքին հաղորդում են հուզականություն, արտահայտչականություն» [9, էջ 363],– գրում է Լ. Եզեկյանը: Ոճական տարբեր նպատակներով կարող են կրկնվել նախադասության տարբեր միավորները, որոնցից յուրաքանչյուրը ցուցաբերում է ոճական առանձնահատուկ երանգավորում: Կրկնության ոճական արժանիքն այն է, որ նրա շնորհիվ խոսքին զանազան իմաստային նրբերանգներ է հաղորդվում:

Կրկնությունն ուժեղացնում է բառի արտահայտած իմաստը՝ մեծացնելով պատկերացումներն առարկաների ու երևույթների մասին և ընդարձակելով բառի կամ արտահայտության ընդգրկման սահմանները: Բերենք բնագրային օրինակներ.

Շավարշ. Հերիք չէ՞ ինձ ողջ-ողջ խորովես (ՄՀ, 12):

Շավարշ. Տես է, լիքը-լիքը գալիս եմ, դառն ու դատարկ գնում (ՄՀ, 12):

Գոհար. Նայում եմ շուրջս ու թվում է, որ ես գտնվում եմ մի մեծ, մեծ հարսանիքում (ՄՀ, 70):

Հովհաննես. Սուտ, ոտից գլուխ սուտ (ՄՀ, 68):

Իմաստի սաստկացում կատարվում է նաև այնպիսի բառերի կրկնությամբ, որոնց ուղղակի բառային իմաստները փոփոխական հատկանիշներ չեն արտահայտում կամ էլ հակված չեն փոփոխականության:Բերենք բնագրային օրինակներ.

Շմավոն. Պետք չէ, պետք չէ: Մենք արդեն մոռացել ենք, կատակ էր, անցավ (ԱԱՇԵ, 352):

Օտտո. Ինչպե՞ս… Ինչպե՞ս թե գնդակահարել (ՀՄՇ, 619):

Ինչպե՞ս…Ինչպե՞ս կրկնությունը արտահայտում է խոսողի ափսոսանքի մեծությունը:

Միևնույն բառի կրկնությունը հաճախ ծնում է նոր հասկացությունների ու հատկանիշների մեջբերման անհրաժեշտություն, որը հանգեցնում է թվարկման: Դա երևում է, երբ կրկնվում են չգործածվող բառերը (կապեր, որոշ դերանուններ): Կրկնությունը հանդես գալով թվարկման հետ, ուշադրությունը բևեռում է միևնույն առարկային կամ երևույթին և արտահայտում ուժեղ հուզականություն: Բերենք բնագրային օրինակներ.

Պատվական. Տես, ինչ բան է կյանքը՝ ով էր սիրում Գոհարին և ով պիտի վայելի (ՄՀ, 10):

Սուրեն. Եթե դուք այսօր այդպես հեշտությամբ կարող եք թողնել ձե՜ր ամուսնուն, ձե՜ր երեխաներին, ապա վաղն էլ նույն հեշտությամբ կթողնեք նաև ի՜նձ և իմ երեխաներին (ՄՀ, 48):

Սաքո. Ի՞նչ, ի՞նչ ես ասել… (ԽՊ, 142):

Լիլիկ. Մենք…Մենք ոչինչ չենք բերել (ԳՄԱՍ, 525):

Ոչ բառի կրկնությունը ուժեղացնում է ժխտման իմաստը: Ամեն անգամ կրկնվելով նոր բառի հետ՝ նա ժխտումը դարձնում է բազմակի: Բերենք բնագրային օրինակներ.

Սանասար. Մարդը առաջին անգամ ոտք է դնում մեր հողը, դեռ ո՜չ քաղաքն է տեսել, ո՜չ մարդկանց է հանդիպել (ԱՓ, 484):

Գևորգ. Մեկ վայրկյան անգամ չեմ թողնի, թեկուզ ձևական՝ ո՜չ անունը, ո՜չ հպատակությունը, ո՜չ էլ դասակարգը փոխի (ԱՓ, 487):

Խաթուն. Հերդ պիտի լիներ, որ ո՜չ աղջկան հարցներ, ո՜չ ել հորը (ՄՀ, 42):

Վահան. Ինչի՞ ես: Մեր մեծ եղբայրը, որ ժամանակին ամուսնանար, ո՜չ ես ախ կքաշեի, ո՜չ ել դու կհառաչեիր (ԱԱՇԵ, 319):

Առանձնահատուկ ոճական երանգավորում ունեն նաև գոյականներով կրկնությունները: Բերենք բնագրային օրինակներ.

Գևորգ. Կերևա, արյանդ մեջ հաշիվ կխաղա: Ձեզ նմանների համար կյանքը ամբողջ հաշիվ է՝ սիրելը՝ հաշվով, ամուսնանալը՝ հաշվով, բարեկամությունը՝ հաշվով (ԱՓ, 495):

Պատվական. Լավ, իսկ ջո՞ւր, ջուր որտեղից (ՄՀ, 7):

Տիգրան. Ներիր, Գոհար… Շնորհակալ եմ, որ սերդ բարձր ես պահել, սերդ քաղցր ես պահել, սերդ ինձ ես պահել (ՄՀ, 70):

Յուրահատուկ ոճական երանգավում ունեն նաև բայական կրկնությունները:

Սուրեն. Գտիր, գտիր, հանկարծ պակասորդ չտաս (ՄՀ, 4):

Սուրեն. Խմի՛ր, սիրելիս, խմի՛ր…

Ցոլակ. Մի հուզվիր, գառ ջան, մի հուզվիր… (ԽՊ, 147):

Վարդան. Հասկացա, հեր ջան, հասկացա, էլ գործ չունես (ԱԱՇԵ, 361):

Վարդան. Դա ռումբի պես կպայթի կպայթի… Դա ռումբի պես կպայթի…կպայթի… (ԱԱՇԵ, 361):

3. 2. ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Աստիճանավորումը (գրադացիա) նույնպես տեղ է գտել Ա. Պապայանի պիեսներում: Նա կարողացել է հմտորեն օգտվել արտահայտչական այդ միջոցից:

Աստիճանավորման դեպքում իրար են հաջորդում իմաստով մերձավոր բառեր՝ համանիշներ, իմաստի աստիճանական ուժեղացմամբ՝ փոքրից գնալով մեծը, թույլից՝ ուժեղը: Կրկնության դեպքում հուզականությունն ու արտահայտչությունն արտահայտվում են միևնույն բառերի, բառակապակցությունների կրկնությամբ, իսկ աստիճանավորման դեպքում ոչ թե բառերն են կրկնվում, այլ տարբեր բառերի միջոցով արտահայտվող մերձավոր իմաստները:

«Աստիճանավորումը,– գրում է Լ. Եզեկյանը,– ոճական հնարանք է, շարահյուսական դարձույթ, որի դեպքում բառերի հաջորդական դասավորությամբ ընդգծվում է նկարագրվող առարկայի կամ երևույթի աստիճանական զարգացումը, սաստկացումը, որը գնալով ուժեղացնում է տվյալ արտահայտության, խոսքի իմաստը» [9, էջ 365]:

Աստիճանավորումը լինում է բարձրացող և իջնող: «Բարձրացող է, երբ յուրաքանչյուր հաջորդող արտահայտություն կամ դարձվածք ավելի հագեցած է իմաստով, ավել ուժգին ու արտահայտիչ է, քան նախորդը, բառերի դասավորում իմաստի, արտահայտչության և հնչերանգի ուժեղացման կարգով» [10, էջ 17]:

Բերենք բնագրային օրինակ.

Սամսոն. Հրի ու սրի միջով ենք անցել, ծաղր ու ծանակ շալակած, երկրեերկիր թափառել, սոված ու հոգնած, անտուն, ցրտի ու բքի մեջ ենք լուսացրել, բայց տե՜ս, կա՜նք, չջնջվեցանք (ԵՎ, 116):

Այստեղ ընդգծված բառերի առնչությունը նրանց բառիմաստի մեջ չէ, այլ ծավալայնության ընդհանուր հատկանիշի մեջ է: Բարձրացող աստիճանավորման դեպքում յուրաքանչյուր հաջորդ բառ նախորդին գերազանցում է իր պարունակած հասկացության ծավալի մեծությամբ, իսկ իջնող աստիճանավորման դեպքում՝ ընդհակառակը:

3. 3. ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱՆՏԻԹԵԶ) ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Ա. Պապայանի պիեսներում կան հակադրությունների բազմաթիվ կիրառություններ, որոնք նա օգտագործել է տեղին և ժամանակին:

Հակադրության դեպքում իրար մոտ հանդես են գալիս հակադիր իմաստ ունեցող բառեր և արտահայտություններ: «Հակադրությունը ոճական, շարահյուսական այնպիսի դարձույթ է, որի դեպքում միևնույն խոսքաշարում գործ են ածվում իրար հակադիր նշանակություն ունեցող (հիմնականում՝ հականիշներ)՝ դրանով իսկ ավելի ընդգծելով արտահայտված մտքի իմաստը՝ ուշադրությունը կենտրոնացնելով հակադրվող բառերի վրա» [9, էջ 369],– գրում է Լ. Եզեկյանը:

Հականիշները բառային զույգեր են, որոնք իրարից տարբերվում են արտասանությամբ, իմաստով իրար հակառակ են։

Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին: Իբրև ոճական հնարանք, հականիշները գործածական են հակադրություններում (անտիթեզներում), որոնք սովորական հակադրությունից տարբերվում են իրենց արտահայտչականությամբ, խիստ հակադրությամբ և հստակ ռիթմով:

Հակադրությունը գործածական է գեղարվեստական խոսքում՝ հատկապես ժողովրդական բանահյուսության մեջ՝ առածներում և ասացվածքներում: Այն ուժեղացնում է հակադրվող երևույթների, առարկաների և հատկությունների ընկալումը:

Բերենք բնագրային օրինակներ.

Սողոմոն. Ուրախության ժամանակ հարևանն է առաջինը ծափ տալիս, տխրության ժամանակ էլի հարևանն է առաջինը ահազանգում (ԽՊ, 180):

Սիրանուշ. Եվ ամենակարևորը, միշտ չէ, որ հանցավորին պատժում են, երբեմն էլ ներում են շնորհում (ԽՊ, 169):

Գոհար. Որքան լավ տրակտորիստ ես, այնքան վատ պոետ ես (ՄՀ, 63): Պրոֆեսոր. Այո, այո… Մեկը գեղեցկացնում է կյանքը, մյուսն՝ այլանդակում (ԳՄԱԱ, 546):

Ա. Պապայանը հակադրություններ է կազմում ոչ միայն իրար հականիշ բառերի միջոցով, այլև չ ժխտական մասնիկի միջոցով:

Սոֆիկ. Հիմա կարծում եմ, ուզեն-չուզեն պիտի քեզ տանեն (ԳՄԱԱ, 553): Կտրիճ. Կա-չկա էն անաստվածը հենց առաջին դրբից մեծ թիքա է ուզում (ՀՀՆԾ, 194):

Հովհաննես. Հին խոսք է՝ աշխատողին բախտն է ժպտում, չաշխատողի տունն է փլչում (ՄՀ, 17):

Կտրիճ. Ինչպես ասում են՝ ստուգված սատանան ավելի լավ է, քան չստուգված հրեշտակը (ՀՀՆԾ, 24):

3. 4. ԲԱԶՄԱՇԱՂԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Բազմաշաղկապությունը բնորոշվում է խոսքի մեջ շաղկապների առատությամբ: Այն միևնույն շաղկապի բազմակի կրկնությունն է:

Բազմաշաղկապությունը խոսքը դարձնում է հուզական և արտահայտիչ, և թվարկումով շեշտելով կապակցվող միավորները՝ դանդաղեցնում է խոսքի ընթացքը՝ տալով նրան հանդիսավորություն, ռիթմիկություն:

Ա. Պապայանի պիեսներում հանդիպում ենք բազմաշաղկապության բազմաթիվ օրինակների: Հատկապես շատ են և շաղկապով կրկնության դեպքերը: Բերենք բնագրային օրինակներ.

Խաթուն. Հա՜, հա՜, հարսիցս գանգատ չունեմ: Ե՜վ խելոք է, և՜ սիրուն, և՜ հարուստ (ՄՀ, 10):

Դավիթ. Տեսնում ես, ամեն ինչ ձեռք է բերել՝ և՜ կոչում, և՜ դիրք, և՜ պաշտոն, բայց սիրտ չունի (ԳՄԱՍ, 54):

Տարոն. Մի բառով անգամ կարելի է և՜ սպանել, և՜ կյանք տալ (ԳՄԱՍ, 573):

Վարդանուշ. Ե՜վ դատավորի մոտ ենք եղել, և՜ հեռագրել ենք երկուսի ծնողներին էլ, և՜…(ԽՊ, 173):

Եվ շաղկապը շեշտում, ընդգծում և առանձնացնում է թվարկվող միավորները, ստեղծում է անհրաժեշտ կապ այդ թվարկվող միավորների միջև:

Հաճախակի կրկնվող շաղկապներից է ոչ-ը: Իմաստով ոչ-ը հոմանիշ է և´ շաղկապին, և կարող է նրան փոխարինել: Բայց և-ի և ոչ-ի տարբերությունն այն է, որ ոչ-ը չի կորցնում իր ժխտական իմաստը և խոսքը դարձնում է ավելի լարված: Ոչ բառի կրկնությունը ուժեղացնում է ժխտման իմաստը: Ամեն անգամ կրկնվելով նոր բառի հետ, նա փաստորեն ժխտումը դարձնում է բազմակի: Բերենք բնագրային օրինակներ.

Վարդանուշ. Իսկապես որ, կարծես ոչ թոք կա, ոչ լյարդ, ոչ սիրտ (ԽՊ, 173):

Սուրեն. Ո՜չ տեսել եմ, ո՜չ էլ լսել (ՄՀ, 54):

Խաթուն. Հերդ պիտի լիներ, որ ո՜չ աղջկան հարցներ, ո՜չ էլ հորը (ՄՀ, 42):

Ջանիկ. Ոչ հոգուց է մաքուր, ոչ ձեռքից (ԽՊ, 136):

Այսպիսով, բազմաշաղկապությունը ոճական այնպիսի հնար է, որով նախադասության իրար հաջորդող համազոր, բազմակի անդամները կամ առանձին նախադասություններ կապվում են միմյանց հետ միևնույն շաղկապով, երբ անհրաժեշտ է լինում խոսքն ավելի ռիթմիկ, ավելի տպավորիչ, արտահայտիչ դարձնել և հնչերանգը դանդաղեցնել:

3. 5. ԱՆՇԱՂԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Անշաղկապությունը խոսքին տալիս է սեղմություն, արագություն, ժողովրդականություն:

Անշաղկապությունը բազմաշաղկապության հակառակ երևույթն է, որն ունի այլ ոճական արժեք: Անշաղկապության դեպքում շաղկապներ և շաղկապական բառեր չեն գործածվում, բայց մտքով հասկացվում են: Անշաղկապությունը բնորոշ է խոսակցական լեզվին: Այն խոսքը դարձնում է աշխույժ, սեղմ, հուզական: Անշաղկապությունն ավելացնում է արտահայտչությունը և նվազեցնում է դատողականությունը: Անշաղկապությունը նպաստում է հնչերանգի արագացմանը: Բերենք բնագրային օրինակներ.

Սոֆիկ. Ներս մտա լեղիս ճաքեց՝ չանեդ ծռվել, աչքերդ չռվել, լեզուդ լալկվել (ԳՄԱՍ, 517):

Տարոն. Հա, շեն, հալալ բակ էր, բոլորիս ցրեցին (ԳՄԱՍ, 519):

Տարոն. Ախր մեծի մոտ գնամ, փոքրը պիտի քիթը կախի, փոքրիս մոտ գնամ, մեծս պիտի վիրավորվի (ԳՄԱՍ, 519):

Տարոն. Իմ բուժումը դուք եք, ձեզ մոտ, ձեզ հետ (ԳՄԱՍ, 523):

3. 6. ԽՈՍՔԻ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԶԵՂՉՈՒՄԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Խոսքի ընդհատումը խոսողի ասելիքի հանկարծակի դադարեցումն է և միտքը կիսատ թողնելը: Այն բնորոշ է լարված հոգեվիճակներին, երբ խոսողը չի կարողանում իր ասելիքը գտնել կամ էլ համապատասխան բառեր չի գտնում արտահայտվելու համար: Ընդհատումը խոսքին տալիս է հուզական երանգ: «Ընդհատումը,– գրում է Ֆ. Խլղաթյանը,– ասույթի կամ նախադասության արտասանության հանկարծակի դադարեցումն է, որի պատճառով մտքի շարունակությունը թերի է մնում: Արդյունք է մեծ մասամբ զգացմունքների զեղման» [11, էջ 63]:

Գրավոր խոսքում խոսքի ընդհատումը արտահայտվում է բազմակետերով կամ կախման կետերով: Բերենք բնագրային օրինակներ.

Շավարշ. Հիմա ի՞նչ անեմ… գուցե ուրիշի է սիրում: Բայց ու՞մ.. ո՞վ է այդ երջանիկը… Տիգրանը սպանվել է, չկա… էլ ո՞վ կա, որ ես չգիտեմ. Բոլորն իմ մասին են ակնարկում… Եվ հիմա հանկարծ… Այ, խայտառակություն, հիմա ես ոնց ասեմ, որ այդ բոլորը սուտ է…Ամբողջ գեղով ձեռք են առնելու ու հռհռալու են վրաս… էլի՞նչ տղամարդ եմ ես…Ո՞վ տարածեց այդ սուտը…մա՞յրս…այ, նա, նա էր շարունակ ասում, որ Գոհարը գժվում է ինձ համար… Բայց ախր Գոհարն ինքն է ասում, որ լավն եմ… դե որ լավն եմ, էլ ինչու՞ է ինձ վառում… Գուցե այնպես, ինչպես պետք է չեմ արտահայտվում… Ախր էլ ոնց արտահայտվեմ, պարզ ասում եմ, որ սիրում եմ էլի…Չէ, բախտ չունեմ… էլի միակ մխիթարությունս աղբյուրն է, խմեմ ու հառաչեմ…(մոտենում է աղբյուրին ու ջուր խմում) Օ՛ֆ…(ՄՀ, 14):

Սա Շավարշի մենախոսությունն է «Մեծ հարսանիք» պիեսից: Այժմ՝ Տիգրանի մենախոսությունը.

Տիգրան. (Անշարժանում է տեղում) «Խնամի»… «Խնամի ջան»…Հիմա՞ էլ չհավատա՞մ…ՈՒրեմն զուր չէր սիրտս նախազգում…Ամուսնանում է… Հիմա ինչպե՞ս երևամ մարդկանց… ի՞նչ կասեն… ինչպիսի՛ ամոթ…Ահա և քեզ սեր, չկարողացավ հինգ տարի սպասել… Չէ, ավելի լավ է չխանգարեմ, հեռանամ, հեռանամ, մոռանամ…(ՄՀ, 31):

Խոսքի ընդհատմանն իր բնույթով մոտ է բառերի բացթողումը կամ զեղչումը:

Զեղչումը բառերի բացթողումն է, նախադասության այնպիսի բառերի բացթողումը, որոնք հեշտությամբ հասկացվում են ընդհանուր իմաստից և կարելի է վերականգնել: Էդ. Ջրբաշյանը գրում է. «Բառերի կանխամտածված բացթողումը մեծ մասամբ օգտագործվում է դեպքերի կամ խոսակցության արագ բնույթի, մարդկանց հուզված հոգեվիճակի մասին պատկերացում տալու համար» [16, էջ 26]: Զեղչումը սովորաբար կիրառվում է նաև հույզ առաջացնելու, երևակայության վրա ազդելու համար: «Զեղչումը,– ինչպես նկատել է Ֆ. Խլղաթյանը,– հեշտ վերականգնվող որևէ բառի կամ դարձվածքի նպատակային բացթողումն է, որը հիմնականում կատարվում է երկու եղանակով.

Ա. Կրկնություններից խուսափելու համար (այս դեպքում նա խոսքին արտահայտչականություն և հուզականություն չի տալիս):

Բ. Հուզական կցկտուր խոսքի և նրա ընդհանուր հնչերանգի յուրօրինակությունն արտահայտելու համար» [10, էջ 58]:

Այս հնչերանգը հաճախ օգտագործվում է հոգեկան հուզումնալից պահերի, բարդ հոգեվիճակների արտահայտման նպատակով՝ ասելիքի մի մասը թողնելով ընթերցողի կռահմանը»:

Բերենք բնագրային օրինակներ.

Սաթենիկ. Բարև ձեզ…Այստե՞ղ է ապրում… (ԵՎ, 83):

Լուսինյան. Եկա՞ն: Չե՞ն եկել…(Նկատելով Արմենի ճամպրուկը): Ուրեմն եկել են: Վերջապես: Ո՞ւր են, տա՞նն են…(ԵՎ, 81):

Շավարշ. Արի՜, արի՜, մեր ջան, տես ո՞վ է եկել (ՄՀ, 70):

3. 7. ԶՈՒԳԱՊԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Զուգապատկությունը արձակ խոսքի նախորդ նախադասության վերջին բառի կամ բառակապակցության կրկնությունն է հաջորդի սկզբում:

Բերենք բնագրային օրինակներ.

Սոխակ. Դռնից քշեն՝ մենք պատուհա՝նից, պատուհանից քշեն՝ կա օդանցք (ՀՀՆԾ,196):

Ցոլակ. Որտե՞ղ էիր:

Արփիկ. Մեզ մոտ, լաբորատորիայում:

Ցոլակ. Լաբորատորիայում, հա՞ (ԽՊ, 150):

3. 8. ՀԵԳՆԱՆՔԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Հեգնանքը բառերի կամ արտահայտությունների օգտագործումն է հակառակ իմաստով:

«Հեգնանքը,– գրում է Լ. Եզեկյանը,– ոճական հնարանք է, որի միջոցով բացասական երևույթը ծաղրվում է ոչ ուղղակիորեն, գրողը (խոսողը) ինչ-որ մեկին արժանիքներ է վերագրում, բայց հասկացվում է ճիշտ հակառակը» [8, էջ 85]: Հեգնանքը կյանքի նկատմամբ երգիծական վերաբերմունքի արտահայտման ձևերից մեկն է: Այն պատկերավորության ոճական-արտահայտչական միջոց է: Հեգնանքը երգիծանքից տարբերվում է նրանով, որ բացասական վերաբերմունքն արտահայտում է անուղղակի ճանապարհով, առերես դրական հատկանիշներ վերագրելով: Հաստատելով անձի կամ երևույթի արժանիքները, հեգնանքը ցույց է տալիս դրանց լիակատար բացակայությունը:

Հեգնանքը գրողի հուզական վերաբերմունքի արտահայտությունն է, որը բնորոշ է երգիծական բնույթի ստեղծագործություններին:

Բերենք բնագրային օրինակներ.

Սաքո. Խելքի կարոտ, անհանգստանում եմ կնոջդ մասին ոչ թե նրա համար, որ գլխում քեզ նման ինչ-որ հիմար մտքեր են պտտվում, այլ այն բանի համար, որ արձակուրդը չլրացրած՝ շտապ վերադարձել է, և հետո մինչև հիմա որտե՞ղ է, չլինի մի լուրջ բան է պատահել (ԽՊ, 143):

Խելքի կարոտ արտահայտությունը ժողովրդական արտահայտչամիջոց է և ունի հեգնական բնույթ: Ասվում է այն դեպքում, երբ հերոսը խորհրդի կարիք է զգում:

Հակոբ. Աննման ծնունդ է: Պակասում է միայն Ռայկինը (ՀՀՆԾ, 226):

Այստեղ աննման ծնունդ արտահայտությունը ամբողջովին երգիծական իմաստ ունի և փաստորեն ցույց է տալիս ծննդի բացակայությունը տվյալ պահին:

ԳԼՈՒԽ 4. ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

4. 1. ԳՈՅԱԿԱՆԻ ԹԻՎԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Ա. Պապայանը իր պիեսներում հիմնականում օգտագործել է գոյականի հոգնակի թվի կազմության կանոնավոր ձևերը: Կանոնավոր ձևերից նա գրեթե շեղումներ չի կատարում: Նա միավանկ բառերի հոգնակին կազմում է – եր, իսկ բազմավանկ բառերինը՝ – ներ վերջավորությամբ: Հազվադեպ է – ք վերջավորությունը, որը բնորոշ է ժողովրդախոսակցական լեզվին: Բերենք բնագրային օրինակներ.

Վարդանուշ. Գոհար, սևանցիք շուտով այստեղ կլինեն (ՄՀ, 7):

Զաքար. Երեխեք, տիրություն անեմ, մինչև գամ (ԻՎՄՏ, 396):

Վարդանուշ. Աղջկերք, մտնենք հաշվապահություն (ՄՀ, 61):

Այս ձևերը բնորոշ են ժողովրդախոսակցական լեզվին: Գրական լեզվում դրանց համապատասխանում են սևանցիներ, երեխաներ, աղջիկներ ձևերը:

4. 2. ՀՈԼՈՎՈՒՄԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Ժամանակակից հայերենի հոլովական համակարգը կանոնավոր է: Ա. Պապայանը իր պիեսներում հարազատ է մնացել հայերենի հոլովական համակարգի օրինաչափություններին, կանոնավոր ձևերից շեղումներ գրեթե չի կատարել: Նա իր պիեսներում օգտագործել է նաև գրաբարյան հոլովաձևեր: Բերենք բնագրային օրինակներ.

Ցոլակ. Նրբացուցիչ դեպք հանցանաց (ԽՊ, 169):

Շմավոն. Վարպետ Մարգար, խնդրում եմ շաբաթ օրը բարեհաճեք, հանդերձ ընտանյոք, ներկա գտնվել աղջկաս հարսանյաց հանդեսին (ԱԱՇԵ, 36):

Հարսանյաց – հարսանիքի, հանցանաց – հանցանքների, ընտանյոք – ընտանիքով:

Հոլովման մեջ մտքերը սեղմ ու կարճ արտահայտելու ամենալավ միջոցը փոխանուն սեռականն է՝ գոյականացումը, որին Ա. Պապայանը դիմում է, երբ առիթը գալիս է: Բերենք բնագրային օրինակներ.

Սիրանուշ. Չեմ կարող չցավել, երբ լավը փուլ է գալիս, և չեմ կարող չանել ամեն հնարավոր բան, որպեսզի այն պահպանվի (Խպ, 169):

Օրինակում լավ ածականը գործածվել է գոյականաբար՝ արտահայտելով նաև իր որոշյալը հանդիսացող գոյականի իմաստը՝ լավը, այսինքն՝ լավ ընտանիքը:

Խաթուն. Ազիզ ջան, երկուսը ես հարսանիքին կմորթեմ (ՄՀ, 59):

Բերված օրինակում երկու թվականը գործածվել է գոյականաբար՝ արտահայտելով նաև գոյականի իմաստ՝ երկուսը, այսինքն՝ երկու ոչխարը:

4. 3. ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Խոնարհման համակարգում ևս Ա. Պապայանի լեզուն մաքուր է և հարազատ հայոց լեզվի օրինաչափություններին: Նրա լեզվում բավականաչափ դրսևորում են գտել հայոց լեզվի խոնարհման համակարգի զուգահեռ ձևերից շատերը: Դրանք հատկապես երևում են բայի հրամայական եղանակում: Հայտնի է, որ ե խոնարհման ասել բայը անցյալ կատարյալ ժամանակաձևում և հրամայական եղանակում դառնում է ա խոնարհման, բայց Ա. Պապայանի պիեսներում մենք հանդիպում ենք ասաց, ասացեք ձևերից բացի նաև ասեք ձևին: Ասեք ձևը ավելի սեղմ ու կարճ է և բնորոշ է ժողովրդախոսակցական լեզվին: Բերենք բնագրային օրինակներ.

Պատվական. Չէ, ախպեր, հալալ է էդ աղջկան, խոսքը՝ գործ է, որ ասաց, կանի (ՄՀ, 8):

Վարդուհի. Ասացեք, Էդուարդ, դուք վստա՞հ եք, որ ես ձեզ սիրում եմ (ԱԱՇԵ, 369):

Գոհար. Հիմա դուք ինձ այն ասացեք, ի՞նչ եք որոշել անել (ՄՀ, 52):

Տիգրան. Կնոջս ասեք, թող իսկույն գա այստեղ (ՄՀ, 31):

Ա. Պապայանն իր պիեսներում հավասարապես գործածել է հրամայական եղանակի հոգնակի թվի և´ գրական, և´ խոսակցական ձևերը: Հայտնի է, որ «ե» խոնարհման պարզ բայերի հոգնակի հրամայականը կազմվում է անցյալի հիմքից և «եք» վերջավորությունից: Սակայն գործածական է նաև անորոշի հիմքից կազմությունը՝ սպասեք և սպասեցեք:

Բերենք բնագրային օրինակներ.

Վահան. Էդ բռավոն, սպասեք, հետո կասեք (ԱԱՇԵ, 3):

Վարդուհի. Սպասեցեք, ես չէի ուզենա այսպես հրաժեշտ տալ միմյանց (ԱԱՇԵ, 365):

Երբ խոսակցությունը կրում է պաշտոնական բնույթ, Ա. Պապայանը գործածել է սպասեցեք ձևը:

4. 4. ԲԱՅԻ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՁևԵՐԻ ԻՄԱՍՏԱՅԻՆ-ՈՃԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Բայի եղանակը կարևոր քերականական կարգ է: Այն արտահայտում է խոսողի վերաբերմունքը գործողության նկատմամբ: Խոսողը կարող է դիտել գործողությունը իբրև փաստ, որը և արտահայտվում է սահմանական եղանակով: Կարելի է դիտել գործողությունը իբրև հարկադրանք (հարկադրական եղանակ), իբրև ցանկություն (ըղձական եղանակ), իբրև ենթադրություն (ենթադրական եղանակ), իբրև հնարավոր՝ որևէ պայմանի առկայության դեպքում (պայմանական եղանակ):

Հրամայական եղանակն արտահայտում է հրաման: Բացի հրամայականից, այդ նպատակով գործածվում են ըղձական, պայմանական և հարկադրական եղանակները: Հրամայական եղանակով խոսողի կամքի արտահայտումը հիմնականում ձևավորվում է իբրև կարգադրություն, հրաման: Հարկադրական եղանակի ձևերը հրամանին, կարգադրությանն ավելացնում են նաև անհրաժեշտականության իմաստը:

Ի տարբերություն հրամայական և հարկադրական եղանակների՝ ըղձական և պայմանական եղանակների բայաձևերն ավելի մեղմ բնույթ ունեն: Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս որևէ գործողության կատարման իղձ, ցանկություն: Սակայն հաճախ դրանք կարող են արտահայտել նաև ոչ թե ըղձական, այլ հրամայական իմաստ՝ գործածվելով իբրև հոմանիշ հրամայական եղանակի բայաձևերի: Բերենք բնագրային օրինակներ.

Սողոմոն. Լսիր, չհամարձակվես հարսիս վրա բիծ գցես (ԽՊ, 182):

Պետրոս. Իսկ դու չհամարձակվես փեսայիս անունը սևացնել… (ԽՊ, 182):

Սողոմոն. Էլ չխոսես, տազ արա, պրծիր, հարսիս չդիպչես, թե չէ էն օրը կգցեմ քեզ, էն օրը (ԽՊ, 182):

Բերված օրնակների մեջ չհամարձակվես, չխոսես, չդիպչես բայաձևերը, չնայած ձևով ըղձական են, բայց արտահայտում են արգելական հրամայականի իմաստ: Ըղձական եղանակով նաև արտահայտվում է հորդոր:

Ցոլակ. Այստեղ պետք է լինեիր ու տեսնեիր, թե ինչպիսի հանդիսավորությամբ մեր տիկինը ինձ՝ բախտավորիս, ծանոթացրեց Ջանիկ ջանիկի հետ (ԽՊ, 169):

Սոֆիկ. Չէիք կարող ձեր եփած ճաշից մի աման բերեիք, ուտեր (ԳՄԱՍ, 525):

Լիլիկ. Եվ տեսնեիք երեկ ինչպես էր պարում մեր պապան (ԳՄԱՍ, 528):

Այս ձևերն արտահայտում են ոչ թե հրաման, կարգադրություն, այլ հորդոր:

Այժմ բերենք բնագրային օրինակներ՝ ցույց տալու համար պայմանական եղանակի բայաձևերի այն կիրառությունները, որնք հնչում են որպես կարգադրություն.

Մորոզով. Հիմնականը կատարել եք: Այն, ինչ անհրաժեշտ էր, հաղորդվեց ուր որ պետք էր, կներկայացվեք պարգևատրման: Իսկ հիմա բուժման (ՀՄՇ, 580):

Դավիթ. Դե կմնաս և վերջ (ՀՄՇ, 604):

Դավիթ. Ճիշտ է, թե ճիշտ չէ, բայց ինքնագլուխ գործելուդ համար պատիժդ կստանաս (ՀՄՇ, 621):

Գոհար. Հիմա ի՞նչ անենք: Ասենք՝ դու կամ Հակոբյանը կմնաք և նրանց հետ կմշակեք սոցմրցման պայմանագրի կետերը (ՄՀ, 70):

Պայմանական եղանակի բայաձևերն արտահայտում են նաև հորդոր:

Բերենք բնագրային օրինակներ.

Տարոն. Կուզենայի, եթե տանեն (ԳՄԱՍ, 528):

Ալիկ. Այլապես ես ինչպե՞ս այստեղ կհայտնվեի (ԳՄԱՍ, 565):

Ալիկ. Վաղուց կտանեի: Կինս կտրականապես դեմ է (ԳՄԱՍ, 565):

Այստեղ կուզենայի, կհայտնվեի, կտանեի բայերը ըստ իմաստի փոխարինում են ուզեցա, հայտնվեցի, տարա բայերին:

Բայի եղանակային ձևերի կիրառություններից է նաև պայմանական եղանակի ապառնիի գործածությունը սահմանական ներկայի փոխարեն, որը կը ճյուղի բարբառների և արևմտահայերենի ազդեցությունն է, և որի կիրառությունը նույնպես տեղ է գտել Ա. Պապայանի պիեսներում: Բերենք բնագրային օրինակներ.

Խաթուն. Թե կուզես իմանալ, իմ Շավարշիս միայն մինիստրի աղջիկն է արժան, բայց ես հին գլուխ ծնողների նման չեմ, որ տղիս սրտին դեմ գնամ… (ՄՀ, 57):

Կուզես իմանալ նշանակում է ուզում ես իմանալ:

Սիրանուշ. Թե կուզես հենց վաղն էլ ամուսնանամ (ԵՎ ,88):

Կուզես նշանակում է ուզում ես:

Նույն ձևերը կարող են արտահայտել նաև հարկադրական եղանակ:

Օրինակ՝

Սոֆիկ. Հիմա թոռներդ կկչկչան, կթռվռան շուրջդ, և մի քանի օր էլ չի անցնի, ոտքի կկանգնես (ԳՄԱՍ, 519):

Կկչկչան, կթռվռան, կկանգնես նշանակում են պիտի կչկչան, պիտի թռվռան, պիտի կանգնես:

4․5․ ԱՅԼ ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐԻ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ-ՈՃԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Ածականի հիմնական քերականական առանձնահատկությունը նրա համեմատության աստիճաններն են, ուստի ածականի յուրահատուկ կիրառությունները դրսևորվում են հիմնականում այդ աստիճանների գործածության դեպքում: Ա. Պապայանն իր պիեսներում օգտագործել է համեմատության աստիճանների արտահայտման տարբեր ձևեր: Քննարկենք այդ ձևերից յուրաքանչյուրն առանձին-առանձին: Գրքային է ավելի բառով կազմված բաղդատականը և համեմատելին դրվում է քան նախդիրով:

Գոհար. Մի՞թե ավելի անուշ, քան ձեր ամուսնու համբույրները (ՄՀ, 22):

Ժողովրդախոսակցական լեզվում ավելի բառը բաց է թողնվում, և համեմատելին դրվում է բացառական հոլովով: Օրինակ՝

Նազիկ. Ահա նա այս կողմն է գալիս, հիմա մենք կպարզենք՝ ձեզանից ով է լավը, ով՝ վատը (ՄՀ, 48):

Գրքային է նաև գերադրական – գույն-ով ձևը, որ գալիս է գրաբարից:

Սանասար. Կապիտալիստի տղային անգամ թույլ են տվել գալ մեզ մոտ սովորելու: Բարձրագույնի թոշակ, ձրի հանրակացարան (ԱՓ, 468):

Ավելի գործածական է ամենա – նախածանցով կազմությունը:

Հովհաննես. Դու էլ շրջանի ամենահայտնի կթվորուհին (ՄՀ, 57):

Ա. Պապայանը գերադրական աստիճանի ձևեր է կազմում նաև

Ա. Ածականի կրկնությամբ.

Վիկտորյա. Շմավոնսջահելներից ջահել է, փիղ է, փի՛ղ (ԻՎՄՏ,415):

Մասիս. Պարզից պարզ (ԵՎ, 96):

Սիմոն. Ինձ համար իմը լավից լավն է (ԱՓ, 480):

Բ. Դրակական աստիճանը գործածելով ամենից բառի հետ.

Լուսիկ. Իսկ ամենից շատ տատիս (ՀՄՇ, 578):

Գ. Դրական աստիճանի վրա իմաստն ուժեղացնող բառերի հավելմամբ.

Գրիգոր. Ընդհակառակը, չափազանց հետաքրքիր է (ԱԱՇԵ, 373):

Դ. Գեր բաղադրիչով, որը հատուկ էբարձր ոճին.

Լուսինյան. Հա՛, հա՛, հա՛, ճիշտն ասած գերհաճույք ստացա (ԵՎ, 101):

Ա. Պապայանն իր պիեսներում հավասարապես օգտագործել է ինձնից և ինձանից, քեզնից և քեզանից անձնական դերանունները:

Օնիկ. Ինչպես տեսնում եմ, ընկեր Վարդանուշ, դուք ինձնից նեղացաք (ԽՊ, 173):

Մարտիկյան. Հանկարծ ինձանից ոչ հեռու պայթեց արկը (ՀՄՇ, 579):

Սիրանուշ. Ուզում էի իմանալ այն, ինչ ձեզնից հնարավոր չէ իմանալ (ԽՊ, 197):

Մորոզով. Եթե նա ձեզանից շուտ տեղ հասավ, ապա այս հույժ կարևոր առաջադրանքը տապալված է (ՀՄՇ, 585):

Իր պիեսներում Ա. Պապայանն օգտագործել է ցուցական դերանունների թե´ գրական, թե´ ժողովրդական ձևերը: Ժողովրդական հերոսներին խոսեցնելիս նա կիրառել է ժողովրդական ձևերը: Բերենք բնագրային օրինակներ.

Գրական ձևերի օրինակներ.

Բագրատ. Այսքան կասեմ, յոթ տղա ունեմ, յոթին էլ նայել եմ ու հպարտ քայլել (ՍԻՉԱԵԱՔԷ, 301):

Բլբուլ. Տեսնում եմ, այստեղ ստորագրում են (ՀՀՆԾ, 243):

Հմայակ. Այսպիսի ծնունդ չէի տեսել (ՀՀՆԾ,236):

Նինա. Ես այդպես չեմ գտնում (ՀՀՆԾ,246):

Ժողովրդական ձևերի օրինակներ.

Նուբար. Էստեղ միայն հորդ խոսքն է անցնում (ԱԱՇԵ, 319):

Վահան. Նա էնտեղ թոշնեց, թառամեց, ես՝ էստեղ (ԱԱՇԵ, 312):

Շավարշ. Մինչև ե՞րբ ես էսպես հալ ու մաշ լինեմ (Մհ, 13):

Առօրյա խոսակցական ոճի ձև է ինչու՞ հարցական դերանվան ինչի՞ համանիշը՝ գործածված ժողովրդական հերոսների կողմից:

Նուբար. Ինչի՞, աշխարհ աղջիկ կտրա՞վ (ԱԱՇԵ, 319):

Բագրատ. Ինչպե՞ս թե ինչի, որպեսզի ցուցակի մեջ մտնի, բնակարան ստանա (ՍԻՉԱԵԱՔԷ, 299):

Վարշամ. Իսկ է՜ս անգամ ինչի՞ են հանել (ԱԱՇԵ, 376):

Վարշամ. Ասա ինչի՞, դու պաշտոն ես կորցնում, ես եղբայր եմ գտնում (ԱԱՇԵ, 377):

Դու անձնական դերանվան տրական հոլովի ձևը՝ քեզ-ը ցույց է տալիս վերաբերմունք և կարող է արտահայտել զարմանք, հիացմունք, հեգնանք, հանդիմանություն և չունի եզակի թվի երկրորդ դեմքի իմաստ: Երկրորդ դեմքի անձնական դերանվան քեզ հոլովաձևը ա՛յ կոչական բառի հետ միասին արտահայտում է զարմացական ձայնարկություն: Բերենք բնագրային օրինակներ.

Պատվական. Ա՜յ քեզ խայտառակություն (ՄՀ, 40):

Պատվական. Թյու՛, այ քեզ պատիժ (ՄՀ, 4):

Կարմեն. Այ քեզ անակնկալ (ՍԻՉԱԵԱՔ, 255):

Գոհար. Այ քեզ նորություն (ՄՀ, 11):

Տաճատ. Այ քեզ երջանկություն (ԵՎ, 123):

Սուրեն. Ուրեմն Գոհարն ասաց սո՞ւտ է.. Ա՜յ քեզ բան (ՄՀ, 46):

Սուրեն. Այ քեզ փորձանք: Ներեցեք, տիկին, ոչ մի կերպ ես այդ խնդրում ձեզ օժանդակել չեմ կարող (ՄՀ, 48):

Առօրյա-խոսակցական ոճում ցուցական դերանունների հետ օգտագործվում են նաև ստացական, ցուցական հոդեր, որոնք այնքան էլ ճիշտ ձևեր չեն արդի գրական հայերենի համար: Ա. Պապայանը դրանք հատկապես օգտագործել է ժողովրդական հերոսների խոսքում՝ համապատասխան ձևով ոճական երանգ հաղորդելու նրանց խոսքին: Բերենք բնագրային օրինակներ.

Մարգար. Նուբար, պատրաստվիր, էս երկու օրս գնում ենք խնամախոսության (ԱԱՇԵ, 337):

Մինաս. Բերեմ, հենց այս րոպեիս տասներկուսն էլ չորից բերեմ (ՀՀՆԾ,236):

Մինաս. Այս վայրկյանիս (ՀՀՆԾ, 236):

Այս օրինակներում տեղի է ունեցել ցուցական հոդի ավելադրություն (հավելում):

Հազվադեպ են ս ստացական հոդի ավելադրության դեպքերը:

Խաթուն. Թե կուզես իմանալ, իմ Շավարշիս միայն մինիստրի աղջիկն է արժան (ՄՀ, 57):

Ժամանակակից հայերենում որոշիչ հոդը դրվում է միայն ուղղական, տրական և հայցական հոլովների վրա, իսկ սեռականը, բացառականը, գործիականը և ներգոյականը որոշիչ հոդ չեն առնում: Սակայն Ա. Պապայանի պիեսներում մենք հանդիպում ենք նաև ներգոյական հոլովաձևերի հետ որոշիչ հոդի գործածության դեպքերի: Օրինակ՝

Մարգար. Ո՞ր դարումն ես ապրում (ԱԱՇԵ, 326):

ԳԼՈՒԽ 5 ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐ

5. 1. ՄԻԱԿԱԶՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Սույն ենթագլխի նպատակը միակազմ նախադասությունների ուսումնասիրությունն է Արամաշոտ Պապայանի պիեսներում։ Ներկայացվում են միակազմ նախադասությունների դրսևորման ձևերը Արամաշոտ Պապայանի պիեսներում։

Հայտնի է, որ միակազմ նախադասությունները միակենտրոն են, գլխավոր անդամներից որևէ մեկը բացակայում է՝ ենթական կամ ստորոգյալը կամ էլ երկուսը միասին: Համապատասխան հնչերանգի միջոցով տեղի է ունենում հաղորդակցումը:

«Միակազմ նախադասությունը բառ է կամ բառերի կապակցություն, որը հատուկ ստորոգման հնչերանգով բարձրանում է նախադասության մակարդակի և դառնում է խոսքի միավոր», – գրում է Պ. Պողոսյանը [15. էջ 351]:

Արամաշոտ Պապայանը վարպետորեն է օգտվել այդ կառուցվածքի նախադասությունների ոճական հնարավորություններից: Նրա պիեսների գրեթե բոլոր էջերում հանդիպում ենք մի քանի տասնյակ նմանատիպ նախադասությունների: Իր պիեսներում նա օգտագործել է համառոտ, ընդարձակ, պարզ և բարդ միակազմ նախադասություններ։

Բերենք բնագրային օրինակներ.

Ա. Համառոտ.

Հրապարակ (ՄՀ, էջ 3): Կրակոց (ՀՄՇ, էջ 605):

Բ. Ընդարձակ.

Ընդհանուր իրարանցում (ԳՄԱՍ, էջ 572):

Ընդհանուր ծիծաղ (ԽՊ, էջ 131):

Կենդանի պատկեր (ՀՀՆԾ, էջ 251):

Երեք կարճ զնգոց (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 264):

Գ. Պարզ միակազմ

Հյուրասենյակ ճաշակով կահավորված (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 307):

Դ. Բարդ միակազմ.

Դիմացը դեղնավուն տուֆից սյունազարդ, գեղեցիկ պատշգամբով առանձնատուն, աջ ու ձախ կողմերում աստիճաններ (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 275):

Բազմաթիվ են միակազմ նախադասությունների ոճական հնարավորությունները. դրանք խոսքը դարձնում են ավելի կարճ ու դիպուկ:

Այս կարգի ու կառուցվածքի նախադասությունները դրամատիկական ստեղծագործություններում հաճախ նպաստում են շրջապատի, իրավիճակի նկարագրությանը իբրև նախապատրաստություն, որը կոչվում է ռեմարկ:

Արամաշոտ Պապայանը չի գրում. «Բեմի վրա ներկայացված է Գուրգեն Բագրատյանի բնակարանը», այլ կարճ ասում է «Գուրգեն Բագրատյանի բնակարանը»: Կամ չի գրում. «Հանդիսատեսի առջև ներկայացված է ընդարձակ մի սենյակ, որտեղ աջ կողմում ննջարանն է, իսկ ձախ կողմում կա երկու դուռ», այլ կարճ ասում է. «Ընդարձակ սենյակ, դեպի աջ՝ ննջարան, դեպի ձախ՝ երկու դուռ»:

Արամաշոտ Պապայանը իր պիեսներում գործածել է գոյականով արտահայտված միակազմ նախադասություններ, որոնք խոսքը դարձնում են ավելի արտահայտիչ ու անմիջական: Այդպիսի նախադասությունների գործածությունն այն տպավորությունն է ստեղծում, որ կարծես ամեն ինչ կատարվում է աչքի առջև: Բերենք բնագրային օրինակներ.

Նույն բնակարանը (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 268):

Պետի ընդունարանը (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 296):

Առավոտ է (ԵՎ, էջ 114):

Երեկո է (ԵՎ, էջ 93):

Կեսօր է (ՄՀ, էջ 55):

Միակազմ նախադասությունների համակարգում ոճական բազմաթիվ կիրառություններով առանձնանում են կամային-հոգեկան վերաբերմունք արտահայտող անվանական նախադասությունները: Այդպիսի նախադասությունները ձևավորվում են խոսքային որոշակի իրավիճակներում և բնորոշ են խոսակցական լեզվին, քանի որ հոգեկան լարված, հուզված իրավիճակներում խոսողը անմիջապես չի կարող ձևավորել իր միտքը կանոնավոր կառուցվածքով, տրամաբանական կապակցությամբ, դրա համար էլ նախընտրում է տվյալ իրավիճակում միտքն արտահայտել հիմնական գերադաս բառով, համապատասխան դիմախաղով, ձայնային ելևէջներով և հնչերանգով: Բերենք մի բնագրային օրինակ.

Մարտիկյան. – (դժվարությամբ շնչելով) ջու՜ր… [ՀՄՇ, էջ 579]

Այս օրինակում «ջու՛ր…» արտահայտությունը ներկայացնում է տվյալ իրավիճակում տվյալ պահի իրադրությունը առանց երկարաբանության: Միակազմ նախադասությունների մի տարատեսակ էլ ընդհանրական միակազմ նախադասություններն են, որոնցով նույնպես հարուստ է Արամաշոտ Պապայանի պիեսների լեզուն: Այս նախադասություններում ստորոգյալներն արտահայտված են խոնարհված բայով, ունեն դեմք, թիվ, եղանակ, ժամանակ, բայց ենթական բացակայում է: Դատելով անվանումից՝ այսպիսի նախադասություններում խոսքը վերաբերում է ոչ թե մեկին, այլ ընդհանուրին: Այս տիպի նախադասություններով մեծ մասամբ արտահայտում են խորհուրդներ, խրատներ, առաջարկություններ:

Ընդհանրական միակազմ նախադասությունների ստորոգյալները մեծ մասամբ արտահայտվում են բայի հոգնակի թվի երկրորդ դեմքով: Բերենք բնագրային օրինակներ.

Տարոն. – Եթե աշխարհ եք գալիս, արև դարձեք, ջերմացրեք մարդուն: Այլապես, թող չծնվի նա, ով այս գեղեցիկ աշխարհը պիտի այլանդակի: Մա´րդ ծնվեք և մա´րդ մեռեք (ԳՄԱՍ, էջ 574):

Գուրգեն. – Ծնկեք, քծնեք, շողոքորթեք (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 316):

Իր պիեսներում Արամաշոտ Պապայանը գործածել է այնպիսի անվանական նախադասություններ, որոնցով կազմվում են նաև ողջույնի, մաղթանքի, անեծքի խոսքեր, որովհետև դրանք ստանում են հուզական մեծ լիցքավորում: Բերենք օրինակներ.

Արմեն. – Տարոսը ձեզ (ԵՎ, էջ 113)։

Անուշ. – Մեղա քեզ, տեր (ԵՎ, էջ 113):

Շավարշ. – Քո ազիզ արևը՝ կատակ չեմ անում (ՄՀ, էջ 64):

Ընդհանրական միակազմ նարադասությունների խմբին են պատկանում նաև «մարդ» գերադաս բառով կազմված նախադասությունները, որտեղ «մարդ» բառը ունի անորոշ, ձևական իմաստ։ Այդպիսի նախադասություններ նույնպես կան Արամաշոտ Պապայանի պիեսներում։

Տարոն. – Աշխարհը հավերժ, մարդն անցողական: Մարդ ծնվում ես, բայց միշտ չէ, որ մարդ ես մեռնում: Աշխարհը գեղեցկացնողն էլ, այլանդակողն էլ մարդն է (ԳՄԱՍ, էջ 543):

Միակազմ նախադասությունների մի տեսակն էլ բառ-նախադասություններն են, որոնք հիմնականում արտահայտվում են պատասխանական բառերով կամ վերաբերականներով և նպաստում են խոսքի սեղմությանն ու հակիրճությանը: Դրանք արտահայտում են հաստատում և ժխտում ու կարող են երկխոսությունների մեջ գործածվել ոչ միայն նախադասության անդամի կապակցության, այլև ցանկացած մտքերի կապակցությունների փոխարեն: «Այս իմաստով, – նշում է Պ. Պողոսյանը, – այո (հա) և ոչ (չէ) բառերը խոսքի մեջ ունեցած իրենց իրադրական բնույթով նման են դերանունների, քանի որ ամեն մի ցանկացած պահի նրանց մեջ կարող է դրվել ցանկացած ամեն մի իմաստ ու բովանդակություն: Հենց սրա մեջ է բառ-նախադասությունների ոճական արժեքը, բառեր, որոնց օգնությամբ խոսքը դարձնում ենք համառոտ, խուսափում ավելորդ կրկնություններից, խոսքին հաղորդում ենք կտրականություն, վճռականություն, դրանց միջոցով արտահայտում զանազան վերաբերմունքներ» [15, էջ 359]։

Արամաշոտ Պապայանի բոլոր պիեսներում նմանատիպ նախադասությունները բազմաթիվ են: Բերենք մի քանի օրինակներ.

Սուրեն. – Դուք առաջին անգա՞մն եք մեզ մոտ:

Նազիկ. – Առաջին:

Սուրեն. – Ձեզ դու՞ր է գալիս այստեղ:

Նազիկ. - Շատ (ՄՀ, էջ 25):

Պրոֆեսոր. – Հարսների՞դ:

Տարոն. – Այո (ԳՄԱՍ, էջ 528):

Այսպիսով, միակազմ նախադասությունները կարճում են խոսքը, և այն դարձնում սեղմ ու դիպուկ, ազատում են խոսքը ավելորդ երկարաբանությունից:

5. 2. ՀԱՎԵԼԱԿԱՆ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Հավելական շարահյուսական կապակցության դեպքում նախադասության անդամներն արտասանվում են առանձին-առանձին, ունեն ինքնուրույն ավարտուն հնչերանգ և դառնում են ինքնուրույն նախադասություն: Իբրև ոճական-արտահայտչական միջոց՝ այն տարածված է գեղարվեստական խոսքում: Հավելական շարահյուսական կապակցության դեպքում ամբողջ նախադասությունը կտրատվում է, բառերը, կապակցությունները, ստորադաս նախադասությունները դառնում են արտասանական ինքնուրույն միավորներ, գրավոր խոսքում անջատվում են վերջակետով:

«Հավելական կապակցությունը շարահյուսական այն միջոցն է, երբ հեղինակը մի միտք է արտահայտում, այն կարծես ավարտած է համարում, սակայն նրան հաջորդող բառով, բառակապակցությամբ կամ առանձին նախադասությամբ լրացուցիչ բացատրություն է տալիս իր նախորդ ասածի վերաբերյալ: Այս հավելական կապակցությունը նախորդի հետ կարող է կապակցվել ինչպես շարահարությամբ (առանց շաղկապների և հարաբերական բառերի), այնպես էլ զոդվածով (կապակցական բառերով)» [17, էջ 199]: Բերենք բնագրային օրինակներ Ա. Պապայանի պիեսներից:

Վռամ. Չխանգարեմ: Գնացի քաբաբխանա: Ով աշխատի, նա կուտի (ՍԻՉԱԵԱՔԷ, 280):

Սամսոն. Տղաս: Օֆդ նոր հասկցա: Կժպտա՞ս, հա (ԵՎ, 125):

Ջանիկ. Ոչ հոգուց է մաքուր, ոչ ձեռքից: Որ ասաց Զագոդզերնոյում է աշխատում, ճիշտ չէ (ԽՊ, 136):

Սաքո. Էլ ի՞նչ ես քեզ դես ու դեն գցում, բան է պատահել, ասա, իմանանք:

Ցոլակ. Որ ասեմ, ի՞նչ, զուր տեղը պիտի ալեկոծվեմ: Ավելի լավ է՝ դու վեր կաց՝ գնա, հանկարծ գնացքից չուշանաս (ԽՊ, 137):

Նշված երկխոսության մեջ որ ստորադասական շաղկապով կապված նախադասությունը ոչ թե պարզաբանում է գլխավոր նախադասության իմաստը, այլ այդ շաղկապով նոր նախադասություն է սկսվում, որը հավելական հարաբերություն է հաղորդում նախորդ նախադասությանը:

Օնիկ. Ինչպես տեսնում եմ, ընկեր Վարդանուշ, դուք ինձնից նեղացաք:

Վարդանուշ. Որ նեղանամ, ինչ օգուտ: Բնավորություն է, էլի (ԽՊ, 173):

5. 3. ՇԱՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Սույն ենթագլխի նպատակը շարադասության և նրա ոճական արժեքի ուսումնասիրությունն է Արամաշոտ Պապայանի պիեսներում։ Ներկայացվում են շարադասության դրսևորման ձևերը Արամաշոտ Պապայանի պիեսներում։

Շարադասությունը քերականական արտահայտման միջոցներից մեկն է: «Շարադասությունը, – գրում է Խ. Բադիկյանը, – բառական միավորների՝ յուրաքանչյուր լեզվի ներքին օրինաչափություններից բխող դասավորության ընդունված կարգն է նախադասություններում և բառակապակցություններում» [5, էջ 7]:

Հայերենի շարադասությունն ունի քերականական և ոճաիմաստային դրսևորումներ։ Այն բավականաչափ ճկուն է և ազատ՝ կապված հնչերանգի և տրամաբանական շեշտի հետ, որի շնորհիվ էլ նախադասությունները ստանում են ոճական բազմապիսի կիրառություններ: Շարադասության ճկունությունն ամենից առաջ աչքի է ընկնում նրանով, որ շարադասության փոփոխություններից նախադասությունները ստանում են ոճական-արտահայտչական տարբեր իմաստներ:

Սովորական ուղիղ շարադասությունը նախադասության այնպիսի կառուցվածքն է, երբ ենթական դրվում է ստորոգյալից առաջ, որոշիչը՝ որոշյալից, հատկացուցիչը՝ հատկացյալից, իսկ բացահայտիչը՝ բացահայտյալից հետո: Հայոց լեզվին ավելի բնորոշ է «ենթակա-ստորոգյալ-ուղիղ խնդիր» կառուցվածքը: Ենթակայի լրացումները դրվում են նրանից առաջ, ստորոգյալի լրացումների շարադասությունն ազատ է: Անուղղակի խնդիրների մեծ մասը ստորոգյալի նկատմամբ ետադաս կիրառություն ունի, իսկ պարագաների մեծամասնությունը նախադաս է:

Հարազատ մնալով հայերենի շարադասությանը՝ Ա. Պապայանը նաև բազմաթիվ շեղումներ է կատարում՝ դիմելով շրջադասությանը: Շրջադասությունը նախադասության կամ բառակապակցության անդամների շարադասության սովորական կարգի փոփոխությունն է, որի դեպքում նախադասության անդամների տեղերը փոխվում են, իրար հետ կապված բառերը հեռացվում, նախադասության մի անդանը իր սովորական տեղից շարժվում է մի այլ տեղ՝ սկզբից վերջը կամ ընդհակառակը: Շրջադասությունը կիրառվում է միտքն ընդգծելու, այս կամ այն բառի իմաստը շեշտելու նպատակով: «Շրջադասությունը, – գրում է Ֆ. Խլղաթյանը,-նախադասութան մեջ բառերի սովորական շարադասությունից տարբեր դասավորությունն է, որն ուժեղացնում է խոսքի արտահայտչականությունը» [10, էջ 200]:

Սովորական ուղիղ շարադասության դեպքում նախադասությունը հնչում է հասարակ, սովորական, իսկ շրջուն շարադասության դեպքում՝ «ավելի կենդանի ու երաժշտական», ինչպես նկատել է հայ անվանի լեզվաբան Մանուկ Աբեղյանը [1, էջ 532]:

Շարադասության մեջ մեջ մեծ դեր ունի նաև տրամաբանական շեշտը, որն ընդգծում է այն բառը, որն ուզում է շեշտել հեղինակը:

Ա. Պապայանը իր պիեսները մեծ մասամբ գրել է սովորական ուղիղ շարադասությամբ, բայց քիչ չեն նաև շրջուն շարադասության դեպքերը: Բերենք բնագրային օրինակներ.

Ա. Ենթակայի ետադասություն

Նազիկ. – Ձեր մեջ այնքան շուտ է բռնկվում սիրո բոցը, որ չեմ կարող չերկյուղել, թե մեր ամուսնության հենց երկրորդ օրը, մեկ ավելի հրապուրիչին հանդիպելիս, նորից չբոցավառվեք… (ՄՀ, էջ 34):

Բ. Որոշիչի ետադասություն, որը հիմնականում օգտագործել է թատերական ռեմարկներում.

Ներս է մտնում Տիգրանը՝ սակրավոր կապիտանի համազգեստով (ՄՀ, էջ 18):

Դիմացը՝ դեղին տուֆից առանձնատուն՝ լայն պատշգամբով (ԵՎ, էջ 71):

Գ. Ուղիղ խնդրի ետադասություն․

Բերենք օրինակ ռեմարկից.

Ներս է մտնում Կարմենը՝ ձեռքին նորաստեղծ մեքենայի մոդելը (ԱԻՉԱԵԱՔԷ, էջ 273):

Դ.Դերբայական դարձվածքի ետադասություն.

Բերենք օրինակ ռեմարկից.

Տարասը կարծես հոգեպես սպանված՝ տարված մռայլ մտքերով, նստած է կոճղի վրա (ՀՄՇ, էջ 593):

Ե. Հատկացուցչի ետադասություն, որ գալիս է գրաբարից: Բերենք բնագրային օրինակներ.

Տաճատ. – Գիտեմ՝ ի պատիվ Սիրանուշի, որ ավարտել է ինստիտուտը, հրավերք է (ԵՎ, էջ 74):

Լուսինյան. – Ի նշան մեր սիրո՝ նա իր որդուն անվանել է իմ անունով, իսկ ես իմ աղջկան տվեցի նրա քրոջ անունը՝ Սիրանուշ (ԵՎ, էջ 81):

Խոսքը ոճական յուրահատուկ նրբերանգ է ստանում, երբ բայական լրացումը գտնվում է օժանդակ բայի և դերբայի մեջև: Ա. Պապայանը դիմելով բայական ստորոգյալի այս կիրառությանը՝ ցանկացել է ընդգծել օժանդակ բայից առաջ դրված անդամը և տրամաբանական շեշտը դրել է հենց այդ անդամի վրա: Բերենք բնագրային օրինակներ.

Վիկտորյա. – Աղջիկս երեխա է, նրանք են խելքից հանել (ԱԱՇԷԵ, էջ 346):

Վարդուհի. – Դու ես ինձ ծանոթացրել նրա հետ (ԱԱՇԷԵ, էջ 349):

Առաջին նախադասության մեջ Ա. Պապայանը ցանկացել է շեշտել նրանք ենթական, այդ պատճառով էլ օժանդակ բայը դրել է նրանից հետո։ Երկրորդ նախադասության մեջ նա դարձյալ շեշտել է ենթական և տրամաբանական շեշտը դրել է դու-ի վրա

Շարադասության այս ճկունությունն ունեն նաև հարցական նախադասությունները, որոնց դեպքում օժանդակ բայը կամ հանգույցը դրվում է հարցական նշան պարունակող բառերից հետո: Օրիանկ.

Մարգար. – Ո՞րն է այս ստվերը (ԱԱՇԷԵ, էջ 323):

Հմայակ. – Ինչի՞ց ես ենթադրում, որ ծնունդ չէ (ՀՀՆԾ, էջ 239):

Սիրանուշ. – Եվ ո՞վ է դավադիրը (ԵՎ, էջ 87):

Ցոլակ. – Ինչպե՞ս եք համարձակվում (ԽՊ, էջ 170):

Այսպիսով, սույն ենթագլխում ներկայացվեցին հայերենի շարադասության դրսևորման ձևերը և նրանց ոճական արժեքը Արամաշոտ Պապայանի պիեսներում։

5. 4. ՀՆՉԵՐԱՆԳԻ ԵՎ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՀՆՉԵՐԱՆԳԱՅԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Շարահյուսական կապակցության կարևոր միջոցներից է հնչերանգը, որը հանդես է գալիս որպես նախադասության ընդհանուր մտքի, նախադասության ձևավորման, նախադասությունների և բառերի հարաբերությունների արտահայտման միջոցներից մեկը: Հնչերանգը նախադասության ամբողջ ելևէջումն է՝ ձայնի բարձրացումն ու իջեցումը, հարցն ու բացականչությունը, թուլացումն ու դադարը, շեշտերը և այլն: Հնչերանգը միմյանց է միացնում և միմյանցից բաժանում նախադասություն կազմող բառերը՝ ստեղծելով ինքնուրույն և ավարտուն կառույց: Հնչերանգը դառնում է նաև ստորոգման արտահայտման միջոց, եթե նախադասության մեջ բացակայում է դիմավոր բայը:

Հնչերանգի հետ սերտորեն առնչվում է տրամաբանական շեշտը, որը «փաստորեն նախադասության հնչերանգի ամենաբարձր տոնն է. Այն ունկնդրի ուշադրությունը բևեռում է խոսքի առանցքի՝ միջուկի, մտքի կենտրոնի վրա: Խոսքում հնչերանգն ու տրամաբանական շեշտը հանդես են գալիս միասնաբար, և ձևավորվում են թե՜ երկկազմ և թե՜ միակազմ նախադասություններ»[14, էջ 25]:

Նախադասության ամեն մի անդամ կարող է հանդես գալ որպես խոսքի առանցք, իր վրա կրել տրամաբանական շեշտ և արտասանվել ուժգնությամբ: Հնչերանգը դրվելով նախադասության տարբեր անդամների վրա՝ արտահայտում է հաստատում, ժխտում, հրաման, խնդրանք, հարցում, կարգադրություն, հեգնանք, արհամարհանք և այլն: Հնչերանգի միջոցով է որոշվում նաև նախադասությունների հնչերանգային բնույթը՝ պատմողական, հարցական, բացականչական և հրամայական:

5. 4. 1. ՀՆՉԵՐԱՆԳԸ ՊԱՏՄՈՂԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Պատմողական նախադասություններն արտահայտում են մտքի հաղորդում սովորական, չեզոք եղանակով, առանց որևէ հնչերանգի և ձևավորվում են սահմանական, պայմանական, երբեմն նաև ըղձական և հարկադրական եղանակների բայաձևերով: Պատմողական նախադասությունները կյանքի երևույթները, իրականությունը նկարագրելու, պատմելու, հաղորդելու սովորական ձև են, արտասանվում են չեզոք, համոզիչ առոգանությամբ և չեն պահանջում առոգանության որևէ նշան: Սակայն դա չի նշանակում, թե պատմողական նախադասությունն արտասանվում է առանց որևէ վերաբերմունքի: Միևնույն նախադասությունը կարելի է արտասանել և՛ զարմանքով, և՛ հացմունքով, և՛ սարսափով, և՛ արհամարհանքով:

Խոսքի հուզական այդպիսի երանգավորումը, սակայն, հատուկ է բանավոր խոսքին, իսկ գրավոր խոսքի մեջ պատմողական նախադասությունը ներկայանում է որպես չեզոք արձանագրում:

Պատմողական նախադասությունները կիրառվում են հատկապես պիեսներում, որոնց միջոցով պիեսի հեղինակը նկարագրում է բեմի կահավորանքը, գործող անձանց հագուստը, արտաքինը: Բերենք մի քանի բնագրային օրինակներ.

«Արմենն ու Գեղուհին սկսում են պարել: Նրանց միանում են մնացածները:

Բոլորը աղաղակով սկսում են պարել: Պարի եռուն պահին ճաշասենյակից դուրս է գալիս Անուշը և զարմացած նայում թվիստ պարող աղջիկների հետույքին ու շարժումներին» (ԵՎ, 113):

«Ճաշակով կահավորված սենյակ. Հակոբ Նշանիչը հայելու մոտ կանգնած փողկապն է կապում: Նինան, որ գտնվում է նրա կողքին, հարդարում է մազերը» (ՀՀՆԾ, 216):

«Սևանա լճի ափին: Խորքում նավակայան, ուր երևում է բեռնանավի ետևի մասը: Նավամատույցի վրա հակեր, դատարկ տակառներ և այլ բեռներ: Դեպի աջ՝ ջարդված պատուհանով տնակ: Մի փոքր այս կողմ՝ կախված են ուռկաններ: Առավոտ է: Հեռվում երևում է կղզին: Նավամատույցից իջնում են Տիգրանն ու Նազիկը» (ՄՀ, 32):

Ինչպես երևում է օրինակներից, հեղինակը սովորական, չեզոք ոճով, առանց որևէ հնչերանգի պատմում է սովորական իրողությունների մասին:

5. 4. 2. ՀՆՉԵՐԱՆԳԸ ՀԱՐՑԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հարցական նախադասությունները ցույց են տալիս որևէ հարցում որևէ առարկայի, երևույթի, եղելության մասին և արտահայտվում են բայի բոլոր եղանակներով, բացի հրամայականից:

Հարցական նախադասության մեջ հարցում արտահայտող բառի վրա դրվում է հարցական նշան. այդ բառն արտասանվում է հատուկ հարցական առոգանությամբ: Հարցական նախադասության բնորոշ հատկանիշը հարցական հնչերանգն է: Նախադասության մեջ հարցումն ընկնում է այն բառի վրա, որը կրում է տրամաբանական շեշտ: Այդ պատճառով հարցման հնչերանգի տեղը կարող է փոխվել՝ կապված նախադասության տրամաբանական շեշտի տեղափոխության հետ:

Հարցական նախադասությունները նույնպես լայնորեն կիրառվում են պիեսներում, որտեղ դերակատարներն իրար հետ ավելի հաճախ հաղորդակցվում են հարց ու պատասխանի միջոցով: Հնչերանգն օգտագործվում է արտահայտելու համար զարմանք, հեգնանք, երկընտրանք, խորհուրդ, խնդրանք, հարկադրանք և այլն:

Ա. Պապայանի պիեսներում բավականին շատ են հարցական նախադասություննեը: Բերենք մի քանի բնագրային օրինակներ.

Հակոբ. Ո՞ւր ես, Մինաս Անուշիչ, մեռանք սպասելով:

Մինաս. Ի՞նչ իմանայի պետիս ծնունդն է, ցավդ տանեմ:

Հակոբ. Ձեր տիկի՞նն է: Ծանոթանանք (ՀՀՆԾ, 226):

Հարցական նախադասություններն օգտագործվում են իրենց բոլոր տարատեսակներով՝ հավաստիական, հորդորական, ճարտասանական:

Հատկապես առանձնանում են ճարտասանական հարցական նախադասությունները, որոնք հաճախ են հանդիպում հերոսների մենախոսություններում, քանի որ դրանք լավագույն միջոց են ներքին մտատանջություններն ու հոգեկան խռովքն արտահայտելու համար: Բերենք բնագրային օրինակներ.

Ցոլակ. Այս ի՞նչ ծրար է: Ի՞նչ…Ի՞նչպես թե Ջանիկ…Ինչպե՞ս թե «երազանք իմ չքնաղ»…Ո՞վ է գրել (ԽՊ, 144-145):

Շավարշ. Հիմա ի՞չ անեմ..գուցե ուրիշի է սիրում: Բայց ո՞ւմ…Ո՞վ է այդ երջանիկը…Տիգրանը սպանվել է, էլ չկա…Էլ ո՞վ կա, որ ես չգիտեմ (ՄՀ, 13):

Ցոլակ. Ջանի՞կ…ո՞վ է այդ ողբացյալ Ջանիկ կոչեցյալը (ԽՊ, 144): .

Խոսքին հնչերանգի միջոցով իմաստային նոր երանգներ են հաղորդվում նաև ճարտասանական բացականչության միջոցով:

Ա. Պապայանն իր հերոսների խոսքի հուզականությունն ուժեղացնելու համար կիրառում է նաև կրկնություն: Կրկնության ոճական արժանիքն այն է, որ նրա շնորհիվ խոսքին զանազան իմաստային նրբերանգներ է հաղորդվում, և ուժեղանում է բառի արտահայտած իմաստը: Բերենք բնագրային օրինակներ.

Սաքո. Ի՞նչ, ի՞չ ես ասել… (ԽՊ, 142):

Մանուշակ. Ի՞նչ…Ի՞նչ գործ ունեմ ձեր տանը (ԱԱՇԷԵ, 330):

Ո՞ւր հարցական դերանունով արտահայտված բառ-նախադասությունները հաճախ գործածվում են իբրև արգելական: Բերենք բնագրային օրինակ.

Անուշ. Ո՞ւր, սպասիր (ԵՎ, 74):

5. 4. 3. ՀՆՉԵՐԱՆԳԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ա. Պապայանի ստեղծագործություններում ոչ պատմողական նախադասությունների մեջ բավական մեծ թիվ են կազմում հրամայական նախադասությունները: «Հրամայական նախադասություններն արտահայտում են խոսողի կամքը՝ հրաման, հորդոր, թելադրանք, պահանջ և ձևավորվում են հրամայական հնչերանգով, ուր հրաման արտահայտող բառն իր վրա է կրում նախադասության տրամաբանական շեշտը» [7, էջ 330], – գրում է Լ. Եզեկյանը: Հրամայական նախադասության մեջ շեշտը դրվում է հրամայական բառի վրա, բայց կարող է փոխանցվել նաև լրացումներից մեկի վրա, նայած թե ինչն է հարկավոր ընդգծել: Բերենք բնագրային օրինակներ.

Գոհար. Դե, Պատվական, դու էլ մտածիր, թե ինչո՞վ հյուրասիրես հյուրերիդ (ՄՀ, 11):

Գոհար. Գնա, հագնվիր, դու էլ ես քարավանի հետ գնում քաղաք (ՄՀ, 12):

Շավարշ. Արի՜, արի՜, մեր ջան, տես ո՞վ է եկել (ՄՀ, 70):

Տարոն. Մա՜րդ ծնվեք և մա՜րդ մեռեք (ԳՄԱՍ, 574):

Սանասար. Լռիր, չխոսե՜ս, քո դարն անցավ (ԱՓ, 471):

Ա. Պապայանը հրամայական նախադասություններ կազմելու համար հրամայական եղանակից բացի օգտագործում է այլ եղանակի բայեր: Բերենք բնագրային օրինակներ.

Գոհար. Որ փնտրենք՝ կգտնենք (ՄՀ, 7):

Գոհար. Որ փնտրենք՝ ջուր էլ կգտնենք (ՄՀ, 7):

Գոհար. Լիճը չէ, բայց ջրվեժը կտեղափոխենք (ՄՀ, 8):

Գոհար. Դե ուրեմն կդիմավորենք նրանց և հետո ճանապարհ կընկնենք (ՄՀ, 11):

Ա. Պապայանը հրամայական նախադասություններ է կազմում՝ օգտագործելով.

1. Անորոշ դերբայ.

Տիգրան. Լռե՜լ, անամոթ… (ՄՀ, 29):

2. Ածականներ.

Դավիթ. Իսկ այժմ զգաստ (ՀՄՇ, 594):

Դավիթ. Ազա՜տ (ՀՄՇ, 594):

Հրամայական եղանակի ժխտական ձևերը կազմվում են չ ժխտական մասնիկի օգնությամբ, որ դրվում է բայի խոնարհված ձևի վրա: Բերենք բնագրային օրինակներ.

Թաթոս. Չհամարձակվե՜ս (ՀՄՇ, 607):

Գրապ. Եթե չվերցնես, չի կորչի (ԽՊ, 128):

Հրամայական նախադասությունները կազմվում են նաև մի՜ մասնիկով, որը մի դեպքում կարող է արտահայտել արգելականի իմաստ, իսկ մեկ այլ դեպքում այն կարող է ունենալ մեղմական իմաստ և արտահայտել ցանկություն, խնդրանք:

Բերենք բնագրային օրինակներ, որոնք ունեն արգելականի իմաստ.

Օնիկ. Եվ առհասարակ, իմ խորհուրդը ձեզ՝ երբեք հանձն մի առեք այդպիսի տհաճ պարտականություններ (ԽՊ, 128):

Ցոլակ. Այո, այո, աչքերդ մի փայլեցրու (ԽՊ, 142):

Իսկ այժմ բերենք բնագրային օրինակներ, որոնք ունեն մեղմական իմաստ.

Սաքո. Լավ, մի ասա տեսնեմ, ի՞նչ է պատահել (ԽՊ, 137):

Եթե հրամայական նախադասությունը կազմվում է ոչ թե բայի հրամայական եղանակով, այլ հրաման արտահայտող մի ուրիշ բառով, այդ դեպքում օգտագործվում է ոչ մի արգելական մասնիկը: Բերենք բնագրային օրնակներ.

Սուրեն. Եվ ո՜չ մի բառ (ՄՀ, 53):

Սաքո. Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա, մինչև չիմանամ բանն ինչումն է (ԽՊ, 138):

5. 4. 4. ՀՆՉԵՐԱՆԳԸ ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Բացականչական նախադասությունները սովորաբար հուզական, զգացմունքային երանգ ունեն, ցույց են տալիս ցանկություն, կոչ, հրաման, և բնորոշվում են բացականչական հնչերանգով:

Բացականչական նախադասություններն արտահայտում են հիացմունք, ողջույն, ցանկություն, բարեմաղթանք, ափսոսանք, հանդիմանություն, զարմանք և այլն:

Բացականչական նախադասություններով նույնպես հարուստ են Ա. Պապայանի պիեսները: Բերենք մի քանի բնագրային օրինակ.

Պատվական. Ափսո՛ս, որ Տիգրանը սպանվեց, պետք է կենդանի լիներ, որպեսզի տեսներ իր ագրոնոմ հարսնացուն ինչ հրաշքներ է գործում (ՄՀ, 9):

Խաթուն. Վա՛յ, ազիզ ջան, ինչեր ես ասում: Մի տես թե ի՛նչ հարսանիք եմ սարքելու (ՄՀ, 10):

Նշված կարգի բացականչական նախադասություններում ստորոգումը հիմնականում արտահայտվում է ըղձական եղանակիբայաձևերով, ինչպես նաև բայի մյուս եղանակներով՝ համապատասխան հնչերանգի միջոցով:

Բացականչական նախադասության մեջ զգացմունքով, հույզով արտասանվող բառի վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ:

Ոճական-արտահայտչական արժեք ունի բացականչական հնչերանգը: Հաճախ բացականչումով են արտասանվում գոյականը, բայը, դերանունը, ածականը, որոնք արտահայտում են առարկաների կամ հատկանիշի սաստկություն, շատություն, գործողության տևականություն, շարունակականություն: Բերենք բնագրային օրինակներ.

Խաթուն. Հա՛, հա՜, հասիցս գանգատ չունեմ: Ե՜վ խելոք է, և՜ հարուստ…հինգ հարյուր աշխօ՛ր… (ՄՀ, 10):

Սաքո. Աշխա՛րհ, աշխա՛րհ…(ԽՊ, 151):

Տաճատ. Ծնվե՛ց, ծնվե՛ց…Վրջապես ես էլ հոր կոչում ստացա (ԵՎ, 122):

Գրապ. Ո՞վ, Ջանի՞կը: Շա՛տ…Հենց քիչ առաջ այստեղ էր (ԽՊ, 171):

Բացականչական նախադասությունները ձևավորվում են նաև ձայնարկություններով, հարցա-հարաբերական դերանուններով: Բերենք բնագրային օրինակներ.

Տաճատ. Վա՛յ, չեմ կարող (ԵՎ, 122):

Նազիկ. Օ՛, ոչ, շուտով ինքներդ կհամոզվեք դրանում (ՄՀ, 22):

Շմավոն. Պահո՛…Ի՞նչ ենք անելու (ԱԱՇԷԵ, 350):

Ցոլակ. ...Երանի ինձ…ջա՛ն, կնիկ ջան, կեցցե՛ս, զորանաս (ԽՊ, 145):

5. 5. ԿՈՉԱԿԱՆԸ և ՆՐԱ ՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ

Սույն ենթագլխում քննվում է կոչականի ոճական արժեքը Արամաշոտ Պապայանի պիեսներում։

Ի տարբերություն արձակ և չափածո ստեղծագործությունների, որտեղ կոչականները հազվադեպ կիրառություն ունեն, պիեսներում դրանք մեծ գործածություն ունեն, քանի որ գործող անձինք իրար հետ հաղորդակցվում են երկխոսությունների միջոցով, իսկ կոչականը երկխոսության գլխավոր անդամն է: Կոչականները նախադասության անդամ չեն և ցույց են տալիս, թե ո՛ւմ է ուղղված խոսքը, ո՛ւմ է դիմում խոսողը:

Հայերենի ակադեմիական քերականության մեջ նշվում է, որ նախադասության կազմի մեջ չեն մտնում, հետևաբար և նախադասության անդամ չեն կոչականները, որոնք ցույց են տալիս , թե ո՛ւմ է ուղղված խոսքը [2, էջ 294]:

Այս տեսակետը պատճառաբանվում է նրանով, որ կոչականը քերականորեն կապված չէ նախադասության ոչ մի անդամի հետ և նախադասության կազմից դուրս է մնում:

Կոչականը նախադասության անդամ չի համարում նաև հայ անվանի լեզվաբան Մանուկ Աբեղյանը: Այդ մասին նա գրում է. «Կոչական անունը, երբ բայը երկրորդ դեմքով է, բացահայտիչ է ենթակայի, արտահայտված լինի ենթական դերանունով, թե ոչ» [1, էջ 410]:

Եվ դա իսկապես այդպես է, քանի որ կոչականը հիմնականում ունի երկրորդ դեմք: Նախադասության ենթական նույնպես երկրորդ դեմքի է, և կոչականը հանդես է գալիս որպես նրա բացահայտիչ, որպես գոյականով արտահայտված անուն և թվով համաձայնում է նրան, իսկ նրա միջոցով նաև ստորոգյալին: Նախադասության ենթական կարող է նաև դերանվամբ արտահայտված չլինել, բայց դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ ենթակայի գաղափարը ստորոգյալի մեջ արդեն արտահայտված է:

Հայերենում կոչականներն ունեն ազատ շարադասություն և կարող են լինել նախադաս, միջադաս և նույնիսկ վերջադաս: Բերենք բնագրային օրինակներ.

Հակոբ. – Նինա, ես ինչ-որ չեմ հիշում. Ե՞րբ է իմ ծննդյան օրը (ՀՀՆԾ, էջ 248):

Սողոմոն. – Հանգիստ, Շուշո ջան, հանգիստ, քանի Սողոմոնը կենդանի է, դու էդ խայտառակությունը չես տեսնի (ԽՊ, էջ 179):

Պոետ. – Ո՞ւր եմ ես եկել, Մարգո (ՀՀՆԾ, էջ 248):

Սակայն կոչականի՝ նախադաս, միջադաս կամ վերջադաս լինելու դեպքում հնչերանգային և ներգործուն ազդեցությունը նույնը չէ: Ավելի բարձր հնչերանգ և ներգործուն ուժ ունեն նախադասության սկզբում դրված կոչականները: Նախադասության սկզբում դրվող կոչականները ուժեղ շեշետված լինելու պատճառով համեմատաբար ավելի են անջատելի, նրանց և մյուս բառերի միջև եղած դադարը ավելի մեծ է լինում:

Հայերենում հաճախ կոչականները դրվում են անձնական դերանվան եզակի կամ հոգնակի թվի երկրորդ դեմքից հետո, երբեմն էլ առաջ՝ բացահայտելով այդ դերանունների իմաստը:

Կոչականը նախադասության սկզբում է դրվում, երբ դրա միջոցով խոսողն արտահայտում է հանդիմանություն, զայրույթ, սպառնալիք, մտերմություն, խնդրանք և այլն: Բերենք բնագրային օրինակներ.

Օհան. – Ընկեր Մարգար, դուք անուն հանած, անվանի, վաստակավոր շինարարար, շքանշանակիր մարդ եք (ԱԱՇԷԵ, էջ 322):

Հակոբ. - Եվ դուք, քեռորդիներ, խնդրում եմ մասնակցել մեր քեֆին (ՀՀՆԾ, էջ 244):

Ինչպես իրավացիորեն նկատում է հայ լեզվաբան Վարագ Առաքելյանը, այսպիսի կոչականները սովորաբար սկսվում են որևէ ձայնարկությամբ, որն ավելի է սրում խոսքի հուզաարտահայտչական երանգը [3, էջ 428]:

Բերենք բնագրային օրինակներ.

Վահրամ. – Վայ, տիկին Ժորժետա, արևս մեռնի, եթե մի կես սանտիմ էլ կա (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 261):

Նարգիզ. – Ա՛, Վռամ Վռամիչ, համեցեք (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 254):

Բլբուլ. – Է, Սոխակ քեռի…Էսքան հե՞շտ… (ՀՀՆԾ, էջ 201):

Պատվական. – Վա՛յ, Սուրեն ջան, շնորհակալ եմ, բայց խնդրում եմ այս պատմության մասին ոչ ոքի ոչ մի խոսք (ՄՀ, էջ 5):

Երբ կոչականը կորցնում է գործնական նշանակությունը, այդ դեպքում այն շարադասվում է նախադասության սկզբում կամ վերջում: Բերենք բնագրային օրինակներ, երբ կոչականը նախադասության մեջտեղում է.

Սողոմոն. – Ես պատճառ լինել չեմ ուզում, հարս ջան, թե կարող ես, ներիր այդ խանդից պատուհասին…(ԽՊ, էջ 190):

Մեսրոպ. – Խորհուրդ եմ տալիս, Կարմեն, պատվիրիր թաղման քայլերգ և ձայնագրիր քո մագնիտոֆոնի վրա (ՀՀՆԾ, էջ 251):

Մինաս. – Մտրակեք մեզ, Հակոբ Նշանիչ, կացնեք, միայն ոչ մինչև վերջ (ՀՀՆԾ, էջ 248):

Բերենք բնագրային օրինակներ, երբ կոչականը նախադասության վերջում է.

Հակոբ. – Բոլորովին գլուխդ մի կախիր, Սեդա… (ՀՀՆԾ, էջ 247):

Կարմեն. – Վայ գլուխդ չմեռնի, Մըկտրիճ (ՀՀՆԾ, էջ 240):

Սողոմոն. – Նստիր, նստիր, Շուշո ջան (ԽՊ, էջ 178):

Ողջույնի, հրաժեշտի, բարեմաղթությունների դեպքում կոչականները սովորաբար նախադասության վերջում են դրվում, իսկ երբեմն էլ՝ մեջտեղում: Բերենք բնագրային օրինակներ.

Մինաս. Վայ, ցավդ տանեմ, Հակոբ Նշանիչ, հազար առողջություն քեզ (ՀՀՆԾ, էջ 235):

Մեսրոպ. Բարև, Թագուն մայրիկ:

Թագուհի. Բարև արևիդ, Մեսրոպ ջան (ՀՀՆԾ, էջ 192):

Ոճական առանձին արժեք ունեն կոչական անվանական նախադասությունները, որոնք գործածական են երկխոսությունների ժամանակ, երբ դիմացինը հոգեպես լարված և հուզված լսում է խոսակցին, բայց չի կարող նրան լիարժեք պատասխան տալ և վերաբերմունքն արտահայտում է մեկ բառով՝ իբրև հանդիմանություն, զարմանք, զզվանք, հիացմունք և այլն: Որպես բնագրային օրինակ բերենք հետևյալ երկխոսությունը «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» պիեսից.

Մինաս. Մարգուշա, բարև:

Մարգո. (տպելով): Անտաշ:

Մինաս (կանգ է առնում): Ի՞նչ:

Մարգո. Կոպիտ:

Մինաս. (զարմացած): Չհասկացա:

Մարգո. Բռի (ՀՀՆԾ, էջ 198):

Այսպիսով, Ա. Պապայանը իր պիեսներում կիրառել է տարբեր բնույթի կոչականներ, որոնք ունեն ոճական մեծ արժեք և տարբեր տիպի հնչերանգներ:

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

1. ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԱՇԷԵ – Աշխարհն, այո, շուռ է եկել:

ԱՄ – Ապրիլի մեկը:

ԱՓ – Արտասահմանյան փեսացու:

Բ – Բախտավորյաններ:

ԳՄԱՍ – Գնա մեռի, արի սիրեմ:

ԵՎ – Երևանյան վարդեր:

ԻՎՄՏ – Իրարանցում վարպետ Մարգարի տանը:

ԽՊ – Խանդից պատուհաս:

ԿՀ – Կենդանի հանգուցյալ:

ՀՀՆԾ – Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին:

ՀՄՇ – Հարսանիք մահվան շեմին:

Մ – Մանրուք:

ՄՀ – Մեծ հարսանիք:

ՍԻՉԱԵԱՔԷ– Սատանան ինչեր չի անի, եթե աստված քնած է:

ՍԹ- Սիրտը թակարդում:

2. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՑԱՆԿ

1.Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, «Միտք» հրատարակչություն, Երևան, 1965, 699 էջ։

2. Աբրահամյան Ս. Գ․,Պառնասյան Ն. Ա․, Օհանյան Հ. Ա․, Բադիկյան Խ. Գ․, Ժամանակակից հայոց լեզու, հ. 3, Շարահյուսություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1976, 856 էջ։

3.Առաքելյան Վ.Դ․, Հայերենի շարահյուսություն, հ. Բ, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1964, 468 էջ։

4.Ավետիսյան Յու. Ս., Արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քննություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007 թ., 288 էջ։

5.Բադիկյան Խ. Ժամանակակից հայերենի պարզ նախադասության շարադասությունը, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1976, 200 էջ։

6.Գարուն ամսագիր, համար 1, 1983, էջ 83:

7.Եզեկյան Լ.Կ․, Հայոց լեզու, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 2005, 398 էջ։

8. Եզեկյան Լ., Ոճագիտության ուղեցույց, Երևան, 2007։

9. Եզեկյան Լ., Ոճագիտություն, Երևան, 2003։

10.Խլղաթյան Ֆ․, Ոճաբանական բառարան, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2000, 188 էջ։

11.Խլղաթյան Ֆ., Ոճաբանական տերմինների բառարան-տեղեկատու, Երևան, 1986։

12. Մարության Ա., Հայոց լեզվի ոճաբանություն, Երևան, 2000։

13.Մելքոնյան Ս. Ակնարկներ հայոց լեզվի ոճագիտության, Երևան, «Լույս» հրատարակչություն, 1985, 248 էջ։

14. Պապոյան Արտ․, Խ․ Բադիկյան, Խ․, Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն, Երևան, 2003, 462 էջ։

15.Պողոսյան Պ․ Մ․, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքները, Խոսքի տեսություն, գիրք 1, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1990, 424 էջ։

16. Ջրբաշյան Էդ., Գրակնության տեսություն, Երևան, 1973:

17.Սարգսյան Ն., Հավելական կապակցւթյունները ժամանակակից հայերենում, Լեզվի և ոճի հարցեր, հատոր 6, Երևան, 1982:

18.Սուքիասյան Ա. Մ. Ժամանակակից հայոց լեզու, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1989, 400 էջ։

Age restriction:
18+
Release date on Litres:
27 December 2024
Writing date:
2024
Volume:
70 p. 1 illustration
Copyright Holder::
Автор
Download format:

Similar books