Read the book: «Պաղտասար աղբար»
ԱՆՁԻՆՔ
ՊԱՂՏԱՍԱՐ ԱՂԲԱՐ – Անույշի էրիկն
ԱՆՈՒՅՇ – Պաղտասարի կինը
ԿԻՊԱՐ – Անույշի սիրականը
ՕԳՍԵՆ – Փաստաբան
ՓԱՅԼԱԿ -
ԵՐԿԱԹ – } Դատաստանական խորհրդի անդամք
ՍՈՒՐ -
ԹԱԳՈՒՀԻ -
ՄԱՐԹԱ – } Պաղտասարի դրացիները
ՍՈՂՈՄԵ – Պաղտասարի սպասուհին
Տեսարանն է Պաղտասար աղբարի տունը
ԱՐԱՐՔ ԱՌԱՋԻՆ
(Թատրոնը կներկայե ընդարձակ և ճոխ կարասիներով զարդարված սրահ մը, աջ և ահյակ երկ-երկու սենյակ, պարտեզի և փողոցի վրա պատուհաններ, միջին դուռ մը):
ՏԵՍԻԼ Ա
ԱՆՈՒՅՇ – (Փողոցին վրա պատուհանին առջև նստած թաշկինակ ի ձեռին):
Կիպար, հետո ՍՈՂՈՄԵ
ԿԻՊԱՐ – Տիկին, գործելու ժամ է և ոչ լալու, սրբե արտասուքդ և վայրկյան մը ինձի մտիկ ըրե:
ԱՆՈՒՅՇ – (Աչքերը սրբելով) Կխոստանա՞ս ուրեմն պաշտպանել զիս:
ԿԻՊԱՐ – Վատությանց ամենեն սոսկալին գործած կըլլայի, եթե վայրկյան մը իսկ մտաբերեի լքանել, թողուլ զքեզ, զոր տասն տարիներե հետե պաշտած եմ և որուն երկիր պիտի պագնեմ հավիտյան: Հանդարտ եղիր, ամեն վարպետություն պիտի բանեցնեմ ի դերև հանելու համառ ամուսնույդ բոլոր հնարքներն և պիտի ստիպեմ զինքն հուսահատելու և նույնիսկ քեզմե ներումն խնդրելու:
ԱՆՈՒՅՇ – Դյուրավ հուսահատողներեն չէ, մանավանդ թե սովորականեն ավելի համառ ըլլալով` բոլոր ճիգը պիտի թափե զիս վատահամբավելու համար… Ահ, սիրելիդ իմ Կիպար, ինձ ամենեն ավելի ցավ պատճառողն անբարոյականության հանցանոք ամբաստանված Դատաստանական Խորհրդո ներկայանալու փափուկ կետն է և…
ԿԻՊԱՐ – Անբարոյականության նշույլն անգամ չեմ նշմարեր ես. Աստված մի արասցե, որբոց իրավո՞ւնքն հափշտակած ես, այլոց ժառանգությո՞ւնն կորզած ես, գողությո՞ւն ըրած ես, մա՞րդ սպաննած ես… բնավ երբեք, քավ լիցի… այլ պարզապես էրիկդ չես սիրեր և անոր տեղ զիս կսիրես, այս չէ՞ բոլոր թերությունդ, եթե երբեք կրնա թերություն համարվիլ այսպիսի վարմունք մը:
ԱՆՈՒՅՇ – Այո, զքեզ, զքեզ միայն սիրած եմ…
ԿԻՊԱՐ – Եվ ինչպես կրնայիր սիրել Պաղտասար աղբարի պես տգեղ, տգետ, տձև և տմարդի մը, որու հետ ամեն բանի մեջ հակապատկեր մը կներկայացնես. տրամաբանության դեմ, հասարակաց կարծյաց դեմ, ճաշակի դեմ, զգացմանց դեմ, բնության դեմ սոսկալի անիրավություն մը գործած կըլլայիր, եթե ինքզինքդ Պաղտասար աղբարի համար ծնած կարծեիր… ոչ, ոչ, տիկին, այդ կապուտակ աչքերն, որ քանի նային կնվաղին, այլ չեն մարիր երբեք, չեն ստեղծված ի վայելս և ի պետս Պաղտասար աղբարի պես կոշտ մարդու մը: Բնությունն ինձ սահմանած է զքեզ, իսկ դիպվածը Պաղտասար աղբարին տված է զքեզ… Պաղտասարն հափշտակիչ մը է այսօր, ավազակ մը է, որ հափշտակած է զքեզ, որ իմս ես… կախաղանի արժանի է Պաղտասարն, որ իր զգացմանց համապատասխա – նող, յուր վիճակին հարմար կին մը առնելու տեղ, հանդգնած է հափշտակել զքեզ, որ բարձր դասու ընկերությանց մեջ գոհարի պես փայլելու կոչված էիր…
ԱՆՈՒՅՇ – Ոհ… սիրտ առի քիչ մը քու խոսքերուդ վրա, սիրելիդ իմ Կիպար:
ԿԻՊԱՐ – Հանդարտեցուր ուրեմն խղճմտանքդ, դուն անմեղ ես և քու դատդ սուրբ է, քաջալերվե, հրահանգացս համաձայն շարժե ու մի վախնար, այնպիսի խաղեր պիտի խաղամ անոր, որ զղջա ըրածին վրա:
ԱՆՈՒՅՇ – Այո, խայտառակենք զինքն:
ԿԻՊԱՐ – Թող աշխարհիս բոլոր փաստաբաններեն խորհուրդ հարցնե, ոչինչ պիտի կրնա ապացուցանել, յուր բոլոր փաստն սա է, թե իրեն անծանոթ տուն մը ձեր դուրս ելնելն տեսած է, և այս փաստը շատ անզոր է կին մը արձակելու համար… խնդիրը շատ փափուկ է:
ԱՆՈՒՅՇ – Թեև զքեզ սիրելով ինձի դեմ ապստամբող զգացմանցս միայն հպատակած եմ, թեև ես ալ գիտեմ թե անհնար է սրտի հոսանաց դիմադրել, թեև համոզված եմ թե անմեղ եմ այս գործին մեջ, բայց դարձյալ կուզեմ, որ ամեն մարդ կարծե, թե բնավ սիրած չեմ զքեզ և թե միշտ հավատարիմ գտնված եմ ամուսնույս:
ԿԻՊԱՐ – Անշուշտ… պիտի աշխատինք, որ իբրև զրպարտիչ դատապարտվի:
ԱՆՈՒՅՇ – Իսկ եթե չհաջողի՞նք…
ԿԻՊԱՐ – Անպատճառ պիտի հաջողինք, բավական է, որ հրահանգացս համաձայն վարվիս:
ԱՆՈՒՅՇ – Կխոստանամ:
ԿԻՊԱՐ – Ահավասիկ իմ հրահանգներս, նախ…
ԱՆՈՒՅՇ – (Ամուսնույն գալը տեսնելով պատուհանեն) Երթամ, ահա կուգա:
ԿԻՊԱՐ – Գնա, վերջը կտեսնվինք… Կամ Սողոմեին հետ կը ղրկեմ քեզ հրահանգներս:
ԱՆՈՒՅՇ – Բաժանվեցեք… վազելով կուգա… (Անույշ կմեկնի) Քիչ մը խրատեիք ու հորդորեիք զինքն, որ շատ չի հուզվի:
ԿԻՊԱՐ – Կամաց կամաց կը վարժվի…
ԱՆՈՒՅՇ – Երեկ գիշեր տեսնելու էիք խեղճն… դիմանալու բան չէր… ժամերով լացավ… քուկին Պաղտասար աղբարդ ալ խենթ կով դարձած էր… կատղած էր, բան մը ալ ըլլա՞ր գոնե… փառք Աստուծո, ի՞նչ կա բարկանալու, մարդ Աստուծո,կերակո՞ւրդ պատրաստված չէր, լաթե՞րդ լվացված չէին… անկողի՞նդ շտկված չէր… տուն եկար, շենքով շնորհքով կերակուրդ կեր, գնա տեղդ պառկե… չէ, չէ, առաջվնե ի վեր բծախնդիր է Պաղտասար աղբարն… պզտիկ բանի մը համար շուտ մը կրակ կկտրի…
ԿԻՊԱՐ – Այս անգամվանը բոլորովին բծախնդրություն է:
ՏԵՍԻԼ Բ
ԿԻՊԱՐ և ՊԱՂՏԱՍԱՐ
ՊԱՂՏԱՍԱՐ – (Արագաքայլ մտնլով) Ինձի Պաղտիկ կըսեն… (Առ Սողոմե) Դուրս գնա, դուռն ալ գոցե և թող մի տար, որ ուրիշ մարդ ներս մտնե, շուտ ըրե, շուտ դուրս գնա, շուտ… Ներեցեք, պարոն Կիպար, զձեզ կանչել տալուս համար: Երբ մարդս փորձանքի մը կհանդիպի, բնականաբար իր ամենեն մոտ բարեկամներուն կդիմե, անոնցմե խելք սորվելու համար: Սարսափելի փորձանք մը եկավ գլուխս, երեկ իրիկվնե ի վեր խելքս կորուսած եմ, ոչ ըրածս գիտեմ, ոչ ըսածս, ընտանեկան գաղտնիք մը ունիմ քեզ հաղորդելու, քեզ` որ միակ բարեկամս ես, քեզ` որո անկեղծությանը կատարելապես վստահ եմ:
ԿԻՊԱՐ – Շնորհակալ եմ, այդ ձեր ազնվությունն է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ես ամեն մարդու գաղտնիք չեմ բանար, թեպետև դրսեն կոշտ ու ապուշ մեկը կերևամ, բայց առաջ Աստված, թշնամիս ալ կճանչնամ, բարեկամս ալ, ինձի Պաղտիկ կըսեն, գործս գիտեմ ես:
ԿԻՊԱՐ – Այո:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վստահ եմ, որ ձեզի հաղորդելիք գաղտնիքս ձեր քովը պիտի մնա:
ԿԻՊԱՐ – Անշուշտ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ուստի ավելորդ է աղաչել ձեզի, որ գաղտնիքս ուրիշին չզրուցեք:
ԿԻՊԱՐ – Ավելորդ է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Գաղտնիքս այս է, թե կինս սիրական մը ունի…
ԿԻՊԱՐ – (Բարձրաձայն) Կինդ սիրակա՞ն մը ունի…
ՊԱՂՏԱՍԱՐ – Մի պոռար, Սողոմեն կիմանա, և ես չեմ ուզեր, որ ընտանեկան գաղտնիքս իմանա Սողոմեն, կամաց խոսե:
ԿԻՊԱՐ – Կինդ սիրակա՞ն մը ունի, ըսիք… ահ անհավատալի է այս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հավատալի է, սիրելիս, հավատալի:
ԿԻՊԱՐ – Ո՞րչափ ատեն ի վեր ունի այս սիրականը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Քանի մը շաբաթե ի վեր, կարծեմ, թող կուտա՞մ, որ երկար ժամանակ սիրական մը ունենա կինս, անմիջապես կիմանամ ես, դուն աղեկ նայե ինձի… ի՞նչ, ուրիշ էրիկներու պես ապո՞ւշ գիտեիր զիս, կկարծեիր, որ անառակին մեկը կինս պիտի սիրեր, ու ես պիտի չիմանայի՞, խելքդ սիրեմ…
ԿԻՊԱՐ – Ով է ուրեմն այս անառակը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ես ալ կուզեմ գիտնալ, թե ո՞վ է այդ անառակն, այդ լիրբն, այդ օձն, որ պատճառ եղավ տունս կործանելու: Ուստի կաղաչեմ քեզի, որ այդ անառակն գտնելու համար օգնես ինձ: Դուն կրնաս վարպետությամբ տիկնոջս բերնեն առնել այդ անառակին անունը:
Գնա տիկնոջս քով և սատանայությամբ հասկցիր սա լիրբին ով ըլլալը:
ԿԻՊԱՐ – Շատ լավ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Թեպետև ես մարդ ղրկած եմ այն գեշ ու վատահամբավ տունն, ուսկից մեր համեստափայլ տիկինն դուրս եկավ երեկ…
ԿԻՊԱՐ – Ի՞նչ կըսեք…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ինձի Պաղտիկ կըսեն, ըսի քեզի… մարդ ղրկեցի այն տունն ստուգելու համար, թե տիկին Անույշին հետ երեկ ո՞վ կար հոն:
ԿԻՊԱՐ – (Մեկուսի) Խնդիրը բավական հառաջ գացած է, եթե իմ անունս տան` գործն ուրիշ կերպարանք պիտի առնու:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ կխորհիս:
ԿԻՊԱՐ – Ոչինչ: (Մեկուսի) Եթե անունս տվին…
ՊԱՂՏԱՍԱՐ – Շուտ գնա ուրեմն անդիի սենյակն ու ջանա հասկնալու այդ անառակին անունն ու մականունը: Բայց մի ըսեր տիկնոջ, թե ուրիշ միջոցներ ձեռք առած եմ յուր սիրեկան ճանչնալու համար: Աճապարե, գնա, սորվե, եկուր… սա երկու լիրբն ալ դատարաններ քաշեմ այսօր, որ հասկնան, թե ինձի պես մարդու մը պատիվն արատավորելը դյուրին չէ:
ԿԻՊԱՐ – Ի տեսություն: (Մեկուսի) Նախ և առաջ փութանք մեր գործը կարգադրելու: (Կմեկնի):
ՏԵՍԻԼ Գ
ՊԱՂՏԱՍԱՐ, հետո ՕԳՍԵՆ ու ՍՈՂՈՄԵ
ՊԱՂՏԱՍԱՐ – Ինչպես վազելով կերթա իմ գործիս համար, մարդ մը, որ ինձի համար հոգին կուտա, բարի, պարկեշտ, ազնիվ ու վստահելի անձ մը, որու նմանն գտնելը խիստ դժվար է ժամանակիս մեջ…
ՍՈՂՈՄԵ – (Դրսեն) Թող չեմ տար որ մտնես:
ՕԳՍԵՆ – (Դրսեն) Պիտի մտնեմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Օգսենն է, մոռացանք ապս…
ՍՈՂՈՄԵ – (Դրսեն) Ոչ:
ՕԳՍԵՆ – (Դրսեն) Այո: (Դուռը հրելով կբանա ու կմտնե) Ի՞նչ խայտառակություն է աս, Պաղտասար աղբար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ներեցեք, խելքս գլուխս չէ…
ՕԳՍԵՆ – Պաղտասար աղբար, ի՞նչ խայտառակություն է աս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հանցանքն իմս է…
ՕԳՍԵՆ – ի՞նչ նախատինք, ի՞նչ անարգանք, ի՞նչ թշնամություն է աս, Պաղտասար աղբար, զիս տուն կհրավիրեք և ձեր աղախնույն կապսպրեք, որ ներս չընդունի զիս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Մոռցա…
ՕԳՍԵՆ – Ի՞նչը մոռցար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Պատվիրել…
ՕԳՍԵՆ – Ի՞նչ ըսել է պատվիրել:
ՊԱՂՏԱՍԱՐ – Որ թող տա:
ՕԳՍԵՆ – Ի՞նչ կնշանակե որ թող տա, ի՞նչ հարաբերություն ունի, որ թող տա իմ հարցմանս հետ… որ թող տա եղեր…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ձեզի ներս մտնել:
ՕԳՍԵՆ – Ոչինչ, խոսքեր, անպիտան արդարացումներ… խնդիրը ծանր է, փաստաբան մը, իրավագետ մը, արդարության գործակատար մը բռնաբարված է, նախատված է, անարգված է, պատվո գոհացում, փոխարինություն կպահանջեմ: Գիտե՞ք, որ օրենքը քսան ոսկվո տուգանաց կդատապարտե այսպիսի հանցանաց հեղինակները, և հետևաբար քսան ոսկի դուք պիտի վճարեք և քսան ոսկի ձեր աղախինը…
ՍՈՂՈՄԵ – Ոտքդ պագնեմ, ես…
ՕԳՍԵՆ – Ոչ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Մեծապատիվ Տեր, կաղաչեմ, ներեցեք, խելքս գլուխս չէ:
ՕԳՍԵՆ – Ոչ:
ՍՈՂՈՄԵ – Ես սխալ հասկացեր եմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ես ձեզի համար չըսի, որ ներս չառնե:
ՍՈՂՈՄԵ – Օտարական մը կարծեցի զձեզ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ձեզի դեմ ինչո՞ւ պիտի գոցենք մեր դռները:
ՍՈՂՈՄԵ – Ամեն օր հրամմե, եկուր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վսեմափայլ Տեր, գթա ինձի, տունս կործանած է…
ՍՈՂՈՄԵ – Մի սրդողիք… երթամ անուշ մը բերեմ ձեզի:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խահվե բեր, օղի բեր, գինի բեր, քոնյաք բեր:
ՕԳՍԵՆ – Բան մը ալ չեմ ուզեր, այս դեպքը խրատ մը ըլլա ձեզ ուրիշ անգամներ զգուշանալու համար ասանկ անվայել ընթացքներե, եթե իմ տեղս ուրիշ փաստաբան մը սակայն ես կներեմ, որովհետև խնդրույն մեջ թյուրիմացություն կտեսնեմ: (Առ Սողոմե) Դուրս գնա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Դուրս գնա… հոս եկուր… ահա կպատվիրեմ քեզ, տանս դռները միշտ բաց պիտի մնան պարոն Օգսենի համար, որ ազատ է տունս գալու առտու կամ իրիկուն, ցերեկ կամ գիշեր:
ՍՈՂՈՄԵ – Պատվիրելու հարկ չկա:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Մեկուսի) Այս փորձանքն անցուցինք:
ՍՈՂՈՄԵ – (Մեկուսի) Գետնին տակը անցնիք երկուքնիդ ալ:
ՏԵՍԻԼ Դ
ՊԱՂՏԱՍԱՐ և ՕԳՍԵՆ
ՕԳՍԵՆ – Դառնանք մեր խնդրույն: Ի՞նչպես եղավ, որ դուք այս կնոջ հետ կարգվեցաք: Այս մասին տեղեկություններ կուզեմ առնել, որպեսզի խնդրույն հիմը լավ ըմբռնեմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Եղավ որ գիշեր մը թատրոն գնացի բարեկամի մը հետ… ոտքս կոտրեր ու չերթայի… առաջին արարվածին քովի օթյակիս դռները բացվեցան և օրիորդ մը ու պարոն մը մտան հոն… բարով խերով չմտնեին… օրիորդը տեսնելուս պես հրապուրվեցա և կամաց-կամաց հափշտակվեցա անոր գեղեն, շարժվածքեն, ձևերեն, խոսելու և մանավանդ խնդալու եղանակեն, ուստի բարեկամիս հարցուցի թե կճանչնա՞ր այդ աղջիկն… բարով խերով չհարցնեի… բարեկամս պատասխանեց, թե կճանչնար զինքն, թե որբ մը էր, թե հեզ, բարեբարո, խոնարհ, խոհեմ, կրթված, դաստիարակված աղջիկ մը էր, թե զայն կնության առնողն մեծ բարիք մը պիտի գործեր, թե աղքատութենե պիտի փրկեր զայն:
Քանի մը օր ետքն ազգականներուս և քանի մը բարեկամներուս դիմեցի… բարով խերով չդիմեի… և անոնց կարծիքն իմանալ ուզեցի: Ամենքն ալ պատասխանեցին, թե անգյուտ գանձ մը գտեր էի և թե առանց ժամանակ կորսնցնելու աշխատեի վայելել այդ գանձը: Այս տեղեկությանց վրա անմիջապես խոս-կապ տվի, շաբաթ մը ետքը նշանտվությունն կատարեցի և երեք օրեն հետո հարսանիքը:
ՕԳՍԵՆ – Ասանկ լավագույն հանձնարարություններ ունեցող կին մը, ի՞նչպես անբարոյականության մեջ կգլորի ուրեմն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ փույթ ինձ, թե ինչպես գլորած է, ես կուզեմ միայն, որ իմ տանս պատիվն պահեմ, տունես վռնտեմ այդ լիրբ կինն` զոր իբրև կողակից չեմ ընդունիր բնավ և կպնդեմ նաև, որ իր արժանի պատիժն կրե:
ՕԳՍԵՆ – Կխնդրեմ, մի հուզվիք այնքան, խնդիրը փափուկ է, պաղ արյամբ խորհինք և տեսնենք, թե ինչպե՞ս են օրինաց տրամադրություններն այս մասին:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ազգային Հիվանդանոց ղրկել, շղթայով կապել, անոթի պահել, ամեն գիշեր ծեծել, ոսկորները ջարդուբուրդ ընել և աշխարհես վերցնել ասանկ լիրբ և անպատիվ կիները:
ՕԳՍԵՆ – Չափավորեցեք ձեր լեզուն: Առանց օրինաց վճիռն ստանալու իրավունք չունիք այդ կնոջ լիրբ և անպատիվ ըսելու, ձեր տիկինն դեռ պարկեշտ ու պատվավոր կին մը է աշխարհի և օրինաց առջև:
ՊԱՂՏԱՍԱՐ – Պարկե՞շտ… պատվավո՞ր… կին մը, որ վատահամբավ տունե մը դուրս ելած է…
ՕԳՍԵՆ – Այդ անպատիվ դուռն կոտրելով ու խորտակելո՞վ ներս մտած է, թե դուռը բաց գտնելով ներս մտած է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ինչո՞ւս պետք, բավական է, որ մտած է հոն:
ՕԳՍԵՆ – Ինձ պետք է այս պարագան, կաղաչեմ, որ ըսեք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Տեր ողորմյա, ի՞նչ գիտնամ ես… բայց դուռը կոտրելու և խորտակելու հարկ չկա:
ՕԳՍԵՆ – Ապա ուրեմն բաց գտած է դուռն ու ներս մտած է, ահա նրբացուցիչ դեպք հանցանաց մը… տեսա՞ք…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ կա… ո՞վ է նրբացուցիչ դեպք հանցանաց մը…
ՕԳՍԵՆ – Այսինքն դեպք մը, որ հանցանքը կբարակցնե…
ՊԱՂՏԱՍԱՐ – Վերջը ի՞նչ կընեն այդ բարակ հանցանքը…
ՕԳՍԵՆ – Բարակ հանցանքին պատիժն ալ բարակ կըլլա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Չեմ հասկնար բարակ հանցանքեն, հաստ հանցանքեն:
ՕԳՍԵՆ – Փաստաբանական լեզվով նրբացուցիչ դեպք հանցանք կըսվի:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խելքս չբռնեց:
ՕԳՍԵՆ – Գաղղիերեն` սիրքոնդանս աթենյուանդ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Չեմ կրնար ըմբռնել:
ՕԳՍԵՆ – Իտալերեն` չիրքոսդանցա ադենուանդե:
ՊԱՂՏԱՍԱՐ – Իտալերեն չեմ գիտեր:
ՕԳՍԵՆ – Ալմաներեն` միլտերունկս – կրունտ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ուրիշ կերպով մը հասկցուր:
ՕԳՍԵՆ – Հունարեն` էլաֆրինթիքի բերիսդասիս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Բերիսդասիսը գիտեի քիչ մը, շատ անգամ լսած եմ, բայց չեմ հիշեր, թե ի՞նչ ըսել է:
ՕԳՍԵՆ – Անգլերեն` սիրքըմսդանս ադդենույընթ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հայերեն հասկցուր սա անպիտանը:
ՕԳՍԵՆ – Նրբացուցիչ դեպք հանցանաց, այսինքն հանգամանքներ, պարագաներ, որ հանցանքը կմեղմացնեն, կթեթևացնեն, կպզտիկցնեն, մեղմացուցիչ պարագաներ կամ լավ ևս պատճառներ, զորս հանցավորը կփնտռե պատիժը թեթևացնելու, պզտիկցնելու համար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Սանկ չըսե՞ս, հասկցա:
ՕԳՍԵՆ – Թե որ տիկինն դուռը կոտրելով ներս մտած ըլլար` պատիժն ավելի ծանր կըլլար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կիմանամ: Բայց վերջապես մտած է այդ անիծյալ տունը մեկը սիրելու համար:
ՕԳՍԵՆ – Մասնավորապես սիրելու դիտմա՞մբ մտած է հոն` թե դիպվածով սիրած է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ասոնք իմ տանս պատվույն հետ վերաբերություն չունին:
ՕԳՍԵՆ – Սիրականն պատանի՞ է, թե չափահաս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Գրողը տանի, ո՞վ գիտե:
ՕԳՍԵՆ – Գեղեցի՞կ է, թե տգեղ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կխնդրեմ վերջացուր այս հարցումները:
ՕԳՍԵՆ – Բարի՞ նպատակով սիրած է, թե չար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչպես կրնա կին մը բարի նպատակով խաբել, մատնել յուր էրիկն:
Ի՞նչ խայտառակություն է աս… ես հերը կանիծեմ այդ նրբացուցիչ դեպք հանցանացին ալ, հնարողին ալ… իմ կինս, իմ ընկերս, իմ կողակիցս,իմ լծակիցս ինձմե զատ ուրիշ անձ մը սիրած է, եղեռն, ոճիր գործած է, կախվելու արժանի է…
ՕԳՍԵՆ – Շատ կաճապարեք վճիռ տալու, համբերեցեք որ օրենքն խուզարկե, հետազոտե, քննե, սերտե և ուսումնասիրե այն պատճառներն, որ ստիպած են կինդ սիրական մը ունենալու: Թերևս իրավունք ունի ուրիշ մը սիրելու: Թողեք ուրեմն, որ սերտեմ խնդիրն, որպեսզի չկորսցնենք դատը: Դուք կուզեք, որ վկայության վրա անմիջապես պատժվի ձեր տիկինը: Կարելի չէ այդ: Շատեր ձեզի պես իրենք զիրենք անմեղ կարծելով, դատ վարած են իրենց կնոջ դեմ և ինքյանք հանցավոր և պարտավոր ելած են դատարանեն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ըստ ձեզ անմե՞ղ է ուրեմն կինս:
ՕԳՍԵՆ – Ըստ իս այժմ ամեն ինչ մթության մեջ է, չեմ ըսեր, թե կինդ անմեղ է, ի վերա այսօր ամենայնի չեմ ալ պնդեր, թե մեղավոր է, ոչ կրնամ արդարացնել կամ դատապարտել կնոջդ սիրականը, ոչ ալ կրնամ համարձակիլ վճռելու, թե հանցավորն դուք եք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հավանականություն կա՞, որ ես ալ հանցավոր ըլլամ այս խնդրույն մեջ:
ՕԳՍԵՆ – Ամեն բան հավանական է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ըսել է թե այդ կինն կարելի չէ այսօր Փրկիչ դնել:
ՕԳՍԵՆ – Անհնար է: Նրբացուցիչ դեպք հանցանաց այնչափ հառաջ գնացած է, որ եթե կինդ բարի նպատակով մը սիրած է ուրիշ մը, այսինքն` ի նպաստ ազգային հառաջադիմության և լուսավորության, կամ հօգուտ որբեր, հաշմանդամներ, ծերեր, անկարներ, աղքատներ ու անանկներ պատսպարելու գովելի և ազգօգուտ ձեռնարկի մը, կինդ, կըսեմ, լրագրաց մեջ կանցնի, գովեստներ, դափնյա պսակներ կընդունի, որովհետև մասնավորին շահն ընդհանուրի շահուն զոհելու դյուցազնությունն ունեցած է, և այս պարագային մեջ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ե՞ս եմ ուրեմն հանցավորն:
ՕԳՍԵՆ – Իսկ ընդհակառակն` եթե սիրեր տգեղ կամ ձեր հակակիր անձ մը` բնականաբար կծանրացներ հանցանքը, թողունք օրենքն, հասարակաց կարծիքն կդատապարտեր զինքն, ըսելով “Գոնե սիրածն գեղեցիկ երիտասարդ կամ համակիր մե՞կն ըլլար”:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վաղը կրնա՞նք Փրկիչ դնել:
ՕԳՍԵՆ – Անկարելի է: Իսկ եթե դուք ձեր կնոջն անհավատարիմ գտնվելով, կամ նախանձելով, կամ հետն խստությամբ վարվելով պատճառ տված եք իրեն սիրական մը ունենալու, այն պարագային մեջ մեծ պատասխանատվություն կհրավիրեք ձեր վրա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խենթի պես կսիրեի զինքն, ուրիշ կնկան երեսն անգամ նայած չունիմ:
ՕԳՍԵՆ – Վստահ եղեք ուրեմն: Ժամանակս սուղ է, հարկ է որ երթամ: Պիտի աշխատիմ իրավաբանական և փաստաբանական բոլոր կարողությամբս այդ դատին մեջ զձեզ անմեղ հանդիսացնելու և ձեր կինն հանցավոր շինելու:
ՊԱՂՏԱՍԱՐ – Նրբացուցիչ դեպք հանցանացին շատ կարևորություն մի տար:
ՕԳՍԵՆ – Իմ պարտքս պիտի ըլլա զորավոր և հաստ փաստերով ջախջախել նրբացուցիչ դեպքերը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Շնորհակալ եմ:
ՕԳՍԵՆ – Ի տեսություն: (Կերթա):
ՏԵՍԻԼ Ե
ՊԱՂՏԱՍԱՐ – Երթաս բարով, նրբացուցիչ փաստաբան… քիչ մնաց հանցավոր ըներ զիս մեր մեծապատիվ իրավագետը: Եթե թույլբերան ու ապուշ մարդ մը ըլլայի` տարակույս չկար, որ հանցանքն վրաս ծանրացնել պիտի ուզեր և բուն հանցավորին արդարացնել պիտի աշխատեր: Անառակ կինն մաքուր աղավնի պիտի դառնար, որովհետև նրբացուցիչ դեպք հանցանաց ունի եղեր, որովհետև այս նրբացուցիչն գաղղիերեն, իտալերեն, հունարեն, ալմաներեն ու անգլիերեն ալ ունի եղեր, որովհետև սիրելու դիտավորությամբ սիրած չէ եղեր, որովհետև չար նպատակով սիրած չէ եղեր, այլ բարի նպատակով սիրած է եղեր, բարեգործություն մը ընելու համար սիրած է եղեր, որովհետև… ի՞նչ գիտնամ, այս որովհետևներուն վերջը չգար կոր, և բոլոր այս որովհետևներն այդ լրբին, այդ անհավատարիմ կնոջ, այդ դժոխային էակին անմեղությունն կապացուցանեն եղեր: Խելքիդ պտուկը սիրեմ, տեր փաստաբան, մենք ալ կհասկընանք քիչ մը փաստաբանութենե, – մենք ալ քեզի չափ Զեն Հոգևոր խառնած ենք ժամանակին, անանկ նրբացուցիչ բաներ կլլողներեն չենք: Ողորմած հոգին հայրս ալ ասանկ էր, շատերը կերթային իրմե խելք սորվելու, մեծ հայրս ալ խելացի էր, մենք ցեղով ասանկ ենք, բնականեն փաստաբան ենք և անմիջապես կհասկնանք, թե որու քովն է իրավունքը…
ՏԵՍԻԼ Զ
ՊԱՂՏԱՍԱՐ և ԱՆՈՒՅՇ
ԱՆՈՒՅՇ – Ալ չեմ կրնար հանդուրժել անարգանացդ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Տակավին երես ունի՞ս դիմացս ելնելու:
ԱՆՈՒՅՇ – Ես կուզեմ, որ հիմա անմիջապես բաժանվինք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Եթե քիչ մը խիպ ու ամոթ ունենայիր` պիտի երթայիր սենյակիդ մեջ մազերդ փետտելու և…
ԱՆՈՒՅՇ – Ինչո՞ւ մազերս փետտեմ եղեր… մանավանդ թե մազերուս անուշահոտ յուղեր պիտի քսեմ ապերախտ մարդու մը ձեռքեն փրկվելու համար: Ափսոս, բյուր ափսոս քեզի բարձր դասու ընկերությանց մեջ մտցնելուս համար, կարգված ժամանակդ շենքով շնորհքով բարև մը տալ չէիր գիտեր, ավաղ այն ջանից, զոր դրի վրադ գլուխդ շտկելու, մարդու պես հագվեցնելու համար, ավաղ այն հոգերուն, զոր վարձի քեզի պարել սորվեցնելու համար, կարգված տարիդ շիտկե-շիտակ քալել անգամ չէիր գիտեիր, ափսոս, ափսոս իմ զոհողությանցս… հետս կարգվելեդ ի վեր է, որ քիչ մը մարդ ճանչցար, առաջ լայն վարտիքովդ ու երկար վերարկուովդ խոհարար կնմանեիր, այնպես որ ամենքը Պաղտասար աղբար կկանչեին քեզի, և այսօր, որ քիչ մը մարդու կարգ անցար, ես անառակ եղա, անպատիվ եղա, այնպես չէ՞…
ՊԱՂՏԱՍԱՐ – Մեր ցեղը քիչ մը ապերախտ է…
ԱՆՈՒՅՇ – Ինձի պես կնիկ քեզի համար շատ էր ու ծանր, գիտեի, որ չպիտի կրնայիր տանել զիս, որովհետև դարուս լուսավորության ոգին ըմբռնած չէիր,որովհետև կինն իբրև ստրուկ կնկատեիր, այս ամենը գիտեի, բայց կհամբերեի, անիծելով միայն այն օրն, ուր խոսք տվի քեզի հետ ամուսնանալու:
ՊԱՂՏԱՍԱՐ – Բարով խերով չտայիր…
ԱՆՈՒՅՇ – Դրացիներս կջանային համոզել զիս, որ չկարգվիմ հետդ, այն փայտի կտորին հետ ի՞նչպես պիտի ապրիս, կըսեին, իսկ ես կպատասխանեի իրենց, թե նշանածս աղեկ մարդ է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Բարով խերով չըլլայի…
ԱՆՈՒՅՇ – Ամուսնանալես վերջը քանիներ ըսին ինձ, թե այդ ավանակին հետ ի՞նչպես ժամանակ կանցունես, և ես պաշտպանեցի այն ատեն քեզի, պատասխանելով անոնց, թե ամուսինս խելացի մարդ է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Այդ քանիներն են ավանակները… և դու չես խպնիր ասանկ խայտառակ խոսքեր ընելու…
ԱՆՈՒՅՇ – Բնավ չեմ մոռնար, օր մը քու բարեկամներեդ մին ըսավ, թե “Սիրտդ չկոտրի, Պաղտասարն աղեկ մարդ է, բայց կոշտ է, հետը խոսք չըլլար բնավ”: Այս խոսքին վրա տուն դարձեր եմ և երկու ժամ նստեր, լացեր եմ: Ոմանք ալ, չգիտնալով որ կինդ եմ – որովհետև չկա մեկն, որ զքեզ վայելցնե ինձի – զքեզ կբամբասեին և անանկ ծիծաղաշարժ գործերդ կպատմեին, որ լսելով, կամչնայի հայտնել, թե կինդ եմ: Ի՞նչ կընեի, սիրտս կդնեի, կուլայի և քեզի բան մը չէի ըսեր, միշտ կջանայի սակայն, որ մարդ ըլլաս և ընկերությանց մեջ մտնես ելնես, և այս բոլոր ջանքերս րոպեի մը մեջ մոռցվեցան: Աղեկ, աղեկ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Եվ այս ամենը կընեիր ուրի՞շ մը սիրելու համար:
ԱՆՈՒՅՇ – Զո՞վ սիրած ունիմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Սատանե մը ավելի զզվելի է ինձ:
ԿԻՊԱՐ – Մտիկ ըրեք, խնդրեմ…
ԱՆՈՒՅՇ – Այդ առաջարկությունն մի ըներ, կաղաչեմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Այս գործին մեջ մի մտներ:
ԿԻՊԱՐ – Ամուսնության մեջ ասանկ պարագաներ կրնան պատահիլ, խոհեմությունը կպահանջե, որ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Հանցավորը պատժվի:
ԱՆՈՒՅՇ – Այո, ես ալ կպահանջեմ, որ հանցավորն պատժվի և հասկնա, թե կինն ստրուկ չէ: Ենթադրենք վայրկյան մը, թե սիրական մը ունիմ իրոք և դնենք, թե սիրական մը ունենալս հայտնվեցավ, ի՞նչ ընթացք բռնելու պարտավոր էր… ամեն բան տակնուվրա՞ ընել, փաստաբաններո՞ւ դիմել, պոռա՞լ, կանչե՞լ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Այո, այո:
ԿԻՊԱՐ – Պարտավոր էիր նախ կինդ կանչել…
ԱՆՈՒՅՇ – Պաղարյամբ խոսիլ…
ԿԻՊԱՐ – Գործն իրմե ստուգել…
ԱՆՈՒՅՇ – Առանց բարկանալու…
ԿԻՊԱՐ – Եվ եթե իրոք սիրական մը ունի…
ԱՆՈՒՅՇ – Ներել ու խրատել…
ԿԻՊԱՐ – Որ ուրիշ անգամ…
ԱՆՈՒՅՇ – Ասանկ պակասության մեջ չգտնվի…
ԿԻՊԱՐ – Եվ եթե երկրորդ անգամ գտնվի…
ԱՆՈՒՅՇ – Երկրորդ անգամ ներել…
ԿԻՊԱՐ – Խրատել, հորդորել…
ԱՆՈՒՅՇ – Եվ ըսել թե աղեկ բան չէ…
ԿԻՊԱՐ – Սիրական մը ունենալը…
ԱՆՈՒՅՇ – Ուրիշ սիրականներ ալ ունենալու կառաջնորդե…
ԿԻՊԱՐ – Եվ թե շատ սիրականներ ունենալն…
ԱՆՈՒՅՇ – Հաճո չթվիր ամուսիններուն…
ԿԻՊԱՐ – Վերջապես շարունակ բարոյախոսելով…
ԱՆՈՒՅՇ – Հորդորելով…
ԿԻՊԱՐ – Համոզելով…
ԱՆՈՒՅՇ – Խրատելով…
ԿԻՊԱՐ – Չախելով…
ԱՆՈՒՅՇ – Շոյելով…
ԿԻՊԱՐ – Սպառնալով…
ԱՆՈՒՅՇ – Ներելով…
ԿԻՊԱՐ – Տան պատիվն պահելու է…
ԱՆՈՒՅՇ – Եվ տան պատիվն ալ ասանկ կպահվի…
ԿԻՊԱՐ – Բոլոր աշխարհին ըրածն այս է…
ԱՆՈՒՅՇ – Մեր հորեն ու մորեն տեսածն ալ այս է…
ԿԻՊԱՐ – Եվ ոչ թե…
ԱՆՈՒՅՇ – Կրակ կտրիլ…
ԿԻՊԱՐ – Փաստաբաններու դիմել…
ԱՆՈՒՅՇ – Խորհուրդ հարցնել…
ԿԻՊԱՐ – Բաժանում պահանջել…
ԱՆՈՒՅՇ – Դատարաններու մեջ խայտառակվիլ…
ԿԻՊԱՐ – Ամենուն բերանն իյնալ…
ԱՆՈՒՅՇ – Մատի վրա փաթտվիլ…
ԿԻՊԱՐ – Բարեկամաց երեսեն իյնալ…
ԱՆՈՒՅՇ – Տանը դռները գոցել…
ԿԻՊԱՐ – Ընտանիք մը կործանել…
ԱՆՈՒՅՇ – Վերջեն զղջալ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Կնիկս կուզեմ ըսել… (Անույշ և Կիպար խոսքերն այնքան շուտ կառնեն իրարու բերնեն,որ Պաղտասարը երկուքին մեջտեղ կեցած միջոց չգտներ խոսելու):
ԱՆՈՒՅՇ – Չկրնար առնել…
ԿԻՊԱՐ – Լալ…
ԱՆՈՒՅՇ – Ողբալ…
ԿԻՊԱՐ – Արտասվել…
ԱՆՈՒՅՇ – Հառաչել…
ԿԻՊԱՐ – Աշխարել…
ԱՆՈՒՅՇ – Կոծել…
ԿԻՊԱՐ – Ո՞ր մեկն ըսեմ…
ԱՆՈՒՅՇ – Ո՞ր մեկն համրեմ…
ԿԻՊԱՐ – Կսկիծ ու ցավ զգալ…
ԱՆՈՒՅՇ – Վիշտերով բեռնավորվիլ…
ԿԻՊԱՐ – Խորհիլ, մտմտալ…
ԱՆՈՒՅՇ – Մտատանջությամբ ժամանակ անցունել…
ԿԻՊԱՐ – Ախորժակե զրկվիլ…
ԱՆՈՒՅՇ – Չկրնալ քնանալ…
ԿԻՊԱՐ – Հազալ…
ԱՆՈՒՅՇ – Տքալ…
ԿԻՊԱՐ – Եվ վերջապես…
ԱՆՈՒՅՇ – Մեռնիլ…
ԿԻՊԱՐ – Այս չէ՞ ըլլալիքը…
ԱՆՈՒՅՇ – Պարապ տեղ բերանս կհոգնեցնեմ… այս մարդը չի համոզվիր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ես ներող էրիկներեն չեմ:
ԿԻՊԱՐ – (Պաղտասարին ականջն ի վար )Բերնեն բան մը չկրցի առնել
ԱՆՈՒՅՇ – Կաղաչեմ, մի ստիպիր զինքն, որ հաշտվի, վասնզի ես ուխտած եմ բնավ չսիրել զինքն:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Ցած առ Կիպար) Միշտ աշխատե սա սիրեկանին անունն սովրելու: (Բարձր) Հաշտությունն անկարելի է, պարապ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ, երթամ փաստաբան գտնելու և խնդիրը Դատաստանական խորհրդո ատյանը հանելու (Կմեկնի):
ՏԵՍԻԼ Ը
ԿԻՊԱՐ և ԱՆՈՒՅՇ
ԿԻՊԱՐ – Հաստատապես որոշած է գլխուն մեջ դրածը կատարել, ապուշը կկարծե, թե Դատաստանական խորհրդո դիմելով ուզածը ընել պիտի տա, վերջը պիտի զղջա, բայց ի՞նչ օգուտ, զմեզ պիտի հոգնեցնե քիչ մը: Վնաս չունի, բավական է, որ մենք համաձայնությամբ գործենք և իրարմե չի բաժանվինք: Տարակույս չկա, որ բարևը պիտի կտրե ինձմե, երբ սորվի թե նույն օրն մեկտեղ էինք Պայծառին տունը, թող կտրե, առիթ մը ալ տված պիտի լինի ինձի քեզի հետ ավելի սերտ կապով կապվելու:
ԱՆՈՒՅՇ – Փաստաբանն չե՞նք կրնար մեր կողմը շահիլ…
ԿԻՊԱՐ – Փաստաբաններու մեծ մասն արդարությունն և իրավունքը հոն կգտնե, ուր շատ ոսկի կտեսնե, սակայն չեմ կարծեր, որ Օգսենն այս մասին վերաբերի: Եթե հաջողիմ իրեն հետ համաձայնություն մը գոյացնել, աղեկ, եթե ոչ` դատիդ պաշտպանությունն ես պիտի ստանձնեմ ու պիտի շարունակեմ խաղալ մեր խաղերը: Դուք այժմ վստահ ըլլալու եք, որ հասարակաց կարծիքը մեզի նպաստավոր պիտի ըլլա:
ՏԵՍԻԼ Թ
ՆՈՒՅՆՔ և ՕԳՍԵՆ
ՕԳՍԵՆ – Շատ հանդգնություն ցույց կուտաք տիկին, ձեր անդորրության խանգարման պատճառ եղող անձն ձեր քովն պահելով նույնիսկ այն վայրկեանին, ուր անհավատարմության հանցանքով ամբաստանած դատարան ներկայանալու կոչնագիր պիտի ընդունիք: Փոխանակ արդարանալու միջոցներ փնտրելու, ձեր գործած ոճիրն հաստատելու, ապացույցներ կորոնեք: Մեծ հանդգնություն…
ԿԻՊԱՐ – Արդարանալու պետք չունի, որովհետև հանցանք չունի…
ՕԳՍԵՆ – Եվ դուք ընտանիք մը փճացնելու աշխատելեն ու հաջողելեն ետքը տակավին կհամարձակվի՞ք ձեր լրբությունն ավելի առաջ տանելու:
ԿԻՊԱՐ – Շատ առաջ կերթաք:
ՕԳՍԵՆ – Ընդհակառակն, ետ կմնամ, դուք իրմե շատ ավելի հանցավոր եք, որովհետև դուք գայթակղեցուցեր եք զինքն, հետևաբար իրմե շատ ավելի ծանր պատժով պիտի դատապարտվիք:
ԿԻՊԱՐ – (Խնդալով) Կխնդրեմ, գթացեք քիչ մը, տեր փաստաբան…
ՕԳՍԵՆ – Կծաղրե՞ս… դու միայն պիտի պատժվիս և պիտի աշխատիմ, որ տիկինն բնավ հանցանք չունենա, այնպիսի դարձվածք մը պիտի տամ դատավարությանս, որ բոլոր հանցանքը քու վրա ծանրանա և տասը տարի բանտարկության դատապարտվիս:
ԿԻՊԱՐ – Մեղք եմ (Խնդալով), չորս տարվան դատապարտել տվեք…
ՕԳՍԵՆ – Դուրս հրամմե և մինակ թող զիս պաշտպանյալիս կնոջը հետ:
ԿԻՊԱՐ – Ոչ:
ՕԳՍԵՆ – Պաշտպանյալիս կինն իմ կինս ըսել է, դուրս ելիր:
ԿԻՊԱՐ – Իմ հոգիս է այն… կնախանձիմ:
ՕԳՍԵՆ – Ձեր խոստովանության հարկ չկա, արդեն ապացուցված և հաստատված է այն, դուրս ելիր և մի ստիպեր զիս խիստ միջոցներու դիմել:
ԿԻՊԱՐ – Ոչ:
ԱՆՈՒՅՇ – Կխնդրեմ, մի կռվիք ինձի համար:
ՕԳՍԵՆ – Հարկ անհրաժեշտ է, որ դուրս ելնե անպատճառ, փաստաբանական պարտքս կպահանջե, որ քիչ մը առանձին մնամ ձեզի հետ:
ԿԻՊԱՐ – Իմ պատիվս ալ կպահանջե, որ բնավ առանձին չմնաք անոր հետ:
ՕԳՍԵՆ – Ի՞նչ կնշանակե այս ընդդիմությունը:
ՏԵՍԻԼ Ժ
ՆՈՒՅՆՔ և ՊԱՂՏԱՍԱՐ
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ է… ի՞նչ կա…
ՕԳՍԵՆ – Այո, առանձին տեսակցություն մը անհրաժեշտ պետք է:
ԿԻՊԱՐ – Առանձին տեսակցություն մը բնավ հարկավոր չէ:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Առ Կիպար) Անիկա փաստաբան է, խիստ մի խոսիր հետը:
ԿԻՊԱՐ – (Հրելով Պաղտասարը) Դուն մի խառնվիր, խնդիրը ուրիշ կերպարանք առած է:
ՕԳՍԵՆ – Փոխանորդիս կինն է, ինչո՞ւ թույլ չես տար, որ հետը խոսիմ երկու վայրկյան;
ՊԱՂՏԱՍԱՐ – (Առ Օգսեն) Ան ալ բարեկամ է, մի վշտացներ…
ՕԳՍԵՆ – (Հրելով Պաղտասարը) Խնդիրը քեզմե ելած է, դուն մի խառնվիր մեր գործին: (Առ Կիպար) Դուրս պիտի ելնեք, եթե ոչ…
ՊԱՂՏԱՍԱՐ – (Առ Կիպար) Քիչ մը դուրս ելիր, նայինք, ի՞նչ պիտի ընե…
ԿԻՊԱՐ – (Հրելով Պաղտասարը) Դուրս պիտի չելնեմ բնավ և կհրամայեմ, որ դուն ելնես դուրս…
ՕԳՍԵՆ – Հիմա իմաց կուտամ առ որ անկ է:
ԿԻՊԱՐ – Երթաս բարով:
(Պաղտասար մեյ մը Կիպարին և մեյ մը Օգսենին կերթա և խոսիլ կուզե մեջերնին համաձայնություն գոյացնելու համար, և երկուքեն ալ հրվելով կմերժվի սույն տեսիլին մինչև վերջ ):
ՕԳՍԵՆ – Ի պարտ ու պատշաճ տնօրենություն:
ԿԻՊԱՐ – Կռնակդ տեսնեմ:
ՕԳՍԵՆ – Հետևաբար և բնականաբար, հետևանքն չկրնար նպաստավոր ըլլալ քեզի համար:
ԿԻՊԱՐ – Բարեկամիս կինն առանձին ձգելու եմ եղեր մեր մեծապատիվ փաստաբանին հետ:
ՕԳՍԵՆ – Իմ նպատակս բարի է…(Առ Պաղտասար, որ ուժով կքաշեր թևեն) Գնա սըկե, Աստվածդ սիրես, դուն ի՞նչ քիթդ կխոթես այս խնդրույն մեջ, թող տուր որ խոսիմ:
ԿԻՊԱՐ – Թող տուր, որ փաստաբանե փաստաբանական պարտքը կպահանջե եղեր, որ առանձին տեսակցություն մը ունենա եղեր պաշտպանյալին կնոջ հետ (Առ Պաղտասար, որ ձեռքով Կիպարին բերանը գոցել կուզեր) Դուն ինչ կխառնվիս մեր գործին, քեզ ի՞նչ, մենք կկռվինք, կհաշտվինք… քեզի բան մը ըսող կա՞, գնա հանգիստ նայե:
ՊԱՂՏԱՍԱՐ – Թող չեն տար որ խոսիմ… հիմա պիտի ճաթիմ…
ՕԳՍԵՆ – (Առ Պաղտասար) Դատդ ինձի չհանձնեցի՞ր…
ՊԱՂՏԱՍԱՐ – Այո:
ՕԳՍԵՆ – Կի՞նդ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Այո:
ՕԳՍԵՆ – Բանդ գնա ուրեմն և մի խառնվիր փոխանորդիդ գործերուն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Բայց… (Անույշ և Կիպար կմեկնին)
ՕԳՍԵՆ – Շատ լավ, բայց գիտցիր, որ չարաչար պիտի պատժվիս, պ.Կիպար (Դռնե պոռալով) տասներկու տարի բանտարկություն պիտի քաշես և հետո… հետո… ան ալ վերջը կխորհինք:
ՏԵՍԻԼ ԺԱ
ՊԱՂՏԱՍԱՐ և ՕԳՍԵՆ
ՊԱՂՏԱՍԱՐ – Վազելով, հևալով եկա լսելու համար կարևոր հայտնություններն, զոր ունիք եղիր ինձի ընելու, կռիվեն գլուխ չվերուցիք որ…
ՕԳՍԵՆ – Անպիտան քեզի, կեցիր դուն, կսորվեցնեմ քեզի փաստաբանի մը հետ վարվելու եղանակը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Սա կարևոր հայտնություններն…
ՕԳՍԵՆ – Անզգամ քեզի, ինձի հետ առանձին չե՞ս ձգեր Անույշը… մի ձգեր, վերջը կտեսնես:
ՊԱՂՏԱՍԱՐ – Պիտի ըսե՞ք սա կարևոր հայտնություններն…
ՕԳՍԵՆ – (Դեպի դուռը դառնալով) Լիրբ, ես պատվավոր մարդ եմ, քեզի հետ խոսելու իսկ չէի զիջաներ… (Մեկենիմեկ դուռը վազելով և պոռալով) Սրիկա, ո՞վ կարծեցիր դուն ինձի, որ թող չտվիր քիչ մը տեսակցիլ տիկին Անույշի հետ, քեզի պես անպատի՞վ կարծեցիր, քեզի պես, որ մտերիմ բարեկամիդ կնոջը հետ գաղտնի հարաբերություններ կհաստատես, խեղճ կինը կգայթակղեցնես, կմոլորեցնես, հետը ուրիշին տունը կերթաս և ժամերով կխմես, կերգես, կպարես, ինքզի՞նքդ գիտցար զիս, լիրբ, թշվառական, վատ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Բարկությունը չանցավ, որ սա կարևոր հայտնություններն իմանայինք:
ՕԳՍԵՆ – Օձի պես կսողոսկիք ամեն տուներու մեջ և որ տնեն որ ելնեք, այն տան պատիվն ու խաղաղությունն ալ ձեզի հետ մեկտեղ կելնեն, խաբեբաներ, դավաճաններ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Կաղաչեմ, հերիք է ալ… սա կարևոր հայտնություններն…
ՕԳՍԵՆ – Եթե իշխանություն ունենայի շղթաներու տակ կոչնչացնեի ձեզի պես երիտասարդները: Ի՞նչ պատիվ կրնա ունենալ քեզի պես արարած մը, որ տասը տարիե ի վեր մտերիմ բարեկամիդ` Պաղտասարին կինը կսիրես, տասը տարիե ի վեր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Պաղտասարի՞ն… ի՞նչ կլսոմ… տասը տարիե ի վեր…
ՕԳՍԵՆ – Ապուշին մեկը գտեր ես և ուզածիդ պես խաղացեր ես, նենգավոր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ուրիշ Պաղտասար է… մեկենիմեկ կարծեցի, թե ես եմ ու…
ՕԳՍԵՆ – Եթե ես ըլլայի Պաղտասար աղբարին տեղ, զքեզ բզիկ-բզիկ կընեի…
ՊԱՂՏԱՍԱՐ – Պաղտասար աղբար ըսավ, չեմ հասկնար…
ՕԳՍԵՆ – Ինքնիրմե անցած ու ցնդած մարդ մը խաբելը դժվար չէ, եկուր զիս խաբե, թշվառական, չվառական:
ՊԱՂՏԱՍԱՐ – Սա Պաղտասար աղբարն ո՞վ է արդյոք… ի՞նչ ավանակ մարդ է եղեր…
ՕԳՍԵՆ – Եվ սակայն օրինաց ամենեն խիստ տրամադրությանց համաձայն դատապարտել պիտի տամ զքեզ իբրև ոճրագործ և պիտի ջանամ փրկել տիկին Անույշը…
ՊԱՂՏԱՍԱՐ – (Պոռալով) Հերիք, պարոն փաստաբան, հերիք, մոտ եկուր, որ զիրար հասկնանք… սա կարևոր հայտնություններեն զրուցե ինձ:
ՕԳՍԵՆ – Հայտնություններ մնա՞ց ընելու… ամեն բան հայտնվեցավ արդեն, կնկանդ սիրականը Կիպարն է…
ՊԱՂՏԱՍԱՐ – Կիպա՞ր ըսիր:
ՕԳՍԵՆ – Այո Կիպար: Սակայն հանդարտե, անոր քթեն բերնեն պիտի հանեմ բոլոր ըրածները: Արդեն շատոնց ի վեր քենով էի հետը և բնավ չէի ախորժիր բռնած ընթացքեն, առիթը ներկայացավ, որ փաստաբանության բոլոր թույները թափեմ վրեժս լուծելու համար իրմե:Օն ուրեմն, գործի սկսինք: Նախ և առաջ իմ ապառնի աշխատությանցս փոխարեն հատուցանելու վարձուց քանակությունն որոշենք: Մենք, փաստաբաններս, սովորություն ունինք երեք վճարումով ընդունիլ մեր վարձքը, առաջին վճարումը կկատարվի գործին սկիզբը, երկրորդը տեղի կունենա գործին միջոցը, երրորդը գործին կատարածը…
ՊԱՂՏԱՍԱՐ – Կիպա՞րն է, ըսիք:
ՕԳՍԵՆ – Հետևաբար պարտավոր եք նախ հիսուն ոսկի վճարել, հետո միջոցին հիսուն ոսկին, և ետքը կատարածին հիսուն ոսկի, ամբողջ գումարը հարյուր հիսուն ոսկի, որ չնչին գումար մը է անհավատարիմ կնիկե մը բաժանվիլ հաջողելու համար: Կհուսամ, թե դուք անմեղ պիտի ելնեք դատարանեն և ձեր հակառակորդը պիտի կրե արժանավայել պատիժն, իսկ եթե բոլոր ջանքերուս հակառակ չկարենանք մեր հուսացած արդյունքն ձեռք բերել, այն ատեն ալ իրավունք պիտի ունենամ իմ հարյուր հիսուն ոսկվո գումարն պահանջելու, ըստ որում աշխատությունս միշտ աշխատություն է…
ՊԱՂՏԱՍԱՐ – Սխալ չհասկնամ, կարծեմ Կիպար ըսիք, այնպես չէ՞:
ՕԳՍԵՆ – Այո, կեն ինի կի, պե այբ րե պար – Կիպար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Այ թշվառական… որո՞ւ մտքեն կանցներ… ու տասը տարիե ի վեր կսիրե եղեր…
ՕԳՍԵՆ – Այո:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ո՞վ կհավատար:
ՕԳՍԵՆ – Ի՞նչ պիտի պատասխանեք առաջարկությանս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ պատասխանեմ… ապրիս, Կիպար, ապրիս…
ՕԳՍԵՆ – Պատասխանելու է, որ ըստ այնմ գործի սկսինք կամ չըսկըսինք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ապրիս, շատ ապրիս, Կիպար:
ՕԳՍԵՆ – Հարյուր հիսուն ոսկին մեծ գումար մը չէ, անհավատարիմ սրտակիցե մը և վատ մտերիմե բաժնվելու համար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Այդ գումարով երեք կին կառնվի, եղբայր:
ՕԳՍԵՆ – Իրավունք ունիք, կին մը արձակելն ավելի սուղ է, քան առնելը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Գոնե վստահ եք, թե պիտի շահինք դատը:
ՕԳՍԵՆ – Շատ վստահ եմ, նրբացուցիչ հանցանաց չունիմ բնավ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Լավ բավական է, որ բաժանվիմ սա սատանա կնիկեն:
ՕԳՍԵՆ – Աճապարեցեք ուրեմն առաջին վճարումն ընելու, որպեսզի նախնական գործողություններն ավարտենք: Ինչպես գիտեք այս գործողություններն քիչ մը երկար են, աղերսագիրը նախ նախագահին կմատուցվի, որ նախաձեռնության ատյանը կհղե, նախաձեռնության ատյանը ձեռնհասության ատյանը կհղե, ձեռնհասության ատյանը հարաբերության դիվանը կհղե, հարաբերության դիվանը խմբագրության դիվանը կհղե, խմբագրության դիվանը իրավասության դիվանը կհղե, իրավասության դիվանը տնտեսական դիվանին, տնտեսական դիվանը ուսումնական դիվանին, որմե կերթա դատաստանական խորհրդո, որ խնդիրը քննելու համար հանձնաժողով մը կկազմե, այս հանձնաժողովն ալ խնդիրն ուսումնասիրելու համար մասնաժողով մը կկազմե, որ մասնախումբ մը կկազմե խնդիրը մանրամասնորեն սերտելու և տեղեկագրելու համար, այս մասնախումբն ալ օժանդակ մասնախումբ մը կընտրե, որպեսզի իրեն օգնե, այս օժանդակ մասնախումբ մը կընտրե, որպեսզի իրեն օգնե, այս օժանդակ մասնախումբն ալ յուր ճյուղերը կունենա խնդիրն յուր բոլոր ճյուղերով քննելու համար և այս ճյուղերուն յուրաքանչյուրն ալ մեկ-մեկ մասնաճյուղեր կունենա, որ խնդիրն յուր մասնաճյուղերովը քննելեն վերջը կհանձնեն իրենց ճյուղին, ճյուղն օժանդակ մասնախումբին, օժանդակ մասնախումբն` մասնախումբին, մասնախումբն մասնաժողովին և այս խնդիրը կերթա հոն` ուսկից ճամփա ելած էր, հետո նորեն կուգա Դատաստանական խորհուրդը, ուր կկատարվի դատավարությունը: Երթանք…
ՊԱՂՏԱՍԱՐ – Այս ինչ երկար ճամփորդություն է…
ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՔԻՆ
ԱՐԱՐՔ ԵՐԿՐՈՐԴ
(Թատրոնը կներկայե միևնույն սրահն: Աջ կողմը սեղան մը` կանաչ ասվիով ծածկված ու պզտիկ զանգակ մը, կաղամար, թուղթ և գրիչ դրված են սեղանին վրա):
ՏԵՍԻԼ Ա
ՊԱՂՏԱՍԱՐ, հետո ՕԳՍԵՆ
ՊԱՂՏԱՍԱՐ – Կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ.
յուր անհավատարմությունն հաստատված է, հետևաբար և բնականաբար հարկ է, որ բաժանվինք իրարմե և ըստ օրինի արտոնեք զիս ուրիշ կին մը առնելու: Կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ. յուր անհավատարմությունն հաստատված է, հետևաբար և բնականաբար հարկ է, որ բաժանվինք իրարմե և ըստ օրինի արտոնեք զիս ուրիշ կին մը առնելու: Կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ. յուր անհավատարմությունն հաստատված է, հետևաբար և բնականաբար հարկ է, որ բաժանվինք իրարմե և ըստ օրինի արտոնեք զիս ուրիշ կին մը առնելու: Ահա Դատաստանական խորհրդո առջև իմ ընելիք խոսքերս, ոչ բառ մը ավելի, ոչ բառ մը պակաս, այսինքն` կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ. յուր անհավատարմությունն հաստատված է, հետևաբար և բնականաբար հարկ է, որ բաժանվինք իրարմե և ըստ օրինի…
ՕԳՍԵՆ – (Մտնելով) Դատաստանական խորհրդո անդամներն տեսա, դեպի հոս կառաջանան, դասդ աղեկ սորվեցա՞ր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ջուրի պես. կինս անհավատարիմ գտնված է…
ՕԳՍԵՆ – Լավ: Խրատներուս համաձայն շարժվելու ես:
ՊԱՂՏԱՍԱՐ – Այո:
ՕԳՍԵՆ – Մազ մը խոտորելու չէ այն ճամփեն, զոր ցույց տվի:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ոչ:
ՕԳՍԵՆ – Այս եղանակով միայն կրնանք հաջողիլ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հարկավ:
ՕԳՍԵՆ – Եթե ուրիշ ընթացք մը բռնես, դատդ կկորուսես:
ՊԱՂՏԱՍԱՐ – Անտարակույս:
ՕԳՍԵՆ – Դատավորներն կրնան քեզի պատ ի պատ հարցումներ ուղղել զքեզ ծուղակի մեջ ձգելու համար, դուն անոնց հարցումներուն պիտի պատասխանես այն խոսքերով միայն, զորս սորվեցուցի քեզ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Այո: Կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ. յուր անհավատարմությունն հաստատված է, հետևաբար և բնականաբար հարկ է, որ բաժանվինք իրարմե և ըստ օրինի արտոնեք զիս ուրիշ կին մը առնելու:
ՕԳՍԵՆ – Կեցցես:
ՊԱՂՏԱՍԱՐ – Շատ պատիվ պիտի ընեմ իրենց, որպեսզի դատս աղեկ քննեն: Խահվե, գինի, անուշ, օղի, օշարակ…
ՕԳՍԵՆ – Կարծեմ կուգան… եկան…
ՏԵՍԻԼ Բ
ՆՈՒՅՆՔ և ՓԱՅԼԱԿ, ԵՐԿԱԹ, ՍՈՒՐ (Դռան առջև)
ՓԱՅԼԱԿ – (Առ Երկաթ) Մտեք, կաղաչեմ:
ԵՐԿԱԹ – (Առ Սուր) Կխնդրեմ, անցեք:
ՍՈՒՐ – (Առ Փայլակ) Առաջ դուք մտեք:
ՓԱՅԼԱԿ – Ինձի չվայլեր ձեզմե առաջ մտնել:
ԵՐԿԱԹ – (Առ Փայլակ) Պատշաճից օրենքը կպահանջե, որ ամենեն ետքը ես մտնեմ:
ՍՈՒՐ – (Առ Երկաթ) Բնավ երբեք, չենք ընդունիր:
ՓԱՅԼԱԿ – (Առ Սուր) Դուք մտեք ուրեմն նախ և առաջ:
ՍՈՒՐ – (Առ Փայլակ) Չեմ ընդունիր, դուք ինձմե նախապատիվ եք:
ՓԱՅԼԱԿ – (Առ Սուր) Ձեր ազնվությունն է որ այսպես կարծել կուտա ձեզ:
ՍՈՒՐ – (Առ Փայլակ) Ձեր ազնիվ զգացումներեն են, որ այդպես խորհիլ կուտա ձեզ:
ՓԱՅԼԱԿ – (Առ Սուր) Ձեր առ իս ունեցած համակրությունն է, որ այնպես խոսիլ կուտա ձեզ:
ՍՈՒՐ – (Առ Փայլակ) Ձեր զգացմանց փափկությունն է, որ…
ԵՐԿԱԹ – (Առ Սուր) Ժամանակ չանցունենք, մտեք, կաղաչեմ:
ՍՈՒՐ – (Առ Երկաթ) Դուք մտեք:
ԵՐԿԱԹ – Ոչ, թող տեր Սուրը մտնե:
ՍՈՒՐ – Ոչ, թող տեր Փայլակը մտնե:
ՓԱՅԼԱԿ – Ոչ, ես կարգս գիտեմ
ՍՈՒՐ – Երեքնիս մեկեն մտնենք, օն (Երեքնին մեկեն կմտնեն և սեղանին առջև կուգան):
ՓԱՅԼԱԿ – Նստելու համար ալ ժամանակ չանցունենք, կաղաչեմ: (Կնստին):
ՍՈՒՐ – (Առ Օգսեն) Կարծեմ հայտարարվեցավ ձեզ, թե ամուսնական դատերու մեջ փոխանորդություն չընդունվիր:
ՕԳՍԵՆ – Այո, պիտի մեկնիմ: (Կմեկնի, բարևելով Դատաստանական խորհրդո անդամները):
ՍՈՒՐ – Նախնական գործողություններ ունինք կատարելու, կրնաք դուրսը սպասել քիչ մը և ներս մտնել, երբ զանգակին ձայնը լսեք: (Բաղդասար գլուխը ծռելով կմեկնի):
ԵՐԿԱԹ – (Առ Սուր) Դուք չըսիք ձեր կարծիքը:
ՍՈՒՐ – Ոչ, որովհետև վիճաբանությունն ընդմիջելու ստիպվեցանք:
ԵՐԿԱԹ – Ասանկ խնդրոց մեջ նախապաշարումներու շատ կարևորություն տալու չէ:
ՓԱՅԼԱԿ – Այնուամենայնիվ այլոց վկայությանց հենլով վճիռ ալ արձակելու չէ:
ԵՐԿԱԹ – Ես կուսակցական ոգվով չեմ շարժիր:
ՓԱՅԼԱԿ – Ոչ ալ ես:
ԵՐԿԱԹ – Խնդիրն սկզբունքի տեսակետով քննելով բարկանալու իրավունք չունիք ինձի դեմ:
ՓԱՅԼԱԿ – Սակայն դուք այնպիսի ակնարկություններ ըրիք, որ արժանապատվություն վիրավորելու բնություն ունեին, հասկցնել կուզեիք ինձ, թե կույրզկուրայն կպաշտպանեմ այն կողմը:
ԵՐԿԱԹ – Ամենևին շատ սխալ ըմբռնած եք իմ խոսքերուս իմաստը: Ես ըսի պարզապես, թե ճերմակ գինին խնձորով կխմվի, մինչդեռ սևը դեղձով ավելի ախորժելի է քմաց:
ՓԱՅԼԱԿ – Եվ ավելցուցիք, թե սև գինիով խնձոր ուտողներն ճաշակե զուրկ են:
ՍՈՒՐ – Ըստ իս, ճաշակի խնդրոց մեջ ճշմարտությունն միշտ ծակամուտ կպահվտի, հետևաբար երկու կողմն ալ կրնա իրավունք ունենալ:
ՓԱՅԼԱԿ – Իրավունք ունեի ուրեմն երբ կպոռայի, թե ճաշակի խնդրոց մեջ վճիռ արձակելն տղայություն է:
ԵՐԿԱԹ – Ոչ, ես կպնդեմ միշտ, թե դեղձով ճերմակ գինի չի խմվիր:
ՓԱՅԼԱԿ – Ես ալ չեմ դադրիր պոռալե, թե խնձորով ճերմակ գինի խմելու տրամադիր ոչ քիմք ունիմ, ոչ ստամոքս…
ԵՐԿԱԹ – Իրավունք ունիք, և ես ալ կջանայի զձեզ համոզելու,թե ըստ ձեր քմաց ուրիշին քիմքը դատելու իշխանություն չունեիք:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Դռան առջև) Կարծեմ զանգակի ձայն մը…
ՍՈՒՐ – Ոչ, նախնական գործողություններն չավարտեցան տակավին: (Պաղտասար կմեկնի):
ՓԱՅԼԱԿ – Ոչ ալ պարտավոր էի իմ քիմքս ձեր քմաց համաձայնեցնել:
ԵՐԿԱԹ – Անտարակույս, որչափ քիմք` այնչափ գինի:
ՓԱՅԼԱԿ – Որչափ խնձոր` այնչափ քիմք:
ԵՐԿԱԹ – Բայց մեծամասնությո՞ւնը…
ՓԱՅԼԱԿ – Մեծամասնությունն իմ քովս է:
ԵՐԿԱԹ – Ոչ:
ՓԱՅԼԱԿ – Այո:
ՍՈՒՐ – Կաղաչեմ փակեցեք այս խնդիրն:
ԵՐԿԱԹ – Ո՞ւր լսված է, եղբայր, ճերմակ գինիով դեղձ ուտել:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Դռան առջև) Մտնե՞նք:
ՓԱՅԼԱԿ – (Ոտքի ելնելով): Ինչո՞ւ կաճապարեք, ազգը մեզի ամսական չտար ձեր գործերը կարգադրելու համար. մենք ազգասիրաբար, անձնվիրաբար հանձն առած ենք հոս գալու և ձեր խնդիրը քննելու: Մենք գործի տեր մարդիկ ենք, մենք զավակներ ունինք, որոնց ապրուստ և հագուստ հոգալու պարտավոր ենք, և այսօր մեր գործերն երեսի վրա թողելով եկած ենք հոս ձեր ամուսնական խնդիրը քննելու, մենք ձեր ծառան չենք, հասկացա՞ք, մենք ձեր գերին չենք, հասկացա՞ք, մենք ձեր ստրուկը չենք, հասկացա՞ք, դուք պարտավոր եք մեզի երախտագետ ըլլալ, սակայն մենք ձեր երախտագիտությունն ալ չենք ուզեր, այլ կփափաքինք միայն, որ ազատ թողուք զմեզ գործելու,համբերեցեք ուրեմն, որ լմնցնենք ատենական գործողություններն և ներս կանչենք զձեզ: (Պաղտասար կմեկնի): Ես ճերմակ գինի կխմեմ, եղբայր, օրենքը կդատապարտե՞ ճերմակ գինի խմողները:
ԵՐԿԱԹ – Ինչո՞ւ դատապարտե, սիրելիս:
ՓԱՅԼԱԿ – Ի՞նչ կուզես, ուրեմն:
ՍՈՒՐ – Վերջացուցեք: Ատյանը բացված է: (Գրպանեն թուղթեր հանելով): Մեր գրասեղանի վրա երեք թուղթ կա: Առաջինն տեր Կիպարի կողմե տրված է: Այս թուղթով տեր Կիպարը կբողոքե տեր Պաղտասարի կողմեն հերյուրված զրպարտության մը դեմ և պատիվ կպահանջե. տեր Կիպար ամբաստանված է եղեր տեր Պաղտասարի կնոջ սիրեկանն ըլլալու հանցանոք: Երկրորդն ստորագրված է տիկին Անույշեն, որ չկրնալով հանդուրժել էրկան կողմե հաճախ տեղի ունեցող գանակոծությանց և հայտնելով միանգամայն, թե վերջին գանակոծությամբ յուր թևն կոտրած է` կխնդրե, որ էրիկն երաշխավորության ներքև դրվի, երաշխավորություն մը, որ ապահովե տիկինն, թե չպիտի սպանվի էրիկեն: Երրորդն է տեր Պաղտասարին, որ յուր կնոջ անբարոյականության մեջ գտնվիլն հայտնելով, կուզե, որ արձակե զայն և ուրիշ կին մը առնու: Ըստ իս, առաջնություն տալու է տիկին Անույշի խնդրագրույն, որ թեև երկրորդ է թվականի կարգավ, այլ առաջինն է ստիպողական կարգավ, ըստ որում մահու և կենաց խնդիր է: (Սողոմե անուշ կբերե):
ԵՐԿԱԹ – Այո, շատ աղեկ ամփոփեցիք խնդիրները:
ՓԱՅԼԱԿ – Ամփոփում մը, որ ամեն ինչ մանրամասնորեն կպատմե, համառոտ ընդարձակություն մը…
ՍՈՒՐ – (Զանգակը հնչեցնելով) Տեր Պաղտասար և տիկին Անույշ ներս գան:
ՏԵՍԻԼ Գ
ՆՈՒՅՆՔ և ՊԱՂՏԱՍԱՐ, ԱՆՈՒՅՇ (Ձախ թևը կապած)
ՍՈՒՐ – Նստեցեք: Տեր Պաղտասար, հանձնաժողովո անդամներս, որ անդամ ենք նաև Դատաստանական խորհրդո, կփափաքինք լսել ձեր արդարացուցիչ փաստերն այն ընթացից մասին, որով վարված եք ձեր կնոջ հետ, ընթացք մը, որ գլխովին հակառակ է դարուս ոգուն, ընթացք մը, որ երբեք չկրնար արդարանալ քաղաքակիրթ աշխարհին առջև, ընթացք մը, որ կդատապարտվի ամեն կարգի խիղճերե, վերջապես ընթացք մը, որ ամենուն ահ ու սարսափ կազդե: Ի՞նչ պիտի պատասխանեք տեր Պաղտասար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կինս անհավատարիմ գտնված է…
ՍՈՒՐ – Լռե: (Սողոմե օշարակ կբերե):
ՓԱՅԼԱԿ – Լեզուդ քեզի քաշե:
ԵՐԿԱԹ – Խորհրդարանական լեզվով խոսե:
ՍՈՒՐ – Ի՞նչ հարկ ստիպեց զքեզ ծեծել զինքն և թևը կոտրել:
ՊԱՂՏԱՍԱՐ – Յուր անհավատարարմությունը հաստատված է:
ՍՈՒՐ – Խնդրեմ դուրս կելնեք:
ԵՐԿԱԹ – Խնդրեմ մի շեղիր:
ՓԱՅԼԱԿ – Խնդրեմ մի խոտորիր:
ՍՈՒՐ – Եվ միմիայն քեզի ուղղված հարցումներուն պատասխան տուր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հետևաբար և բնականաբար հարկ է, որ բաժանվինք իրարմե և ըստ օրինի արտոնեք զիս ուրիշ կին մը առնելու:
ԱՆՈՒՅՇ – Մեծապատիվ Տիարք, ես կներեմ իրեն, միայն կխնդրեմ, որ երաշխավորություն մը տա ապագային մեջ այսպիսի ընթացքի մը մեջ չգտնվելու համար:
ՍՈՒՐ – Ինչ վեհանձնություն:
ԵՐԿԱԹ – Զգացման ինչ փափկություն
ՓԱՅԼԱԿ – Ինչ հեզություն:
ՍՈՒՐ – Եվ ասանկ ընտիր կիներն բարբարոսներու ձեռք կմնան ընդհանրապես: Վահ, տեր Պաղտասար, վահ, որ ասանկ կին մը ունիս և երջանկությունդ չես զգար:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Մեկուսի) Եթե չճաթիմ, աղեկ:
ՍՈՒՐ – Այս վայրկյանես աշխատե երաշխավոր մը գտնել, եթե ոչ այս տունը մտնելու չես:
ԵՐԿԱԹ – Այո:
ՓԱՅԼԱԿ – Իմ կարծիքս ալ աս է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ:
ՍՈՒՐ – Քեզի քանի-քանի անգամ ըսվեցավ, որ անձնականության չդարձնես խնդիրն:
ԵՐԿԱԹ – Ի կարգ հրավիրեցեք զինքն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Յուր անհավատարմությունն հաստատված է:
ՓԱՅԼԱԿ – Խնդրեն դուրս խոսելն արգիլյալ է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հետևաբար…
ՍՈՒՐ – Մի խոսիր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Եվ բնականաբար…
ՍՈՒՐ – Խոսք չունիս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հարկ է, որ բաժանվինք իրարմե…
ՍՈՒՐ – Խիստ միջոցներ ձեռք առնելու պիտի ստիպվիմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Եվ ըստ օրինի արտոնեք զիս…
ՍՈՒՐ – (Զանգակն ուժգին հնչեցնելով) Լռե…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ուրիշ կին մը առնելու… կինս անհավատարիմ…
ՍՈՒՐ – Քանի մը վայրկյան դադար (Անդամք սենյակը կքաշվին):
ՊԱՂՏԱՍԱՐ – Գտնված է յուր պաշտոնին մեջ, յուր անհավատարմությունն հաստատված է, հետևաբար և բնականաբար հարկ է, որ իրարմե բաժանվինք և արտոնեք զիս ուրիշ կին մը առնուլ:
ԱՆՈՒՅՇ – (Բարձրաձայն) Այ… այ… այ… օգնություն…
ՏԵՍԻԼ Դ
ՆՈՒՅՆՔ և ԿԻՊԱՐ
ՍՈՒՐ – Ի՞նչ է, ի՞նչ եղավ:
ԱՆՈՒՅՇ – Ահ… ահ…
ՓԱՅԼԱԿ – Ի՞նչ ունիք, տիկին:
ԱՆՈՒՅՇ – Ահ… սիրտս…
ԵՐԿԱԹ – Ի՞նչ կզգաք, տիկին:
ԱՆՈՒՅՇ – Ահ… ահ… ահ, սիրտս…
ՍՈՒՐ – (Մեկուսի) Էրկանը ըսած խոսքերուն չկրցավ հանդուրժել խեղճը և մարելիք եկավ վրան:
ԱՆՈՒՅՇ – Ահ… ահ… մազ մնաց որ…
ՍՈՒՐ – Որ…
ՓԱՅԼԱԿ – Մազ մնաց որ… ի՞նչ:
ԱՆՈՒՅՇ – Մազ մնաց որ… ահ…
ԵՐԿԱԹ – Որ… ի՞նչ պիտի ըլլար:
ԱՆՈՒՅՇ – Որ…
ՍՈՒՐ – Լավ որ… ի՞նչ…
ԱՆՈՒՅՇ – Որ… ահ… որ…
ԵՐԿԱԹ – Որեն անդին չկրնար ըսել որ:
ՓԱՅԼԱԿ – Մազ մնաց որ… վերջը՞:
ԱՆՈՒՅՇ – Որ… որ… պիտի…
ՍՈՒՐ – Պիտի… ի՞նչ…
ԱՆՈՒՅՇ – Պիտի…
ՍՈՒՐ – Ի՞նչ պիտի…
ԱՆՈՒՅՇ – Խեղդեր զիս, ահ…
ԿԻՊԱՐ – Ինչ անգթություն:
ՓԱՅԼԱԿ – Ինչ բարբարոսություն:
ԱՆՈՒՅՇ – Ահ… ահ… ահ…
ԵՐԿԱԹ – Տեր Պաղտասար, ձեր հանցանքն երթալով կբազմապատկվի և ծանրակշիռ կերպարանք կառնու: Ի՞նչ իրավունք ունիք վայրենաբար վարվելու այս խոնարհ ու համեստ կնոջ հետ: Ի՞նչ համար խեղդել կուզեք զինքը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ո՞վ կուզե խեղդել զայն:
ՍՈՒՐ – Դուք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ե՞ս:
ՓԱՅԼԱԿ – Ուրանա՞լ կջանաս:
ԵՐԿԱԹ – Ամենուս առջև կատարված իրողությու մը է:
ՍՈՒՐ – Եթե մեր ներկայությանն այսպես գազանաբար հոշոտել կուզես զինքն,ո՞վ գիտե ինչեր չես ըներ առանձին եղած ժամանակնիդ:
ՓԱՅԼԱԿ – Մեղք, մեղք, հազար մեղք, տեր Պաղտասար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Սուտ է, սուտ… ես իրեն դպած չունիմ:
ԱՆՈՒՅՇ – Ահ… ահ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Աս ի՞նչ դժոխային կնիկ է եղեր:
ԱՆՈՒՅՇ – Ահ… ահ…
ՍՈՒՐ – Հանուն մարդասիրության կաղաչեմ ձեզ, տեր Կիպար, որ սա խեղճ կինն առնեք և սա սենյակը տանիք, որ քիչ մը հանգստանա, չե՞ք տեսներ, նստելու կարողությաուն չունի: Կաղաչեմ քիչ մը խնամք տարեք:
ԵՐԿԱԹ – Ես ալ կխնդրեմ հանուն գթության, որ քովեն չբաժանվիք զի մի գուցե վայրենի գազանն նորեն վրան հարձակի:
ՓԱՅԼԱԿ – Կհուսամ, թե մեր երեքին սիրույն համար հանձն կառնեք այս նեղությունն:
ԱՆՈՒՅՇ – Ահ… ահ…
ԿԻՊԱՐ – (Վարանելով) Բայց… կարծեմ թե…
ՍՈՒՐ – Վարանելու ժամանակ չէ, կաղաչեմ շուտ ըրեք: (Կիպար վերցնելով Անույշը կտանի) Դուռը գոցեցեք:
ԵՐԿԱԹ – Եթե դուն հոս պիտի մնաս, մինչև որ ելնենք, անպիտան: (Սենյակը կքաշվի):
ՓԱՅԼԱԿ – Տեղդ չպիտի երերաս, գազան: (Սենյակը կմտնե):
ՍՈՒՐ – Հոս մեր ելնելուն պիտի սպասես, վայրենի: (Սենյակ կմտնե):
ՏԵՍԻԼ Ե
ՆՈՒՅՆՔ և ԿԻՊԱՐ
ՊԱՂՏԱՍԱՐ – (Առանձին) Ըսելիք չմնաց, աս բոլոր դռները գոցեց: Անպիտան, գազան, վայրենի եղա, ինչո՞ւ, որովհետև անհավատարիմ կինե մը բաժանվիլ կուզեմ: Սակայն ինչ որ ըսեն, ինչ որ ըսեն, միշտ իմս է իրավունքը, պիտի հայտնվի անշուշտ, թե այդ լիրբ կնոջ ոչ թևը կոտրած եմ, ոչ ալ խեղդել ուզած եմ զինքը: Չպիտի հուսահատիմ բնավ և պիտի աշխատիմ հաստատել, թե այդ կինն խորամանկ է, ստախոս է և անբարոյական, պիտի ջանամ, նույնիսկ մեծ կորուստներ ընելով բաժանվիլ այդ օձեն: Մեր փաստաբանեն ալ բան մը չհասկցա որ…
ՏԵՍԻԼ Զ
ՆՈՒՅՆՔ և ՍՈՂՈՄԵ (Խոհանոցի հագուստով)
ՍՈՂՈՄԵ – Ի՞նչ կա, ի՞նչ եղավ, ի՞նչ եղեր է…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ոչինչ:
ՍՈՂՈՄԵ – Ի՞նչպես ոչինչ… դրացիներն դուռն ափ առին ներս մտան ու խոհարան եկան ինձ հարցնելու, թե ով մարեր էր: Մեր խոհանոցեն ալ բան մը չլսվիր որ… ո՞վ մարեցավ… չլլա՞ որ տիկինը մարի… ո՞ւր է տիկինս… տիկինս… ո՞ւր է…ինչո՞ւ չես պատասխաներ, տիկինս կուզեմ ես…
ՊԱՂՏԱՍԱՐ – Գլուխդ փարատի տիկինդ:
ՍՈՂՈՄԵ – Ո՞ւր է տիկինը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Գործիդ գնա, հիմա ոտքիս տակը կառնեմ գլուխդ ու հոգիդ կհանեմ:
ՍՈՂՈՄԵ – Բան մը ալ չես կրնար ընել:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խոհանոցդ գնա ու գործդ նայե:
ՍՈՂՈՄԵ – Ոչ:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Բարձրաձայն) Խոսքս մտիկ պիտի ընե՞ս թե ոչ:
ՍՈՂՈՄԵ – (Պոռալով) Չե՞ս խպնիր, չե՞ս ամչնար…
ՏԵՍԻԼ Է
ՆՈՒՅՆՔ և ՓԱՅԼԱԿ, ԵՐԿԱԹ, ՍՈՒՐ, ԿԻՊԱՐ, ԱՆՈՒՅՇ
ՍՈՒՐ – Ի՞նչ եղաք նորեն…
ՍՈՂՈՄԵ – Անգամ մը գլխուդ մազերուն ճերմակությանը նայե:
ՓԱՅԼԱԿ – Ի՞նչ պատահեցավ:
ՍՈՂՈՄԵ – Միշտ առ Պաղտասար) Ես քուկիդ գիտցած կիներեդ չեմ, խելքդ գլուխդ ժողվե, չխպնած, պատկերի պես կին մը ունիս և կելնես ուրիշ կիներու կքսվիս. ո՞վ գիտցար դուն ինձի…
ԵՐԿԱԹ – Աս ի՞նչ է տեր Պաղտասար:
ՍՈՂՈՄԵ – Կնիկ կա, կնիկ ալ կա, չամչցած, ամեն կնիկ մեկ չէ:
ՍՈՒՐ – Աս ալ նոր տեսարան:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ասոնց ամենը խոսք մեկ ըրած են այսօր զիս զրպարտելու: (Առ Սողոմե) Ո՞վ քսվեցավ քեզի, անզգամ:
ՍՈՂՈՄԵ – Ո՞վ պիտի քսվի, ինչու թևս կկսմթտես…
ՊԱՂՏԱՍԱՐ – Պապանձե, ստախոս, և հիմա դուրս ելիր տունես, չեմ ուզեր քեզի:
ՍՈՂՈՄԵ – Տեղ մը ալ չեմ երթար, ես տիկնոջս հրամանին միայն կհնազանդիմ, ամեն օր է աս, ամեն օր, քաշվելու բան չէ ալ. “Սողոմե, քեզի համար կխենդենամ, Սողոմե, քեզի շատ կսիրեմ, Սողոմե, քեզի նոր կոշիկ պիտի ապսպրեմ, Սողոմե, ամսականդ պիտի ավելցնեմ”… Չեմ ուզեր ոչ կոշիկդ, ոչ զքեզ, կըսեմ, կձգեմ, կփախչիմ, ետևես կուգա, թևս կքաշե: Մինչև այսօր պահեցի:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ խաղեր են ասոնք:
ՍՈՂՈՄԵ – Մեկու մը բան չըսի, բայց հիմա որ տեսա, թե խեղճ կինդ կչարչարես, ալ չկրցի համբերել, անամոթ մարդ: (Կերթա):
ՏԵՍԻԼ Ը
ՊԱՂՏԱՍԱՐ, ՓԱՅԼԱԿ, ԵՐԿԱԹ, ՍՈՒՐ, ԿԻՊԱՐ, ԱՆՈՒՅՇ
ՍՈՒՐ – Ճշմարիտը խոսելով, չկրցինք վայելցնել ձեզի, որ գեղեցիկ կին մը ունենալով զիջանեիք այդ սպասուհվույն քծնիլ:
ՓԱՅԼԱԿ – Շիտակը մարդուս հավատալիքը չգար:
ՍՈՒՐ – Ինչ որ է, փակենք այս խնդիրն ալ և ատյանը բանանք: (Զանգակը հնչեցնելով) Ատյանը բացված է, խոսքը ձերն է, տեր Կիպար:
ԿԻՊԱՐ – Տեր Պաղտասար այնպիսի զրույցներ տարածեր է հրապարակի վրա,որք պատիվս արատավորելու և զիս մարդկային ընկերությանց մեջ մտնելու արժան էակ մը ցույց տալու հանգամանքն ունին: Կխնդրեմ, հարցնեիք տեր Պաղտասարին, թե ե՞րբ ըսած եմ իրեն, թե յուր կինը կսիրեմ:
ՍՈՒՐ – Խոսքը ձերն է, տեր Պաղտասար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նքը պիտի ըսեր, թե կսիրե կինս:
ՍՈՒՐ – Կի՞նդ ըսավ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ոչ:
ՍՈՒՐ – Ո՞վ ըսավ ուրեմն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վատահամբավ տան մը մեջ զիրար սիրելն հաստատեցինք:
ՍՈՒՐ – Վկաներ ունի՞ք: Ո՞վ տեսած է ասոնց զիրար սիրելը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ով տեսած է:
ՍՈՒՐ – Այո:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վատահամբավ տան մը մեջ…
ՍՈՒՐ – Վատահամբավն բավական չէ, զորավոր ապացույցներ պետք է հաստատելու համար տեր Կիպարի հանցանքն, և մենք համոզվելու ենք, որպեսզի ըստ այնմ որոշենք տնօրինվելիք պատիժը:
ԿԻՊԱՐ – Կխնդրեմ, որ պահպանեք պատիվս, և մաքրեք զիս սարսափելի արատեն մը: Ինքը ուրիշ կնոջ հետ կարգվելու համար ազատ է զրպարտել յուր կինն իբրև անհավատարիմ, և կինն ալ կարող է ինքզինքն պաշտպանել, բայց չեմ ընդունիր, որ ասանկ զրպարտության մը գործիք ըլլամ: Հատուցում կպահանջեմ: Գոնե երեք հարյուր ոսկի տալու է ինձ, որ սրբվիմ այս աղտեն:
ՍՈՒՐ – Ի՞նչ պիտի պատասխանեք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վատահամբավ տան մը մեջ ի՞նչ գործ ուներ կնոջս հետ:
ԿԻՊԱՐ – Ատ ալ զրպարտություն մը է:
ՍՈՒՐ – Կամ հաստատել պետք է ինչ որ կսեք, կամ գոհացնել տեր Կիպարը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Լումա մը չեմ կարող տալ:
ԿԻՊԱՐ – Ուրեմն ետ առեք ձեր խոսքն և ներումն խնդրեցեք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ոչ:
ԿԻՊԱՐ – Գիտնալ պետք է սակայն, թե այլոց պատիվն ձեր խաղալիքը չէ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ոչ ալ իմս այլոց:
ԵՐԿԱԹ – Պարապ խոսքերով ժամանակ մի անցունեք, մենք ալ գործ ունինք, պիտի երթանք, մենք ամսականով չենք, մեր տղաքներն հաց կուզեն իրիկվան:
ՓԱՅԼԱԿ – Այո, այո, շուտ մը հաշտվեցեք, լմննա երթա:
ԿԻՊԱՐ – Պատիվ կպահանջեմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Պատիվն ես կպահանջեմ:
ԵՐԿԱԹ – Ուշ մնացիք:
ՓԱՅԼԱԿ – Դուն անոր ճակտեն համբուրե, ան ալ քու ձեռքդ պագնե, գործը չերկարի:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կինս անհավատարիմ գտնված է:
ՍՈՒՐ – Խնդիրը հիմա Կիպարի վրա է:
ԵՐԿԱԹ – Կիպար անանկ տղա չէ… ես զինքը պզտիկուց կճանչնամ, հայրն ալ ազնիվ մարդ մը է, Դերենիկ կըսեն:
ՓԱՅԼԱԿ – Ի՞նչ կըսես, Դերենիկի տղա՞ն է:
ԵՐԿԱԹ – Այո:
ՓԱՅԼԱԿ – Կճանչնամ, ազնիվ ընտանիք, մայրն ալ ազնվական տոհմե սերած է:
ԵՐԿԱԹ – Անգյուտ ընտանիք մը է:
ՓԱՅԼԱԿ – Ի՞նչ կընե հայրդ, աղե՞կ է:
ԿԻՊԱՐ – Աղեկ է, յուր հարգանքները կմատուցանե:
ՓԱՅԼԱԿ – Ի՞նչ ըրավ ձին:
ԿԻՊԱՐ – Կպահե:
ՓԱՅԼԱԿ – (Առ Երկաթ) Ձի մը ունի, որ տեսնելու արժանի բան է, սքանչելի ձի մը, գեղեցիկ ձի մը, որ շոգեկառքի հետ կրնա մրցիլ: (Առ Կիպար) Քանի՞ տարեկան է հիմա այդ ձին:
ԿԻՊԱՐ – Ութը լմնցուց ինը պիտի մտնա:
ՓԱՅԼԱԿ – Քալած ժամանակ կցատկե՞ միշտ:
ԿԻՊԱՐ – Այո:
ՓԱՅԼԱԿ – Անոր վրա կայնիլը քիչ մը դժվար է, բայց հորդ համար աշխարհիս ամենեն դյուրին բանն է, շիտակ ես կվախնամ: (Առ Սուր) Ցատկած ժամանակը տասը կանգուն վեր կբարձրանա և քսան կանգուն անդին կնետե ինքզինքը: Շատ աղեկ ձի մը է: (Առ Կիպար) Քանիի՞ առած է այդ ձին:
ԿԻՊԱՐ – Քսան և հինգ ոսկի:
ՓԱՅԼԱԿ – Բայց եթե այսօր ծախելու հանե` կարծեմ քառասուն ոսկի կուտան: Տեր Պաղտասար տեսա՞ծ եք այդ ձին:
ՊԱՂՏԱՍԱՐ – Տեսած եմ: (Մեկուսի) Այդ սատկելիք ձիուն խոսքն ո՞վ հանեց:
ՓԱՅԼԱԿ – Ի՞նչպես է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Աղեկ է: (Մեկուսի) Սատանան տանի:
ՓԱՅԼԱԿ – Այդ ձիով նապաստակ որսալու երթալու է (Առ Պաղտասար) Նապաստակ կերած ունի՞ք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ոչ:
ՓԱՅԼԱԿ – (Առ Երկաթ) Կըսեն թե միսը քիչ մը թթու է:
ԵՐԿԱԹ – Այո, անհամ է, բայց եթե աղեկ համեմվի` կուտվի:
ՍՈՒՐ – Ես բնավ կերած չունիմ: Դուք կերած ունի՞ք, տեր Երկաթ:
ԵՐԿԱԹ – Ոչ, քանի մը անգամ լորամարգի կերած եմ:
ԿԻՊԱՐ – Ատոր միսը պատվական է:
ՓԱՅԼԱԿ –Եփելու վրա է գործը:
ՍՈՒՐ – Բնականաբար եթե խնամքով պատրաստվի…
ԵՐԿԱԹ – (Առ Պաղտասար) Ժամավաճառ չըլլանք, ի՞նչ պիտի պատասխանեք, պիտի համառի՞ք ձեր պահանջմանց մեջ թե պիտի հաճիք հաշտությամբ վերջացնել այս խնդիրն:
ԿԻՊԱՐ – Ես յուր անձնականին հետ բան չունիմ, կհարգեմ զինքն իբրև բարի և պատվավոր մարդ, այսուամենայնիվ կպահանջեմ, որ խնդիրն ըստ օրինի քննվի և յուր լուծումն ստանա:
ՍՈՒՐ – Տեր Պաղտասարն ալ բարի մարդ է, ան ալ կհարգե զձեզ, կերևի թե թյուրիմացություն կա ձեր մեջը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ թյուրիմացություն… աչքովս տեսա…
ՍՈՒՐ – Թյուրիմացություն ուրեմն…
ՓԱՅԼԱԿ – Կարծեմ թե վրան քիչ մը ալ գինի կսրսկեն եփ ելած ժամանակը:
ԵՐԿԱԹ – Հաշտվեցեք, հաշտվեցեք, տեր Պաղտասար:
ԿԻՊԱՐ – Անկարելի է:
ՍՈՒՐ – Կխնդրեմ, քիչ մը դուրս ելեք և առանձին թողեք զմեզ, որ խորհրդակցինք (Կիպար, Պաղտասար և Անույշ մեկնելու վրա) Հանձնաժողովս կխնդրե տեր Պաղտասարեն, որ դուրսը խելոք նստի և նորեն չհարձակի տիկնոջը վրա: (Կելնեն):
ՏԵՍԻԼ Թ
ՓԱՅԼԱԿ, ԵՐԿԱԹ, ՍՈՒՐ, հետո ՍՈՂՈՄԵ
ՓԱՅԼԱԿ – Օն, ժամավաճառ չըլլանք, աշխատինք դարմանելու այն վնասն, զոր մենք ըրին այսօր բացակա գտնվելով մեր վաճառատունեն: Օգուտ քաղենք ուրեմն այս կորսված օրեն և ջանանք արդյունավորել զայն:
ԵՐԿԱԹ – Համամիտ եմ ձեզի:
ՍՈՒՐ – Շատ իրավունք ունիք:
ՓԱՅԼԱԿ – Կանչենք ուրեմն Սողոմեն և զրուցենք իրեն, որ մեզի քիչ մը ընտիր օղի, կտոր մը ապուխտ, կտոր մը պանիր, կտոր մը ձիթապտուղ, կտոր մը հաց, կտոր մը խորոված ձուկ, կտոր մը…
ԵՐԿԱԹ – Ի՞ն պիտի ընենք ավելին:
ՍՈՒՐ – Եվ քիչ մը զվարճանանք, այնպես չէ՞:
ՓԱՅԼԱԿ – Այո. և արդեն այսօրվան համար ուրիշ գործ չունինք, մեր այս ավուր նիստն բավական արդյունավետ եղավ:
ԵՐԿԱԹ – Դատաստանական խորհրդո անդամ ընտրվելնես ի վեր ասանկ արդյունավոր և կանոնավոր նիստ ըրած չունեինք:
ՍՈՒՐ – Անույշին և Կիպարին խնդրագրերն մեր ուշադրության նյութ ըրինք նախ և արդարությունը քիչ մը երևան բերինք, մնաց Պաղտասարին ամբաստանագիրն, որ մյուս երկուքեն կարևորն է և զոր օղի խմելով ալ կրնանք մեր խորհրդատության առարկա ընել. թող որ մեր ընտրած մասնաճյուղն ալ այսօր զբաղված է ստուգելու, թե Կիպար և Անույշ ճշմարտապես տեսակցա՞ծ են այդ վատհամբավ տան մեջ: Ավելորդ է ըսել, թե մասնաճյուղին ներկայացնելիք տեղեկագրեն կախումն ունի մեր ընելիք անօրինությունը, թեև ըստ իս, Պաղտասար պարզապես զրպարտիչ մը է:
ԵՐԿԱԹ – Անպիտանին մեկն է:
ՓԱՅԼԱԿ – Վերջապես արդարությունը չկորսվիր, այս կարծիքես չեմ խախտիր բնավ:
ՍՈՒՐ – Ճշմարիտ է, ստությունն, անիրավությունն և զրպարտությունն միշտ կխայտառակվին:
ՓԱՅԼԱԿ – Ձեռքս խղճիս վրա դնելով կրնամ վկայել, թե մեր ստանձնած պաշտոնն խղճի մտոք կկատարենք և այսօր բավական գործ տեսանք: Բայց ի՞նչ օգուտ, մեր մեջ գործ տեսնողն ալ չտեսնողին հավասար պատիվ կվայլե:
ԵՐԿԱԹ – Եթե ազգային մյուս ժողովներն, խորհուրդներն, հանձնաժողովներն և այլն մեզի պես աշխատեին` ազգն քանի մը տարվա մեջ զգալապես կհառաջադիմեր: Բայց ո՞վ պիտի ճանչնա մեր երախտիքը…
ՓԱՅԼԱԿ – Գոցենք այս կետը և Սողոմեն կանչենք: (Զանգակը հնչեցնելով) Սողոմե, Սողոմե, Սողոմե… (Սողոմե կմտնե) Տիկին Սողոմե, դուն տանտիկին մեկն ես, մեզի սանկ քիչ մը օղի, կտոր մը ապուխտ, կտոր մը պանիր, կտոր մը…
ՍՈՂՈՄԵ – Գլխուս վրա, հիմա, անմիջապես: (Մեկուսի) Երթամ շուտ մը կատարեմ իրենց հրամանն, որ ներկա գտնվիմ մեր ապուշին խաղացվելիք նոր խաղին: (Բարձր) Հիմա շուտ մը… (Կմեկնի):
ՓԱՅԼԱԿ – Մի ուշնար:
ՍՈՒՐ – Կուզե՞ք, որ Պաղտասարին ամբաստանագիրն ընթեռնեմ:
ԹԱԳՈՒՀԻ – (Դուրսեն) Կախաղան ելնելու կին մը ես դուն:
ՄԱՐԹԱ – (Դուրսեն) Աստուծմե չվախցած, չամչցած…
ԹԱԳՈՒՀԻ – (Դուրսեն) Ստախոս:
ՓԱՅԼԱԿ – Ի՞նչ աղմուկ է աս:
ՄԱՐԹԱ – (Դուրսեն) Կռվարար:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Դուրսեն) Ի՞նչ կա… ինչո՞ւ կքաշկռտեք զիս… թող տվեք օձիքս:
ՏԵՍԻԼ Ժ
ՆՈՒՅՆՔ, ԹԱԳՈՒՀԻ, ՄԱՐԹԱ և ՊԱՂՏԱՍԱՐ
ԹԱԳՈՒՀԻ – (Պաղտասարին թևեն քաշելով) Եկուր սա մեր գործը մաքրե:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ գործ:
ՍՈՒՐ – Ինչո՞ւ կպոռաք, տիկիններ, ի՞նչ կուզեք:
ԹԱԳՈՒՀԻ – տանս խաղաղությունն ավրեց, պոռալու բան է, Պաղտասար աղբար, սուտ չպիտի խոսիս:
ՄԱՐԹԱ – Եղածին պես պատմե թող, ի՞նչ իրավունք ունիս տանս դուռն ափ առնելու և փողոցեն անվայել խոսքեր ընելու ինձի:
ԹԱԳՈՒՀԻ – Կընեմ ա, աղջիկս ձեռքես պիտի ելլա: Ըսե նայիմ, Պաղտասար աղբար, այս կնկան հետ կարգվելու մի՞տք ունիս եղեր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ե՞ս:
ՄԱՐԹԱ – Պաղտասար աղբար, դուն չէ՞իր, որ տարիե մը ի վեր ինձի խոստացողն թե…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ե՞ս:
ՄԱՐԹԱ – Դուն, դուն ինչո՞ւ կպահես կոր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ուրիշ մեկը չըլլա:
ՄԱՐԹԱ – Ոչ, դուն ես:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ես տեղեկություն չունիմ:
ՄԱՐԹԱ – Եթե տեղեկություն չունիս` շուտ ըրե ուրեմն երթանք մեր տունը, որովհետև աղջիկս կմարի, կմարի կերթա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ինչո՞ւս պետք իմին:
ԹԱԳՈՒՀԻ – Հապա որո՞ւն պետք է. գնա համոզե զինքը, ըսելով, թե սուտ է այդ լուրն, թե իրեն ըրած խոստումներուդ վրա հաստատ ես:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ խոստում:
ԹԱԳՈՒՀԻ – Չգիտնալեն մի գար, աշխարհ արար գիտե, որ աղջիկս պիտի առնես: Շուտ ըրե երթանք (Թևեն քաշելով):
ՓԱՅԼԱԿ – Ի՞նչ հայտնություններ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Աղջի՞կդ մի պիտի առնեմ:
ՄԱՐԹԱ – (Պաղտասարին թևեն քաշելով) Անիկա իմ ապագա ամուսինս է:
ՏԵՍԻԼ ԺԱ
ՆՈՒՅՆՔ, ԿԻՊԱՐ, ԱՆՈՒՅՇ, ՍՈՂՈՄԵ (Օղի բերելով)
ԹԱԳՈՒՀԻ – Ոչ, իմ ապագա փեսաս է:
ՄԱՐԹԱ – Չէ, իմ ապառնի էրիկս է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Աս ի՞նչ դժոխային սուտեր են… թող տվեք զիս, ալ խայտառակություն է ձեր ըրածը…
ՍՈՒՐ – Հիմա կհասկցվի, թե ինչու կզրպարտե ու կամբաստանե յուր անմեղ կինը:
ՓԱՅԼԱԿ – Ապրիս, Պաղտասար աղբար, ապրիս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Մի հավատաք սուտ է անոնց ամեն ըսածը, աս կնիկներն որչափ կսիրեն եղեր զիրար… կնոջդ անբարոյականության դեմ բողոքողը կանանց բանակ մը կհարուցանե եղեր իրեն դեմ:
ԹԱԳՈՒՀԻ – Ասոնք ավելորդ խոսքեր են… տուն երթանք, սա աղջիկը խալըսենք, բժի՞շկ պիտի բերես, ի՞նչ պիտի ընես, ըրե, վահ աղջիկս (Լալով) վահ աղջիկս…
ՄԱՐԹԱ – Թող չեմ տար, որ երթա, ես սեր տված եմ իրեն, անիկա իմս է… Աստված գիտե, եթե տեսնեմ, որ տունդ կերթա…չեմ ապրիր… կմեռնիմ (Լալով) անմիջապես կմեռնիմ…
ԱՆՈՒՅՇ – (Մարելով) Ահ…
ՍՈՒՐ – Պաղտասար աղբար, վերջ տալու է այս տեսարանին:
ԹԱԳՈՒՀԻ – (Լալով) Երթանք սիրելի փեսացուս:
ՄԱՐԹԱ – (Լալով) Մի երթար, սիրելի մեծավորս:
ՓԱՅԼԱԿ – Գոհացուր զիրենք և վերջացուր այս խայտառակությունը, գավաթ մը օղի խմեցի, քիթես, բերնես հանեցիր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Սուտ է ըսածնին:
ԿԻՊԱՐ – Որքան կիներ խաբեր է… Դուրսեն բարի մարդ մը կերևար:
ԵՐԿԱԹ – Պաղտասար աղբար, արդարանալու հույս չմնաց քեզի համար: Արդարությունը չի խեղդվիր, պարապ տեղ մի աշխատիր ինքզինքդ արդարացնելու, հանցավոր ես դուն:
ՄԱՐԹԱ – (Լալով) Ինչու՞ համար հանցավոր ըլլա, միթե երկրորդ անգամ կարգվիլը հանցա՞նք է:
ԹԱԳՈՒՀԻ – (Լալով) Ժամանակ չանցունենք, երթանք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կորսվեցեք, գնացեք աչքիս առջևեն: (Կփախչի տեսարանին վրա, Մարթա և Թագուհի կհալածեն) Ասանկ բան գլխուս բնավ եկած չուներ… (Պոռալով) Ես կարգվելու չեմ, կարգվելու ժամանակ չունիմ: (Տեսարանեն դուրս կփախչի, Մարթա և Թագուհի անոր ետևեն կվազեն):
ԿԻՊԱՐ – (Ցած առ Անույշ) Շատ աղեկ կատարեցին իրենց դերը:
ԱՆՈՒՅՇ – (Ցած առ Կիպար) Իբրև առաջին կարգի դերասանուհիներ: (Պաղտասար տեսարան կմտնե վազելով, ետևեն Մարթա և Թագուհի):
ՊԱՂՏԱՍԱՐ – Ազատեցեք զիս այս կնիկներու ձեռքեն, պիտի սպանեն զիս:
ՍՈՒՐ – Տիկիններ, չափն անցուցիք, ըստ օրինի ներկայացուցեք ձեր խնդիրն Խորհուրդույս, որ արդարությամբ քննե և իմաստասիրե ձեր գործը:
ԹԱԳՈՒՀԻ – Շատ լավ, գիտեք արդեն, թե որքան ծանր բան է անփորձ աղջիկ մը խաբելը:
ՄԱՐԹԱ – Հարկավ մեզմե աղեկ գիտեն, թե որքան ամոթալի բան է իմ տարիքիս կին մը գլխե հանելը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ոհ, գլխե հանել…
ԱՆՈՒՅՇ – Շատ, շատ կցավիմ ականատես ըլլալուս համար տեսարանի մը, որ կենացս կեսը սպառեց:
ՓԱՅԼԱԿ – Հոգ մի ընեք, տիկին, ամեն բան կանցնի և կմոռցվի:
ԱՆՈՒՅՇ – Զգացում և պատիվ ունեցող կնկան մը համար շատ դառն է տեսնել յուր ամուսնույն խայտառակությունները: (Վազելով Պաղտասարը կգրկե) Կներեմ քեզի: (Աչքերը կսրբե):
ՍՈՒՐ – Այո, դառն է մանավանդ Անույշի մը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ես չեմ ներեր քեզի, որ միակ պատճառ ես բոլոր այս սատանայությանց:
ՓԱՅԼԱԿ – (Ոտքի ելնելով) Ամենքդ ալ նստեցեք, լավ խորհուրդ մը հղացա: Ատյանն արդեն շատոնց փակված է…
ԹԱԳՈՒՀԻ – Բայց իմ գո՞րծս…
ՄԱՐԹԱ – Ապա իմի՞նս…
ՓԱՅԼԱԿ – Դուք ձեր խնդիրներն գրով ներկայացուցեք մեզի և վստահ եղեք, որ անաչառությամբ պիտի քննվին:
ԹԱԳՈՒՀԻ – Խոսք կուտա՞ք ուրեմն:
ԵՐԿԱԹ – Այո:
ՄԱՐԹԱ – Շնորհակալ ենք:
ԿԻՊԱՐ – Ի՞մ խնդիրս:
ՓԱՅԼԱԿ – Ձեր խնդիրն կրնաք` վերջացած համարել, հայտնի է, թե անդամոցս կարծիքներն նպաստավոր են ձեզ: Արդ, ատյանը փակված է…
ԿԻՊԱՐ – Թույլ տվեք ուրեմն իմ շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել այն ուղղության համար, որով պատվարժան հանձնաժողովդ վարվեցավ, խնդիրն պարագաներովն քննեց և արդարությունն երևան բերավ:
ԱՆՈՒՅՇ – Չեմ կարող բառ գտնել երախտագիտական զգացումներս հայտնելու այն անաչառության և անկողմնակալության համար, որմե առաջնորդվեցավ պատվարժան հանձնաժողովդ և գիտցավ տկար էակի մը անմեղությունն ի լույս բերելու, կենացս մինչև վերջին շունչը շնորհապարտ պիտի մնամ ձեզ:
ՓԱՅԼԱԿ – Շնորհակալ ենք ձեր արտահայտած զգացմունքներեն և կխոստանանք միևնույն ուղղությամբ ընթանալ մինչև դատին վերջը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Իմ թուղթս ի՞նչ եղավ:
ՍՈՒՐ – Ձեր թուղթը հաջորդ նիստին:
ՓԱՅԼԱԿ – Թող չտվիք, որ հղացած խորհրդույս ծնունդ տամ: Քանի որ հոս ներկա են չորս այր և չորս կին, պատճառ մը չունինք, կարծեմ չպարելու: Ի՞նչ կըսեք:
ԵՐԿԱԹ – Սքանչելի խորհուրդ:
ՍՈՒՐ – Ընտիր գաղափար:
ՓԱՅԼԱԿ – Պետք չէ մոռնալ սակայն, թե այս պարն պաշտոնական հանգամանք չպիտի ունենա:
ԵՐԿԱԹ – Իհարկե:
ԱՆՈՒՅՇ – Մեծ անքաղաքավարություն կըլլար մեր կողմեն, եթե մերժեինք պատվարժան հանձնաժողովույդ սույն առաջարկն, կարծեմ տիկիններն ալ կհաճին ընդունիլ ձեր հրավերն:
ԵՐԿԱԹ – Ով պիտի նախագահե պարին:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Ինքն իրեն) Գործ ունեցիր և ասոնց հանձնե:
ՍՈՒՐ – Պաղտասար աղբարն ավելորդ է, ան ալ կրնա հանդիսական ըլլալ, եթե կբաղձա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ես ոչ հանդիսական կուզեմ ըլլալ, և ոչ ալ պարական, ես կուզեմ, որ գործս մաքրվի, կինս պատժվի:
ՍՈՒՐ – Տեր Երկաթն, որ լավ պարող մը է, կնախագահե պարին:
(Պարը կսկսի և տասը վայրկյանի մեջ կվերջանա, պարի ժամանակ Կիպար դիտմամբ Պաղտասարին` որ կշրջի տեսարանին վրա` ոտքը կկոխե կամ կբախվի անոր դեմ և ներումն կխնդրե):
ՊԱՂՏԱՍԱՐ – (Պարի միջոցին մերթ ընդ մերթ ընդհատելով) Որո՞ւ մտքեն կանցներ, թե այս տեսակ զրպարտություններ պիտի ըլլային իմ վրա… անիծյալ ըլլա այն օրն, ուր այս դժոխային կնկան հետ կարգվեցա, ինչո՞ւս պետք իմին կարգվիլ… կարգվիլն ի՞նչ ըսել է… աշխարհ մտանք… մտանք և անանկ մտանք, որ դուրս ելնելն անկարելի է… առ քեզի աշխարհ ու նստե… կարելի բան չէ… առնել նստել այս կնիկը, անկարելի է… եթե չկրնամ ապացուցանել… բայց ոչ, պիտի ապացուցեմ, իսկ եթե չկրնամ` կրոնքս կփոխեմ, կամ հռովմեական կլլամ, կամ բողոքական, ձեռքես ուրիշ ի՞նչ կուգա… կամ քաղաքը կթողում կփախչիմ… ահ կնիկներ, ահ… բոլորովին զզվեցա ձեզմե… կվախնամ կոր… կնիկ մը տեսնելուս պես դող կուգա վրաս… կվախնամ կոր… հապա սա օձ կինն, որ կըսե, թե աղջկանը խոսք տված եմ… հապա մյուսն…
խռֆածն… ցնդածն… հիսուն տարու կա և գլխե հաներ եմ եղեր զինքը… հապա մեր Սողոմե խաթունը… ասոնց ամենն ալ Կիպարին վարպետություններն են, վնաս չունի… կին ունեցողն համբերող ըլլալու է… վհատելու չէ, հարկավ պիտի հաստատեմ, թե այս կանանց խոսքերուն ականջ կախելու չէ, թե զրպարտիչ են անոնք, թե Անույշին հանցանքը թեթևացնելու կամ պարտկելու համար շինված են… իրենց խելքովն որպես թե նրբացուցիչ դեպք հանցանաց պիտի գտնեն… թող ընեն, ինչ որ կուզեն, եթե արդարությունն վերացված չէ աշխարհես, անպատճառ պիտի հայտնվի իմ անմեղությունս… անիծյալ պարն ալ դեռ չլմնցավ, որ քանի մը խոսք ընեի սվոնց… (Պարը կվերջանա և պարողք թև թևի պտտիլ կսկսին):
ԹԱԳՈՒՀԻ – (Առ Երկաթ) Երկար ատեն չեմ կրնար մնալ, ձեր սիրույն համար ընդունեցի պարը, կաղաչեմ, որ թողուք զիս երթալ և աղջկանս հուզմունքն հանդարտեցնել:
ԵՐԿԱԹ – Կրնաք երթալ, Պաղտասար աղբարին թևը առաջարկեմ ընձի համար: (Պաղտասարին հետ թև թևի կսկսի պտտիլ):
ՊԱՂՏԱՍԱՐ – Համբերություն, ուրիշ ճար չկա:
ԹԱԳՈՒՀԻ – Տյարք իմ, ահա կերթամ ես վստահելով միմիայն ձեզ ազգասիրական զգացմանց և հուսալով, թե պիտի պաշտպանեք խեղճ աղջկան մը դատը:
ՍՈՒՐ – Հանդարտ եղեք: (Թագուհի կմեկնի):
ՓԱՅԼԱԿ – Բաժակ կառաջարկեմ տիկին Անույշի կենացի համար: (Ամենքը կխմեն, բացի Պաղտասարե):
ԵՐԿԱԹ – Դուք ինչո՞ւ չեք խմեր, Պաղտասար աղբար, քաղաքավարությունը կպահանջե…
ՍՈՒՐ – Ոչ թե կպահանջե, այլ կհրամայե…
ԵՐԿԱԹ – Չմերժել գավաթն, որ կառաջարկվի ի կենդանություն ձեր տիկնոջ, մանավանդ այնպիսի մեկ տիկնոջ, որու շնորհիվ միայն կրցած եք բարձր ընկերությանց մեջ մուտ գտնել…
ՍՈՂՈՄԵ – Խոսիլ սորվիլ:
ԵՐԿԱԹ – Տիկնոջ մը որ ձեր փառքն ու պարծանքն ավելցուցած է:
ՍՈՂՈՄԵ – Պարել սորվեցուցած է:
ԵՐԿԱԹ – Տիկնոջ մը որ յուր դաստիարակությամբն և կրթությամբն զձեզ երջանիկ ըրած է:
ՍՈՂՈՄԵ – Հագվիլ սորվեցուցած է:
ԵՐԿԱԹ – Տիկնոջ մը որ ի բաց վանելով այն ամեն հաճույքներն և զվարճալիքներն, զորս յուր գեղեցկությունն, երիտասարդությունն, հրապույրն լիաբուռն կընձեռեն իրեն, շատացած է այն վիշտերով, զորս պատճառած եք և դեռ կպատճառեք:
ՍՈՂՈՄԵ – Ձյան պես սպիտակ…
ԵՐԿԱԹ – Տիկնոջ մը որ…
ՍՈՂՈՄԵ – Ձյան պես սպիտակ շապիկներ հագցուած է:
ԵՐԿԱԹ – Տիկնոջ մը, որ վերջապես անգին գանձ մը է ձեզի համար, ուստի կհրավիրեմ, որ խմես յուր կենացը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Շնորհակալ եմ յուր ըրած ծառայություններեն և կբարեմաղթեմ, որ ձեր կինն ալ անանկ ծառայություններ ընե ձեզի, բայց գինի չեմ կրնար խմել: (Մեկուսի): Ծառայություններ…
ՍՈՒՐ – Պատշաճ օրենքն կպահանջեր, որ խմեիք, ձեր այս վարմունքով կհաստատեք ձեր տիկնոջ անմեղությունը:
ՓԱՅԼԱԿ – Կխմեմ ի կենդանություն ներկայից:
ԵՐԿԱԹ – Կխմեմ ի կենդանություն բացակայից:
ԱՆՈՒՅՇ – Բաժակ կառաջարկեմ պատվարժան հանձնաժողովո անդամոց օրերուն երկարությանը համար: (Կխմեն):
ԿԻՊԱՐ – Օն, խմենք հանձնաժողովո մեծապատիվ անդամոց օրերուն երկարությանը համար: (Կխմեն):
ՍՈՒՐ – Մեկնելու ժամ է:
ՓԱՅԼԱԿ – Այո, երթանք:
ՍՈՒՐ – (Առ Պաղտասար) Դուք մինչև որ երաշխավոր մը ցույց տաք` չեք կրնար այս տան մեջ մնալ:
ԵՐԿԱԹ – Եվ այս վայրկյանեն դուրս ելնելու եք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ինչո՞ւ, տունն իմս չէ՞, ո՞վ կխառնվի այս տունին:
ՍՈՒՐ – Չեմ կարծեր, որ ստիպեք զմեզ խիստ միջոցներու դիմելու:
ԱՆՈՒՅՇ – Ես ետ կառնեմ խնդիրս և կաշխատիմ միջոց մը գտնել ինքզինքս պաշտպանելու յուր հարձակմանց դեմ:
ՍՈՒՐ – Շատ լավ, ահա կմեկնինք մենք:
ՏԵՍԻԼ ԺԲ
ՊԱՂՏԱՍԱՐ, ԱՆՈՒՅՇ, ՄԱՐԹԱ, ՍՈՂՈՄԵ
ՄԱՐԹԱ – (Խնդալով) Հահ, հահ. հահ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչու կխնդաս…
ՍՈՂՈՄԵ – Հահ, հահ. հահ…
ԱՆՈՒՅՇ – (Խնդալով) Հահ, հահ. հահ, ի՞նչու կխնդաք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Աներեսներ: (Երեքը մեկեն կխնդան): Լիրբեր, չամչցածներ… ուհ…
ՍՈՂՈՄԵ – Դյուրի՞ն է կին մը զրպարտել և աշխարհի առջև ծաղր ու ծանակ ընել: Գնա տիկնոջդ ձեռքը համբուրե, հաշտվե հետը, եթե ոչ դեռ շատ կքաշես, կինը թողուլ ուզողն շատ խաղերու պատրաստվելու է: (Կմեկնի):
ՄԱՐԹԱ – Մնաք բարով, Պաղտասար աղբար, ի տեսություն: (Կմեկնի):
ՊԱՂՏԱՍԱՐ – Դժոխք:
ԱՆՈՒՅՇ – Երկնից շնորհն կհայցեմ քեզի համար և կաղոթեմ, որ երկինք իմաստություն շնորհե քեզ, որպեսզի խելքդ գլուխդ ժողվես ու հասկնաս, թե այս ճամփան անել է, թե ուղեղի հիվանդություն մը երևակայելու կուտա քեզ, թե Կիպարը կսիրեմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ուղեղի հիվանդություն չունիմ ես:
ԱՆՈՒՅՇ – Իրողությունը հակառակը ցույց կուտա: (Կմեկնի):
ՏԵՍԻԼ ԺԳ
ՊԱՂՏԱՍԱՐ, հետո ՕԳՍԵՆ
ՊԱՂՏԱՍԱՐ – Աղեկ, աղեկ, աղեկ անդամություն, աղեկ հանձնաժողովություն… ձի… նապաստակ, լորամարգի, ճերմակ գինի… խնձոր…սև գինի… դեղձ… գինի… օղի… ապուխտ… պար… ցատկռտուք… ասիկա պարզապես պարահանդես եղավ… և ասանկ մարդիկ իմ գործս պիտի քննեն և տնօրինություն պիտի ընեն… կարելի չէ չհուսահատիլ… բայց հուսահատիլն ալ հնար չէ… ամեն սատանայությանց, ամեն խաղերուն կհավատան և արդարությունն երևան եկած կհամարին, ի՞նչ տեսակ արդարություն է աս… խելքս չպառկեցավ…
ՕԳՍԵՆ – Ի՞նչ լուր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Աղեկ լուր:
ՕԳՍԵՆ – Գործերը հաջող են, այնպես չէ՞:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հաջող են:
ՕԳՍԵՆ – Ի՞նչ հասկցար գործոց ընթացքեն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Գործոց ընթացքեն սա հասկցա, որ մենք չպիտի կրնանք գլուխ ելնել այս կնկան հետ:
ՕԳՍԵՆ – Ինչո՞ւ, միթե չկրցի՞ր հաստատել, թե կինդ անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ, թե…
ՊԱՂՏԱՍԱՐ – Յուր անհավատարմությունն հաստատված է, հետևաբար և բնականաբար և այլն, և այլն…
ՕԳՍԵՆ – Ուրեմն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Պարել, ցատկել, օղի խմել…
ՕԳՍԵՆ – Չեմ հասկնար, չըլլա, որ սխալ խոսք մը փախցուցած ըլլաս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խոսիլ չտվին արդեն, որ սխալ խոսք փախցուցած ըլլամ:
ՕԳՍԵՆ – Իրենց արժանապատվությո՞ւնը վիրավորեցիր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ոչ:
ՕԳՍԵՆ – Իմ հրահանգացս համաձայն չշարժեցա՞ր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Շարժեցա:
ՕԳՍԵՆ – Հոգ մի ըներ ուրեմն, անկարելի է, որ կորսնցնենք այս դատը: Մասնաճյուղն քննեց այսօր մյուս խնդիրն և կարծեմ թե նպաստավոր է մեզի: Իմացածիս նայելով, պիտի տեղեկագրե, թե Կիպար Անույշի հետ գտնված է այն վատահամբավ տան մեջ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Իրա՞վ կըսեք:
ՕԳՍԵՆ – Վայրկյանե, վայրկյան լուր կսպասեմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կարծես թե քիչ մը սիրտս բացվեցավ, ահ, հոս ըլլալու էիք և տեսնեիք ինչեր դարձավ…
ՕԳՍԵՆ – Ի՞նչեր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վերջը կպատմեմ, միայն սա չափն ըսեմ քեզի, որ կիներեն վախնալ սկսա…կին մը տեսնելուս պես կարծես գլխուս վրա պաղ ջուր կթափեն…
ՕԳՍԵՆ – Համբերություն և հարատևություն…ասանկ դատեր շահելն շատ դյուրին չէ:
ՏԵՍԻԼ ԺԴ
ՆՈՒՅՆՔ և ՍՈՒՐ
ՍՈՒՐ – Ի դիմաց հանձնաժողովո, պատիվ ունիմ ձեզ հաղորդելու, թե վաղը հոս պիտի գտնվինք վերջնական որոշում տալու համար ձեր խնդրույն, որ ուրիշ գույն առավ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ գույն առավ:
ՍՈՒՐ – Մինչև հիմա ունեցած գույնը փոխեց, ավելին չեմ կրնար ըսել, վստահ եղեք, որ մենք արդարությունը պիտի պահպանենք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Շնորհակալ եմ:
ՍՈՒՐ – Հանձնաժողովույս սույն որոշումն հաղորդվեցավ նաև ձեր կնոջ, որոշում մը, որ փողոցի վրա տրվեցավ մասնաճյուղին տեղեկագրին եզրակացության վրա և զոր գրով հաղորդելու համար ժամանակ կպակասեր, պաշտոնապես գիտեք ուրեմն այժմ, թե վաղը հոս պիտի գումարվինք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Բարի եկաք, հազար բարի:
ՏԵՍԻԼ ԺԵ
ՊԱՂՏԱՍԱՐ, ՕԳՍԵՆ
ՊԱՂՏԱՍԱՐ – Արդարությունն հիմա հայտնվեցավ:
ՕԳՍԵՆ – Ըստ մեր պայմանագրության պարտավոր եք ուրեմն այսօր վճարել ինձ հիսուն ոսկի ևս, որովհետև վճռագիրն վաղը պիտի տրվի:
ՊԱՂՏԱՍԱՐ – Մազ մնաց, որ պիտի դատապարտեին զիս:
ՕԳՍԵՆ – Ուրախ եմ, որ հաջող են գործերը. կրնա՞ք հատուցանել ինձ երկրորդ վճարումն, հիսուն ոսկին…
ՊԱՂՏԱՍԱՐ – Այնչափ աճապարելու հարկ չկա: Երթանք քիչ մը զվարճանալու:
ՕԳՍԵՆ – Երթանք, ոչ թե զվարճանալու, այլ խորհրդակցելու համար այն ուղղության վրա, զոր պարտիք ունենալ վաղը, բայց սա հիսուն ոսկվո գործը…
ՏԵՍԻԼ ԺԶ
ՆՈՒՅՆՔ և ՍՈՂՈՄԵ
ՍՈՂՈՄԵ – Ինչ որ ըսեք, ինչ որ ընեք, անօգուտ է, տիկին Անույշ անմեղ է, հասկցա՞ք, դահիճներ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Լռի, ճնճոց:
ՍՈՂՈՄԵ – Շատ ստակ ունիս նե` տուր աս մարդուն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Բոլոր ստակս աս մարդուն պիտի տամ:
ՕԳՍԵՆ – Պատիվ կպահանջեմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ատոր խոսքին ականջ մի կախեր, անիկա խենթ է:
ՕԳՍԵՆ – Սա հիսուն ոսկին, կաղաչեմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Թող չեք տար, որ ազատ շունչ մը առնեմ, հիսուն ոսկին տանք պիտի:
ՕԳՍԵՆ – Շնորհակալ եմ: Դուք ալ հարկավ շնորհակալ եք դատը վաստակած ըլլալնուդ համար:
ՍՈՂՈՄԵ – Դատը մենք վաստակած ենք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կրնա՞մ վստահ ըլլալ, թե վաստակեցանք:
ՕԳՍԵՆ – Այո: Բարեհաճեցեք, կաղաչեմ, սա հիսուն ոսկին:
ՍՈՂՈՄԵ – Մեղք ոսկիներուն…գտեր են ապուշ մը, կկթեն ու կկթեն:
ՕԳՍԵՆ – Չեք պատասխաներ հիսուն ոսկվո մասին:
ՍՈՂՈՄԵ – Ի՞նչ պատասխանեմ:
ՕԳՍԵՆ – Եթե այդ գումարը հիմա չվճարես, կինդ կարդարացնեմ և զքեզ դատապարտել կուտամ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Եկուր տամ, եղբայր:
ՍՈՂՈՄԵ – Քսակդ տուր իրեն, լմննա երթա:
Վերջ երկրորդ արարին
ԱՐԱՐՔ ԵՐՐՈՐԴ
ՏԵՍԻԼ Ա
ԿԻՊԱՐ, ՊԱՂՏԱՍԱՐ
ԿԻՊԱՐ – Չեմ կրնար ցավս և զարմանքս չհայտնել այն պաղ ընդունելության վրա, որով կընդունիք զիս քանի մը ժամանակե հետե, և անկարող մեկնելու ձեր այս պաղ վարմունքն` միշտ կհարցնեմ խղճիս, թե Պաղտասար աղբարին բարեկամոթյունը պաղեցնելու բնությունն ունեցող հանցա՞նք մը գործած եմ արդյոք և խղճես ոչ պատասխանը կընդունիմ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Խիղճդ քեզմե ավելի անամոթ և դուն խղճեդ ավելի լիրբ:
ԿԻՊԱՐ – Ըսե, կաղաչեմ, ի՞նչ պատճառներ կհարկադրեն զքեզ անվայել լեզու գործածել մտերիմ բարեկամի մը որ աշխատած է միշտ ամրապնդելու քեզի հետ ունեցած բարեկամության կապերը…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ամրապնդելու… կապերը ամրապնդելու… ահ, անզգամ, լուծելու ըսե սըվոր, քակելու ըսե սըվոր… դավաճան…
ԿԻՊԱՐ – Մեծապես կսխալիք, եթե կկարծեք տակավին, թե հեղինակն եմ կարծեցյալ հանցանքին, բնավ չեք խորհիր, որ արդարությունն երևան պիտի գա և ամոթապարտ պիտի ընե զձեզ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Այո, հարկավ երևան պիտի գա:
ԿԻՊԱՐ – Եվ պիտի համոզվիք, թե Կիպար անմեղ է:
ԿԻՊԱՐ – Ըստ ձեր կարծյաց գլխատվելու մարդ մը եմ ես, այնպես չէ՞…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ողջ-ողջ կրակի մեջ նետվելու գազան մը ես:
ԿԻՊԱՐ – Կցավիմ, թե հին մարդոց պես կխորհիք և ձեր կարծիքներն բնավ չեն համապատասխաներ դարուս լուսավորության ոգվույն: Պաղտասար աղբար, եթե ձեր կնոջ սիրականն իսկ ըլլայի, բնավ պարտականություն չունեի մարսել ձեր լեզուն, որ արժանապատվությունս կվիրավորե: Դիցուք թե սիրած եմ ձեր կինն, բայց քեզի ի՞նչ ըրած եմ, որ անձնականությանս կդիպչիս, գիտնալու էիք, թե դարուս ոգին կդատապարտե անձնականություն վիրավորելը: Ես մինչև այսօր կհարգեմ ձեր անձն և կփափաքիմ իսկ, որ մեր բարեկամությունն անեղծ մնա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Տունս կքանդես և կհարգե՞ս իմ անձս:
ԿԻՊԱՐ – Ո՞վ կըսե, թե կքանդեմ ձեր տուն, ենթադրելով, թե կսիրեմ ձեր կինն, ուրիշ բան մը ըրած չեմ ըլլար, այլ պարզապես սկզբունք մը պաշտպանած կըլլամ, բայց այս սկզբունքը ձեր սկզբանց կհակառակի եղեր, վնաս չունի, թող սկզբունքները կռվին…
ՊԱՂՏԱՍԱՐ – Սկզբունք:
ԿԻՊԱՐ – Այո, պետք է, Պաղտասար աղբար,անհրաժեշտ պետք է ժամանակիս հառաջադիմության հոսանքին մեջ նետվիլ, եթե կուզենք հանգիստ ապրիլ: Տասնևիններորդ դարն ողջ-ողջ կրակի մեջ նետվելու չդատապարտեր այն երիտասարդն, որ յուր մտերիմ բարեկամին կինը սիրելու կդատապարտվի բնութենե: Դարուս քաղաքակրթությունն կորոնե այն պատճառներն, որոնց համար երիտասարդն ստիպված է յուր բարեկամին կինը սիրելու…
ՊԱՂՏԱՍԱՐ – Այդ աղվոր խոսքերը պահե դատաստանական խորհրդո առջև զրուցելու համար, անպիտան… կինս գլխե կհանես, աշխարհի առջև զիս ծաղր ու ծանակ կընես, տունս կկործանես և առանց ամչընալու կըսես, թե սկզբունք մը կպաշտպանես…
ԿԻՊԱՐ – Այո, և այս փաստերս կհայտնեմ զքեզ ցավալուս համար, զքեզ համոզելու համար, որ ետ քաշվիս այդ դատեն, ուր քեզի համար հաջողության բնավ հույս չկա… ի տեսություն…
ՏԵՍԻԼ Բ
ՊԱՂՏԱՍԱՐ, հետո ՕԳՍԵՆ
ՊԱՂՏԱՍԱՐ – Պիտի սորվիս դուն սկզբունք պաշտպանելը… այսչափ ալ աներեսություն բնավ տեսած ու լսած չունի… թե որ ես ասանկ հանցանք մը գործեի, Աստված մի արասցե, փողոց ելնելու պիտի ամչնայի… աս հիմակվան երիտասարդներն շատ կարևորություն չեն տար կոր ամչնալու… գողություն ալ կընեն կոր բարեգործություն ընդունողներեն ավելի ազատ, ուրախ և զվարթ կմտնեն կոր ընկերությանց մեջ… դարուս ոգին ասանկ կպահանջե եղեր:
ՕԳՍԵՆ – Ի՞նչ ջուրի վրա են գործերը…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ինչպես որ գիտեք: Մասնաժողովո անդամներն պիտի գան, խնդիրը պիտի քննեն և պիտի տեղեկագրեն Դատաստանական խորհրդո, ուր պիտի ներկայանանք դատվելու հանար:
ՕԳՍԵՆ – Շատ լավ: Թեպետև վաստկած ենք դատն,այնուամենայնիվ պետք չէ գոռոզանալ և խիստ լեզու գործածել մասնաժողովո անդամոց: Հարկ է շոյել, ողոքել զիրենք մեղմ և անուշ բացատրություններով, նամանավանդ պետք է այսուհետև անոնց սրտին դիմել և ոչ թե մտքին: Սրտի դիմողներն ունայնաձեռն ետ չեն դառնար: Ուստի հարկ չկա այլևս փառաբանելու, աղաչելը հերիք է: Ուրեմն երբ ներկայանան հոս` անմիջապես կծնրադրեք անոնց առջև և աղերսանաց, հեծության, հառաչանաց ձայնիվ կաղաղակեք և կըսեք կականաբարձ. “ Տյարք իմ, կոչում կընեմ ձեր գթության, ձեր խղճին, ձեր սրտին, ձեր արդարասիրական զգացմանց, և կաղաչեմ խնայեցեք գերդաստանիս պատվույն, խնայեցեք իմ կենացս և իրավունք ըրեք, Տյարք իմ, եղբայրք իմ, գթացեք… գթացեք…գթացեք…”:
ՊԱՂՏԱՍԱՐ – Այո, այո, շատ աղեկ պիտի ըլա ասանկ, շատ աղեկ խորհեր ես ասիկա, աղաչելը միշտ աղեկ է…
ՕԳՍԵՆ – Ըրե նայիմ, ինչպես պիտի ընես:
ՊԱՂՏԱՍԱՐ – Տյարք իմ…
ՕԳՍԵՆ – Մի այդպես բարկությամբ, այլ ասանկ… Տյարք իմ…ասանկ` Տյարք իմ… աղաչելու պես, տես, Տյարք իմ… այնպես, որպես թե ողորմություն պիտի խնդրես իրենցմե… Տյարք իմ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Տյարք իմ…
ՕԳՍԵՆ – Ձայնդ այնչափ հաստ մի հաներ, ավելի բարակ ու ավելի գրավիչ ձայն մը գործածե, ասանկ… Տյարք իմ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Տյարք իմ…
ՕԳՍԵՆ – Ապրիս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կոչում կընեմ:
ՕԳՍԵՆ – Կոչումին վերջին վանկը երկնցնելով և անմիջապես կընեմը հնչե, իրարմե շատ մի զատեր զանոնք, որ իրենց ազդեցությունը չկորսնցունեն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կոչում կընեմ:
ՕԳՍԵՆ – Բազուկներդ տարածե:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Բազկատարած) Կոչում կընեմ ձեր գթության:
ՕԳՍԵՆ – Կանգ առ… քիչ մը ավելի բարձր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ձեր խղճին:
ՕԳՍԵՆ – Մի ճեպեր, կես աստիճան բարձր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ձեր գթության:
ՕԳՍԵՆ – Շունչ առ, քառորդ աստիճան բարձր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ձեր սրտին…
ՕԳՍԵՆ – Աղեկ… ավելի բարձր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ձեր արդարասիրական զգացմանց…
ՕԳՍԵՆ – Ի ծունր և բազկատարած:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Ի ծունր և բազկատարած) Կաղաչեմ…
ՕԳՍԵՆ – Քթիդ ծակերը քիչ մը բացվին…
ՊԱՂՏԱՍԱՐ – Խնայեցեք գերդաստ…
ՕԳՍԵՆ – Խնայեցեք գերդաստանիս պատվույն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խնայեցեք գերդաստանիս պատվույն:
ՕԳՍԵՆ – Բերանդ ալ կես բաց պիտի մնա չխոսած ժամանակդ, քթիդ ծակերն միշտ ընդլայնին պիտի…
ՊԱՂՏԱՍԱՐ – Խնայեցեք:
ՕԳՍԵՆ – Հերիք է ալ…
ՊԱՂՏԱՍԱՐ – …Եք իմ կենացս…
ՕԳՍԵՆ – Կամաց-կամաց պիտի մոտենաս հանձնաժողովո անդամոց, որպես թե անտեսանելի զորություն մը զքեզ մղեր…
ՊԱՂՏԱՍԱՐ – Եվ իրավունք ըրեք Տյարք իմ:
ՕԳՍԵՆ – Լավ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Եղբայրք իմ:
ՕԳՍԵՆ – Երկրպագություն…
ՊԱՂՏԱՍԱՐ – Գթացեք…
ՕԳՍԵՆ – Գլուխդ ձեռներուդ մեջ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Գթացեք…
ՕԳՍԵՆ – Քիչ մը լալ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հի, հի, հի… գթացեք… հի, հի, հի:
ՕԳՍԵՆ – Շատ աղեկ ըրիք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Քանի մը անգամ ալ ինքնիրենս վարժություն կընեմ… բայց կհոգնի կոր մարդ…
ՕԳՍԵՆ – Պատճառն այն է, որ գթության առջև ներկայանալու համար կատարվելիք ձևակերպությունները քիչ մը դժվար են: Շատ փաստաբաններ կարևորություն չտալով ասոնց, կկորսնցնեն իրենց դատերը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Շնորհակալ եմ, որ սորվեցուցիք ինձի: Այս ձևակերպությունները կատարելեն ետքը, դատն անպատճառ վաստկինք պիտի, այնպես չէ՞:
ՕԳՍԵՆ – Այո:
ՊԱՂՏԱՍԱՐ – Այդ անզգամ կինն ալ գիտե՞ արդյոք այս ձևակերպությունները:
ՕԳՍԵՆ – Չեմ կարծեր… այսուամենայնիվ ջանա, որ կատարել չտաս իրեն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Իմ կարծիքս ալ աս է:
ՕԳՍԵՆ – Առանձին կթողում զքեզ: Պաղտասար աղբար, և վստահ եմ, թե դարձիս հաջող լուրեր և երրորդ վճարումն, հիսուն ոսկին պիտի ընդունիմ: