Read the book: «Սատանան մայրամուտին»

Font:

Դօրիան

Սատանան մայրամուտին


© Դօրիան – 2017

[битая ссылка] Հեղինակի անձնական կայքը

[битая ссылка] Գրքի էջը և [битая ссылка] Հեղինակի էջը Ֆեյսբուքում

[битая ссылка] Գրքի էջը և [битая ссылка] Հեղինակի էջը Գուդռիդսում



Սատանան մայրամուտին

1. Կարիք


Գլխացավն անուշադրության էր մատնած․ Դավիթն արդեն սովոր էր դրա մշտական ներկայությանը՝ հատկապես անքուն գիշերվանից հետո: Այսօր սովորականից ավելի հոգնած էր վերադարձել: Գիշերը գործը շատ էր եղել, ու եթե մյուս օրերին հաջողացնում էր մի տեղ աչք կպցնել, այսօր դա էլ չէր հաջողվել: Անգամ ալարեց հագուստը հանել: Տուն չմտած՝ պառկեց բազմոցին ու փորձեց քնել: Հաջող փորձ էր:


Արթնացավ, երբ Վիգենը պատրաստվում էր հեռանալ: Այցի էր եկել ընկերոջը, բայց, իմանալով, թե ինչ վիճակում է նա տուն եկել, որոշել էր չարթնացնել՝ թողնել, որպեսզի կարգին հանգստանա:


– Վիգեն, – կիսաքուն ձայն տվեց Դավիթը, – զարթնել եմ, էստեղ արի:


– Է, ախպերս, էշից ընկած ես, – սենյակ մտավ Վիգենը:


– Էն խոսքը չի, – պատասխանեց Դավիթը, ապա այս ու այն կողմ նայեց` ինչ-որ բան փնտրելով, և կանչեց, – Մա՞մ:


– Հա ջան, – խոհանոցից լսվեց տիկին Սաթենիկի ձայնը:


– Ինձ ու Վիգենին կոֆե կդնե՞ս:


– Ո՞նց չեմ դնի, – բղավեց տիկին Սաթենիկը և, ամենայն հավանականությամբ, թողնելով բոլոր գործերը, ձեռնամուխ եղավ որդու պատվերը կատարելուն:


Դավիթը վեր կացավ բազմոցից և Վիգենի հետ իր ննջասենյակ գնաց: Հազիվ էր ոտքի վրա կանգնում, և Վիգենն անմիջապես նկատեց դա:


– Կարգին չլել են քեզ, Դավ: Հիվանդ պառավի պես ես քայլում:


– Ոռի օր էր, Վիգ: Ամբողջ գիշեր ստեղ վազի, ընդեղ վազի: Կզցրին իրենց պատվերներով: Էս համար էն զիբիլը տար, մյուսին մի ուրիշ զիբիլ: Չգիտե՞ս:


Վիգենը կարեկցանքով նայեց ընկերոջը: Ի՞նչ աներ: Ոչնչով չէր կարող օգնել, չնայած ավելի ապահովված էր, քան նա:


Անհայր տղա էր Դավիթը: Կարիքի մեջ էին ապրում նա ու մայրը: Տիկին Սաթենիկը կար ու ձև էր անում, մի քանի լավ պատվիրատու ուներ: Կարողանում էր օրվա հացը վաստակել: Յոլլա էր տանում: Երկու տարի էր մնում, որ Դավիթն ավարտեր համալսարանը: Մինչ այդ պիտի մի կերպ ծերը-ծերին հասցներ Սաթենիկը, տղան ամբողջ վաստակածով իր ուսման վարձն էր տալիս և դեռևս չէր օգնում նրան: Դավիթը սովորող էր, խելացի, գեղեցիկ: Բակի գրեթե բոլոր աղջիկների ուշադրության առարկան: Ինչպես Սաթենիկն էր ասում՝ Աստված տվել, չէր խնայել:


Տարուց ավել էր, ինչ փոքրիկ հյուրանոցում էր աշխատում: Նրանցից մեկում, ուր հարուստները տանում են իրենց սիրուհիներին, իսկ ջահել տղաները՝ պոռնիկների: Չնայած դրան, հյուրանոցը լավ համբավ էր վայելում քաղաքում: Իր ռեստորանն ուներ, շքեղ խոհանոցը, որտեղ նաև կերակուրի պատվերներ էին ընդունում: Սաթենիկը միշտ հպարտությամբ էր նշում, թե որտեղ է աշխատում որդին: Քչերին էր հայտնի, թե ինչ է կատարվում լավ համբավ վայելող այդ հյուրանոցի տանիքի տակ:


Ժամանակ առ ժամանակ Դավիթն էլ էր չարաշահում իր աշխատանքային դիրքը և Վիգենի հետ հյուրանոց տանում մարմնավաճառուհիների: Աշխատակիցները սովոր էին երիտասարդ աշխատողների նման պահվածքին և հումորով էին վերաբերվում դրան՝ չդարձնելով բամբասանքների պատճառ: «Շյուղեր» կոչվող փոքրիկ հյուրանոցը փոխել էր ամբողջ իր անձնակազմի մտածելակերպը: Այնտեղ ամեն ինչ պարզ էր, ակնհայտ ու սովորական: Դավիթն իրեն լավ էր զգում «Շյուղերում»: Իհարկե, չէր կարող ասել, թե հաճույքով է աշխատում, բայց մինչև վերջերս ոչ էլ բողոքում էր: Միայն մեկ ամիս առաջ սկսվեց անտանելի այս գլխացավը: Երբեմն, երբ միանգամից ստվերից լուսավոր վայր էր դուրս գալիս, աչքերի առաջ սևանում էր, ու ցավն անտանելի ուժգնությամբ հարվածում էր ծոծրակին: Դժվար էր արթնանում: Արթնանալուց հետո էլ մի որոշ ժամանակ հազիվ էր կառավարում մարմինը: Երբեմն կասկածում էր, որ արթնացել է՝ փորձում էր ավելի ուշադիր զննել շուրջբոլորը, համոզվել, որ ամեն ինչ իրական է, որ տիրապետում է իրեն, նորմալ է ընկալում տեղի ունեցողը:


– Էս էլ ձեր կոֆեն, – սենյակ մտավ տիկին Սաթենիկը` բերելով սուրճի բաժակները, – Ծանր օր էր, հա՞, Դավիթ ջան:


– Չէ, մամ ջան, ուղղակի քունս էր շատ տանում:


– Լրիվ քունդ կորցրել ես, այ բալա: Գոնե ցերեկն առնես:


– Առել եմ մամ ջան, առել եմ:


– Շատ քնելը լավ չի, Սաթիկ տոտա, – փորձեց ցրել Սաթենիկի մտքերը Վիգենը, – Բա ջահել տղեն կյանքի կեսը քնա՞ծ կանցկացնի:


– Հիմա եք էդպես ասում, այ բալա, վաղը-մյուս օրը կփոշմանեք` արդեն ուշ կլինի: Մի առողջություն ունեք, գոնե էդ պահպանեք:


Ու Սաթենիկը դուրս եկավ սենյակից` առանց սպասելու երիտասարդների պատասխանին: Դավիթն ուշադիր նայեց Վիգենի աչքերի մեջ:


– Վի՞գ:


– Հա՞:


– Գիշերը մի տղամարդ մոտեցավ, ասեց, որ ավելի լավ գործ կարա առաջարկի ինձ:


– Ի՞նչ տղամարդ:


– Ինչ-որ հաճախորդ էր: Կաստյում-շալվարով, գալստուկով… Սալիդնի մարդ էր երևում:


– Չասե՞ց, թե ինչ գործ:


– Չասեց: Համար տվեց, «համբալաշորի» գրպանում թողեցի: Վռազում էր, չէր կարա բացատրեր:


– Վաղը որ գործի գնաս, զանգի: Բալքի մի կարգին բան ա առաջարկում: Սենց հո չի լինի, այ ախպեր, զոմբի ես դառել:


Դավիթը մտածմունքի մեջ ընկավ: Ինքն էլ որոշել էր զանգել, բայց կասկածում էր: Ախր ոչ մի բան անել չգիտեր, ոչ դիպլոմ ուներ, ոչ էլ, գոնե, վկայական: Ի՞նչ գործ պիտի առաջարկեին իրեն: Կամ ինքն իրեն ինչպե՞ս պիտի ներկայացներ: Թերևս, եթե այդ մարդուն հետաքրքրեին իր դիպլոմները, նա նախ այդ մասին կհարցներ: Եթե չի հարցրել, ուրեմն կարելի է փորձել:

2. «Շյուղեր»


Երկուշաբթին «Շյուղերում» սովորաբար հանգիստ էր լինում: Այստեղ, առհասարակ, հանգիստ էր: Դավիթն աշխատանքի եկավ փոքր-ինչ շուտ: Վաղ ժամանումը ծրագրված չէր՝ պարզապես այդպես ստացվեց: Ամբողջ նախորդ օրը մտածում էր նոր աշխատանքի մասին, մտովի հաշվում վաստակած գումարը: Պարոնն այնպիսի վստահությամբ դիմեց իրեն, որ կարելի էր ենթադրել՝ քիչ փող չի տալու: Ավելի փոքր վարձատրություն նախատեսած մարդը պիտի որ ավելի անվստահ մոտեցում ցուցաբերեր: Իսկ նա վճռական էր, խիստ: Գործընկերներին բարևելով` Դավիթը հանդերձարան շտապեց, որպեսզի համազգեստի գրպանից վերցնի իրեն աշխատանք առաջարկած պարոնի հեռախոսահամարը:


– Յա, – Դավիթին այդքան վաղ հանդերձարանում տեսնելով զարմացավ Արմենը, – Էս էսօր սմենչիկներով որոշել ենք շուտ գանք, հա՞:


– Ոնց որ, – ծիծաղեց Դավիթն ու ձեռքով բարևեց Արմենին:


– Խեր ըլնի, էս ի՞նչ խաբար ա:


– Եսիմ։ Սովորական ժամին դուրս եկա, բայց շուտ տեղ հասա:


– Էսօր գազան օր ա սպասվում: Տենաս, թե ախպերդ ինչ ծիտիկ ա բերում: Արդեն խոսացած ա: Տասներկուսն անց կես ստեղ ա: Մարգո-մուրգո զգուշացնում ենք ու մեր կայֆերով:


– Ա՞րմ…


– Ի՛, – զարմացած Դավիթին նայեց Արմենը, – Լսար` ի՞նչ ասի:


– Լսեցի: Բայց ուզում էի ուրիշ բան հարցնեի: Անցած սմենին քեզ մա՞րդ չի մոտեցել:


– Ի՞նչ մարդ:


– Աշխատանք չե՞ն առաջարկել:


– Ու՞ր էր ինձ տենց բախտ: Բայց դժգոհել-մժգոհել չկա: Էսօր մեր օրն ա: Շեֆը ախպոր հետ Դուբայ ա գնացել: Իսկը վախտն ա: Ռուբոյին էլ մի շիշ արաղ ենք տալիս, ձենը կտրում ա:


Ու Արմենը՝ հագնելով համազգեստը, դուրս եկավ հանդերձարանից: Դավիթը դրան էլ սպասում էր: Չէր ուզում Արմենի մոտ խոսել: Հարկ չկար նախօրոք ասել հեռանալու իր մտադրության մասին: Նախ հարկավոր էր ամեն ինչ ճշտել, համոզվել, որ այն պարոնը կընդունի իրեն, հետո նոր հաշիվները մաքրել «Շյուղերում»:


Նա համազգեստի գրպանից հանեց հեռախոսահամարով թերթիկը և բջջայինի վրա հավաքեց համարը:


– Ալո, – պատասխանեց ծանոթ ձայնը:


– Բարև ձեզ: Դավիթն է: Դուք ինձ «Շյուղերում» տեսաք և աշխատանք առաջարկեցիք:


– Հա, հա, – միանգամից բացականչեց տղամարդը, – Եվ ի՞նչ: Համաձա՞յն եք:


– Դուք չեք ասել ինձ, թե ինչ աշխատանք եք առաջարկում: Նախ կուզենայի այդ մասին զրուցել:


– Շատ լավ: Մեկ-երկու ժամից էդտեղ կլինեմ: Հերթապա՞հ ես:


– Հա։


Տղամարդն անջատեց հեռախոսը, ու Դավիթը մտքերով ընկավ: Այդ ի՞նչ աշխատանք պիտի լիներ, որ հանուն իրեն կարևոր պարոնը «Շյուղեր» էր գալիս: Մի՞թե իր աշխատանքն այդքան անհրաժեշտ էր: Նա անմիջապես հիշեց իր տեսած Հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ նարկոբիզնեսի աշխատակիցները գործի մեջ էին մտցնում իր նման երիտասարդ տղաների, որոնց օգնությամբ կատարում էին իրենց կեղտոտ գործարքները: Ի՞սկ եթե: Եթե նույնիսկ այդպես էր, նա որոշեց համաձայնվել: Մեկ-երկու անգամը վտանգի տակ չէր դնի իրեն: Նարկոբիզնեսում մեծ փողեր են պտտվում: Մի քանի գործարքից հետո նա կունենար ոչ միայն մնացած երկու տարիների ուսման վարձը, այլև գումար ամեն ավելորդության համար: Վերջապես կկարողանար նոր հագուստ գնել իր և մոր համար, տունը վերանորոգել, իր համար նոր հեռախոս գնել, եթե փող մնար, նաև հեռուստացույց ու մոր համար լվացքի մեքենա` խեղճի ձեռքերը ճաքչքում էին լվացքից: Ո՞վ գիտե, գուցե Սաթենիկն էլ ստիպված չլիներ աշխատել և մյուս հարևանուհիների պես ամբողջ օրը սերիալ նայեր ու վայելեր կյանքը:


Դավիթը երազանքների գիրկն ընկած մտավ խոհանոց, ուր Արմենն ու մենեջեր տիկին Մարգոն վիճում էին:


– Այ չուզող, – Մարգոյին դիմեց Արմենը ու լեզու հանեց:


– Ի՞նչ ուզեի ոռ: Видишь ли, պիտի ուզեի, ոռ իմ հեռտապահության ժամանակ ես շատ չգիտեմ, թե ինչով զբաղվես, да не за что:


– Խի՞ չգիտես, որ: Լավ էլ գիտես: Աղջիկ եմ շինելու:


– Յա, – բարկացավ Մարգոն, – Այ տղա, մոռդ տայն եմ, խոսքեռդ ճափավոռի, кретин:


– Դե լավ, սեռական հարաբերությունների մեջ եմ մտնելու մի կնոջ հետ:


Մարգոն սեղանի վրայից վերցրեց դատարկ թավան:


– Գլխիդ էկավ, հա:


– Դու գլխիս եկար, դու: Ի՞նչ իսան ես, Մարգո: Թե ասա խի՞ եմ քեզ զգուշացնում: Կբերեի ծիխարի կմտցնեի, գործս կանեի, կուղարկեի հետ: Ո՞վ էր իմանալու:


– Դու հլը սռան նայի, սռա մտքեռը: Եռևում է ձեռ թոկեռը շատ ենք բաց թողել, контроль-ի տակից դուռս եք եկել: Հլը թող շեֆը գա:


– Ծակվելու՞ ես, այ դայաղչի:


Մարգոն թեև ժպտաց, բայց փորձեց ձևացնել, թե բարկացած է:


Մի տեսակ ընկերական սեր կար այս երկուսի միջև, որը նկատում էին բոլորը, բացի իրենցից:


– Անպետք, – թավան սեղանին դրեց Մարգոն, – Իմ էշ խելքն ասա, ոռ քեզ շուտ չհեռացռեցի, сама виновата:


– Դավ, – Դավիթի կողմը շրջվեց Արմենը, – Ես սրա հետ էլ չեմ կարում: Մի բան ասա:


– Դու քիչ էիռ, հիմա էլ նա: Ոչ մի բան էլ կառաք չասեք: Довольно, սա առդեն ոռեռորդ դեպքն ա:


– Հը՞, կոշկել են, տղեք, – խոհանոց մտավ երիտասարդ մի աղջիկ, որի հագին նույնպես համազգեստ էր:


– Տո սրանք պայմանավորվել են, – բերանը ձռմռեց Արմենը:


– Դավիթ, – գոռաց Մարգոն, բայց Դավիթը չարձագանքեց:


Երիտասարդ աղջիկը մոտեցավ և ձեռքը սկսեց շարժել նրա աչքերի առաջ: Դավիթը սթափվեց:


– Այ տղա, քեզ ի՞նչ եղավ, – դիմեց նրան Մարգոն:


– Սեքսի պակաս ա, – միջամտեց Արմենը, – Տղեն մեռնում ա, էլ չի դիմանում: Իսկ դու` Մարգո աղջիկ, վերջին հնարավորությունից ես զրկում:


– Սասդ կտռի, է, – բարկացավ Մարգոն, – Թող տեսնեմ, թե ինչ ա էղել:


– Բան էլ չի էղել, – պատասխանեց Դավիթը, – Մտքերով էի ընկել:


– Էս վերջերս շուտ-շուտ ես անջատվում, – ավելացրեց ջահել աղջիկը, – Կարո՞ղ ա իսկականից Արմենի ասածից ա:


– Ի՞նչ եմ ասել, – քմծիծաղ տալով նրան դիմեց Արմենը:


– Հի, հի, հի, – գլուխն օրորեց աղջիկը, – Շատ ծիծաղալու ա:


Անտանելի մի աղմուկ սկսվեց Դավիթի ականջներում: Նա չլսեց էլ, թե ինչ են խոսում գործընկերները: Մի պահ թվաց, թե ուր որ է կխլանա, կընկնի գետին: Շտապ հանգստի սենյակ գնաց ու նստեց բազկաթոռին, քանի դեռ վայր չի ընկել: Սակայն ոչինչ չպատահեց: Մի քանի վայրկյան անց ամեն ինչ իր տեղն ընկավ: Խոհանոցից լսվում էին Մարգոյի բղավոցն ու Արմենի հայհոյախառն արտահայտությունները: «Դե, Դավիթ, նորից բարի գալուստ աշխարհ»,– ասաց մտքի մեջ ու նորից սկսեց իր ու պարոնի հանդիպման մասին մտածել: Որոշում էր, թե ինչպես պիտի վարվի` միանգամից համաձայնվի, թե նախ չեմ ու չում անի:

Age restriction:
18+
Release date on Litres:
31 March 2017
Writing date:
2009
Volume:
51 p. 2 illustrations
Copyright holder:
Автор
Download format:
Text, audio format available
Average rating 4,7 based on 8844 ratings
Text PDF
Average rating 0 based on 0 ratings
Text
Average rating 4,8 based on 4227 ratings
Text, audio format available
Average rating 4,4 based on 1407 ratings
Text, audio format available
Average rating 4,8 based on 4095 ratings
Text
Average rating 3,9 based on 14 ratings