Free

Ոսկե աքաղաղ

Text
Author:
Mark as finished
Font:Smaller АаLarger Aa

Ե

Բնակարանը, որի մեջ կենում էր Միքայելը, բաղկանում էր երկու սենյակներից և մի խոհարանից, որ միևնույն ժամանակ ծառայում էր որպես մառան: Սենյակներից մեկի մեջ ապրում էր մի գերմանացի աղքատ ընտանիք, իսկ մյուսի մեջ՝ Միքայելը: Դա այն թշվառ ընտանիքներից մեկն էր, որ զրկվելով աշխատող ձեռքից՝ տան տղամարդից, ապրուստի հոգսը մնում էր հանգուցյալի կնոջ վրա: Անբախտ այրիին փոքր չէր օգնում նրա չափահաս ադջիկը, աշխատասեր Իդան, որոնք բացի իրանցից պետք է կերակրեին երկու փոքրիկ երեխաներ: Ընտանիքի հայրը դերձակ էր, որի մեռնելուց հետո նրա ամբողջ խանութը վաճառվեցավ պարտքի փոխարեն: Իդան կարեր էր վեր առնում մի ֆրանսիական մոդնի մագազինից և մոր հետ միասին կարում էին: Միքայելի, որպես «տնվորի», կենակցությունը մեծ մասով թեթևացնում էր խեղճ ընտանիքի տնտեսական ծանրությունը, և այս պատճառով նրա վրա լավ խնամք էին տանում, տալով մի առանձին կահավորված սենյակ, կերակուր և սպասավորություն:

Մի առավոտ Միքայելը, գրասեղանի մոտ նստած, շտապով նամակներ էր գրում փոստային հասցնելու համար, Իդան սուրճ ներս բերեց և դնելով նրա մոտ փոքրիկ կլորիկ սեղանի վրա, հարցրեց.

– Դուք շուտո՞վ կդուրս գնաք:

– Ի՞նչու եք հարցնում:

– Ես կամենում էի կարգի դնել ձեր սենյակը: Հետո ժամանակ չեմ ունենա:

– Ինձ մնում է դեռ հինգ-վեց նամակներ գրել, – ասաց Միքայելը շարունակելով իր գործը. – դուք կարող եք, ինչ որ ուզում եք անել:

– Ես գուցե կխանգարեի ձեր պարապմունքը:

– Ընդհակառակն… Ոչ:

Իդան բարձրահասակ և վայելչակազմ մի օրիորդ էր թավախիտ, շիկագույն գիսակներով և պայծառ համակրական դեմքով. նրա ծավի աչքերը կրում էին իրանց մեջ կապուտակ երկնքի և՛ փայլը, և՛ գեղեցկությունը: Նա այն առավոտ սովորականից ավելի ուրախ էր երևում, և չնայելով որ Միքայելը զբաղված էր, անդադար ընդհատում էր նրա պարապմունքը զանազան հարցերով:

– Ա՜խ, որքան անփույթ եք դուք, ձեզ մոտ ոչ մի բան իր տեղը չէ մնում, ամեն ինչ թավալվում է հատակի վրա, – խոսում էր մանկահասակ օրիորդը, մաքրելով և կարգի դնելով սենյակի իրեղենները:

– Այդ, երևի, ձեզ շատ հոգս է պատճառում, Իդա, ես կաշխատեմ այսուհետև ավելի մաքրասեր լինել, – պատասխանեց Միքայելը ժպտալով:

– Ո՛չ, ինձ հոգս չէ պատճառում, միայն ես սիրում եմ ձեր սենյակը միշտ սարքած տեսնել, – ասաց օրիորդը փոքր ինչ շառագունելով:

– Դուք շատ բարի եք, Իդա:

Օրիորդը վերջացնելով իր գործը, մոտեցավ Միքայելին և ձեռքը դնելով նրա ուսի վրա, սկսեց նրա ետևից գլուխը կռացրած նայել տողերի ընթացքին, թե որպես գրում էր նա, և որպես նրա գրիչը արագ վազում էր փոստայի սպիտակ թերթի վրա:

– Ինչպես ծուռումուռ տառեր են, – ասաց նա իր տեղից շարժվելով և սիրուն գլուխը թեքելով մի արդեն վերջացրած և սեղանի վրա դրած նամակի վրա: – Ամեն օր քանի՞ նամակ եք գրում:

– Երբեմն տասն և երբեմն ավելի:

– Եվ դրա համար էլ ամբողջ գիշերը չեք քնում:

– Դուք ի՞նչ գիտեք:

– Ես գիտեմ… ես շատ անգամ նկատում եմ, որ մինչև լույս ձեր սենյակում ճրագը վառվում է և լսելի է լինում ձեր քայլերի ձայնը: Ես էլ խիստ սակավ եմ քնում…

Միքայելը ոչինչ չպատասխանեց: Օրիորդը, երևի, փոշմանեց իր միամիտ նկատողությունից և վեր առնելով նամակներից մեկը ասաց.

– Ես ոչինչ չեմ ջոկում, ոչ մի ազգի տառերի նման չեն, բայց գեղեցիկ են: Ես շատ կցանկանայի սովորել այդ տառերը և այն լեզուն, որով գրում եք:

– Ձեր ինչի՞ն է պետք:

– Գուցե մի օր հարկավոր կլինի… – պատասխանեց օրիորդը ուրախ ժպիտով և դուրս վազեց սենյակից: Նա այլևս ետ չնայեց, կարծես ամաչեց իր ասած խոսքերից և, որպես հանցավոր, աշխատեց շուտ հեռանալ:

Միքայելի գրիչը մի քանի րոպե դադարեց գրելուց. նրան տիրեց մի տեսակ հոգեկան խռովություն. «Խե՜ղճ աղջիկ… – մտածեց նա մի առանձին ցավակցությամբ, – ես ինչո՞վ կարող եմ փարատել քո սրտի դարդը»… Միքայելը վաղուց նկատել էր, որ Իդան հետաքրքրվում է իրանով, որ նա շատ անգամ գիշերներն անքուն է մնում, երբ ինքը իր սենյակում զբաղված էր և շատ անգամ մոտենում է նրա լուսամուտներին, որ տեսնե, արդյոք քնա՞ծ է իրանց տնվորը թե ո՛չ: Այս բոլորը Միքայելը համարում էր մանուկ աղջկա այն հետաքրքրությունը, որ աշխատում է ամեն բան գիտենալ, որպես չի կարող համբերել մինչև չգիտենա, թե իր մոր կողպած պահարանի մեջ ինչ էր թաքցրած: Բայց այսօր նա պարզ հայտնեց իր սրտի գաղտնիքը, որին չէր սպասում Միքայելը: Նա ցանկանում էր սովորել Միքայելի ազգի լեզուն և գրելը, այն մտքով, «գուցե մի օր հարկավոր կլինեին»… Իդան հանաք չէր անում, նա բավական ծանրամիտ աղջիկ էր: Նա մտածում էր սովարել հայի լեզուն և հայի դպրությունը, մի հայ սիրելու համար: Իսկ ո՞վ էր այդ հայը: Իդան սիրում էր Միքայելին, բայց ո՞րպես պետք էր պատասխանել նրա սերին. – ահա այդ միտքն էր, որ սկսեց տանջել Միքայելին:

Միքայելը իր սրտում չէր գտնում ոչ մի համապատասխան զգացմունք դեպի գեղեցիկ օրիորդի սերը: Նա միայն հարգում էր նրան որպես մի պատվասեր օրիորդ, որպես աշխատասեր աղջիկ, որ իր վրա էր առել անբախտ ընտանիքի ապրուստի բոլոր հոգսերը: Միքայելը կարող էր համակրել նրան, բայց սիրե՞լ – հազիվ թե:

Միքայելը ինքն էլ չհասկացավ, թե որպես վերջացրեց իր նամակները: Նա շտապով ծրարեց, կնքեց և վեր առնելով, կամենում էր դուրս գալ իր սենյակից, հանկարծ ներս մտավ Ստեփանը: Նա սառն ու անխռով կերպով, որպես միշտ, ձեռք տվեց Միքայելին և գնաց նստեց բազկաթոռի վրա, ուր սովորաբար նստում էր, երբ Միքայելի մոտ էր գալիս:

– Ես եկա քեզ մոտ մի կարևոր գործի համար, – ասաց նա թույլ ձայնով:

– Գիտեմ, – պատասխանեց Միքայելը, – ինձ արդեն հայտնի է քո նպատակը. դու կստանաս ինձանից, որքան պետք է քո արտասահմանի ճանապարհորդության համար:

– Այդ չէ, – ասաց Ստեփանը հանգիստ կերպով. – կարդա այդ հեռագիրը:

Միքայելը սկսեց կարդալ մի երկար հեռագրալուր, որ բաղկացած էր ավելի քան քսան տողից: Նա իսկույն գունաթափվեցավ: Հեռագիրը հաղորդված էր Ստեփանի անունով և բովանդակում էր հետևյալ տողերը. «Ձեր հայրը վախճանվեցավ հանկարծակի կաթվածահարությամբ, շտապեցեք, առանց ժամանակ կորցնելու, հասնել այստեղ: Նրա գործերը բոլորովին խառն դրության մեջ են. մեծ կորուստ է սպառնում մեր կայքին, եթե շուտափույթ հոգատարություն չլինի: Ստացեք նախապես Միքայելի հաշիվները և Մոսկվայի առևտրական տունը փակեցեք»… և այլն: Ստորագրված էր «Մարիամ»:

Միքայելը բոլորովին սառած մնաց: Նրան, ավելի քան Ստեփանին, հայտնի էր այդ անբախտության սարսափելի հետևանքները:

– Ես պատրաստ եմ այս րոպեիս հանձնել քեզ իմ ձեռքում գտնված գործերի բոլոր հաշիվները: Միայն դու աշխատիր չուշանալ այստեղ, – ասաց նա, դուրս բերելով գրասեղանի պահարանից ահագին հաշվետոմարներ:

– Ես պատրաստվում եմ գնալ արտասահման, – պատասխանեց Ստեփանը իր սովորական սառնասրտությամբ: – Ինձ կանչում է այնտեղ մի ավելի մեծ պարտավորություն, քան թե իմ հոր գործերը:

– Ես քեզ հետ համաձայն եմ, – խոսեց Միքայելը. – բայց մտածիր, որ դու բոլորովին կանբախտացնես քո մորը, քո քույրերին և քեզ: Հեռագրի միտքը բոլորովին ուղիղ է, որ ձեր ժառանգությանը սպառնում է մեծ կորուստ: Ինձ բավական հայտնի է, թե հանգուցյալը որպես էր վարում իր գործերը: Նա իր բոլոր հաշիվները իր գլխումն ուներ, հիմա որ վախճանվեցավ, բոլորն իր հետ տարավ: Այժմ ամեն ինչ մնացած կլինի ավազակ գործակատարների ձեռքում, շատ հասկանալի է հետևանքը…

– Այդ ավազակները նա ինքն է պատրաստել իր համար, – խոսեց Ստեփանը զզվանքով. – «հեղեղի բերածը էլի հեղեղը կտանե»… Ուրիշ կերպ լինել կարող չէր…

Միքայելը չգիտեր ինչ անել: Նրան հայտնի էր Ստեփանի հաստատամտությունը, բայց, մյուս կողմից, տեսնում էր վնասը, որ կարող էր գալ նրա համառությունից: Նա փորձ փորձեց մի կերպ համոզել իր բարեկամին, որ կատարե մոր խնդիրքը, որը այնքան ցավալի սրտով դիմում էր որդու օգնության:

– Ավելի լավ չէ՞ր լինի, – ասաց նա, – որ դու հետաձգեիր արտասահմանի ճանապարհորդությունը, մինչև կարգի կդնեիր քո հոր գործերը:

– Անկարելի է:

– Ուրեմն ի՞նչ պետք է արած:

– Ես դրա համար էլ քեզ մոտ եկա, լսիր, Միքայել, ինձ համար ոչինչ նշանակություն չունի իմ մոր կանչելը, երբ լսում եմ հազարավոր մայրերի ձայնը, որոնք Թուրքիայից մեզ ձեռք են մեկնում և օգնություն են խնդրում: Ես պիտի գնամ, պիտի ճանապարհորդեմ ամբողջ Եվրոպա և ինչ կարող եմ, կկատարեմ: Իսկ ինչ որ վերաբերում է իմ հոր գործերին, ես մի այսպիսի կրիտիկական րոպեում չունեմ մի ուրիշ բարեկամ բացի քեզանից: Ես հույս եմ դնում քո բարեսրտության վրա. դու կարող ես ավելի լավ կատարել այն բոլորը, ինչ որ ես կդժվարանայի անել: Դու կստանաս ինձանից կատարյալ հավատարմաթուղթ և շուտով ճանապարհ կընկնես: Համաձա՞յն ես:

Միքայելը տեսնելով, որ ուրիշ ելք չկար, որ իր բարեկամի ժառանգությունը կարող էր բոլորովին ոչնչանալ անհավատարիմ ձեռքում, ընդունեց առաջարկությունը:

– Ուրեմն ժամանակ կորցնել պետք չէ, – ասաց Ստեփանը ուրախ դեմքով. – այս րոպեիս գնանք նոտարի մոտ, ես կտամ քեզ հարկավոր թղթերը:

Նույն ավուր գիշերային պահուն Միքայելը պատրաստում էր իր ճանապարհային չեմոդանը և հավաքում էր իր սենյակի իրեղենները: Եվ նույն րոպեում նրան զբաղեցնում էր այն միտքը, թե ինչ պետք էր ասել Իդային, որպես պետք էր հայտնել նրան: Գիտեր, որ խեղճ աղջիկը շատ պիտի տխրի, երբ կլսի նրա գնալը: Եվ իրան, Միքայելին, ոչ սակավ ծանր էր բաժանվելը այդ բարի և խաղաղ ընտանիքից, որի հետ այնքան ընտելացել էր նա, ուր անց էր կացրել այնքան ախորժելի ժամեր և ուր գտել էր այնքան քնքուշ խնամատարություն: Բայց ինչո՞ւ չէր հայտնվում Իդան. ամեն օր այս ժամին նա թեյ էր ներս բերում, իսկ այժմ ո՞րտեղ էր նա:

Ներս մտավ նրա մայրը:

– Ո՞ւր մնացիք, պարոն, – ասաց նա հետաքրքիր կերպով աչք ձգելով բաց չեմոդանի վրա. – այսօր ճաշին երկար սպասել տվեցիք մեզ:

– Զբաղված էի, – պատասխանեց Միքայելը, – ո՞ւր է Իդան, չէ երևում:

– Նա ինչ-որ իր հալումը չէ այսօր, – ասաց պառավը վշտացած կերպով, – առավոտյան գանգատվում էր, թե գլուխս ցավում է, ամբողջ օրը ոչ կերել և ոչ խմել է, հիմա էլ պառկած է: Տեր աստված, ի՛նչ կլինի մեզ հետ, եթե նա հիվանդանա:

Եվ ողորմելի պառավի խորշոմներով պատած աչքերում երևացին արտասուքի կաթիլներ: Միքայելի վրա սաստիկ ներգործություն ունեցան նրա խոսքերը, և մտածեց իսկույն վազել բժիշկ հրավիրելու:

– Իսկ դուք պատրաստվում եք, պարոն, երևի մի տե՞ղ ունեք գնալու, – հարցրեց պառավը փոքր ինչ հանգստանալուց հետո:

– Այո՛, մայրիկ, ես պատրաստվում եմ գնալ իմ հայրենիքը:

– Ե՞րբ:

– Էգուց վաղ-առավոտյան:

Խեղճ պառավը բոլորովին սառած մնաց:

– Ցավալի է, շատ ցավալի է, – ասաց նա դողդոջուն ձայնով, – մեզ հեշտ չի լինի բաժանվել ձեզանից. մենք այնքան սովորել էինք միմյանց, ինչպես որդի սիրում էինք ձեզ: Հիմա պիտի գնաք…

– Ո՞վ գիտե, գուցե շուտով կվերադառնամ, – մխիթարում էր նրան Միքայելը:

– Թող աստված հաջողություն տա ձեզ, որդի, գնացեք, ուրախացրեք ձեր ծնողներին:

Պառավը չգիտեր, որ Միքայելը զուրկ է ծնողներից, որ նա որբ է մնացել հենց երեխայության ժամանակից:

– Ի՞նչ պետք է անել Իդայի հետ, – հարցրեց նա, – կարելի է նա ծանր հիվանդ է, կարելի է բժիշկի պետք ունի:

 

– Աստված գիտե, որդի, նա ոչինչ չէ ասում, այդ նրա հին սովորությունն է. տեսնում ես, գունատվել, դեղնել է ինչպես աշնան տերև, բայց չէ ասում, թե որտեղն է ցավում և տանում է իր հիվանդությունը միշտ ոտքի վրա և չի էլ դադարում գործելուց:

– Կարելի՞ է մտնել նրա մոտ:

– Ինչո՞ւ չէ, գնանք:

Միքայելը պառավի հետ ներս մտան կից սենյակը, ուր մանկահասակ օրիորդը առանց հանվելու պառկած էր վարագույրներով առագաստավորված մահճակալի վրա: Մայրը ետ քաշեց վարագույրը, և ճրագի լույսը ընկավ նրա բորբոքված դեմքի վրա, որ վառվում էր տենդային շառագունությամբ, իսկ աչքերի մեջ փայլում էր անբացատրելի կրակ:

– Ի՞նչ է պատահել ձեզ հետ, Իդա, – հարցրեց Միքայելը, սաստիկ սարսափ զգալով իր մարմնի վրա:

– Ոչինչ, – պատասխանեց օրիորդը թույլ ձայնով, – փոքր ինչ տաքություն եմ զգում, և գլուխս կրկին սկսեց ցավել, բայց կանցնի, այսպես շատ անգամ է պատահում ինձ հետ:

Նա դարձյալ գլուխը դրեց բարձի վրա, կարծես կամենում էր ցույց տալ, թե պետք էր իրան հանգիստ թողնել: Մայրը ձեռքից բաց թողեց վարագույրը, և նա ծածկվեցավ խորհրդավոր առագաստների ետքում:

– Նա ծանր հիվանդ է, – դարձավ Միքայելը դեպի շվարած մայրը. – ես իսկույն բժիշկ կհրավիրեմ: Միայն դուք մի հայտնեցեք, թե առավոտյան ես գնալու եմ, – ավելացրեց նա:

– Ես գիտեմ… ես բոլորը գիտեմ… – լսելի եղավ վարագույրի ետևից հիվանդի թույլ ձայնը և նրան հետևեց լացի տխուր հեկեկանք:

Միքայելը չլսեց այդ և առանց ժամանակ կորցնելու հեռացավ. իսկ պառավ մայրը մոտեցավ իր դստերը և սկսեց հանգստացնել նրան:

Կես ժամից հետո եկավ բժիշկը. նա հայտնեց, թե օրիորդի հիվանդությունը շատ երկյուղալի չէր, թե դա մի թեթև տաքություն էր, որ շուտով կանցներ, միայն պետք էր անխնամ չթողնել, եթե ոչ, կարող էր սաստկանալ: Նա մի քանի պատվերներ տվեց, դեղեր գրեց և հեռացավ:

Այժմ Միքայելին պետք էր վազել ապտեկը, որովհետև տան մեջ այս ծառայությունը կատարող ուրիշ մեկը չկար:

Գիշերը հիվանդը անցկացրեց տենդային զառանցության մեջ, իսկ առավոտյան լուսաբացին մոտ հանգստացավ և քնեց: Բոլոր ժամանակը հիվանդի մայրը և Միքայելը գտնվում էին նրա մոտ:

– Հիմա դուք գնացեք, պարոն, նա քնեց, – ասաց պառավը հազիվ լսելի ձայնով, – շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, գնացեք, պատրաստվեցեք, դուք ճանապարհորդ եք:

Մտնելով իր սենյակը, Միքայելը սկսեց անհանգիստ կերպով անցուդարձ անել, նա գտնվում էր սաստիկ խռովության մեջ: Իր կյանքում նա երբեք մի այդպիսի դժվարին, անհնար և անել դրության չէր հանդիպել: Երկու զգացմունքներ նրա մեջ մաքառում էին միմյանց հետ: Մի կողմից իր ամենասիրելի բարեկամը, Ստեփանը, դրել էր նրա վրա մի ծանր պարտականություն. Մասիսյանների ընտանիքի բախտը և դժբախտությունը այժմ կախված էր նրա կամքից. նա պիտի գնար և պիտի կարգի դներ հանգուցյալ աղայի ավերված գործերը. մի ամենաթեթև անհոգություն կարող էր զրկել նրա ընտանիքը օրական հացից: Իսկ մյուս կողմից, մի նազելի արարած այժմ հիվանդ դրած էր անկողնի մեջ, նրան ձգել անխնամ, նրան թողնել անօգնական, այդ նույնպես դժվարին էր:

Ի՞նչպես պետք էր հաշտեցնել այդ երկու դժվարությունները՝ բարեկամի սերը և կնոջ սերը, ո՞րը պետք էր նախադասել: Բայց մի՞թե Միքայելը սիրում էր նրան: Ամբողջ հինգ տարի նա կենում էր այս տան մեջ, երբեք մի այնպիսի զգացմունք չէր վրդովել նրա սիրտը, և երբեք ինքը՝ օրիորդը սիրո մի ամենաթեթև արտահայտություն չէր ցույց տվել նրան: Բայց այն րոպեից, երբ լսեց, թե նա հիվանդ է, հենց այն գիշեր, երբ լսեց անկողնի վարագույրների ետևից նրա լաց լինելու ձայնը իր գնալու մասին, իսկույն մի խորին, անբացատրելի զգացմունք սկսեց խռովել նրա սիրտը: Ի՞նչ էր այդ, սե՞ր, թե մի խաբուսիկ կիրք կամ թե կարեկցության զգացմունք, որ նա ուներ դեպի ամեն նեղյալները, որոնց պետք էր օգնության ձեռք մեկնել: Այդ չէր կարողանում որոշել Միքայելը, նա այդ հոգեկան մթին և անվերծանելի խնդիրները լուծելու համար խիստ անփորձ էր:

Երկար նա անքուն անցուդարձ էր անում իր փոքրիկ բնակարանի մեջ, երկար ծանր մտածություններ զբաղեցնում էին նրա բորբոքված երևակայությունը, մինչև ժամատներից լսելի եղավ առավոտյան զանգակի ձայնը: Գիշերը աննկատելի կերպով անցել էր: Հանկարծ նրա աչքը ընկավ կապված և բոլորովին պատրաստ չեմոդանի վրա: Այդ անշունչ և խուլ առարկան կարծես, սկսեց խոսել նրա հետ, կարծես ազդեց նրա վրա, ցույց տալով մի անհրաժեշտություն, որից փախչելը անհնարին էր: Դա միևնույն չեմոդանն էր, որ առաջին անգամ դրած ճանապարհային սայլակի վրա նա հեռացավ Մասիսյանների տնից. դա հիշեցրեց նրան այն փունջ ծաղիկը, որ երկու աղջիկները աղայի տան կտուրից ձգեցին նրա սայլակի մեջ… և իսկույն Գայանեի և Հռիփսիմեի նազելի դեմքերը պատկերացան նրա երևակայության մեջ…

Նույն միջոցին փողոցից լսելի եղավ կառքի դղրդոցը, և քանի րոպեից հետո Միքայելի սենյակի շեմքի վրա հայտնվեցավ կառապանը:

– Պարոն, – ասաց նա գլուխ տալով. – դուք հրամայեցիք առավոտյան շուտ գալ, ներեցեք, որ մի քիչ ուշացա:

– Լավ, վեր առ այդ չեմոդանը, դուրս տար, մի փոքր սպասիր, ես շատ չեմ ուշանա, – ասաց Միքայելը րոպեական մտածությունից հետո:

Դա նույն կառապանն էր, որին վարձել էր Միքայելը գիշերը բժշկի մոտ գնալու ժամանակ և որին պատվիրել էր վաղ-առավոտյան գալ և իրան տանել երկաթուղու կայարանը:

Հասել էր վճռական ժամը: Միքայելը մի քանի րոպե ևս վարանեցավ, հետո մոտեցավ գրասեղանին, վեր առեց մի կտոր թուղթ և գրեց հետևյալ տողերը.

«Մնաք բարյավ, Իդա, ընդունեցեք այդ փոքրիկ նվերը, որպես եղբայրական սիրո մի նշան: Դա պետք կգա ձեզ կարոտության ժամերում, երբ դուք կպատրաստվեք տնօրինել ձեր բախտը և ապագան…»

Նա ստորագրեց նամակը և դնելով նրա հետ թղթադրամների մի հաստ ծալք, կնքեց և դուրս եկավ: Մտնելով հիվանդի սենյակը, նա գտավ պառավին դեռ նստած իր դստեր անկողնի մոտ:

– Ես եկա ձեզ մնաս բարյավ ասելու, տիկին:

– Դուք արդեն գնում եք, – ձայն տվեց պառավը շփոթվելով: – Կամենո՞ւմ եք, զարթեցնեմ Իդային:

– Մի անհանգստացնեք, այդ կարող է վնասել նրան:

– Ա՜խ, նա որքան կտխրի, երբ կզարթնի և կտեսնի, որ դուք գնացել եք:

– Իդան շատ բարի է, նա կներե իմ անքաղաքավարությունը, – ասաց Միքայելը ձեռքը տանելով դեպի ծոցը և դուրս բերելով հաստ ծրարը. – խնդրեմ, հանձնեցեք նրան այս նամակը:

Միքայելը վերջին անգամ մոտեցավ հիվանդին, երբ նա դեռ քնած էր: Ոչինչ այնքան հափշտակիչ և կախարդապես հրապուրող չէր կարող լինել, որպես այն քնքուշ և սքանչելի մարմինը, որ դրած էր անկողնի մեջ: Հարուստ և թավախիտ գիսակները կիսով չափ ծածկել էին նրա գունաթափ դեմքը, իսկ նուրբ, կիսաբաց շրթունքը, կարծես թե շշնջում էին հազարավոր գեղեցիկ խոսքեր… Նույն միջոցին նրա մերկ ձեռքը ընկած էր վերմակից դուրս, որպես մի բարեկամական ձեռք, որ պատրաստ էր անջատման ողջույնը ընդունելու: Միքայելը զգուշությամբ բարձրացրեց այդ ձեռքը, սեղմեց իր շրթունքին, և, վերջին անգամ հայացք ձգելով նազելի դեմքի վրա, հեռացավ:

Պառավը եկավ նրա հետ մինչև տան դուռը և օրհնելով ճանապարհ դրեց:

Նույն ավուր առավոտ մի ուրիշ երիտասարդ ևս, շրջապատված մի քանի ուսանողներով, ճանապարհ ընկավ դեպի Անգլիա: Ուսանողները համբուրվեցին նրա հետ և ճանապարհ դրին այս խոսքերով. «Գնա՛, հայրենիքի զավա՛կ, թող Վարդանի և Ներսեսի ոգին օգնե քեզ…»

Զ

Պետրոս Մասիսյանի հանկարծահաս մահը խիստ ցավալի ներգործություն ունեցավ նրա անբախտ ընտանիքի վրա: Տիկին Մարիամը շվարած, խելքը կորցրած, չգիտեր, թե ինչ պետք էր անել: Ընտանիքը ոչ մի օրինավոր բարեկամ չուներ: Հանգուցյալի մերժող, բացասող և եսական բնավորությունը նրան այն աստիճան առանձնացրել էր, որ մեռնելուց հետո մի մարդ չգտնվեցավ, որ նրա անփորձ, անտեղյակ ժառանգներին բարի խորհուրդներ տար անտեր մնացած կայքի մասին: Ինքը, տիկին Մարիամ, թեև խելացի և հասկացող կին էր, բայց տղամարդի խստությունը նրան այն վիճակի մեջ էր դրել, որ ամբողջ իր ամուսնական կյանքում, տան չորս պատերից դուրս, չգիտեր թե իր տղամարդը ինչով է զբաղված կամ նրա գործերը ինչ դրության մեջ են: Եվ այս պատճառով, երբ վախճանվեցավ նա, որ ամեն բանի վրա իշխում էր, որ ամեն ինչ կենտրոնացրել էր իր ձեռքում, որ, բացի իրանից, մի ուրիշ տեր չէր ճանաչում, որի կինը, որդին, զավակներն անգամ իր համար օտարներ էին, երբ վախճանվեցավ այդ բռնակալ միապետը, այնուհետև սկսեցին տիրել այն մարդիկը, որոնք հանգուցյալի ձեռքի հաջողակ գործիքներն էին, որոնք կրթված, վարժված և կատարելագործված էին նրա դաստիարակության համեմատ, – գողության և խաբեության մեջ…

Մասիսյանի տան միակ բարեկամը մնացել էր Սիմոն Յագորիչը, աղայի մահից հետո ասպարեզը բացվեցավ այդ պոլիցիական հին ավազակի առջևը. նա, որ առաջ աղայի փաստաբանն էր և վարում էր նրա դատաստանական գործերը, այժմ դարձել էր տիկին Մարիամի գլխավոր խորհրդատուն:

Մի գիշեր տիկին Մարիամը և իր երկու աղջիկները՝ Գայանեն և Հռիփսիմեն, բոլորն էլ սև հագած, հավաքվել էին իրանց սենյակում: Սիմոն Յագորիչը նստած էր ճրագի մոտ և ահագին ակնոցները հագցրած ահագին քթի վրա, ձեռքումը բռնած ուներ մի կտոր թուղթ, որը երբեմն մոտեցնում էր աչքերին, երբեմն հեռացնում էր և երբեմն ծնկի վրա դնելով թուղթը, խորին մտածության մեջ էր ընկնում: Նա նմանում էր մի հնագետի, որ նստած լուռ, կիսամաշ արձանագրության առջև, աշխատում է կարդալ անվերծանելի հիերոգլիֆները: Դա մի հեռագիր էր: Տիկին Մարիամը և նրա աղջիկները անհամբերությամբ սպասում էին Սիմոն Յագորիչի բացատրությանը, որովհետև, այդ հեռագրիցն էր կախված նրանց թե՛ ուրախությունը և թե՛ տրտմությունը:

Հեռագրի բովանդակությունը խիստ պարզ էր և բաղկանում էր մի քանի տողերից միայն. «Իմ գալը անկարելի է, ես ճանապարհ դրեցի Միքայելին, նա կկարգադրե բոլոր գործերը, որպես հարկն է»: Ստորագրված էր՝ «Ստեփան Մասիսյան»:

Հեռագրի սառն, կարճ և լակոնական բովանդակությունը անբավականացուցիչ էր տիկին Մարիամին. մոր հետաքրքրությունը չէր կարող գոհանալ այս մի քանի անսիրտ խոսքերով. «իմ գալը անկարելի է», – հաղորդում էր որդին. ինչո՞ւ համար անկարելի է, ի՞նչ էր պատահել, – ահա այս հարցերը սկսեցին տանջել մորը: Մայրը մի ուրիշ պատճառի մասին մտածել չէր կարող, բացի նրանից, թե որդին հիվանդ պետք է լիներ, որ չէր կարողացել կատարել նրա խնդիրքը:

– Ա՜խ, ինչ կլինի պատահած, – ասում էր նա ցավալի ձայնով Ստեփանս բարի էր, շատ բարի, նա ինձ մենակ չէր թողնի. ա՜խ, տեր աստված, ի՞նչ կլինի պատահած…

Սիմոն Յագորիչը հանգստացնում էր նրան:

– Օրհնած, հալբաթ մի բան կլինի պատահած, որ չի կարողացել գալ:

Գայանեն և Հռիփսիմեն թեև նույնպես տխրեցին իրանց եղբոր մասին, բայց սրտով ուրախ էին, որ մյուս անգամ կտեսնեն Միքայելին: Մի քանի տարվա ընթացքում նրա մասին լսել էին այնքան շատ բաներ, որ Միքայելը դարձել էր նրանց համար մի տեսակ առասպելական արարած:

Բայց Սիմոն Յագորիչի վրդովմունքին չափ չկար. նա հույս ուներ, եթե Ստեփանը գալ չկարողանար, անպատճառ իրան կնշանակե գլխավոր հավատարմատար: Այժմ նրա ծրագիրը փոխվեցավ: Նա ավելի շահավետ էր համարում գործ ունենալ անփորձ և անփույթ Ստեփանի հետ, քան թե հմուտ Միքայելի հետ, որի «սատանայությունները» վաղուց հայտնի էին նրան: Այդ հին գայլը մտքումը դրած ուներ մի մեծ ճարակ ստանալ հանգուցյալ աղայի կայքից, որից ամեն մարդ իր կողմն էր քաշում:

Նա մտքով դարձավ դեպի հանգուցյալի հիշատակը և այսպես դուրս թափեց իր տհաճությունը Միքայելի մասին.

– Հոգիդ թող լուսի մեջ լինի, Պետրոս աղա, – ձայն արձակեց նա երեսը խաչակնքելով, – դու էիր իմանում, թե Սիմոն Յագորիչը ինչ մարդ է… ամեն բանի մեջ նրա հետ մասլահաթ էիր անում, վեքսիլները տալիս էիր և ասում, Սիմոն Յագորիչ, ինչպես խելքդ կկտրե, էնպես արա, տանում էի, մի քանի օրվա մեջ փողերը սաղացնում էի. բայց հիմա իմ երեսին էլ չեն ուզում մտիկ տալ… աստված միայն գիտե, թե ո՜րքան եմ չարչարվել ես այս տան շահերի համար…

– Սիմոն Ցագորիչ, դու էլի մերն ես, – պատասխանեց նրան տիկինը, սիրտ տալով: – Դու էլի կմնաս քո գործին և ամեն բան քո խորհուրդովը կկատարվի:

Ծերունի փաստաբանը ընդունեց խիստ միամիտ կերպարանք և կարեկցությամբ հայտնեց.

– Աստված է վկա, որ իմ սիրտը ցավում է. ես իմ օրը անց եմ կացրել, այսօր կամ էգուց կարելի է մեռնեմ, հիմա փողն ու հողը ինձ համար դիփ մեկ են. աշխարհիցս ի՞նչ եմ տանելու. մի պատանք ինձ համար բավական է… Բայց իմ սիրտը, տես, դրանց համար է ցավում (նա ցույց տվեց Գայանեի և Հռիփսիմեի վրա), դրանց համար եմ աշխատում… Ստեփանը, ոնց որ լինի, տղա է, իր գլուխը կպահե, բայց դրանք աղջիկներ են…

Տիկին Մարիամը զարմացած լսում էր ծերունի խաբեբայի խոսքերը. նա հասկանալ չէր կարողանում, թե ինչ է նրա միտքը:

– Հիմա եթե հանգուցյալ աղան գերեզմանից աչքերը բաց աներ և տեսներ այս բոլորը, խեղճ մարդու սիրտը կտրաքեր բարկությունից: Ա՜խ, աստված, ո՞վքեր են կանգնած նրա գործերի գլխին, մի ծծկեր տղա, որը սևը սպիտակից ջոկել չէ իմանում… (Նա ակնարկում էր Միքայելին): Ես Սիմոն Յագորիչն եմ, ողջ քաղաքը ինձ ճանաչում է. 22 տարի պոլիցիայում գրագրություն եմ արել, 15 տարի Թ… մովրովի մոտ եմ եղել. մազերս սպիտակել են սուդերումը ման գալով, ամեն զակոնները «հայր մերի» նման իմանում եմ. բայց ինձ էլ բանի տեղ չեն դնում…

Սիմոն Յագորիչը, ինչպես ամեն խորամանկ մարդիկ, սովորություն ուներ միշտ իր «ետևի միտքը» լեզվի տակին պահել, պարզ չխոսել: Բայց տիկին Մարիամը նկատում էր, որ նա մի բան ասել էր ուզում, միայն կամ չէր վստահանում, կամ թողնում էր, որ տիկինը ինքը հասկանա և առաջարկե նրան:

– Ի՞նչ եք կամենում, Սիմոն Յագորիչ, – հարցրեց նա համբերությունը հատնելով:

Ծերունին, մի բուռն ծխախոտի փոշի վեր քաշելով իր քթի պնչածակերից, ոգևորվեցավ, սիրտ առեց և մի քանի անգամ հազալով, կրկին վեր առեց հեռագիրը, և նորից սկսեց բացատրել նրա իմաստը:

– Գիտեք ի՞նչ կա, տիկին, այս հեռագրով Ստեփանը իմացում է տալիս ձեզ, որ իր փոխարեն ուղարկում է Միքայելին հոր գործերը կարգի դնելու համար. կնշանակե, նա իր կողմից տվել է Միքայելին մի թուղթ, որին ասում են դավերնոստ: Բայց օրենքով նա իրավունք չուներ իր մոր կամ քույրերի կողմից տալ մի այսպիսի թուղթ. նա կարող էր միայն իր կողմից տալ: Եվ այսպես էլ կլինի: Հիմա մնում է, որ դուք ձեր կողմից և ձեր աղջիկների կողմից մի այսպիսի թուղթ տաք ինձ, այն ժամանակ կտեսնեք Սիմոն Յագորիչը ինչեր կանե ձեզ համար և ոնց ամեն բանը տեղնի տեղը կսարքե…

 

Տիկին Մարիամը մտածության մեջ ընկավ և րոպեական լռությունից հետո պատասխանեց.

– Տեսնենք… թող Միքայելը գա, կմտածենք…

– Չէ՛, դուք չեք իմանում, տիկին, մտածեցեք, լավ մտածեցեք, – նրա խոսքը կտրեց ծերունի խաբեբան ծանր եղանակով. – այնտեղ, փողոցում ձեր մարդու խանութները «փեչատել» են, դուք տանը հանգիստ նստած եք: Մարդ կուզե, որ եղած-չեղածը ազատե… Իմանում ե՞ք:

Հանգուցյալ աղայի խանութները կնքելը մի լոկ օրինական ձև էր, մի լոկ կառավարչական նախազգուշություն էր, մինչև նրա ժառանգները հայտնվեին, բայց Սիմոն Յագորիչը մի այնպիսի նշանակություն տվեց, որ անտեղյակ տիկին Մարիամին բոլորովին սարսափի մեջ գցեց: Տիկինը խանութի կնքվելը հասկանում էր այն մտքով միայն, երբ պետք էր նրա միջի կայքը աճուրդով ծախել կամ գրավել: Եվ այս պատճառով նրա վրա մեծ ազդեցություն ունեցավ Սիմոն Յագորիչի այն խոսքը, թե «մարդ պետք է, որ եղած-չեղածը ազատե» և այդ մարդը ինքն էր:

– Ի՞նչպիսի թուղթ պետք է, Սիմոն Յագորիչ, – հարցրեց նա:

– Դրա «զակոնը» ես եմ իմանում, իմ բանն է, – պատասխանեց նա հպարտությամբ, – առավոտյան կգնանք նոտարիուսի մոտ, ես այնտեղ գրել կտամ և բանը կվերջացնեմ:

– Հետո խանութների «փեչատը» կվերցնեն, այնպես չէ՞:

– Մեկ օրումը վերցնել կտամ, դուք ջեր Սիմոն Յագորիչին չեք ճանաչում:

Տիկինը համաձայնվեցավ, որ նրան կտա բոլոր հարկավորած թղթերը, միայն թե «իր երեխեքի հացը չկտրեին», և Սիմոն Յագորիչը ուրախ, ինքնաբավական դեմքով վեր կացավ և կամենում էր հեռանալ, ասելով.

– Ես էգուց առավոտյան կգամ և ձեզ կտանեմ նոտարիուսի մոտ:

– Սպասիր, Սիմոն Յագորիչ, – կանգնեցրեց նրան տիկինը. – դուք մի բան չխմեցիք:

– Դե բերեք, օրհնած, բերանս էլ թրջեմ, էնքան խոսեցի, որ բողազս չորացավ:

– Հռիփսիմե, – դարձավ տիկինը դեպի աղջիկը, – Սիմոն Յագորիչին մի բաժակ արաղ համեցեք արեք:

Հռիփսիմեն կատարեց մոր հրամանը, և պոլիցիական հին արբեցողը, խմելով իր սիրած ըմպելին, օրհնեց և հեռացավ:

Դրսումը սաստիկ մութն էր, այնպես, որ ինչպես ասում են, եթե մատդ կոխեիր մեկի աչքը, չէր տեսնի: Սիմոն Յագորիչին խավարի միջից մոտեցան մի քանի հոգի, որոնք, կարծես, նրան սպասում էին: Նրանց մեջ սկսվեցավ մի այսպիսի գաղտնի խոսակցություն:

– Եթե պոլիցիան ուշադրություն կդարձնե, այն ժամանակ մենք կորած ենք…

– Մեզ կարող են մատնել ևս…

– Ավելի լավ կլիներ, որ խանութի ետևի անհայտ դուռը նույնպես կնքեին, որպես մյուսները…

– Այժմ նա ոչինչ բանի չէ ծառայում… ամեն բան վերջացած է…

– Դուք գնացեք, անհոգ կացեք, – պատասխանեց Սիմոն Յագորիչը իր խոսակիցներին: – Ես ամեն բան սարքել եմ, ինչ որ պետք է…

Խոսող խումբը իրանց սև մտածությունների հետ անհետացան գիշերային մթության մեջ: Դրանք հանգուցյալ աղայի խանութի գործակատարներն էին…

Սիմոն Յագորիչի գնալուց հետո տիկին Մարիամի սենյակը մտան երկու կին դրացիներից, որոնք եկել էին նրան մխիթարելու համար: Նրանցից մեկը պառավ էր, մյուսը մանկահասակ, որ բավական թարմ և սիրուն դեմք ուներ:

Սովորական խոսակցություններից հետո, որ առհասարակ գործ են դնում սգավորներին մխիթարելու համար, հյուրերից մեկը, պառավը, դարձավ դեպի տիկին Մարիամը այս հարցով.

– Ախար պատմիր, մեկ տեսնեմ, ինչպես պատահեց այդ ցավալի դեպքը:

Պառավի հարցմունքը հանգուցյալ աղայի վախճանի մասին էր. տիկին Մարիամը հարյուր անգամ պատմել էր նրա հրաշալի մահվան պատմությունը, այժմ ստիպվեցավ լցուցանել և իր նոր հյուրերի հետաքրքրությունը:

– Գիշերից բավական անցել էր, – ասաց նա, – Գայանեն և Հռիփսիմեն վաղուց քնած էին, աղայի սենյակում ճրագ չէր երևում. նա էլ քնած էր. ես միայն մնացել էի անքուն, կարծես մի բան, որը ինքս էլ չեմ իմանում թե ինչ էր, խռովեցնում էր ինձ և անհանգիստ էր անում: Աքաղաղները վաղուց սկսել էին կանչել. ես տակավին նստած էի ճրագի մոտ և կարկատում էի նրա (աղայի) գուլպաները: Հանկարծ լսում եմ նրա սենյակից մի խուլ ձայն, որ կրկնվեցավ մի քանի անգամ: Սիրտս սկսեց դողդողալ, և իսկույն վազեցի նրա մոտ: Տեսնում եմ, խեղճը իր քնած տեղից դուրս է եկել և ընկել է թախտի վրա: Նա սարսափելի խռովության մեջ էր: Երբ ինձ տեսավ, վեր կացավ, նստեց: Ես զարհուրեցա, երբ նկատեցի նրա դեմքը. բոլորովին փոխվել էր, այլանդակվել էր և մահվան գույն էր ստացել, իսկ աչքերի մեջ վառվում էր սոսկալի կրակ:

– Տունս քանդվեցավ… – ձայն տվեց նա ողորմելի կերպով:

– Ի՞նչ է պատահել, – հարցրի ես սարսափելով և մոտեցա նրա ձեռքերը բռնեցի, որոնցով անխնա ծեծում էր իր գլուխը և փետում էր մազերը:

Ես մտածեցի, թե նա ցնորված պետք է լինի. նրա բոլոր շարժմունքները, խոսքերը ցույց էին տալիս, թե այլևս չի իշխում իր վրա: Բայց շուտով հանգստացավ և դարձյալ կրկնեց միևնույն խոսքերը.

– Մեր տունը քանդվեցավ… մենք կորած ենք… – աչքերը ծածկեց ձեռքով, սկսեց լաց լինել:

– Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, – մյուս անգամ հարցնում եմ ես:

– Էլ ինչ պետք է լինի, «ոսկի աքաղաղը» մեռավ… – պատասխանեց նա խորին տխրությամբ:

– Ի՞նչպես թե մեռավ:

– Մեռավ… իմ աչքով տեսա:

– Ես դարձյալ մտածեցի, թե խելքից գնացած պետք է լինի, որովհետև այսպիսի ցնորքներ վերջին տարիներում շատ անգամ պատահում էին նրա հետ:

Ես փոքր ինչ հանգստացրի նրան և խնդրեցի, որ պատմե, թե ե՞րբ տեսավ կամ ի՞նչպես մեռավ «ոսկի աքաղաղը»:

Նա պատմեց, թե տեսավ, որ «ոսկի աքաղաղը» երևեցավ նրան իր ոսկի հավի հետ, իրանց ոսկի ճտերով. նրանք պտտում էին տան պարտեզի մեջ, թրթռում էին և զվարճանում: Հանկարծ օդի միջից վրա հասան մի քանի ուրուրներ: Խեղճ հավը իր աքաղաղի հետ երկար պատերազմում էին ուրուրների հետ, որ ազատեն իրանց ճտերը նրանց ճանկերից, բայց ազատել չկարողացան. բոլորին հափշտակեցին, տարան, և ոսկի հավը «ոսկի աքաղաղի» հետ պատառ-պատառ անելով, թողեցին թռան և կրկին անհետացան ուրուրները օդի մեջ:

– Դու, երևի, երազ ես տեսել, – պատասխանեցի ես, աշխատելով մխիթարել նրան:

– Երա՞զ… երազը ո՞րն է… ես իմ աչքով տեսա… և «ոսկի աքաղաղից» մնաց ինձ մի փետուր միայն… տե՛ս, տես, ինչպես արյունոտ է… դեռ արյունը չէ ցամաքել…

Եվ նա ձեռը մեկնեց դեպի ինձ, որպես թե ցույց էր տալիս այն ոսկի փետուրը, որ մնացել էր նրան «ոսկի աքաղաղից», բայց ես նրա ձեռքում ոչինչ չտեսա: Նույն միջոցին կրկին տիրեց նրան սարսափելի խռովություն, կրկին նա ալեկոծության մեջ ընկավ: Հետո փոքր առ փոքր հանգստացավ: Հանկարծ դողդողաց ամբողջ մարմնով, երեսը կծկվեցավ, աչքերը փակեց, «մեր տունը քանդվեցավ»… – գոչեց վերջին անգամ, թուլացավ և ընկավ գետնի վրա…

Տիկին Մարիամի պատմությունը սարսափ գցեց լսողների վրա, Գայանեն և Հռիփսիմեն լաց էին լինում, և նրա հյուրերը նույնպես չկարողացան զսպել իրանց արտասուքը:

– Ի՞նչ էր այդ «ոսկի աքաղաղը», – հարցրեց նրանցից մեկը:

– Նա մեր տան բախտն էր, մեր բոլոր հարստությունը նրանից էր կախված, – պատասխանեց տիկին Մարիամը:

Տիկինը ոչ սակավ սնահավատ էր, քան թե հանգուցյալ աղան. առհասարակ Մասիսյանների ամբողջ ընտանիքը հավատում էր «ոսկի աքաղաղի» բարերար ազդեցությանը, բացի Ստեփանից:

– Այդ իրավ է, – հաստատեց տիկնոջ խոսքը կնիկներից մեկը. – ամեն տան բախտը մի-մի բանի վրա հիմնված է լինում. երբ նա անհետանում է, բախտավորությունն էլ իր հետ է տանում: Ես ճանաչում եմ մեր քաղաքացիներից մեկին, որի համար պատմում էին, թե նրա տան մեջ բնակվում էր մի օձ, որ ամեն գիշեր ածում էր իր բույնի առջև սխտորի կճեպներ. տանեցիքը հավաքում էին, պահում և առավոտյան տեսնում էին, որ բոլոր կճեպները զուտ ոսկի էին դարձել: Մի անգամ տանեցիներից մեկը, որ հիմար էր, խփեց, կտրեց օձի ձագերից մեկի պոչը, օձը բարկացավ, էլ այնուհետև չերևեցավ, նրանք զրկվեցան ոսկուց և սկսեցին հետզհետե աղքատանալ:

Տիկին Մարիամը և իր հյուրերը երկար խոսում էին այս տեսակ սնահավատությունների վրա, և գիշերը աննկատելի կերպով անցնում էր: Հետո նրանք կրկին դարձան դեպի աղայի խորհոդավոր մահը:

– Բայց ի՞նչ ասաց բժիշկը, երբ մյուս օրը եկավ մարմինը քննեց, – հարցրեց կնիկներից մեկը:

– Նա պատասխանեց, թե կաթվածք է ստացել, – պատասխանեց տիկին Մարիամը:

– Հո՜ղը նրանց գլխին, նրանք ի՛նչ են հասկանում այս տեսակ բաները…